Մանկական աշխարհ հանրախանութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
«Մանկական աշխարհ» հանրախանութ
Հանրախանութ «Մանկական աշխարհ», ArmAg (2).JPG
«Մանկական աշխարհ» հանրախանութ
Գտնվում էԵրևան, Արամի փողոց 32
Կառուցվել է1935-1937
Շինության ձևըՊատմամշակութային հուշարձան
Կառուցել էԱրսեն Ահարոնյան, Միքայել Մազմանյան, Հովհաննես Մարգարյան, Գևորգ Քոչար
Ներկա վիճակըԿանգուն

«Մանկական աշխարհ» հանրախանութ, պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան և Արամի փողոցների հատման խաչմերուկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 1935 թվականին Երևանի կենտրոնում` Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցի սկզբնամասում` որպես քաղաքային կենտրոնական հանրախանութ։ Հանրախանութը բացվել է 1937 թվականին[1]։

Շենքի ճարտարապետներն են եղել Արսեն Ահարոնյանը, Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը, Գևորգ Քոչարը։ Եղել է շենքի կառուցման երկու նախագիծ` կոնստրուկտիվիստական և սոցռեալիզմի ոճով մշակված. ձևով` ազգային, բովանդակությամբ` սոցիալիստական։ 1935 թվականին Մազմանյանն ու Քոչարը երեք ամսով մեկնել են ծանոթանալու եվրոպական ճարտարապետությանը, Մարգարյանն ու Ահարոնյանը մնացել են Երևանում և աշխատել նախագծի երկրորդ տարբերակի վրա։ Ահարոնյանի հիվանդության պատճառով նախագծի վրա հիմնականում աշխատել է Մարգարյանը։ Մազմանյանի և Քոչարի վերադարձից հետո քննարկվել է երկրորդ տարբերակը, որոշումն ընդունվել է, և 1935 թվականին սկսվել է շինարարությունը։ Շենքը նախագծվել է «Գիպրոգոր» նախագծային բյուրոյում (տնօրեն` Գևորգ Քոչար)։ Եռահարկ շենքի ծավալատարածական և գեղարվեստական լուծումը պայմանավորված է անկյունային տեղադրությամբ և անկյունային գլխավոր մուտքի շեշտվածությամբ։ Շենքն ունի երկաթբետոնե միաձույլ կառուցվածք, որի պատերը քարակերտ են, ճակատները` շարված Անիի բազալտի տաշվածքով։ Սկզբունքորեն պահպանելով հասարակական շենքի նախագծման 1920-ական թվականների հնարները` հեղինակները ճարտարապետական-գեղարվեստական լուծումներով ներմուծել էին դասական տարրեր, որոնք բնորոշ էին 1930-ական թվականների անցումային շրջանի ճարտարապետությանը։ Հանրախանութը բացվել է 1937 թվականին։ Նույն թվականին Երևանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ շենքը չի վնասվել։ 1980-ականներին հանրախանութը կոչվել է «Մանկական աշխարհ» և «Երևաննախագիծ» ինստիտուտին հանձնարարվել է ընդլայնել հանրախանութը (նախագծի հեղինակ` Օլեգ Շոկարև)[2]։

Առաջին հարկում գործել են մանկական բաժինները, որտեղ վաճառվել են խաղալիքներ, հագուստ, կոշիկներ, գործել է ապակեղենի բաժին, երկրորդ հարկում եղել է սրճարան, երրորդ հարկում վաճառվել են տարբեր կտորներ[2]։

Հանրախանութի հայտնի հերոսներից է եղել Կարաբալան, ում արձանը գտնվում է կառույցի դիմաց։

2002-2003 թվականներին պատրաստվել է վերակառուցման ամբողջական նախագիծ։ Սակայն իրականացել է միայն շենքի ճակատային մասի վերակառուցումը` Աբովյան և Արամի փողոցների կողմից[2]։

Հրդեհ շենքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը երկու անգամ հրդեհվել է։ Առաջին անգամ 1956 թվականին։ Կրակը ուժեղ չի եղել և արագ մարվել է։ Երկրորդ անգամ՝ 1995 թվականին կրակը բռնկվել է 3-րդ հարկից և տարածվել ողջ շենքով և այրվել է ամբողջ 3-րդ հարկը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sputnik։ «Մանկական աշխարհից մինչև մոլ. խորհրդային մանկության անմոռանալի Ամանորը»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2017-02-18 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Կենտրոնական հանրախանութ կամ Մանկական Աշխարհ` կենդանի պատմություն»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-02-18 
Garni.jpg Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/178.2