Jump to content

Վերածնված Հայաստան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերածնված Հայաստան

Վերածնված Հայաստան
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.3/10
Համայնք Արաբկիր
Գտնվում է Ազատության պողոտա, Կասկադ համալիրի վերևում
Շինության ձևը օբելիսկ
Բարձրություն 65 մ
Նախագծի հեղինակ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան
Ճարտարապետ(ներ) Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան
Հիմնադրում 1967
Նյութ բազալտ
Շինարարության սկիզբ 1961
Շինարարության ավարտ 1967
Ներկա վիճակ կանգուն


Վերածնված Հայաստան, նախկինում՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան, հուշարձան, որը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Այն Կասկադ համալիրի ճարտարապետական ​​​​դոմինանտն է և խորհրդանշում է հայ ազգի մշակութային և պատմական վերածնունդը: Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը:

Հուշարձանի գաղափարը ծագել է 1960-ականների սկզբին՝ որպես Երևանի հյուսիսային առանցքի զարգացման լայնածավալ քաղաքաշինական նախագծի մի մաս: Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը ձգտել են ստեղծել մի խորհրդանիշ, որը կարտացոլի ժամանակի ոգին և Հայաստանի ձեռքբերումները։

Հուշարձանի հիմքը դրվել է 1961 թվականի մայիսի 4-ին, իսկ բացումը տեղի է ունեցել 1967 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի կապակցությամբ, քանի որ Հայաստանն այդ ժամանակ Խորհրդային Միության մաս էր կազմում: Սակայն ԽՍՀՄ փլուզմամբ և Հայաստանի անկախության հռչակմամբ հուշարձանը ստացավ իր ի սկզբանե նախատեսված անվանումը՝ «Վերածնված Հայաստան»։

Ճարտարապետական ​​​​նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

65 մետրանոց վեր խոյացող օբելիսկի 50 մետրը քառանկյուն հիմքով սյան հիմնական ծավալն է, որը և ներկայացնում է 50-ամյակը խորհրդանշող թիվը։ Այն վերջնամասում ավարտվում է թեթևակի ընդգծված երեք կամարաձև ելուստներով։ Կոթողի այսպիսի ավարտը կիրառվել է դեռևս ուրարտական ժամանակաշրջանում և խորհրդանշել է արքայական թագը։ Հնում այսպիսի կոթողների վրա էին արվում բոլոր պետական արձանագրությունները։ Հայտնի օրինակներից են հայկական միացյալ պետության հիմնադիր Արտաշես Ա-ի սահմանաքարերը՝ արամեերեն արձանագրությամբ։ Հաջորդ 15 մ բարձրություն կազմող ոճավորված սոսին, որը մեծ մասամբ ընկալվում է որպես ցորենի հասկ, անցյալում պատմամշակութային նշանակություն է ունեցել և Կենաց ծառ է խորհրդանշել։ Հետաքրքիր է, որ հուշարձանի համաչափական համակարգը բազմաթիվ նմանություններ ունի հայ միջնադարյան ճարտարապետության մեջ հայտնի գավազան-սյուների հետ։ Հետագայում ճարտարապետ Ջիմ Թորոսյանը փոքր մասշտաբով սպիտակ քարից նման մի կոթող կառուցեց հուշարձանի մոտ տանող Կասկադ համալիրի աջակողմյան հարթակներից մեկի վրա։ Սյան նիստերի եզրերին ներգծված են 4 մ տրամագծով հավերժության նշաններ։ Դրանք, ավելի փոքր չափերով, հանդիպում են նաև վերևում՝ աշտարակաձև թևերի վրա։ Հուշարձանի վրա գրված են Եղիշե Չարենցի տողերը՝ «Բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ», իսկ հյուսիսային կողմի վրա այբբենական թվարկման համակարգով փորագրված է կառուցման տարեթիվը՝ «ՌՋԿԷ»։

  • Դավիթ Ստեփանյան, «Հայերեն խոսող հուշարձաններ», հեղինակային հրատարակչություն, Երևան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերածնված Հայաստան (Երևան)» հոդվածին։