Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի շենքը
Տեսակօպերային թատրոն
ՏնօրենԿարեն Դուրգարյան
ՀիմնադիրներՃարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Երկիր Հայաստան[1]
Գտնվելու վայրըԵրևան, Հայաստան Թումանյան 54
Հիմնադրման ամսաթիվ1932, օգոստոսի 5
ՃարտարապետԱլեքսանդր Թամանյան
Կայքopera.am
 Opera house of Yerevan Վիքիպահեստում
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Ազատության հրապարակի, Մաշտոցի ու Սայաթ-Նովայի պողոտաների միջնամասում։

Շինարարության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականի հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն՝ թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին։

Ժողտան ոճը պետք է լիներ մոնումենտալ և համապատասխաներ Հայաստանի բնությանը և ժողովրդական արվեստին։

Սկսելով Ժողտան նախագիծը և այն շարունակաբար կատարելագործելով, Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաև մայրաքաղաքին համապատասխանող և՛ բովանդակությամբ, և՛ ճարտարապետական լուծումով։ Ըստ ծրագրի, համալիրը պետք է ներառեր ժողտանն անհրաժեշտ բոլոր տարածությունները՝ թատրոն 1200 հանդիսատեսի համար, համերգային սրահ, լսարաններ, գրադարան ընթերացարանով, ցուցասրահներ, խմբային պարապմունքների սենյակներ, բուֆետ։ Ճարտարապետական ոճը համապատասխանում էր այն տարիներին կրկին զարգացում ապրող կլասսիցիզմին՝ հայկական ճարտարապետական ավանդույթների հետ միաձուլված։ Ստալինյան ծավալապաշտությունը այդ ոճը տեսնում էր որպես կայսերական նկրտումների արտահայտման համար համապատասխան։ Նույն շրջանում Երևանում կառուցվում էին շատ այլ շինություններ՝ խորհրդային կոնստրուկտիվիզմի ոճով, սակայն 1930-ական թվականներից հետո այդ ոճը ճանաչվել է խորհրդային ոգուն խորթ, իսկ ճարտարապետների մի մասը ակսորվել է։

Շինարարության ընթացքը

Ժողտան կառուցման տեղը որոշված էր Երևանի գլխավոր հատակագծով։ Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասը հին Երևանի կառուցապատված թաղամասերից դուրս էր, այն օրերին Ստեփան Ալավերդյանի անունը կրող փողոցից (այժմ՝ Թումանյան փողոց) հյուսիս՝ այգիների մեջ։

Նախագծմանը զուգահեռ Թամանյանը պետք է լուծեր շենքի համար նախատեսված հողամասի հետ կապված երեք հարց՝ սեփականատերերից այգիների օտարումը, Մամռիի ոռոգիչ ջրատարի տեղափոխումը, Գեթսեմանի մատուռի ճակատագիրը։

Հողակտորների օտարումը սկսվում է 1926 թվականի նոյեմբերին։ Ամենամեծ այգիների տերերն էին Բաշիրով եղբայրները, Ջանիբեկով եղբայրները եւ Պետրոսյան եղբայրները[2]։ Նրանց հետ բանակցելու ու խնդիրը ներկայացնելու համար գալիս էր անձամբ Թամանյանը։ Ջանիբեկովներին Կարապի լճի տարածքում գտնվող իրենց տան ու մեծ այգու դիմաց տրամադրվել է մի բնակարան ապագայում Աղասի Խանջյանի անունը ստացած փողոցի 41 շենքում[3]։ Տարածքով անցնող Մամռիի ջրատարը, որն արդեն վերանվանվել էր Շահումյանի անվան, հեշտությամբ տեղափոխվում է։ Հետագայում՝ 1929 թվականին, հին հունի ափին կառուցվում է Թամանյանի միահարկ ճարտարապետական արվեստանոցն՝ իր օժանդակ սենյակներով։

Օպերայի տեղում մինչ այդ կանգուն Գեթսեմանի մատուռը

Ամենացավոտ հարցը Գեթսեմանի մատուռի հարցն էր։ Գեթսեմանը, ըստ Նոր կտակարանի, ձիթենյաց այգիների վայր էր, որտեղ Քրիստոսն իր վերջին աղոթքներն էր արել խաչվելուց առաջ։ Մատուռին այդ անունն էին տվել այն պատճառով, որ գտնվում էր այգիների մեջ։ Այն կառուցվել էր 1679 թվականի երկրաշարժից ավերված ավելի հին եկեղեցու տեղում։ Մատուռը միանավ էր, թաղածածկ, փոքրաչափ և անգմբեթ։ Ժողտան հողատարածքն ու փողոցների ուղեծիրներն այնպիսին էին, որ Գեթսեմանի մատուռը շրջանցելն անհնար էր։ Թամանյանը որոշում է այն տեղափոխել։ Ուստի մատուռը 1929 թվականին քանդում են և քարերը հատ-հատ համարակալում։ Սակայն ֆինանսավորումն ուշացնելու և հուշարձանի նոր տեղի հարցը չլուծելու պատճառով վերականգնումն անընդհատ հետաձգվում է, իսկ 1932 թվականին Թամանյանը հեռացվում է Ժողովրդական տան կառուցման ղեկավար պաշտոնից, իսկ նոր ղեկավար Աշոտ Մելիք-Մարտիրոսյանի որոշմամբ մատուռի քարերն օգտագործվում են Բայրոնի փողոցում Աշխատավորների տուն կառուցելու համար։ Այսպես Գեթսեմանի մատուռը այդպես էլ չի վերականգնվում։ Մատուռի հետ միասին վերացվում է նաև շրջապատի գերեզմանոցը՝ 17-18-րդ դարերի տապանաքարերով։[փա՞ստ]

1931 թվականի օգոստոսի 26-ի նամակով Թամանյանը դիմում է ակուստիկայի ամենաճանաչված մասնագետ, մի քանի դասագրքերի հեղինակ պրոֆեսոր Լիֆշիցին, հրավիրելով մասնակցել Ժողտան նախագծմանը։ Ռեժիսոր Ն. Բոգոլյուբովի խորհրդով, Թամանյանը 1934 թվականի օգոստոսին մասնագետ է գործուղում Օդեսա՝ հակահրդեհային և այլ հարցերի հետ ծանոթանալու։ Բեմատակի մեխանիզմների նախագծման համար, նույն Բոգոլյուբովի խորհրդով, հրավիրվում է ինժեներ Ս. Վ. Իվանով-Գրդինան, որն աշխատանքը կատարելու համար խումբ է կազմում Թբիլիսիում։

1939 թվականին Ժողտան Ձմեռային դահլիճի շինարարությունն ավարտվում է, այն հանձնվում է օպերային թատրոնին։

Շինարարության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։

1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝ 1940 թվականի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝ «Ալմաստ» օպերայով[4]։

Վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայի ու բալետի թատրոնը Հոկտեմբերյան հեղափոխության 29-ամյակին

Տասնամյակների ընթացքում շենքի ներքին հարդարանքը հնացել էր, կորցրել իր փայլը և չէր համապատասխանում արտաքին շքեղ տեսքին։ Բացի այդ շենքն անավարտ էր և թամանյանական նախագծի մի շարք մտահղացումներ ժամանակին չէին իրականացվել։ Հետագայում՝ 1978 թվականին, Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ սկսվեց օպերայի շենքի վերակառուցումը, որն իրականացվեց Ալեքսանդր Թամանյանի որդու՝ Գևորգ Թամանյանի գլխավորությամբ։ Հիմնովին վերակառուցված օպերայի թատրոնն ու ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը[5]։

Վերակառուցումը հանձնարարված էր «Երարդշին» տրեստին, որը ղեկավարում էր նշանավոր շինարար Լևոն Շահբազյանը։ Ստեղծագործական խմբում աշխատում էին Հուլիոս և Գայանե Թամանյանները, Ղուկաս Չուբարը, Ռուզան Ներսիսյանը, Հրանտ Յոլյանը և ճանաչված այլ մասնագետներ։ Աշխատանքները համակարգում էր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը։ Նրա մի շարք նորամուծությունները կիրառվեցին վերակառուցման ընթացքում։ Այդ վերանորոգումով մի շարք էական փոփոխություններ մտցվեցին նախագծի մեջ։ Ճեմասրահների պատերը երեսեցին Աղվերանի բաց գույնի մարմարով։ Վերին մեծ պատշգամբը բաժանվեց երկու յարուսի, նվագախմբի անշարժ նստավայրը դարձավ շարժական, փոխվեցին դռները և տեղադրվեցին պորտալային դռներ։ Բեմի վարագույրը՝ Գրիգոր Խանջյանի ձևավորումով ներկայացված մի քանի տարբերակից, ընտրվեց անձամբ Կարեն Դեմիրճյանի կողմից[5][6]։

Ազգային մշակույթի կարևորագույն օջախներից մեկի վերակառուցման աշխատանքները բարձր որակով կատարելու համար շինարարների կոլեկտիվի անդամներն արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի։ Շքեղորեն վերակառուցված թատրոնը վերաբացվեց 1980 թ. նոյեմբերի 28-ին՝ ՀԽՍՀ կազմավորման 60-ամյակի առթիվ։ Տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և տոնական համերգ[5]։

Բեմադրված օպերաները և բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի համայնապատկերը Կասկադ համալիրից։ Ձախ հատվածում երևում է Օպերան։

Դոնիցետտի «Սիրո ըմպելիք» Պուչչինի «Տուրանդոտ» Պուչչինի «Մադամ Բալերֆլայ» Վերդի «Աիդա» Վերդի «Տրավիատա»

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963 թվականից։ 2002 թվականին կատարվել են վերանորոգման աշխատանքներ[7][7]։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ԽՍՀՄ 1979 թվականի փոստային նամականիշի վրա

1939 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով[8][9]։

1957 թվականին թատրոնը ստացել է ակադեմիականի կոչում[8]։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրիժորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմանկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театр оперы и балета Армении. Сб. статей, М., 1939;
  • Шавердян А., Очерки по истории армянской музыки XIX и XX вв., М., 1959
  • Тигранов Г., Армянский музыкальный театр. Ер., т. 1, 1956, т. II, 1960
  • Барсамян А., «Алмаст» А. Спендиарова, М., 1959
  • Тигранов Г., Балеты А. Хачатуряна, М., 1960

Ծանոթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. ««Օպերա»՝ կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Ջանիբեկովների ընտանեկան հիշողություններից
  4. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
  5. 5,0 5,1 5,2 «Կաթիլներ մեծ ծովից», Լևոն Շահբազյանի հուշերից, 1-րդ հատոր, Երևան, 2002 թ.
  6. Ռիմա Դեմիրճյան, «Հիշատակ», Երևան, 2012 թ.
  7. 7,0 7,1 «Վիրտուալ շրջայց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տարածքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. 8,0 8,1 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973 (стб. 220—222)
  9. Մարկոսյան, Կ. (1984). Սպենդիարյանի անվան թատրոն. Երևան: Սովետական գրող. էջ 16. ISBN ԳՄԴ 85.451 Ս 824. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]