Առինջ (Կոտայքի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առինջ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Առինջ | |||
Ընդհանուր տեսքը Երևան-Սևան մայրուղուց | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի մարզ | ||
Համայնք | Կոտայքի մարզ և Աբովյանի շրջան | ||
Մակերես | 8,45 կմ² | ||
ԲԾՄ | 1300 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 6220[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | arinj.am | ||
| |||
Առինջ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևմուտք, Երևան-Սևան խճուղուց աջ։ Գյուղը հիշատակվում է 15-16-րդ դարերում։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առինջ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 6,5 կմ հարավ-արևմուտք՝ գրեթե կից քաղաքամայր Երևանի հյուսիսարևելյան արվարձաններին՝ ծովի մակերևույթից 1290-1350 մ բարձրությամբ հարավհայաց մեղմաթեք բլրալանջին և առջև փռված հարթության վրա։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Հայկ Խաչատրյանի «Սոսյաց անտառ» գրքի հայկական տեղանվանապատում պատումաշարի, առինջ՝ նշանակում է կաղնի։ Առինջ են անվանել պաշտամունքի առարկա դարձած կաղնու ծառին։ Հետևաբար այն հին հայկական բնակավայրերը, որտեղ գոյություն է ունեցել կաղնի ծառի պաշտամունքը, իրենց անվան մեջ կրել են առինջ բառը (օրինակ՝ Առինջ, Բագառինջ, Ալվառինջ, Հառիճ, Սնկառիճ և այլն)։ Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել այդ անվանումով քառասուն բնակավայր։ Դրանցից մեկը Կոտայքի մարզի Առինջ գյուղն է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքից հայտնաբերված վաղբրոնզեդարյան հնագիտական գտածոները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։
Առինջը[Ն 1] հարուստ է նաև վաղմիջնադարյան հուշարձաններով։ Չնայած այս ամենին՝ գյուղանվան վաղագույն հիշատակություններից մեկը մեզ է հասել միայն 1206 թվականից[4], այնուամենայնիվ, գյուղում և գյուղամերձ հնավայրերում պահպանված նյութական մշակույթի հուշարձանները փաստում են, որ այն բնակելի է եղել առնվազն Վանի թագավորության ժամանակաշրջանից, ընդ որում, ի դեմս գյուղի հյուսիսային եզրին պահպանված բերդի՝ վայրն ունեցել է նաև ռազմավարական կարևոր նշանակություն։ Հայաբնակ Առինջը դարեր շարունակ աչքի է ընկել բազմամարդությամբ։ Այն շարունակել է հայաբնակ մնալ նաև 1605 թվականին գրեթե ողջ Արևելյան Հայաստանը հայ բնակչությունից պարպած Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթից հետո։ XV-XVII դարերում գյուղը կառավարում էին տեղի ազդեցիկ հայերը, որոնց տրվում էր պարոն պատվանունը։ XVII դարի սկզբին Առինջը հիշվում է թուրք-պարսկական պատերազմների կապակցությամբ, քանի որ ճակատամարտերից մեկը տեղի է ունեցել գյուղի մոտ[5] Առինջը հայաբնակ է մնում մինչև խանական տիրապետության վերջը և նմանատիպ կացությունը պահպանում նաև ռուսական տիրապետության ժամանակաշրջանում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրավոր հիշատակությունների, պահպանված նյութական մշակույթի հուշարձանների ուսումնասիրությունը թույլ է տալիս նշել, որ բնակավայրն առավել ծաղկուն և մարդաշատ է եղել հատկապես XII-XIII, ապա XV-XVII դարերում և ի վերջո նաև մեր օրերում։ Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա այդպիսիք գյուղի մասին ի հայտ են գալիս երկրամասը ռուսական կայսրությանը միավորելուց հետո և հասնում մինչև մեր օրերը։ Առինջի ազգաբնակչության փոփոխությունը.[6]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 538 | 815 | 1500 | 1612 | 2981 | 3856 | 4831 | 5413 | 6220[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագրական և վիմագրական աղբյուրներից հայտնի է, որ դարեր շարունակ Առինջ գյուղն աչքի է ընկել բազմաթիվ ձիթհաններով, ջրաղացներով և հատկապես մրգատու այգիներով[7]։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքը, Առնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։
Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ (1501 թ-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։
Առինջ գյուղից արևելք գտնվում է նշանավոր Ձագավանքը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Գետարգելի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրոնական կենտրոններից մեկն է եղել։ Վանքի Սուրբ Նշան եկեղեցին (VIIդ.) պատկանում է եռախորան, խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին։ Աբսիդները դրսից բազմանիստ են։ Պահպանվել են սրբատաշ տուֆից կառուցված պատերի ստորին շարքերը։ Եկեղեցու երկու կողմում կան փոքրիկ մատուռներ։ Սուրբ Նշանից արևելք գտնվում է վանքի երբեմնի երկհարկանի երկրորդ եկեղեցին (XIIIդ.)։ Առինջում ամեն տարի մեծ շուքով նշվում է Գետարգելի վանքին նվիրված օրը։
Գյուղում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (1880 թ.)։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է գյուղի հին մասի կենտրոնում ծովի մակերևույթից 1305 մ բարձրության վրա։ Դեռևս միջնադարից Առինջն ունեցել է իր եկեղեցին։ Սակայն գրավոր աղբյուրներում նշվում է 1839 թվականը, երբ առաջին անգամ գյուղում Սբ. Աստվածածին անվամբ ծխական եկեղեցի է հիշվում.«...եկեղեցին յանուն սուրբ Աստուածածնի»[8]։ Նույն անվամբ եկեղեցին հիշվում է նաև 1842 թվականին։ Շուրջ երեք տասնամյակ անց եկեղեցու շենքն արդեն հասցրել էր այն աստիճան քայքայվել, որ 1879 թվականին առինջեցիները որոշում են հնի տեղում բոլորովին նոր եկեղեցի կառուցել(վկայված է Սբ. Հովհաննես անվամբ)։ Ծրագիրն իրականացնելու համար ձևավորվում է հոգաբարձություն, որի անդամները Բաղդասար Հարությունյանը, Պապի Սահակյանը, Հակոբ Փիլիպոսյանը, Ղուկաս Այդինյանը և Թադեոս Գևորգյանը, 1879 թվականի սեպտեմբերի 22-ին նոր եկեղեցի կառուցելու համար պայմանագիր են կնքում երևանաբնակ վարպետ Մելքոն Դավթյանի հետ[9] Վարպետը պարտավորվում է հնի հիմքերի վրա կառուցել սրբատաշ քարից մի նոր եկեղեցի՝ սկսած պայմանագիրը կնքելու օրից մինչև 1880 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Նույն թվականի նոյեմբերի 5-ին եկեղեցու կառուցման խնդրով գյուղի հասարակությունը դիմում է Երևանի վիճակային կոնսիստորիային։ Թույլտվությունը տրվում է 1880 թվականի մայիսի 9-ին։ Այնուհետև եկեղեցին միևնույն՝ Սբ. Հովհաննես անվամբ հիշվում է հետագա տարիներին(օրինակ՝ 1909 թվական)։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը գործածվում էր որպես պահեստ։ 2006 թվականից արդեն բավականաչափ քայքայված կառույցը վերանորոգվում է պոլսահայ բարերար Մկրտիչ Սերթշիմշեքի, Պետրոս Շիրինօղլու, Կ.Պոլսի Բերայի Սբ. Երրորդություն եկեղեցու թաղային խորհրդի նախագահ Աբիգ Հայրապետյանի, Առինջի գյուղապետ Գ. Սարգսյանի, առինջեցի գործարար Գ. Ջանվելյանի և այլոց օժանդակությամբ։ Վերաբացման առիթով օծումը կատարվում է 2007 թվականի հուլիսի 7-ին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակ սրբատաշ տուֆ քարով կառուցված եկեղեցին ունի եռանավ բազիլիկ հորինվածք, արևելքում՝ կիսաշրջանաձև եզրագծով խորանի երկու կողմերում՝ քառանկյուն հատակագծով մեկական ավանդատուն։ Երկթեք ծածկի տակ առնված թաղերը հենված են խաչաձև կտրվածքով երկու զույգ սյուների և թվով ութ որմնասյուների վրա։ Մուտքերը երեքն են՝ բացված արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներից։
Քահանա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առինջում քահանայագործած հոգևորականների մասին հայտնի տվյալները սկիզբ են առնում XII դարից և հասնում մինչև 1931 թվական։
Ահա նրանց ոչ լրիվ ցանկը.
Հոգևորական | տվյալներ |
---|---|
Գրիգոր քահանա | վախճանվել է 1181 թվականին |
Հայր և որդի Բարսեղ և Ստեփանոս քահանաներ | հիշվում են 1219 թվականին |
Ավետիս Տեր-Ավետիսյան | ծնվել է 1781 թվականին, քահանա ձեռնադրվել 1819 թվականին |
Հովակիմ Առաքելյան | քահանայագործել է 1860-1862 թվականներին |
Մարտիրոս Տեր-Աբրահամյան | հիշվում է 1880 թվականին |
Արմենակ Բաղդասարյան Տեր-Մկրտչյան | ծնվել է 1865 թվականին, քահանա ձեռնադրվել 1896 թվականին |
Արսեն Տեր-Խաչատրյան | հիշվում է 1931 թվականին |
Դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանական վավերագրերում դպրոցի գործունեության մասին առկա տվյալները սկիզբ են առնում 1873 թվականից։
1873/74 ուստարում դպրոցը բաղկացած էր 1 դասարանից, ուներ 1 ուսուցիչ և 20 աշակերտ[10]։
1874/75 ուստարում չէր գործում[11]։
Կրթօջախի գործունեության մասին հաջորդ տեղեկությունները վերաբերում են այն շրջանին, երբ տասը տարի անց 1905 թվականին կառավարությունը վերջապես հայերին արտոնում է սեփական միջոցների հաշվին ազգային դպրոցներ ունենալ։ Օգտվելով այս հնարավորությունից առինջեցիները վերաբացում են երկար ժամանակ փակ մնացած ազգային դպրոցի դռները։
1908/09 ուստարում արդեն երկսեռ հաստատությունն առաջ է ընթանում 2 ուսուցչով և 78 աշակերտով(73 տղա, 5 աղջիկ)։
1914/15 ուստարում երկու սենյակից բաղկացած սեփական շենքով եկեղեցական-ծխական երկսեռ երկամյա դպրոցը գործում էր հոգաբարձուներ Կարապետ Հարությունյանի, Նիկողոս Բարսեղյանի և Սահակ Թադևոսյանի հոգածությամբ և ուներ մեկ ուսուցիչ (Զարուհի Գևորգյան Հովհաննիսյանց), 59 աշակերտ (49 տղա, 10 աղջիկ)։
1915/16 ուստարում նույն ուսուցչուհու դասավանդմամբ ուներ 50 աշակերտ (40 տղա և 10 աղջիկ)։ Ուսումնական տարին սկսվել է նոյեմբերի 15-ից։ Տարվա ընթացքում դպրոցի գործունեությանը նյութապես սատարել է Երևանի թեմի դպրոցական հիմնադրամը։
1916/17 ուստարում հոգաբարձուներ Ներսես Գրիգորյանի, Էյվազ Սարգիսյանի և Մեսրոպ Սահակյանի օժանդակությամբ գործում էր մեկ ուսուցչով (Ծերուն Տեր-Մկրտչյան) և 48 աշակերտով (37 տղա, 11 աղջիկ)։ Ուսումնական տարին սկսվել է 1917 թվականի հունվարի 8-ից։ Գրադարանում գրքերի քանակը հասել է 428 կտորի։
1918 թվականին դպրոցն ուներ 2 ուսուցիչ և 82 աշակերտ[12]։
Կարմրավոր մատուռ և գերեզմանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է հին գյուղի սահմանագծում ծովի մակերևույթից 1324 մ բարձրության վրա։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատուռն ունի XIII դարում լայն տարածում գտած միանավ թաղածածկ փոքր չափերի բազիլիկ հորինվածք՝ արևելքում կիսաշրջան եզրագծով խորանով, արևմտյան ճակատից բացված միակ մուտքով և հակադիր ճակատներից դեպի ներս լայնացող զույգ լուսամուտներով։ Արդեն 1970-ական թվականներին բավականաչափ քայքայված մատուռը 2014 թվականին ենթարկվում է ամբողջական վերականգնման[Ն 2]: 2014 թվականին Կարմրավոր մատուռի տարածքում իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններ։ Հեռացվում է դարերի ընթացքում կուտակված ավելորդ հողը, թափուր պատվանդանների մեջ են կանգնեցվում մի քանի խաչքարեր։
Գերեզմանոցի մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է գյուղի հարավային կողմում տարածված գերեզմանոցի հին մասի հարավ-արևելյան կողմում, ծովի մակերևույթից 1307 մ բարձրության վրա։ Մատուռը գրեթե կրկնում է Կարմրավորի հորինվածքը, սակայն չափերով փոքր-ինչ ավելի մեծ է։ Դեռևս 1980-ական թվականների կեսերին ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր պատմական հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակի վերականգնող ճարտարապետները կազմել էին կործանված, սակայն զանգվածեղ բեկորները տեղում պահպանված մատուռի վերականգնման էսքիզային նախագիծը։ Կատարվել էին նաև հուշարձանի հողային- մաքրման աշխատանքներ։ Ցավոք, 1990-ականներին ստեղծված տնտեսական պայմանները թույլ չէին տվել ժամանակին ձեռնարկել մատուռի վերականգնման գործը, իսկ անցնող տարիների բարձիթողի վիճակի հետևանքով հուշարձանն այն աստիճան է շրջափակվել նորագույն թաղումներով, որ ներկայումս մատուռի վերականգնումը մեծապես բարդացել է նաև աշխատանքների իրագործման համար տեխնիկա մոտեցնելու անհնարինության պատճառով։
Գերեզմանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է գյուղի հարավային կողմում և զբաղեցնում է բավական ընդարձակ մակերես։ Պարունակում է շուրջ հարյուր կանգուն, մի քանի անգամ ավելի շատ տեղահան խաչքարեր և մեծաթիվ տապանաքարեր։ Սակայն Առինջ գյուղի գերեզմանոցը չի արժանացել մասնագետների ուշադրությանը[Ն 3]:
Առնջուց բերդավանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է գյուղի հյուսիսային եզրի բլրին՝ ծովի մակերևույթից 1345 մ բարձրության վրա։ Ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ։ Միակ մուտքը բացված է արևելյան ճակատից։ Ներսում՝ արևելյան և հյուսիսային պարսպապատերին կից, կան բնակելի և տնտեսական նշանակության մեծ ու փոքր մի քանի սենյակներ։ Պարսպափակ մակերեսի գրեթե կենտրոնում հիմնված է թերևս ավելի հին սրբատեղիի հիմքերի վրա հիմնովին վերակառուցված Առնջուց Սբ. Աստվածածին վանքը, որով և հուշարձանախումբը ներկայանում է որպես պարսպապատ վանք։ Սակայն հաշվի առնելով մինչև 2 մ բարձրությամբ պարիսպների հիմնային հատվածների կառուցողական առանձնահատկություններըէ բերդակը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից, ըստ որի՝ ոչ թե կառուցվել է իբրև վանքի շրջապարիսպ, այլ որպես ապահով ու ամրացված պատրաստի վայր՝ հիմնել են վանքն արդեն իսկ գոյություն ունեցող բերդակի ներսում.«Առինջի բերդը հին է, պարսպի ներքևի սև քարերի խոշորությունից դատելով, հավանօրեն, Ուրարտական վերջին շրջանների գործ, բայց վերևի քարերը հետո են շարված»[15] Վիմագրական և մատենագրական վկայությունները փաստում են, որ պատմության ընթացքում Առնջոց վանքի համար առավել արգասաբեր է եղել XV դարը։ Հենց այս դարաշրջանին է վերաբերում վանքում ստեղծված ձեռագրերից մի քանիսը, որոնցից 1476 թվականին Մաշտոցի հիշատակարանում նշվել է.«Նկարեցաւ... ձեռամբ Ստեփանոս եպիսկոպոսի Յառնջեցո, ի վանքս Յառնջուց ի դուռս սուրբ Աստուածածնիս...»[16]: Ստեփանոս եպիսկոպոսի գործունեության առնչությամբ Առնջուց վանքը հիշվում է նաև 1499 թվականին[17]։ Այս շրջանում իրականացվել է բերդավանքի շրջապարսպի վերակառուցման, պարսպամիջի վանքի հիմնովին վերակառուցման աշխատանքները։ Շինարարական գործընթացը լուսաբանող պահպանված վիմագրերը ստեղծվել են 1488-1501 թվականների միջակայքում։ Վանքը փլուզվել է 1679 թվականին երկրաշարժից և մինչև 2000 թվական այլևս չի վերականգնվել։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնջուց վանքի կենտրոնական կառույցը հիշատակարաններում բազմիցս վկայված Սբ. Աստվածածին եկեղեցին է։ Սա հորինվածքով թաղածածկ պարզ բազիլիկ է, սակայն աչքի է ընկնում կիսաբոլորակ խորանը նաև արտաքուստ նույն կերպ շեշտված սակավադեպ լուծումով։ Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Նույն կողմից մեկական մուտք ունեն նաև եկեղեցուն հարավից և հյուսիսից կցված ավանդատները։ Վերականգնված եկեղեցու որմերում առկա են մի քանի խաչքարեր, իսկ արևելյան ճակատին՝ արծվի տեսքով Հովհաննես ավետարանչի՝ երկատված և մասամբ քայքայված բարձրաքանդակը։
Վանքի վերջին վերաշինությունն իրականացվել է XVII դարի 50-60-ական թվականներին, որի ժամանակ էլ արևմտյան ճակատին ագուցվել են ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների XV դարով թվագրվող և վերջին վերաշինության ժամանակ էլ իրենց նախկին տեղում պահված և մինչ այսօր ամբողջական զույգ խաչքարերը։ Վիմագրերով հատկապես հարուստ են վանքի շրջապարիսպը և առանձնապես վերջինիս արևելյան որմն ամբողջ երկարությամբ՝ արտաքուստ և ներքուստ։
Առնջուց վանքում ուշագրավ պատկերաքանդակի շնորհիվ առանձնահատուկ նշանակություն ունի շրջապարսպի միակ մուտքի բարավորը, որի ներքին ճակատին առկա են մուտքը հսկող միմյանց փաթաթված, բաց երախներով, օձամարմին զույգ վիշապներ։
Ձագավան գյուղատեղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմնի Առինջից մոտ երեք կիլոմետր, իսկ ներկայումս վերջինիս արևելյան արվարձաններին գրեթե կից գտնվում են մատենագիր աղբյուրներում արդեն VII դարից, իսկ ավելի ստույգ ՝ Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսի գահակալության տարիներին (661-667 թվականներ) հիշվող Ձագ ավանի մնացորդները։ 1270 թվականին Ձագ ավանը նշանավոր է դառնում տեղում հրավիրված եկեղեցական ժողովի կապակցությամբ[18]։ XV դարից սկսում է հիշվել ոչ թե գյուղը, այլ նույնանուն վանքը տեղում ստեղծված ձեռագրերի առնչությամբ։ 1425-1426 թվականներին Սիմեոն րաբունապետի գլխավորությամբ իրականացվում են վանքի պարսպապատման աշխատանքներ, կանգնեցվում հինգ մեծաչափ խաչքարեր։ 1441 թվականին Կիրակոս պատրիարքին Ամենայն Հայոց կաթողիկոս օծելիս ներկաների թվում ք եղել «...Սարգիս վարդապետ Ձագավանից...»[19]: 1679 թվականին վանքը վնասվել է երկրաշարժից։ 1691 թվականին նշվել է. «Ձագավանք Գետարգել սուրբ Նշանն. և սուրբ Սարգսի և սուրբ Կիրակոսի աջերքն»[20]։ Երևանի խանության տարածքը նվաճելուց հետո ռուսները Ձագ գյուղին կից հիմնում են զորանոց և կառուցում զանազան շինություններ։ 1839 թվականին Ձագ կամ Ձագավան գյուղն արդեն գոյություն չուներ, քանի որ նրա տարածքն ամբողջապես հատկացվել էր զինվորականությանը։
Ձագավանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձագ գյուղի արևմտյան եզրին է գտնվում Կոտեից գավառի քրիստոնեական պաշտամունքային առավել հայտնի կենտրոններից մեկը՝ Ձագավանքը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը բաղկացած է դեռևս VII դարում հիմնված խաչաձև գմբեթավոր հորինվածքով Սբ. Նշան անվամբ հայտնի եկեղեցուց, ավելի ուշ նրան կցված զույգ մատուռ-ավանդատներից, հազիվ 60 մ հյուսիս-արևելքում գտնվող զանգակատնից, ինչպես նաև միաբանական նշանակության մեկ շարքով միմյանց կից շուրջ մեկուկես տասնյակ խցերից, դարպասով շրջապարսպից, գերեզմանոցից և անհայտ նշանակության այլ շինությունների մնացորդներից։ Վանքը շեն է եղել մինչև 1679 թվականի երկրաշարժը, որից հետո փլուզված շինություններն այլևս չեն վերականգնվել։
Ձագավանքում է հանգչում հայտնի ուսուցչապետ Սիմեոն Րաբունին։ Նրա հիշատակը հավերժացնող գերեզմանական հուշարձանախումբը բաղկացած է վերնամասում երկթեք ավարտով մեկ տապանաքարից և վերջինիս արևելյան եզրին զետեղված պատվանդանին կանգնեցված գեղաքանդակ խաչքարից[21]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նույնանուն գյուղեր պատմական Հայաստանի տարածքում եղել են նաև Մոկս, Մուշ, Շահապոնք, Վայոց ձոր և Քղի գավառներում[3]:․․․
- ↑ Ափսոսանքով պիտի արձանագրենք, որ մատուռն ոչ թե վերականգնվել է այլ վերակառուցվել։ Մասնավորապես անհիմն կերպով որմերը բարձրացվել են երկու շարք քարով, որով հուշարձանն իր համաչափություններով էապես տարբերվում է համանման կառույցներից։ Տանիքի լանջերի թեքությունն էլ, փոխանակ 90°-ի, ավելի սրանկյուն է։ Եթե նախագծի հեղինակը չէր փորձել հին լուսանկարներ գտնել, ապա եզրահանգումները կարող էին հիմնվել հենց Առինջի գերեզմանոցի կամ էլ հարևան հնավայրերում ցարդ կանգուն մատուռների օրինակների վրա[13]․․․
- ↑ Հարևանցի կերպով Առինջի գերեզմանոցին վերաբերող նյութերից շահեկանորեն առանձնանում է միայն Հ. Պետրոսյանի ուսումնասիրությունը, որտեղ գոնե մի շարք խաչքարեր են ներկայացված[14]․․․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Առինջ». Վերցված է 2014 Ապրիլի 17-ին.
- ↑ «Առինջ գյուղի պատմական հուշարձանները գիրք» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Յովսէփեան Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մեջ, Անթիլիաս, 1969, էջ 314(չաշխատող հղում)
- ↑ Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան,1990, էջ 103
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 25» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 10-ին.
- ↑ Զաքարեայ սարկաւագի պատմագրութիւն, հ. երկրորդ, Վաղարշապատ, 1870, էջ 20-21
- ↑ Շահխաթունեանց Յ., Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածին, 1842, էջ 160
- ↑ ՀԱԴ, ֆ. 47, ց. 1, գ. 218, թ. 8
- ↑ ՀԱԴ, ֆ. 56, ց. 15, գ. 37, թ. 13
- ↑ ՀԱԴ, ֆ. 56, ց. 15, գ. 37, թ. 14
- ↑ «Առինջ գյուղի պատմական հուշարձանները գիրք էջ 6-7» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Առինջ գյուղի պատմական հուշարձանները գիրք» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Հ. Պետրոսյան Խաչքար, Երևան, 2008
- ↑ Յովսէփեան Գ., էջ 87
- ↑ Հայերեն ձեռագրերի 15-րդ դարի հիշատակարաններ, մասն Բ, Երևան, 1958, էջ 397
- ↑ ԺԵԳ, էջ 281
- ↑ «Ձագավանից ժողովը». greenstone.flib.sci.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Պատմագրութիւն». digilib.aua.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Զաքարեայ սարկաւագի պատմագրութիւն, Վաղարշապատ, 1870, հ. 2 էջ 104
- ↑ «Առինջ գյուղի պատմական հուշարձանները գիրք» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առինջ (Կոտայքի մարզ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 544)։ |
|