Խոյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկական ճարտարապետական խոյակի նմուշներ

Խոյակ, թակաղակ, սյունագլուխ, ախավեղագես, ճարտարապետական կառուցվածքային տարր, սյունը (մույթը) պսակող պլաստիկ ձևավորմամբ շեշտված մասը։ Որմնասյան վերին մասը անվանվում է «որմնախոյակ»։ Կառույցի վերին մասի բեռը բուն սյանն է հաղորդվում խոյակի միջոցով։ Տարբերվելով պլաստիկ ձևերի հարուստ բազմազանությամբ՝ խոյակները, որպես կառուցվածքային տարր, միատիպ են։

Տարբեր ժողովուրդների փայտի և քարի ճարտարապետության մեջ հնագույն ժամանակներից ստեղծվել են խոյակների բազմազան տարբերակներ։ Անտիկ դարաշրջանում կերպավորվել են դասական խոյակների երեք հիմնական (դորիական, հոնիական, կորնթական) և մեկ ածանցյալ (կոմպոզիտ՝ միահյուսում է հոնիականի և կորնթականի պլաստիկ տարրերը) ձևեր։

Դասական խոյակները լայնորեն կիրառվել և զանազանակերպվել են եվրոպական ճարտարապետության մեջ։ Յուրօրինակ խոյակներ են ստեղծվել Եգիպտոսի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բյուզանդիայի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, միջինասիական երկրների ճարտարապետության մեջ։

IV - VII դդ. հայկական ճարտարապետական մույթերի և որմնամույթերի խոյակները ընդհանուր ծավալով ուղղանկյուն բարձր քարեր են, որոնք փորեկի միջոցով փոխարկվում են սալի։ Վաղ ժամանակաշրջանի կառույցներում (Երերույք, Տեկոր, Ծոփք և այլն) քանդակազարդվել են բուսական, կենդանական պատկերներով, արմավիկներով։ X դարում և հետագա դարերում խոյակները հիմնականում կերպավորվում են գլանի և սալի համակցությամբ։ Բազմազան և յուրատիպ են հայկական պալատների, եկեղեցիների, գավիթների խոյակները (Դվին, Արուճ, Զվարթնոց, Իշխան, Բանակ, Հաղպատ, Սանահին, Անիի կառույցները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png