Ղուկաս Ինճիճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ինճիճյան Ղուկասից)
Ղուկաս Ինճիճյան
արմտ. հայ.՝ Ղուկաս Ինճիճեան
Ծնվել էմարտի 17, 1758(1758-03-17)[1]
Կոստանդնուպոլիս[2][3]
Մահացել էհուլիսի 2, 1833(1833-07-02)[1] (75 տարեկան)
Վենետիկ, Ավստրիական կայսրություն[2][3]
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն և  Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունաշխարհագրագետ, պատմաբան, բանասեր, ազգագրագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Արշարունյաց ընկերություն[2]
Ալմա մատերՍուրբ Ղազար կղզու վանք
Տիրապետում է լեզուներինհայերեն
 Ghukas Inchichian Վիքիպահեստում
«Ստորագրութիւն հին Հայաստանեայց» աշխատության շապիկ

Ղուկաս Ինճիճյան (մարտի 17, 1758(1758-03-17)[1], Կոստանդնուպոլիս[2][3] - հուլիսի 2, 1833(1833-07-02)[1], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[2][3]), հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նրա պապը ադրիանապոլսցի Ինճիճի Հաջի Միքայելն է, իսկ հայրը՝ Ինճիճի Պողոս Միքայելյանը։ Մայրը՝ Տիրուհին, հիշատակվում է որպես պատմաբան Միքայել Չամչյանի (1738-1823) քույրը։

1770 թվականին հայրը նրան ուղարկում է Վենետիկի Մխիթարյան միաբանություն։ Այնտեղ հետագայում աշակերտում է միաբանության առաջնորդ, արքեպիսկոպոս Ստեփանոս Ագոնց Քուվերին (1740-1824)։ 1774 թ. ընտրում է հոգևորականի կյանքը, դառնում Մխիթարյան միաբանության անդամ։ 1786 թվականի վերջերին գնում է Կ. Պոլիս, որտեղ մնում է չորս տարի։ 1790 թվականին վերադառնում է Վենետիկ։ 1805 թվականի մարտի 14-ին բուժման և աշխարհագրական որոշ վայրեր աչքի անցկացնելու համար կրկին գալիս է Կ. Պոլիս։

Մեծ վաստակ ունի 1810 թվականին հիմնադրված Արշարունյաց միությունում, որի նպատակն էր հայերի շրջանում տարածել նոր հայերենով հրատարակված գրքերը։ 1815 թվականին բռնկված հրդեհից նրա ամբողջ գրադարանը մոխրի է վերածվում։ Այրվում են նաև Օսմանյան պետության աշխարհագրության երկրորդ և երրորդ հատորները։ 1819 թվականին Տյուզյան ընտանիքի գլխին եկած փորձանքի ժամանակ նրանց հետ ծանոթ լինելու վախից փախչում է Օդեսա։ Դրությունը կարգավորվելուց հետո՝ 1820 թվականին, կրկին վերադառնում է Կ. Պոլիս։ Այդ ընթացքում Տյուզյան ընտանիքի հովանավորության տակ գտնվող Արշարունյաց միությունը կազմալուծվում է։ Այդ պատճառով ավարտվեց նաև միության կողմից ֆինանսավորվող «Եղանակ բյուզանդյան» կոչված տարեգրքի հրատարակությունը։

1828 թվականին սկզբներին Կ. Պոլսի կաթոլիկ հայերն Անկարայից աքսորվեցին, Ինճիճյանն էլ Կ. Պոլսում մնալը վտանգավոր համարելով՝ նույն տարվա մայիսին վերադարձավ Վենետիկ։ Այստեղ մեկ տարի առաջ մահացած Գաբրիել Ավետիքյանի (1751-1827) փոխարեն ընտրվում է միաբանության փոխառաջնորդ և պաշտոնավարելու ժամանակ էլ վախճանվում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է բանասիրական, խմբագրական բեղուն գործունեություն։ 1791 թվականին Վենետիկում լույս է ընծայել «Տեսութիւն համառօտ, հին և նոր աշխարհագրութեան» չափածո երկը, որը թարգմանվել է իտալերեն, մասամբ ֆրանսերեն։ 1794 թվականին հրատարակել է «Ամարանոց Բիւզանդեան» գիրքը, 1799-1802 թվականներին՝ «Տարեգրութիւն»-ը, որը «Ազդարարից» հետո երկրորդ պարբերականն էր հայ իրականությունում և առաջինը՝ աշխարհաբար լեզվով[4][5]։ Պարունակում էր ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություններ։ 1803-1820 թվականներին «Տարեգրութիւն»-ների փոխարեն հրատարակել է «Եղանակ Բիւզանդեան Բազմավէպ» աշխարհաբար տարեգիրքը, ավելի ճոխ, բազմազան բովանդակությամբ և ավելի մեծ ծավալով, գեղեցիկ նկարազարդումներով։ 1824 թվականից լույս է ընծայել «Դարապատումների» շարքը, տարեկան մեկ կամ երկու հատոր, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է մեկ դարի քաղաքական, մշակութային իրադարձությունների պատմությունը։ Հրատարակել է պատմա-բանասիրական, աշխարհագրական մի քանի հետազոտություններ, որոնք պարունակում են հարուստ նյութ հին Հայաստանի պատմության, աշխարհագրության, տեղագրության, հնությունների մասին։

Այդ աշխատություններից առավել կարևորներն են՝ «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» բազմահատորյակի առաջին մասի Ա հատորը և երկրորդ մասի Ե-Զ հատորները (1806, 1804), «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» (1822). մանրամասնորեն խոսվում է պատմական Հայաստանի 16 նահանգների մասին, տրվում է նրանց տեղագրական, աշխարհագրական նկարագիրը. վերահրատարակվում է նույն տարում, «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (երեք ստվար հատորներ, Վենետիկ, 1835) և այլն։

Հրատարակել է մի քանի աշխատություն էլ, որոնք օգտագործվել են որպես ուսումնական ձեռնարկներ, ինչպես՝ «Պատմութիւն կենդանեաց ի չորս կարգս բաժանեալ՝ ի ցամաքային, ի ջրային, յերկակենցաղ և յօդային» (Վենետիկ, 1801, Բ տպագրություն՝ 1810)։ 1812 թվականին հիմնադրված Արշակունյաց ընկերության խնդրանքով գրել է մի աշխատություն՝ ազգասիրության մասին[6][7]։

«Ստորագրութիւն հին Հայաստանեայց»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստորագրութիւն հին Հայաստանեայց» (1822) աշխատության մեջ հունա-հռոմեական և ասորական աղբյուրներից հավաքած փաստական հարուստ նյութերի հիման վրա տալիս է Մեծ Հայքի պատմա-աշխարհագրական պատկերը՝ նահանգների ու գավառների աշխարհագրական բնութագիրը, տեղանունների ստուգաբանությունը, տեղեկություններ ազգագրության վերաբերյալ, կատարում աշխարհագրական անունների տեղագրական ճշտումներ։ «Հնախոսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (1835) եռահատորը Մ. Չամչյանի «Հայոց պատմութիւն»-ից հետո առաջին ծավալուն երկն է, որտեղ հեղինակը հանգամանորեն խոսում է հին Հայաստանի աշխարհագրության, վարչական բաժանման, օրենքների, գիտության և արվեստի, ազգագրության և մի շարք այլ հարցերի մասին։

«Ամարանոց Բիւզանդեան»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամարանոց Բիւզանդեան» (1794) չափածո աշխատության մեջ (որոշ հատվածներ թարգմանվել են ֆրանսիական և իտալական) տրված է Բոսֆոր և Դարդանել նեղուցների աշխարհագրական բնութագիրը, նրանց «երկհարկանի» ջրային հոսանքների գիտական բացատրությունը, ինչպես նաև երկրաբանական մոտիկ անցյալի պատմությունը։ Պատմությանն ու քաղաքական աշխարհագրությանը վերաբերող Ինճիկյանի ուսումնասիրություններն ամփոփված են «Դարապատում» ութ հատորանոց աշխատության մեջ (1824-1827), որտեղ տրված է պետությունների համառոտ պատմությունը 1750-1800 թթ։ Վերջին 2 հատորները նվիրված են գիտության և արվեստի զարգացման պատմությանը, մեծ մտածողների, արվեստագետների, եկեղեցական գործիչների կյանքին ու ստեղծագործությանը։ 1800-1802 թթ. Ինճիկյանը հրատարակել է կրոնական, քաղաքական և բանասիրական «Տարեգրություն» (աշխարհաբար լեզվով), 1803-1820 թթ.՝ «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքերը, որոնցում լուսաբանվել են աշխարհի քաղաքական իրադարձությունները, կրոնական, ուսումնական և գիտական հարցեր, եղանակի տեսություններ ու կանխագուշակումներ։

«Արշարունյաց ընկերություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել է «Արշարունյաց ընկերություն» գրական-հասարակական կազմակերպությունը (1812-1819)։ 1815 թ. հրատարակվեց Ինճիկյանի «Ազգասեր» հրապարակախոսական աշխատությունը, որտեղ արծարծված հարցերը հարուցեցին թուրք, կառավարության կասկածը, փակվեց «Արշարունյաց ընկերություն» գրական-հասարակական կազմակերպությունը, ընդհատվեց «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքի հրատարակումը։ Ըմբռնելով գիտության և մշակույթի նշանակությունը հասարակության հոգևոր-բարոյական և սոցիալական կյանքում՝ Ինճիկյանը դրականորեն է գնահատել և բացահայտել այն առաջադիմականը, որ կատարել են անցյալի նշանավոր մտածողները՝ անտիկ աշխարհից մինչև Ջ. Լոքը, Դ. Դիդրոն և ուրիշներ։ Այսպիսի արժեքավորմամբ Ինճիկյանը անուղղակիորեն նպաստել է հայ իրականության մեջ առաջադիմական գաղափարների տարածմանը։ Սակայն, չկարողանալով վերշնականապես հաղթահարել եկեղեցու պաշտոնական գաղափարախոսությունը, նա միաժամանակ քննադատել է այդ մտածողների հակակրոնական, մատերիալիստական հայացքները և կաշկանդված է մնացել իդեալիստական պատկերացումներով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.biographien.ac.at/oebl/oebl_I/Ingigian_Lukas_1758_1833.xml
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
  4. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  5. «Համահայկական թվանշային գրադարան».
  6. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 11-12.
  7. «Ղուկաս Ինճիճյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղուկաս Ինճիճյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղուկաս Ինճիճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 346