Փավստոս Բուզանդի փողոց (Երևան)
Փավստոս Բուզանդ | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | Խանջյան փողոց |
Ավարտ | Մաշտոցի պողոտա |
Փավստոս Բուզանդի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ Կոնդ թաղամասից դեպի հյուսիս֊արևմուտք և հարավ֊արևելք։ Զուգահեռ է Ամիրյան (Նազարովսկայա) և Արամի (Ցարսկայա) փողոցներին և պարփակված այդ փողոցների միջև։ Անվանվել է ի պատիվ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի։ Սկսվում է Խանջյան փողոցից և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև Սարյան փողոց, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցի կառուցումը սկսվել է դեռևս 19-րդ դարի 30-ականներին՝ համաձայն Երևանի գլխավոր հատակագծի։ Կառուցումը սկսվել է ներկայից Մանկական երկաթուղի տանող թունելների մոտից։ Հնում այդ հատվածը կոչվել է Խանբաղ կամ Խանի բաղեր, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները։
Համաձայն 1906-1911 թթ հատակագծի՝ փողոցն ունեցել է 1.08 կմ երկարություն և 11.4 մ լայնություն։ Նախկինում փողոցն ունեցել է մոտ 1 կմ երկարություն և մոտ 11 մ լայնություն։
Սկզբում փողոցը կրել է 1830֊1838 թթ հայկական մարզի կառավարիչ եղած գեներալ Վասիլ Բեհբութովի անունը, ով սերում էր հայկական ազնվական տոհմից։ 20-րդ դարում՝ Հայաստանի առաջին հանրապետության օրոք վերանվանվել է Դաշնակցության հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Զավարյանի անունով։ 1921 թ. փետրվարին, երբ 11-րդ Կարմիր բանակը մտնում է Երևան և անցնում Աստաֆյան փողոցով, փողոցն անվանափոխվում է բոլշևիկ, Ղարաբաղի մարզի բոլշևիկյան կոմիտեի հիմնադիր Ռուբենի անունով, ում կիսանդրին տեղադրված էր Աստաֆյան փողոցի անկյունում։ Սակայն կարճ ժամանակ անց փողոցը վերանվանվում է համառուսաստանյան կենտրոնական գործադիր հանձնաժողովի նախագահ, խորհրդային հեղափոխական գործիչ Յակով Սվերդլովի անունով, իսկ 1990-ական թթ՝ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի անունով։
Փողոցի ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցի բոլոր բնակելի տները կառուցապատվել են 19-20-րդ դարասկզբի ճարտարապետությանը բնորոշ միևնույն սկզբունքով՝ հողատարածքի սահմաններում գտնվող կալվածք, ներքին բակ, դեպի փողոցի կարմիր գոտի հանված գլխավոր կորպուսը՝ բնակելի սենյակների հիմնական համալիրով։ Բացի այդ, վիզուալ կերպով հստակորերեն ընկալվում է ձևերի ոճաստեղծման բազմազանությունը, որոնք պայմանավորված են փողոցի՝ 19-րդ դարում սկսված և 20֊րդ դարում ավարտված ճարտարապետությամբ։ Այդ իսկ պատճառով փողոցի տների արտաքին ճարտարապետությունից երևում է բնակելի տների զարգացման ուղին։ Հարևան կալվածքների փողոցային կորպուսների չափսերը կառուցված են միմյանց կողքի կամ կապված են դռներով քարաշեն ցանկապատերով՝ ստեղծելով կառույցի ընդհանուր ճակատը։ 19֊րդ դարի առաջին կեսում կառուցված շենքերի պատերի աղյուսի շարվածքը կամ ավելի հին շինությունների տարբեր գույնի տուֆի ռուստավոր (սվաղից) շարվածքը, լակոնիկ ձևավորված ճակատները, բարձրաքանդակների ֆրագմենտներով էլեգանտ կերպով առանձնացված, տանիքով փայտաշեն պատշգամբները կամ բարձակների վրա ամրացված թեթև պատշգամբները՝ մետաղից զարդանախշերով բազրիքներով և առանձնացված միջանցիկ անցումներով միշտ գերիշխող մուտքերը ստեղծում են բնակելի թաղամասի յուրահատուկ ճարտարապետա֊քաղաքաշինական պատկեր[2]։
Բուզանդի փողոցի սեփական տներն ունեցել են հողամաս, ներքին բակ և դեպի ներքին բակ տանող երթանց (դալան)[3]։
Փողոցի նշանավոր տները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում փողոցում ապրել են վաճառականներ և ազնվականներ, իսկ տներն անվանակոչվել են ըստ տերերի անունների, օրինակ՝ Ենգիբարովների, Աբրահամովների ևն։
Խորհրդային շրջանում փողոցի նշանավոր տներից էր 9-րդ շենքը, որտեղ ապրել է Պերճ Պռոշյանը, Բելլա Դարբինյանը, Էմմա Միհրանյանը, Պավել Սաֆյանը, Մարգարիտ Հարությունյանը և Մարջանովների ընտանիքը, որ մազապուրծ էր եղել Հայոց ցեղասպանությունից[4]։
Այդ շենքի պատշգամբում է նկարահանվել «Սերոբի ծառը» ֆիլմը։
Հայտնի էր նաև Բուզանդի 25 շենքը, որ կոչվել է Աբրահամովների անունով։ Այն ի սկզբանե պատկանել է Գաբրիել Աբրահամովին, ում ջանքերով Քըրք-Բուլաղից ջուր հասցվեց մինչև շենքի բակը։ Երևանի ջրավաճառները այստեղ էին դույլերով հավաքում և վաճառում ջուրը։ Այդ նույն շենքում են բնակվել նաև Արտեմի Այվազյանը, Լյուբով Լազարևը, Ռոբերտ Յոլչյանը, Ռաշիդ Բեհբութովը, Կարո Տոնիկյանը, Օրդոյան եղբայրները, Ցոլակ Վարդազարյանը՝ հայկական ջազի հիմնադիրներից մեկը, և նրա որդին՝ կոմպոզիտոր, խմբավար Մարտին Վարդազարյանը[4]։
1893 թ․ Կ․ Կամսարականի տանը բացվում է քաղաքային հիվանդանոց։ Փողոցում գործել է Դ․ Պոպովի մասնավոր ուսումնարանը, Վ․ Հովհաննիսյանի մանկապարտեզը, արդյունաբերողներ Վաղարշակ և Հակոբ Բաբախանյանների բնակելի տունը (26)։ Աբովյան-Բուզանդ փողոցների անկյունում գտնվել է արքունական խորհրդական, դատական կատարածու Հովհաննես Գրիգորյանի տունն (N 2) իր խանութներով։ Այդ տանն է գտնվել Ա․ Բաբախանյանցի հայտնի գինու պահեստը։ Փողոցում եղել է նաև վաճառականներ Գ․ Անտոնյանի, Գ․ Աբրահամյանի և Ե․ Սահանյանի կալվածքները (N 30), վաճառական Մկրտիչ Ենգիբարյանի տունը (N 4): 1916 թ․ N 52 շենքում տեղակայված է եղել Դաշնակցության կենտրոնական մարմնի գրասենյակը[2]։
Բուզանդ փողոցի և Աբովյան փողոցի սկզբնամասում է գտնվել Հանրապետության հրապարակի գունավոր շատրվանների ղեկավարման վահանակը։
2004 թ. կազմվեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը, որը ներառում էր Բուզանդի #2, 4, 8, 9, 11, 17, 25, 26, 30, 32, 38, 39, 51-55 և 107 տները[3]։
Սեփական տների օտարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց 909-Ն որոշումը, որով Բուզանդ փողոցի սեփական տների մի մասը ճանաչվեց հանրային գերակա շահ[5]։ Այդ որոշմամբ Երևանի քաղաքապետը լիազորվում էր հողամասեր տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի անցկացման, ուղիղ բանակցությունների միջոցով, իսկ առանց մրցույթի սեփականատեր դարձած ընկերություններին լիազորվում էր զբաղվել տների արժեքի գնահատմամբ և դատարանների վճիռների հիման վրա վտարել արդեն նախկին սեփականատերերին[6]։
Այսպիսով, կառուցապատող «Վիզկոն» ընկերությանը, օգտվելով այդ օրենքի լիազորություններից, Բուզանդի փողոցի արդեն նախկին սեփականատերերի սեփականությունը գնահատեց մի քանի անգամ ավելի քիչ և ուժի կիրառմամբ (դատարանի միջնորդությամբ) օտարեց այն՝ խոստանալով փոխհատուցել առավելագույնը երեք տարվա ընթացքում[7]։
Իրացման ընդհանուր տարածքը կազմում էր 4200 քմ։ Այն ընդգրկում էր Բուզանդի 13-21 շենքերը, որտեղ ապրում էր ընդհանուր առմամբ 60 ընտանիք։ Նշված ընտանիքներից 37-ին կառուցապատողը՝ «Վիզկոն» ընկերությունը, պարտավորվել է բնակարաններ հատկացնել Արամի փողոցի 72-80 հասցեներում կառուցված շենքում։ Այդ շենքը կառուցապատող ընկերությանը՝ «Գապբնակշին»-ին, սույն տարածքը հատկացվել էր կառավարության որոշմամբ։
Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ «Վիզկոն», «Գապբնակշին» և «Նարեկ Շելթեր» ընկերությունների ղեկավարները նույն անձինք են[8]։
2004 թ. մինչև այսօր Բուզանդի փողոցի բնակիչները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, դիմել իրավասու մարմիններին և պահանջել փոխհատուցում, սակայն նրանց խնդրին լուծում չի տրվել[9]։
2011 թ. առ այսօր Բուզանդի փողոցից վտարված բնակիչների մի մասի դատական գործերը քննվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում[10]։
Այդ տարիներին կառուցապատման հետևանքով ամբողջությամբ քանդվեցին նաև Բուզանդի փողոցի՝ պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված #11, 38 և 107 և պատմական արժեք ներկայացնող այլ շենքեր։
Նշանակալի օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաշտոցի պուրակ
- Վերնիսաժին կից պուրակ
- Գարեգին Նժդեհի հուշարձան
- Վերնիսաժ
- Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք
- Վալմարի պատկերասրահ
- Նորարար փորձառական արվեստի կենտրոն
- Մելամաղձություն (արձան, Երևան)
- Զարթոնք (հուշարձան, Երևան)
Փողոցի նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատվող փողոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նախկինում ջրերի խանութի շենքը
-
Երեմ Սանահյանի բնակելի տունը
-
Վաղարշակ և Հակոբ Բաբախանյանների բնակելի տունը
-
Մկրտիչ Ենգիբարյանի բնակելի տունը
-
Միսաք Մանուշյան անվան պուրակը
-
Գարեգին Նժդեհի արձանը
-
«Թուֆենկյան Հիսթորիք Երևան» հյուրանոցը
-
Տեսարան Բուզանդի փողոցից
-
Տեսարան Բուզանդի փողոցից
-
Հայաստանի Երգի պետական թատրոնի շենքը, Խանջյան-Փավստոս Բուզանդի փողոցներ
-
Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 30 տան պատին
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանը կունենա Կարեն Դեմիրճյանի անվան փողոց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ 2,0 2,1 Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX-начала XX века, Երևան, «Հուշարձան» հրատարակչություն, 2008 թ․
- ↑ 3,0 3,1 «Շրջայց Երևանով, Բեհբութովսկայա (այժմ` Փավստոս Բուզանդի) փողոց». Արխիվացված է օրիգինալից 2016-05-14-ին. Վերցված է 2017-03-10-ին.
- ↑ 4,0 4,1 Փավստոս Բյուզանդի փողոց
- ↑ Կառավարությունը խլում է սեփականատիրոջ գույքը
- ↑ Կարծիք Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման գործընթացի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ
- ↑ Բուզանդ փողոցի նախկին բնակիչները ՀՀ կառավարությունից փոխհատուցում են պահանջում
- ↑ Հյուսիսային պողոտայի կառուցապատողները սնանկացել են. ո՞վ է փոխհատուցելու վտարված բնակիչներին
- ↑ «ՄԵԶ ԿՎԱՌԵՆՔ, ԿՍՊԱՆԵՆՔ, ԿԴԱՏՎԵՆՔ՝ ՉԵՆՔ ՏԱ»
- ↑ ՄԻԵԴ Մեծ Պալատը մերժել է Արման Մկրտումյանին՝ արձանագրելով նրա կատարած ապօրինությունը
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փավստոս Բուզանդի փողոց (Երևան) կատեգորիայում։ |