Երևան անվան ծագումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևան անվան ծագման հարցը բավական խնդրահարույց է։ Առկա են մի շարք թեզեր, որոնք կարելի է դասակարգել որպես հերքված, հնարավոր ու ամենահավանական։ Ամենահավանական տեսությունը գիտական շրջանակներում համարվում է Երևան անվան ծագումը ուրարտական Էրեբունի անվանումից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Հատկանշական է այն փաստը, որ Երևանի տարածքը անընդհատ բնակեցված է եղել։ Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։

Ժամանակագրական առումով քաղաքի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը Երևան-1 քարայրն է (Երևանյան լճի մոտ, Հրազդան գետի ձախ ափին), որի ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100 000 – 35 000 տարի առաջ)։ Քարայրների ընդհանուր թիվը մոտ 100 է։

Այնուհետև Երևանի տարածքում մարդու բնակության հետքերը հայտնաբերվում են նոր բնակավայրերում, ստեղծելով պատմական հուշարձանների մի ամբողջական շղթա։ Դրանցից են Շենգավիթը (մ.թ.ա. IV—II հազարամյակներ), Ծիծեռնակաբերդ, Ավան, Զեյթուն, Արեշ (կայարանամերձ հրապարակ) թաղամասեր (մ.թ.ա. II հազարամյակի կես), Կարմիր-բերդ (մ.թ.ա. II հազարամյակի վերջ), Կարմիր-բլուր (մ.թ.ա. II հազարամյակի վերջ — I հազարամյակի սկիզբ), Արին բերդ (Էրեբունի, մ.թ.ա. I հազարամյակի սկիզբ), Ավան-Առինջ (մ.թ.ա. II — I դարեր), վաղ միջնադարյան Երևան (Կենտրոն), Երևանի բերդ (VII դար, XVI դար) և այլն[1]։

Վաղ հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (II դար) «Աշխարհագրություն» աշխատության մեջ նշված Tervan բնակավայրը Երևանն է[2], և Irvan անվան I-ն թյուրիմածաբար գրվել է T ձևով, քանի որ Tervan-ը քարտեզում նշված է նույն աշխարհագրական լայնության վրա, ինչ Երևանը։

Ուսումնասիրողներին (Ղ. Ալիշան, Ղ. Ինճիճյան) և Երևան այցելած օտարերկրյա ճանապարհորդներին (Ժ. Շարդեն, Ռոբերտ Կեր Փորտեր, Ուիլյամ Աուզլեյ, Լինչ) հետաքրքրել է հատկապես Երևան անունը։ Երևան անունը (յերեւան ձևով) հայ մատենագրության մեջ առաջին անգամ հանդիպում է V դարի հնագույն մի հիշատակարանում[3]։ Երևանի մասին հաջորդ հիշատակությունը վերաբերում է 607 թվականին, երբ Դվինում հրավիրված եկեղեցական ժողովին մասնակցել է նաև Դավիթ Երեցը վանականը Երեւանից [4]։ VII դարի պատմիչ Սեբեոսը ևս վկայություն ունի Երևանի մասին, կապված 642-643թթ. արաբական արշավանքների հետ [5]։ Հովհ. Դրասխանակերտցու (IX-X դդ.) «Պատմութիւն Հայոց»/, (Ս. Անեցու (XII) դար, «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Ստ. Օրբելյանի (XIII դար), «Պատմութիւն նահանգին Սիսական» և այլ մատենագիրների աշխատություններում ևս հիշատակություններ կան Երեւանի մասին։

Հայ մատենագրության մեջ Երևանը հիշատակվում է Երեւան, Էրեւան, Էրվան, Էրուան, Երեւան, Արեւան և այլ ձևերով[6]։ Օտարերկրյա ճանապարհորդների և ուսումնասիրողների աշխատություններում Երևանը հիշատակվում է Erivan, Revan, Irvan, Iravan, Эриван, Ереван, Иреван և այլ ձևերով[7]։

Տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյ նահապետի առասպելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին և ամենատարածված բացատրությունը կապված է Նոյ նահապետի անվան հետ։ Ժողովրդի մեջ տարածված ավանդության համաձայն, ջրհեղեղից հետո, երբ ջրերը ետ են քաշվել, Նոյը Արարատ սարից տեսել է ցամաք ու բացականչել «երևաց, երևաց», որն էլ հետագայում ձևափոխվելով դարձել է Երևան։ Այս ավանդությունը հին է և միշտ տարածված է եղել ժողովրդի մեջ։ Այդ են վկայում Երևան այցելած օտարերկրյա ճանապարհորդները, որոնց տեղացիները պատմել են այդ ավանդությունը։ Առաջիներից մեկը, ով վկայում է այդ մասին ֆրանսիացի ճանապարհորդ ժան Շարդենն է[8], որը 1672-73 թթ. եղել է Երևանում։ Տեղի հայերը Շարդենին պատմել են, որ Երևանը Նոյի բնակության վայրն էր մինչև ջրհեղեղը և կառուցվել է նույն տեղում ջրհեղեղից հետո[9]։ Երևան անունը և քաղաքի հիմնադրումը Նոյի հետ են կապում նաև Ուիլյամ Աուզլեյը, Ռոբերտ Քեր Փորթրը, Ա. Հաքստհաուզենը, Լինչը[10] և ուրիշներ։ Հայ պատմագրության մեջ վերոհիշյալ ավանդությանը անդրադարձել են Ղ. Ինճիճյանը, Մ. Սմբատյանը և ուրիշներ[11]։

Կարգավիճակը՝ հերքված․ անհավանական է, որ առասպելական կերպար Նոյ նահապետը, ով կրկին ըստ առասպելի, ուներ սեմական ծագման, խոսեր ժամանակակից հայերեն լեզվով։

Երվանդաշատի-Եվանդավանի-Երվանդակերտի տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այս տեսության՝ Երևան անունը կապվում է Երվանդյան հարստության վերջին թագավոր Երվանդ IV անվան հետ (մ.թ.ա. 220-201 թթ.)[12]: Հ. Նալյանը ենթադրում է, որ Երևանը Երվանդի կառուցած Երվանդաշատ մայրաքաղաքն է, այլ ուսումնասիրողներ`, որ Երվանդավան քաղաքն է և այլն։ Նույնը վերաբերվում է նաև Երվանդակերտին։ Օտարերկրյա ճանապարհորդները ևս վկայում են, որ Երևան անունը ըստ հայոց մեջ տարածված այլ ավանդության կապվում է Երվանդ թագավորի անվան հետ[13]։

Կարգավիճակը՝ հերքված․ թե՛ Երվանդաշատի, թե՛ Երվանդավանի ու թե՛ Երվանդակերտի տեղը գտնված ու ապացուցված է՝ Արաքս գետի ափին՝ Ախուրյան գետի խառնարանից ոչ հեռու։

Ռևան Ղուլու խանի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսության կողմնակիցները որպես Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվ են ճանաչում Սեֆյան Պարսկաստանի հիմնադիր շահ Իսմաիլ I-ի վեզիր Ռևան Ղուլու խանի կառուցած բերդի հիմնադրման տարեթիվը։ Оսմանյան պատմիչ Էվլիա Չելեբին որպես Երևանի հիմնադիր է նշում Ռևան խանին, ով 1504 թվականին Իսմաիլ Շահի կողմից ստանալով հրաման՝ 7 տարուց՝ 1511 թվականին կառուցում է Երևանի բերդը[14]։ Այս տեսությունը գերիշխող է այսօր Ադրբեջանի պատմագրության մեջ՝ միտված լինելով հերքելու հայերի ներկայությունը տարածաշրջանում առհասարակ։

Կարգավիճակը՝ հերքված․ այս տեսություն անտեսում է Երևանի մասին բազմաթիվ հիշատակություններ, որոնք արվել են Իսմաիլ շահից հարյուրավոր տարիներ առաջ։

Երիանի երկրի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական Ռուսա Ա թագավորի կողմից գրաված 23 երկրների շարքում առկա է Երիաինի երկիրը, որտեղ բնակվել է «երի» ազգությունը։ Այս մասին արձանագրությունը պահպանվել է Սևանա լճի ափին Քյոլան-Դռան (Օձաբերդ) մոտակայքում թողած արձանագրության մեջ՝ Ծովինար գյուղի մոտ[15]։

Կարգավիճակը՝ չապացուցված․ քաղաքը ամենայն հավանականությամբ գտնվել է ծովափնյա շրջանում՝ Սևանա լճի մոտակայքում։ Նաև միանշանակ է, որ մինչ Ռուսա թագավորը Արարատյան դաշտի երկրները արդեն գրավված էին ու բնակեցված ուրարտական էթնոսով։ Սակայն նաև չի բացառվում, որ ներկա տեղ են որոշակի շրջանում տեղափոխվել վերջինիս բնակիչները՝ բերելով նաև տեղանվան անունը։

Էրեբունի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այս տեսության Երևան անունը առաջացել է Ուրարտուի թագավոր Արգիշտիի հիմնած Էրեբունի քաղաքից։ Ըստ տեսության Էրեբունիի բնակչությունը ժամանակի ընթացքում լքել է ամրոցը երկրաշարժի կամ այլ արհավիրքի արդյունքում ու տեղափոխվել մոտակայքում գտնվող այլ վայր՝ իր հետ տանել նաև անվանումը։

Կարգավիճակը՝ ամենահավանական․ «Էրեբունի» անվանումը կարող էր հնչյունափոխվել՝ դառնալով «Երևան» (ՐԲՆ > ՐՎՆ)։ Ուրարտական սեպագրում b-ով հաղորդվել են նաև v-ն և w-ն, u-ով` նաև o-ն։ Ուրարտերենում բառավերջի ձայնավորը հնչել է թույլ, որպես (Ը). նման պատկեր է եղել և հայերենում, որտեղ բառավերջի ձայնավորն, ի վերջո, անհետացել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե. Շահազիզ, Հին Երևան, Երևան, 1931թ., էջ 7
  2. Ռ. Գալչեան, Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Երևան, 2005թ.
  3. «Հնոց և նորոց պատմութիւն վասն Դավթի և Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի», Կ. Պոլիս, 1874
  4. «Գիրք Թղթոց» մատենագրութիւն նախնեաց, 1901
  5. Սեբէոս, Պատմութիւնք, 1672 թ., Ձեռագիր մատյան, 2639
  6. Ղ. Ալիշան,Այրարատ, էջ 259։ Հանդէս ամսօրեայ, 1934 թ., թիվ 5-7, էջ 327-328:Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը, հ. 1, Երևան 1969թ., էջ 96-99
  7. Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Զ., Երևան 1934թ.: Թ. Հակոբյան, հ. 1, էջ 96-99
  8. Շարդենը անհավանական է համարում այդ ավանդությունը, քանի որ ըստ նրա հայերենը նոր լեզու էր և 700 տարի առաջ իբրև թե նույնիսկ հայտնի չէր։ Նա անհավանական է համարում նաև Պտղոմեոսի քարտեզում նշված Tervan բնակավայրը Երևանի հետ նույնացնելը, քանի որ ըստ նրա, Երևանում հնագույն հուշարձաններ չկան։ Путешествие Шардена по Закавказью в 1672-1773гг., Тифлис, 1902г., с. 243-245: Թ. Հակոբյան, հ.1, էջ 99 /ծանոթագրություն 3/
  9. Chardin edit Paris, 1811, Ց.2, ր.169, Х. Ф. Б. Линч, Армения, Тифлис, 1910 г., т.1, с. 273
  10. Х.Ф.Б. Линч, Армения, т.1, с. 273
  11. Ղ. Ինճիճյան, Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հ. 1, Վենետիկ, 1835թ., էջ 273-274
  12. Չամչյան Միքայել։ Հայոց պատմություն. սկզբից մինչև մեր 1784 թվականը։ Վենետիկ: Մխիթարյան Միաբանություն 
  13. Х.Ф.Б. Линч, Армения, т.1, с. 273: Հ. Հակոբյան,Ուղեգրություններ, էջ 453-454
  14. Evliya Çelebi 1611?-1682? (1896)։ Evliya Çelebi seyahatnamesi։ Robarts - University of Toronto։ [stnbl] dm Maba'asi 
  15. Б. Пиотровский, Ванское царство, /Урарту/, М., 1959г., с. 91: Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, /այսուհետ՝ ՀԺՊՔ/, Երևան, 1981թ., էջ 85