Զովունի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զովունի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Զովունի | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ և Նաիրիի շրջան | |
Վարչական ղեկավար | Արտաշես Ղարիբյան[1] | |
Հիմնադրված է | 1965 թ. | |
Առաջին հիշատակում | 1828 | |
Այլ անվանումներ | Մոլլաղասում, Ծառաշեն | |
Տվյալ կարգավիճակում | 1997 թվականից | |
Մակերես | 13.899 կմ² | |
ԲԾՄ | 1200 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 7359[2] մարդ (2022) | |
Ազգային կազմ | Հայեր, ռուսներ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Զովունեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | (374)224 | |
Փոստային ինդեքս | 2406[3] | |
| ||
Զովունի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, սահմանակից է Երևան քաղաքին։
Հիմնվել է 1965 թվականին, նախկին Ապարանի շրջանի Զովունի գյուղից վերաբնակեցված բնակիչների կողմից[4]։ Նախկին Զովունի գյուղը 1644 թվականին Սահակ գրչի հիշատակարանում հիշվում է Ծառաշեն (Ծառիյաշեն) անունով, գյուղի նախկին անվանումներից է Մոլլաղասում[5], գյուղը կոչվել է նաև Առաքելոց, կապված գյուղում 3 եկեղեցի լինելու փաստի հետ։ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղի բնակչության թիվը կազմել է 5765 մարդ[6], 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառում ունեցող անձանց թիվը 6830 մարդ[7]
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքի հին պատմական անվանումը եղել է Ծառաշեն, ապա Մոլլաղասում։ Գյուղի պատմական տարածքը գտնվում էր Մեծ Հայքի պատմական Նիգ գավառում։ Ըստ հայոց Տրդատ Գ թագավորի քարագիր հունարեն արձանագրության, Նիգ գավառը իր կենտրոնատեղիով նվիրվել է Գնթունիների նախարարական տոհմին։ Ծառաշենի հետ են առնչվում Տաճատ Գնթունու, Դավիթ Գնթունու և Գրիգորի Գնթունու անունները, ովքեր թաղված են պատմական Ծառաշեն գյուղի տարածքում։ Նրանցից Գրիգոր Գնթունին կառուցել է Սուրբ Պողոս-Պետրոս 5-6-րդ դարերի պատմական արժեք ներկայացնող եկեղեցին, որը սակայն ներկայումս կիսաքանդ վիճակում է։ Ծառաշենում է գտնվում նաև քրիստոնեական «Թուխ Մանուկ» տաճար եկեղեցին, որը թվագրվում է 6-րդ դարի։ Այդ տարածքում է գտնվում նաև «Սուրբ Վարդան» կիսաքանդ տաճարը (16-րդ դար)[8]։
Այստեղ է թաղված Վարդան Մամիկոնյանի հետ Ավարայրի ճակատամարտում զոհված Տաճատ Գնթունին։ Ըստ լեգենդի, այստեղ է թաղված Վարդան Մամիկոնյանի մարմնի մի փոքրիկ նշխար՝ մի փունջ մազ և մի մատը, դրա համար էլ հավանաբար մատուռ ուխտատեղին կոչվում է Սուրբ Վարդան։
Զովունի գյուղի բնակչության արմատները գալիս են Պարսկահայքի Հեր և Զարևանդ գավառներից, Խոյի գավառի Սեյդավար և Բելդավար գյուղերից, նաև Ալաշկերտի, Մուշի և Սալմաստի գավառներից, 1829, 1877-78 և 1915-20 թթ.[5]: Սեյդավար և Բելդավար գյուղերի բնակիչների նախնիները ապրել են Արճեշ գավառում, որից հետո են տեղափոխվել են Խոյ։ Պատմաբան Գևորգ Շահխաթունյանը 1833 թ. գրել է «Տունք` 24, եկեղեցի հանուն սրբոյն Պետրոսի և Պողոսի։ Խոյի Մարաղա գյուղից են եկած»։ 1828 թվականին (1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմից հետո) նշված գավառներից մի խումբ հայ ընտանիքներ գաղթել են Արևելյան Հայաստան ու բնակվել են Հայաստանի տարբեր շրջաններում, նրանց թվում նաև 35 տուն ներկայիս զովունեցիների նախնիները, որոնք տեղավորվել են Շենգավիթում, ապա որոշ ժամանակ հետո բարձրացել Արագածի փեշերը։ Որոշ ժամանակ ապրել են նաև Արզնիում` ասորիների հետ, որից հետո վերջնականապես հաստատվել նախկին Ապարանի շրջանի վարչական տարածքում և հիմնվել Մոլլաղասումում` պատմական Ծառաշեն գյուղի տեղում։ 1936 թվականին գյուղը Մոլլաղասումից վերանվանել են Զովունի։ Այդ թվականին գյուղի բնակչությունը կազմել է ընդամենը 203 մարդ։ Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել է հողագործությունն ու անասնապահությունը։
Զովունի գյուղը, որը գտնվում էր Ապարանի շրջանում, Ապարանի ջրամբարի կառուցման ժամանակ՝ 1965-1967 թթ-ին, ամբողջովին վերաբնակեցվեց Երևան քաղաքի Շահումյանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ամո գյուղին կից տարածքում, և ՀԽՍՀ Գերագույն խորհդրի 1972 թ. ապրիլի 4-ի հրամանագրով վերանվանվեց Զովունի[5], իսկ գյուղը մտավ Նաիրիի շրջանի կազմի մեջ։ Վերաբնակեցված ընտանիքների մի փոքր մաս բնակություն է հաստատել Երևանում՝ հիմնականում ներկայիս Աջափնյակ վարչական տարածքում
Վերաբնակեցվելուց առաջ 1959 թվականի տվյալներով Ապարանի Զովունի գյուղը ունեցել է 711 բնակիչ, իսկ նոր Զովունիում 1975 թվականի տվյալներով արդեն 2555 մարդ, ներառյալ այնտեղ բնակվող եզդիական թաղամասի բնակչությունը։
Վերաբնակեցվելուց հետո տարբեր ժամանակահատվածներում (առավելապես Խորհրդային միության տարիներին) գյուղում սկսվեցին կառուցվել բնակարաններ, խանութներ, դպրոց, մանկապարտեզ, բուժ. ամբուլատորիա, մեքենա-տրակտորային հավաքակայան իր արհեստանոցներով, մշակույթի տուն, վարչական շենքեր և այլն։ Փողոցները ասֆալտապատվեցին, մայթեզրերին տնկվեցին դեկորատիվ ծառեր, գյուղը ունեցավ խմելու և ոռոգման ջրի կարգավորված գործող ցանց, գյուղի փողոցներում կար գիշերային լուսավորվածություն։ Զովունի-Եղվարդ ընկած հատվածում հիմնվեցին խաղողի և պտղատու այգիներ։ Կառուցվեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Զովունցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող և գյուղի պատմությանը նվիրված թանգարանը։
Զովունի գյուղի վարչական տարածքում է գտնվում Կարմիր բերդ կոչվող պատմամշակութային հուշարձանը, այն թվագրվում է միջին բրոնզից մինչև վաղ միջնադար, իսկ հայտնաբերված խեցեղենի նմուշները՝ 2-րդ-1-ին հազարամյակներ, տարածքում պահպանվել են 7-րդ դ. բերդի ավերակները[9]։, նրան հարող տարածքով (Հրազդանի կիրճում) հոսում է Հրազդան գետը։ Գյուղի արևելյան եզրին կա մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներին թվագրվող կիկլոպյան ամրոց[10], իսկ ընդհանուր առմամբ գյուղում կա ՀՀ Կառավարության կողմից հաստատված 24 հուշարձան[11]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի տվյալներով Զովունի համայնքն ունի 1397 տնտեսություն՝ 8350 բնակիչ, որոնց թվում նաև ազգությամբ եզդի` 1332 բնակիչ, համայնքում վերջին մի քանի տարիներին բնակություն են հաստատել նաև ռուսներ` մոլոկաններ։ Դպրոցի աշակերտների թիվը՝ 804: Ընտրողների թվաքանակը 2020 թվականի փետրվար ամսվա տվյալներով կազմել է մոտ 5133 մարդ, բնակչության թվաքանակը 2019 թ. հունվար ամսվա դրությամբ՝ 6 251 մարդ։
Զովունի գյուղի բարբառը, ըստ լեզվաբանական տվյալների, Խոյի բարբառն է։
Զովունիի ազգաբնակչության փոփոխությունը (1831-1959)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 203 | 986 | 937 | 949 | 716 |
Զովունի ազգաբնակչության փոփոխությունը (1975-2004)
[խմբագրել | խմբագրել կոդը].[12]
Տարի | 1975 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 2555 | 3154 | 4378 | 4964 | 5186 |
Զովունի ազգաբնակչության փոփոխությունը (2011-2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | 2011 | 2013 | 2014 | 2016 | 2018 | 2019 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 5496 | 5530 | 5641 | 5919 | 6002 | 6251 |
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զովունի գյուղը գտնվում է Երևան քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում (Դավթաշեն վարչական շրջանի սահմանին), մայրաքաղաքից 1 կմ, իսկ մարզկենտրոն Հրազդան քաղաքից, մոտ 55 կմ հեռավորության վրա։ Սահմանակից է նաև Եղվարդ, Քանաքեռավան, Քասախ և Մրգաշեն համայնքներին[14]։
Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -24 -26 °C, երբեմն այն հասնում է մինչև -30 °C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հասնում է 35-40 °C: Ծովի մակերևույթից բարձր է միջին հաշվով 1100 մ, տաք օրերի թիվը տարվա մեջ 200 օր է։ Տեղումները սակավ են՝ տարեկան 250-300 մմ։
Ոռոգման ջուրը ստանում է Արզնի-Շամիրամ ջրանցքով, իսկ խմելու ջուրը ապահովվում է Արզնի-Երևան ջրատարով։
2019 թվականին փոխվել է խմելու ջրի մայր խողովակաշարը[15][16]։
2021 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրով կառուցվում է բնակելի թաղամաս[17][18], ներդումների չափը կազմելու է մոտ 11.9 մլրդ դրամ[19]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը սպասարկել են թիվ 36 երթուղային տաքսին, որը սպասարկման վերջին մի քանի տարիներին դարձել էր ավտոբուսային երթուղի, թիվ 12 ավտոբուսային երթուղին, որը փոխարինել է 31Ա միկրոավտոբուսային երթուղուն[20] և 74 համարի երթուղային տաքսին։ 2020 թ. համավարակի պայմաններում գործում էր միայն 74 համարի երթուղին, ներկայումս այդ երթուղին հանվել է գյուղից, 2021 թվականից համայնքը սպասարկել է 12 ավտոբուսային երթուղին, իսկ 2021 թվականի վերջին նաև թիվ 54 միկրոավտոբուսային երթուղին, 2022 թվականի սեպտեմբերից գյուղը սպասարկում է 75 համարի միկրոավտոբուսային երթուղին։
Ձեռնարկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում 2012 թվականի օգոստոս ամսվա դրությամբ գործել են 21 առևտրի, 2 հանրային սննդի, 3 կենցաղային ծառայության օբյեկտ, 1 դեղատուն, 1 շինարարական նյութերի խանութ, 3 բենզալցակայան, 2 գազալցակայան, 2 խաղատուն և 7 խաղասրահ[21]։
2014 թ. հունվարի 1-ից համայնքի տարածքում գործող խաղատները համաձայն համապատասխան օրենքի դադարել են գործել, ներկայումս համայնքի այդ տարածքում գործում են սգո սրահներ հոգեհանգստի անցկացման համար[22]։
2015 թվականի հուլիսի դրությամբ համայնքի տարածքում գործում են թվով 21 հատ առևտրի, 2 հատ հանրային սննդի և 4 հատ կենցաղային սպասարկման օբյեկտներ, ինչպես նաև 3 հատ գազալցակայաններ։
Համայնքի տարածքում գործում են ևս 17 տարբեր ընկերություններ, որոնցից են.
- «Անի» կաթնամթերքի, պաղպաղակի, զովացուցիչ ըմպելիքներ արտադրող ՍՊԸ[23].
- «Մետաղամանեղեն գործարան» ԲԲԸ.
- «Լիլիթ-87» ասֆալտի գործարան ՍՊԸ.
- «Նաիրիի բերրիություն» գյուղ-տեխնիկական ծառայություններ իրականացնող ՍՊԸ.
- «Նորմա կաթ» կաթնամթերքի վերամշակման ՍՊԸ.
- «Ագրոիմպուլս» համակցված կերեր արտադրող ՍՊԸ.
2007 թ. համայնքի տարածքում շահագործման է հանձնվել 150 հազար խ.մ. տարողությամբ աղաջրապահեստարանը, որը հնարավորություն է տալիս Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի հորերն ազատել կուտակվող աղաջրից՝ արդյունքում ընդլայնելով պահեստավորվող գազի ծավալները[24]։
Հայաստանի «Հայաստանի որսորդների և ձկնորսների միություն» ՍՊԸ-ն 2013 թ. հայտարարել է, որ Զովունի համայնքում գտնվող արտադրամասում հրազեն է արտադրելու[25]։
Զովունեցիների մասնակցությունը պատերազմներին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապարանի հերոսամարտին Ապարանի շրջանի նախկին Զովունի գյուղից մասնակցել են թվով 44 մարդ, որոնցից 5-ը զոհվել են։
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 206 զովունեցիներ, այլ տվյալներով 198, նրանցից միայն 86-ն են վերադարձել, 99 զովունեցիներ զոհվել են։ 19 հոգի ստացել են սպայական և սերժանտական կոչումներ, մի քանի զովունեցիներ ռազմաճակատում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել են Փառքի երկրորդ և երրորդ աստիճանի շքանշաններով։ Զոհվածների հիշատակին համայնքում կառուցվել է հուշարձան համալիր (քանդակագործ Հ. Իսահակյան, ճարտարապետ Հ. Ասլանյան)։
- Արցախյան ազատամարտին ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերից այնպես էլ Զովունիից կամավոր ռազմաճակատ մեկնեցին շատ Զովունեցիներ, 1989 թվականին կազմավորվեց Զովունի կամավորական ջոկատը[26]։ 1998 թ. ջոկատի հրամանատար Խաչատուր Սիմոնյանը պարգևատրվել է արիության մեդալով[27]։ Ջոկատից զոհվեցին 2 հոգի, ընդհանուր Զովունիից զոհվեց 9 ազատամարտիկ, որոնց թվում նաև արմատներով զովունեցի Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը[28][29]։ Համայնքի հուշարձան համալիրում նրանց հիշատակին կանգնեցված են խաչքարեր և հուշաքարեր։ Զոհված զովունեցի Ռուբիկ Բաղդասարյանի անունով է ներկայումս կոչվում Զովունի համայնքի միջնակարգ դպրոցը[30], իսկ դպրոցի բակում տեղադրված է նրա հուշարձանը[31][32]։
- 2020 թ. Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զոհվեցին Զովունիի 9 բնակիչներ, նրանց թվում դերասան մնջախաղաց Հովհաննես Հաջինյանը (զոհվածներից 2-ը արմատներով զովունեցի)
Սպորտ և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա ավագ դպրոց, մանկապարտեզ, մշակութային կենտրոն, երաժշտական դպրոց, բուժական ամբուլատորիա։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակիչ Կորյուն Սողոմոնյանը 2009 թվականին դարձել է 46 կգ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն[33]։ Այդ կապակցությամբ Նիգ-Ապարան կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է շնորհանդես-մեծարման երեկո, որին մասնակցել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը և Սյուզի Կենտիկյանը[34]։ Շնորհանդեսը տեսանկարահանվել է մի շարք հեռուստաընկերությունների կողմից և եթեր հեռարձակվել[35]։ Կորյուն Սողոմոնյանը նաև 2012 թ. եվրոպայի չեմպիոն է[36]։ Կորյուն Սողոմոնյանը մասնակցել է 2021 թ. կայացած օլիմպիադային[37][38]։
Համայնքի բնակիչ Տարոն Սողոմոնյանը 2009 թվականին բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել[39], իսկ 2012 թվականին Երևանում անցկացվող բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում հասել է մինչև 1/4 եզրափակիչ[40]։ 2009 թվականին համայնքի մի քանի երիտասարդներ քիք-բոքսի հանրապետության առաջնության չեմպիոն են ճանաչվել՝ 5 ոսկե մեդալ, 2 արծաթե մեդալ, 1 բրոնզե մեդալ և գավաթային առաջնությունում՝ խմբային գավաթակիր։
Համայնքի մի քանի բնակիչներ տարբեր տարիներին դարձել են կարատեի տարբեր ոճերի Հանրապետության և Եվրոպայի չեմպիոններ (Կարեն Հարությունյան, Արման Հարությունյան, Գրիգոր Բաղդասարյան, Ազիզ Ավդալյան), բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն է Արմեն Եփրեմյանը։
2009 թվականին Զովունի «Լեոն» սպորտային ակումբի թիմը քիք-բոքսինգի գավաթի հանրապետական մրցաշարում թիմային կարգով նվաճել է 1-ին տեղը։
2010 թվականին անցկացված «Բանակ-18» ռազմա-մարզական համահայկական մրցաշարի նախընտրական փուլում զովունեցի մարզիկները գրավել են պատվավոր 3-րդ տեղը։
2017 թվականին ստեղծվել է Զովունի 03 պատանեկան ֆուտբոլային ակումբը, որը մասնակցել է 2017-2018[41] և 2018-2019 թ..[42] Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններին։
2023 թվականին Զովունի գյուղի բնակիչ Դավիթ Սիմոնյանը դարձել է բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն[43]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զովունի համայնքում գործում է Զովունու մշակութային կենտրոնը, որն ակտիվ մասնակցություն ունի հանրապետության մշակութային անցուդարձերում։ Համայնքում առկա է գրադարան 19500 գրքով[44], համայնքում գործում է «Բյուրակն» մանկական ազգագրական համույթ[44], որը մասնակցել է հանրապետական տարբեր մրցույթ-փառատոնների, Վրաստանի, Բուլղարիայի միջազգային մրցույթ-փառատոնների մրցանակակիր է։
Ժողովրդական և աշխարհի պարերի «Զովք» համույթը մասնակցում է հանրապետության տոնական հանդեսներին ու փառատոներին, մասնակցել է նաև Վրաստանի միջազգային փառատոնին։
2011 թվականին Զովունին իր մշակութային կենտրոնի միջոցով ճանաչվել է Հայաստանի լավագույն մշակութային համայնքներից մեկը միջմարզային ARTEXPO փառատոնում։
2010, 2011, 2012 և 2013 թվականներին Հայաստանի Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթին գրավել են առաջին տեղեր, ներկայացնելով գյուղը Խոյի բարբառով, մասնավորապես 2010 թ. Վ. Գալստյանը - 2-րդ տեղ, 2011 թ. Տ. Պետրոսյանը 1-ին տեղ, Գ. Մարտիրոսյանը 2012 թ. մրցույթում 1-ին տեղ[45][46], իսկ Ն. Ղազարյանը 2013 թ. մրցույթում նույնպես 1-ին տեղ[47][48][49]։ 2013 թ. մրցույթում Զովունի գյուղի եզդիական համայնքից եզդիերեն լեզվով հեքիաթ է պատմել նաև 10 տարեկան Ասլան Մհոյանը[50]։
2013 թ. դեկտեմբերի 3-ին համայնքի մշակութային կենտրոնում անցկացվել է հայկական բանահյուսությանը, բարբառներին և ժողովրդական արհեստագործության զարգացմանը նվիրված փառատոն, միջոցառման շրջանակներում բացվել էր նաև զովունեցի, ժողովրդական վարպետ, դարբին, արվեստների և փառատոների միջազգային կազմակերպության անդամ Ա. Հայրապետյանի երրորդ անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը, ով 2013 թվականին «Համահայկական էքսպո» ցուցահանդեսում գրավել էր առաջին պատվավոր տեղը, իսկ ԱՊՀ երկրների ցուցահանդեսում լինելով միակ հայ մասնակիցը ստացել է մրցանակ[51]։
2015 թվականի ապրիլին Զովունիից Քանաքեռավան տանող ճանապարհի մոտակայքում բացվել և օծվել է սբ. Հարություն մատուռը[52], այդ տարածքը չնայած անմիջական գյուղում չի, սակայն համարվում է Զովունի գյուղի վարչական տարածք։
Նշանավոր զովունեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնունդով զովունեցի է «Արարատ 73-ի» ֆուտբոլիստ Նորիկ Մեսրոպյանը, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը։
Ծնունդով զովունեցի կամ Զովունիում բնակվող պետական և մշակութային տարբեր ոլորտի անձանցից են՝
- Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի նախկին դատավոր - Դավիթ Ավետիսյան[53] (1951-2020)
- օպերային դասական երգիչ - Բարսեղ Թումանյան[54]
- «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, հեռուստահաղորդավար - Արամ Աբրահամյան[55]
- հաղորդավար, մեկնաբան, լրագրող - Արտյոմ Երկանյան
- Հայաստանի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ - Ռոմա Մկրտումյան
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի պետ - Գագիկ Ավետիսյան
- Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր - Դավիթ Բալայան
- Հայաստանի Հանրապետության դատախազության նախկին դատախազ - Հայկ Պետրոսյան
- ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ - Արսեն Մարտիրոսյան[56]
- ՀՀ վարչապետի նախկին խորհրդական - Գևորգ Մալխասյան
- ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար (2010-մահացել է 2015 թթ.) - Մհեր Ղազարյան[57]
- ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ - Վահրամ Ավետիսյան[58][59]
- Հայաստանի պետական ագրարային համալսարանի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ - Արամ Հովհաննիսյան[59][60]
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր - Ջանիբեկ Հայրապետյան[61]
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր - Աղասի Սիմոնյան[62]
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ - Սամվել Սողոմոնյան[63]
- բռնցքամարտիկ, 2020 թ. Ամառային օլիմպիական խաղերի մասնակից - Կորյուն Սողոմոնյան
- Եզդիների համաշխարհային խորհրդի նախկին նախագահ - Ազիզ Թամոյան (1933 - 2021)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
տեսարան Զովունի գյուղից
-
Զովունի գյուղի հուշարձան համալիրը
-
Զովունի գյուղի հուշարձան համալիրը առջևից
-
զոհված ազատամարտիկների շիրիմների խաչքարեր հուշարձան համալիրում
-
զոհված ազատամարտիկների շիրիմներ
-
ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հուշաքարը Զովունի գյուղում
-
խաչքար համայնքի դպրոցի մոտ
-
Զովունու «Թուխ Մանուկ» մատուռը
-
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին
-
Զովունու նախկին սովխոզի նախագահ Մանուկ Սիմոնյանի հիշատակին կանգնեցված խաչքար
-
Խաչքար «Թուխ Մանուկ» մատուռի մոտ
-
տեսարան Զովունի գյուղից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ http://www.armstat.am/file/article/marz_12_41.pdf
- ↑ http://www.haypost.am/hy/our-network/region/6
- ↑ Պետրոսյանց Վիկտոր (Թիվ 6, 1979 թ.). «Զովունի». Սովետական Հայաստան: Էջեր 16, 17.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Ներածություն, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1988, էջ 316 — 4814 էջ։
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- ↑ https://www.armstat.am/file/Map/MARZ_07.pdf
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, Զովունի» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 78» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
- ↑ https://www.armstat.am/
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում ծանոթանում է տարբեր ծրագրերի կատարման ընթացքին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=MEBO3XI7qYg
- ↑ https://ar-go.am/%D5%A6%D5%B8%D5%BE%D5%A5%D6%80-%D5%A9%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD-%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A9%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6/(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Մարտ 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 14 և հ. 31«Ա» երթուղիների աշխատանքը
- ↑ Զովունի գյուղական համայնքի ղեկավարի 2012 թ. հաշվետու ժողովի արձանագրություն
- ↑ https://www.aravot.am/2015/01/23/534792/
- ↑ ««Անի» ընկերություն Սփյուռ տեղեկատվական համակարգում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ 150 ՀԱԶԱՐ Խ.Մ ՏԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՂԱՋՐԱՊԱՀԵՍՏԱՐԱՆԸ». Studio One. ArmRusgasprom CJSC 2014. 27-06-2007. Վերցված է 21-08-2014-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի «Որսորդմիություն»-ը զենք կարտադրի». ԷկոԼուր. 2013 թ․ մայիսի 23. Վերցված է 17 սեպտեմբեր, 2014-ին.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, էջ 201
- ↑ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=6863
- ↑ http://www.mil.am/files/Jivan-Abrahamyan-huysn-u-herosy.pdf
- ↑ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ http://www.hayzinvor.am/6528.html
- ↑ http://www.hayzinvor.am/15154.html
- ↑ http://www.panarmenian.net/arm/news/32256/
- ↑ «<Նիգ-Ապարան> Հայրենակցական միության գործունեության վերաբերյալ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=x8jfgZXoJxE&feature=youtube_gdata
- ↑ Կորյուն Սողոմոնյան. Ոսկե մեդալը և չեմպիոնի տիտղոսը նվաճելն ինձ համար ամեն ինչ է այս կյանքում
- ↑ https://www.aravot.am/2021/07/26/1206378/
- ↑ https://armsport.am/295772/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Աշխարհի առաջնություն. Տարոն Սողոմոնյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ
- ↑ http://www.ffa.am/hy/2017-2018/group/353
- ↑ http://www.ffa.am/hy/2018-2019/group/365
- ↑ https://sport.news.am/arm/news/140229/davit-simonyany-eritasardneri-evropayi-chempion-foto-video.html
- ↑ 44,0 44,1 Կոտայքի մարզպետարան (24.02.2014). «Կոտայքի մարզի մշակույթի և սպորտի կազմակերպություններ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 24.02.2014-ին.
- ↑ Ամփոփվել է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 4-րդ մրցույթ-փառատոնը
- ↑ https://www.youtube.com/watch?v=f1JoB8kYwvs
- ↑ https://www.youtube.com/watch?v=D-dLP8e0r-4
- ↑ http://tube.7s-b.com/TheMuseum1953
- ↑ https://www.youtube.com/watch?v=D-dLP8e0r-4&index=2&list=UUmU7YkrVBXO--v2owpJHrfg
- ↑ https://www.youtube.com/watch?v=lXP9qytUjf4
- ↑ Հասմիկ Գևորգյան (03.12.2013). «Զովունու փառատոնը նվիրված էր ժողովրդական արհեստագործության զարգացմանը». Վերցված է 24.02.2014-ին.
- ↑ Զովունի գյուղի Ս. Հարություն մատուռի օծումը
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ http://www.irates.am/en/ZRU0Md0HPAfseH0KuI9xxMpaUA
- ↑ https://www.aravot.am/2013/10/23/398788/
- ↑ http://www.prosecutor.am/am/%D4%B1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/
- ↑ http://www.edu.am/index.php?id=689&topMenu=-1&menu1=217&menu2=225&arch=0
- ↑ «Վահրամ Դավիթի Ավետիսյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 59,0 59,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ https://anau.am/aram-hovhannisyan/
- ↑ ՀՀ ԿԸՀ Արձանագրություն №1 Ազգային Ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին
- ↑ ՀՀ Ազգային ժողովի կայքում
- ↑ http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20091229_10&flag=am
Աղբյուրներ և գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարչո Աբրահամյան, «Զովունի» գիրք (Երևան 1999, «Հրազդան-1» տպարան)
- Մանուկ Սիմոնյան, «Զովունի. Անցած գնացած հուշերից» գիրք (Երևան 1999, «Տիգրան Մեծ» տպարան)
- Զովունիի գյուղապետարանի տվյալներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զովունիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)
- Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)
- Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբ
- Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան (Զովունի)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆեյսբուքում Զովունի վարչական շրջան
- Զովունին Google-ի քարտեզի վրա
- «Կարոտ» ծրագրի տեսահոլովակ Զովունի գյուղի մասին Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Ապարանի տարածաշրջանի նախկին Զովունի գյուղի մասին տեսանյութ youtube-ում
- ԶՈՎՈԻՆԻԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Արցախյան 2-րդ պատերազմում զոհված զովունեցիների հիշատակի պուրակ
- Զովունիի արձանագրությունները
- ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ
- Հայն ու Հայաստանը. Զովունի - Հանրային հեռուստաընկերություն
- ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ Արխիվացված 2020-01-10 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զովունի կատեգորիայում։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |