Jump to content

Հայաստանի ազգային արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ազգային արխիվ
Տեսակազգային արխիվ
Երկիր Հայաստան
ՀապավումՀԱԱ
Հիմնադրված1923
Գլխադասային գրասենյակԵրևան
Արաբկիր
Հրաչյա Քոչարի 5
ՂեկավարԱրթուր Ստեփանյան
Կայքarmarchives.am

Հայաստանի ազգային արխիվ՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության՝ գիտական և մշակութային գործունեություն իրականացնող պետական կազմակերպություն է, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի արխիվային հավաքածուի համալրումը, հաշվառումը, պահպանումն ու օգտագործումը և ծառայություններ է մատուցում արխիվագիտության բնագավառում։

Ներկայում «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առեւտրային կազմակերպության կազմում գործում են 9 մարզային մասնաճյուղ, 19 տարածքային ներկայացուցչություն, 1 կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ։

2025թ. հունվարի 1-ի դրությամբ Արխիվում կենտրոնացված են ամբողջությամբ վերցրած 6267 ֆոնդ՝ 4․276․771 պահպանման միավորով:

Արխիվում պահպանվող բոլոր փաստաթղթերը մատչելի են օգտագործողների համար, բացառությամբ անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ տարածող, նաև ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող փաստաթղթերի։ Անձնական ծագման, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների փաստաթղթերի օգտագործում կարող է սահմանափակվել այդ փաստաթղթերը առաջացնողների հրահանգով։ Արխիվում գործում է երեք ընթերցասրահ՝ գլխավոր մասնաշենքում (Հր. Քոչար 5), երկրորդ մասնաշենքում (Մարշալ Բաղրամյան 59 «Գ») և կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղում (Թբիլիսյան խճուղի, 25 «Ա»)։ Ազգային արխիվի տնօրենն է Արթուր Ստփանյանը։

Հայաստանում արխիվային գործը, որպես պետական գործունեության ճյուղ, սկզբնավորվել է 1923 թվականին։

Խորհրդային Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի 1920թ. դեկտեմբերի 17-ի դեկրետով պետականացվեցին Հանրապետության գրադարաններն ու թանգարանները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատենադարանը։ Վերջինիս հիմքի վրա էլ կազմավորվեց պատմամշակութային գիտական ինստիտուտը, որի հիմնական խնդիրներից էր աշխարհի տարբեր մասերում սփռված հայ գրչագիր վավերագրերի հավաքումն ու մեկտեղումը։

Հիշյալ դեկրետով պետական հաստատությունները պարտավորվում էին մեկամսյա ժամկետում ՀԽՍՀ լուսժողկոմատին առընթեր թանգարանի արխիվային բաժնին հանձնել այն բոլոր գործերն ու գրագրությունները, որոնք ավարտվել էին մինչև խորհրդայնացումը՝ 1920թ. դեկտեմբերի 2-ը։ Այսպես, քայլ առ քայի հող էր նախապատրաստվում Կենտրոնական արխիվի ստեղծման համար։

Ձեռնարկված միջոցառումների հանգուցալուծումը 1923թ. սեպտեմբերի 26-ի Հայկենտգործկոմի նախագահության որոշումն էր՝ Կենտգործկոմին առընթեր պետական կենտրոնական արխիվ հիմնելու մասին։ 1924թ. փետրվարին հաստատվեց Արխիվի կանոնադրությունը, ըստ որի Երևանի պետական թանգարանի արխիվային բաժնի և մի քանի այլ արխիվային ֆոնդերի հիման վրա ստեղծվեց պետական կենտրոնական արխիվը։ Նորաստեղծ արխիվի վարիչ նշանակվեց պրոֆեսոր Խաչիկ Սամվելյանը։ Նրա ղեկավարությամբ Հանրապետության առաջին արխիվագետները ձեռնամուխ եղան շենքերի նկուղներում, սենյակներում և այլուր սփռված անմշակ արխիվային նյութերի հայտնաբերման և Պետական կենտրոնական արխիվում դրանց համալրման, հաշվառման և մշակման աշխատանքներին։

1923-1924 թթ. ձևավորվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի արխիվը, որի հիման վրա հետագայում ստեղծվեց կուսակցական արխիվը: 1931 թ․-ին Հայկենտգործկոմի որոշմամբ ստեղծվեց  Հայաստանի կենտրոնական արխիվային վարչությունը՝ որպես արխիվային գործի կառավարման  պետական մարմին: Քաղշրջխորհուրդներում կազմակերպվեցին արխիվային բյուրոներ, իսկ առաջնակարգ հիմնարկներում՝ արխիվային բաժիններ, որոնք կարևոր դեր ու նշանակություն ունեցան ՀԽՍՀ-ում արխիվային գործի հետագա ծավալման ու զարգացման համար։

Արխիվային գործի առաջին տասնամյակում պետական կենտրոնական արխիվի գործունեությունը չի սահմանափակվել միայն արխիվային, ասել թե արժեքավոր փաստաթղթերի համալրման ու կենտրոնացված պահպանության իրականացման հետ կապված աշխատանքներով։ Այդ փաստաթղթերն ու նյութերն արխիվ էին բերվում գրեթե ամբողջությամբ չմշակված, խառը վիճակում և ենթակա էին շուտափույթ կարգավորման։

1935թ. սեպտեմբերի 22-ին ՀՍԽՀ պետական կենտրոնական արխիվը վերակազմավորվեց և ստեղծվեցին Հոկտեմբերյան Հեղափոխության և Պատմական արխիվները, որոնք 1941 թվականին միավորվեցին ու վերստեղծվեց ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվը։

ՀԽՍՀ Նախարարների խորհուրդը, հետևելով ԽՍՀՄ մյուս հանրապետությունների օրինակին, 1962թ. հուլիսի 22-ին որոշեց Ներքին գործերի նախարարության արխիվային վարչությունը վերակազմել ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր արխիվային վարչության:

1980թ. որոշում ընդունվեց նաև Երևան քաղաքի պետական արխիվ ստեղծելու մասին, որը սկսեց գործել  հաջորդ տարվա սկզբից։ ՀՀ վարչապետի 1996թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվեց Արխիվային գործի վարչության նոր կանոնադրությունը, որի համաձայն՝ Արխիվային գործի վարչության համակարգում սկսեցին գործել 6 կենտրոնական և Երևան քաղաքի ու Հանարապետության 10 մարզերի պետական արխիվները՝ իրենց 41 մասնաճյուղերով:

2002թ. օգոստոսի 22-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Արխիվային գործի գործակալության ենթակայության պետական արխիվները վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների, իսկ 2003թ. մարտի 20-ին ընդունված Կառավարության մեկ այլ որոշմամբ դրանք միավորվեցին և վերակազմակերպվեցին «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության: Գործակալության ենթակայության մարզերի (այդ թվում՝ Երևան քաղաքի) պետական արխիվները վերակազմակերպվեցին Ազգային արխիվի մարզային մասնաճյուղերի, իսկ մարզային պետական արխիվների նախկին մասնաճյուղերը՝ տարածքային ներկայացուցչությունների:

Ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալ-իրավական բնույթի հարցումներ։
  • Տեղեկություններ աշխատանքային ստաժի և աշխատավարձի չափի վերաբերյալ։
  • Տեղեկություններ պարտիզանական շարժումներին մասնակցության, համակենտրոնացման ճամբարներում գտնվելու, բռնադատվածության և կուլակաթափության վերաբերյալ (1921-1950-ական թվականներ)։
  • Տեղեկություններ կրթության վերաբերյալ։
  • Տեղեկություններ պարգևատրումների, պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ։
  • Տեղեկություններ գաղթականների, փախստականների և հայրենադարձության վերաբերյալ (1915-1990-ական թվականներ)։
  • Տեղեկություններ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության որոշումների և կարգադրությունների վերաբերյալ (1918-1992 թթ.)։
  • Տեղեկություններ հիմնարկ-ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատանքի, դրանցում պահպանվող փաստաթղթերի վերաբերյալ։
Գույքի վերաբերյալ հարցումներ
  • Տեղեկություններ անշարժ գույքի (կալվածք, տուն, հողամաս, այգի) իրավունքների վերաբերյալ նախախորհրդային և խորհրդային շրջանում։
  • Տեղեկություններ շինանարության համար հողատարածքների տիրապետման վերաբերյալ (արտադրական, բնակելի, տնտեսական և այլն) նախախորհրդային և խորհրդային շրջանում։
  • Տեղեկություններ գիտա-տեխնիկական փաստաթղթերի (հատակագծեր, նախագծեր) վերաբերյալ խորհրդային շրջանում։
Ծագումնաբանական և կենսագրական հարցումներ
  • Ծագումնաբանական և կենսագրական բնույթի հարցումներ։
  • Տեղեկություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ (ծնունդ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն 1730-1928 թթ.)։
  • Ծագումնաբանական բնույթի տեղեկանքի կազմում Հայաստանի ազգային արխիվում պահպանվող փաստաթղթերի հիման վրա։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]