Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տուն
Փիլիսոփայության ինստիտուտ 2.JPG
Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունը
Գտնվում էԵրևան, Արամի 44
Կառուցվել է1910-ական թթ
Շինության ձևըՊատմամշակութային հուշարձան
Ներկա վիճակըԿանգուն է

Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տուն, հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի և Տերյան փողոցների անկյունում։ Կառուցվել է 1910-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թադևոսյանները եղել են Երևանի մեծահարուստ ընտանիքներից մեկը։ Նրանք Արամի փողոցում ունեցել են 3 տուն։ Դրանցից մեկն է Արամի փողոցի 44 հասցեում գտնվող Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունը։ Շենքի նախագիծը հաստատվել է 1910 թվականին, իսկ շենքը կառուցվել 1910-ականներին։ Պատկանել է Երևանում ալյուրի մատակարարմամբ զբաղվող գործարար և մեծահարուստ Ֆադեյ Իվանի Թադևոսյանին։

1921 թ. հայ մեծանուն կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանն այս շենքում բացեց երաժշտական ստուդիա։ Այդ ստուդիայի հիման վրա էլ 1923 թ. հիմնվեց Երևանի պետական կոնսերվատորիան, որն այս շենքում գործեց մինչև 1930 թ., ապա տեղափոխվեց Հանրապետության 37 շենք և կրկին վերադարձավ այս շենք՝ գործելով մինչև 1948 թ.։ Այստեղ են ուսուցանել Ռոմանոս Մելիքյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Նիկողայոս Տիգրանյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Կոնստանտին Սարաջևը և շատ ուրիշներ։ Ավելի ուշ այս շենքում է գործել հայկական պետական մանկավարժական հեռակա ինստիտուտը։[1]

Այսօր այդ շենքում է գործում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը։

Շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե շենքն ունեցել է երկու հարկ։ Երրորդ հարկն ավելացվել է 1930-ականներին։ Վերևի հատվածը ծառայել է իբրև բնակելի հատված, իսկ ներքևինը՝ իբրև օժանդակ կառույց։ Կառուցված է սև տուֆից։

Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունն ունի Г-աձև կոնֆիգուրացիա (23,6 մ և 18,9 մ փողոցների կողմից)։ Գլխավոր կորպուսի ուղղանկյան մեջ կենտրոնացված են հիմնական սենյակների երկու անֆիլադաները։ Հյուրասենյակի (38,5 քմ), աշխատասենյակի (27,5 քմ) և կիսակլոր խոռոչով անկյունային ննջարանի դռան խոռոչներն ուղղված են դեպի հարավ-արևմուտք՝ Արամի փողոց։ Բակի՝ հյուսիս-արևելյան կողմից եղել են պահեստային սենյակը, ճաշասենյակը (26,5 քմ) և միջանցքով դրանից մեկուսացված մանկական սենյակը (20,5 քմ), որի լուսամուտները նայում էին դեպի հարավ-արևելք։ Օժանդակ տարածությունները՝ լոգարանը, զուգարանը, խոհանոցն ու հանգստի սենյակը տեղակաբաշխված են երկու շարքով՝ տեղակայված շենքի թևի երկայնական պատի առանցքի լայնությամբ։ Գլխավոր հաղորդակցումը շենքի հիմնական սենյակների հետ տեղի է ունենում ներքին միջանցքի միջոցով։ Ցարսկայա փողոցի կողմից շենքի մուտքը գտնվել է կորպուսի ձախ կողմում։ Г-աձև սրահը շրջանցում է շենքի բակային ճակատը և ավարտվում տան տարածքը սահմանազատող հյուսիս-արևելյան պատի երկարությամբ տեղադրված բաց սանդուղքներով։ Ծավալատարածական կոմպոզիցիայում երկու փողոցներին նայող ճակատներն էլ առանձնացված են, որոնց հատման կետը շեշտված է բարձրացված գնդաձև թեփուկավոր գագաթ ունեցող կիսակլոր աշտարակով:[2]

Առաջին հարկում պարզ ռիթմիկ շարքը ձևավորում է ուղղանկյուն խոռոչներ, որոնք եզրապատված էին կլորավուն ունկերով շրջակալներով և պորտաքարերով։ Երկրորդ հարկում իրար հաջորդում են եռանկյունաձև և աղեղնաձև ճակտոններով պսակաձև զարդարված լուսամուտները և կամարաձև, կիսաշրջանաձև և մշակված կամարաղեղները, որոնք ունեն պորտաքարեր և զարդանախշեր տիմպաններում: Շենքի ներքին հարդարման մեջ առ այսօր էլ պահպանվել են ապակյա պահարաններ և պատի վառարաններ, որոնք պատրաստված են ցանցավոր նախշերով պատված ծաղկային հախճասալերից և զարդարված են բրոնզե խորաքանդակներով:[2]

Ունի երկրորդ հարկի հիմքից դեպի վեր ձգվող խոյակներ։ Երկրորդ հարկի լուսամուտները զարդարված են քիվերով։

Տերյան փողոցի կողմի լուսամուտները երկփեղկ են՝ զարդարված կամարներով և զարդանախշերով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փողոց» հաղորդաշար - Արամի փողոց
  2. 2,0 2,1 Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX-начала XX века, Երևան, «Հուշարձան» հրատարակչություն, 2008 թ․, էջ 79-80
Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/206.6