Ալեքսանդր Մանթաշյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Մանթաշյանց
հայ․՝ Ալեքսանդր Հովհաննեսի Մանթաշյանց
Alexander Mantashev.jpg
Ծնվել է 1842
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է ապրիլի 19, 1911(1911-04-19)
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգություն հայ
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Մասնագիտություն ֆինանսիստ և ձեռնարկատեր
Աշխատանք գործարար և բարեգործ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր Լեգեոնի շքանշան
Alexander Mantashev Վիքիպահեստում

Ալեքսանդր Մանթաշյանց (մարտի 3, 1842, Թիֆլիս - ապրիլի 19, 1911, Սանկտ Պետերբուրգ), հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների միջև։ 1868 թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։

Վերադառնալով Թեհրան, Հովհաննեսը 1878 թ. իրենց առևտուրը տեղափոխում է Թիֆլիս։ Հոր մահից հետո ստացած 200.000 ռուբլի դրամագլուխ ժառանգությամբ, Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու և սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա։ Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։

Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։

Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը։ Դրա համար 450.000 ֆրանկով մի տարածություն է գնում Փարիզի կենտրոնում։ Այնուհետև եկեղեցու շինարարության համար տրամադրում է 1.540.000 ֆրանկ, որը կառուցվելուց հետո նվիրաբերում է հայ գաղութին՝ լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանկ նոտարական ծախս։

Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։

Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ[1]։

Նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային

2017 թվականին Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակին նվիրված ՀՀ-ում հաստատվել և գործողության մեջ է դրվել «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ. ALEXANDER MANTASHIAN 1842-1911» նամականիշը[2]՝՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաքել Սարուխան, «Ալեքսանդր Մանթաշյանց. մեծ վաճառականը և բարեգործը»[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են