Մելիք-Աղամալյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիք-Աղամալյան (այլ կիրառումներ)

Մելիք–Աղամալյաններ, մեծահարուստ մելիքական տոհմ Հայաստանում։ Տոհմի նահապետը եղել է մելիք Ծատուրը, ում որդու՝ մոլիք Աղամալի անունով էլ կոչվել է տոհմը։ Աղամալ անունը կազմված է թյուրքերեն աղա և մալ (ապրանք) բառերից և նշանակում է աղայի ապրանք։

Մելիք Աղամալի զավակները՝ մելիք Սահակն ու մելիք Աղավելը հիշատակվում են պարսից Մեհրալի խանի և օսմանցիների միջև 1724 թ. Երևանում տեղի ունեցած ճակատամարտի նկարագրության մեջ։ Երբ պարսիկ խանը փախուստի է դիմել և պատսպարվել բերդում, իր հետ տարել է նաև մի շարք հայ մելիքների, այդ թվում նաև մելիք Սահակին և մելիք Աղավելին։

Մելիք Սահակի զավակը՝ Աբրահամը մասնակցություն է ունեցել հայ ազատագրական շարժմանը և դիմել է ռուսական կառավարությանը՝ խնդրելով ազատագրել Հայաստանը պարսկական լծից։ 1804 թ. ռուսական բանակի արշավանքին ժամանակ զորավար Ցիցիանովի և վիրահայոց առաջնորդ Հովհաննես Գեղարդակիրի հրամանով Աբրահամը հավաքում է իրեն ենթակա ժողովրդին և անցնում ռուսական կողմը։ Հետագայում ռուսական կառավարությունը մելիք Աբրահամին շնորհեց ազնվականի կոչում։ Աբրահամը մահացել է 1811 թ.։

Մելիք Աբրահամի որդին՝ մելիք Սահակը Փամբակից Երևան վերադառնալուց հետո դարձավ սարդար Հուսեյն Ղուլի խանի մտերիմ գործընկերը և ապա՝ Երևանի խանության հայկական հետևակազորի հրամանատարը։ Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ անցավ ռուսների կողմը և մեծ ծառայություններ մատուցեց ռուսական բանակին։ Երևանի խանությունը Ռուսաստանին միանալուց և ռուսական իշխանության հաստատումից հետո Մելիք Աղամալյանները զրկվեցին մելիքական իշխանությունից, իսկ մելիք Սահակը եղավ հայ համայնքի ներկայացուցիչը։ Նա մահացել է 1834-ին։

Մելիք Աղամալյանները բնիկ կոնդեցիներ էին։ Նրանց ապարանքը գտնվում էր Կոնդ թաղամասում։ Սուրբ Հովհաննես եկեղեցին եղել է Մելիք Աղամալյանների տոհմական եկեղեցին, որը երկրաշարժից հետո իրենց նվիրաբերած գումարով վերականգնվեց 1710 թ.։

Մելիք Աղամալյաններին էին պատկանում Երևանի շրջակա մի քանի գյուղերը՝ Ելառը, Արզականը, Դալարը, Կյումեշը, Ձագն ու Աղվերանը։

Մելիք Աղամալյանները եղել են նաև քաղաքապետեր։ Այսպես, Իսահակ Մելիք–Աղամալյանը 1898-1904 թթ., իսկ Հովհաննես Մելիք–Աղամալյանը 1904-1910 թթ., ապա 1912-1914 թթ. եղել են Երևանի քաղաքապետեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]