Շահումյանի շրջան (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շահումյանի շրջանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյանի շրջան (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Շահումյանի շրջան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակԱրցախի Հանրապետության շրջան
Ներառում է52 համայնք (80 բնակավայր)[1]
ՎարչկենտրոնՔարվաճառ,
նախկինում՝ Շահումյան
Ամենաբարձր կետ3724․6 մ (Գոմշասար)
Շրջանի վարչակազմի ղեկավարՍերգեյ Արամի Չիլինգարյան[2]
(25․03․2021 թ․-ից)
Հիմնական լեզուՀայերեն[3]
Բնակչություն (2016)3779[2]
Տարածք2527,82[4]
Shahoumyan.jpg
Հիմնադրված է1991 թվական թ.
Պատմական շրջան(ներ)Ուտիք և Արցախ նահանգներ,
Արցախի թագավորություն,
Խաչենի իշխանություն,
Գյուլիստանի մելիքություն
Ժամային գոտիUTC+4
gov.nkr.am/hy/regions/details/53/

Շահումյանի շրջան, Արցախի Հանրապետության վարչատարածքային ամենաբարձր միավոր, որն ընդգրկում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան մասը։ Շրջանի վարչական կենտրոնը Քարվաճառ քաղաքն է[1][5][2]։

Շրջանի հյուսիս-արևելյան մասը, որը համընկնում է նախկին Խորհրդային Միության կազմում գտնվող Խորհրդային Ադրբեջանի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի տարածքին, 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո (այդ թվում՝ Օղակ գործողության հետևանքով)[1]։ Շրջանի հարավ-արևմտյան (քարվաճառյան) հատվածը Ադրբեջանի զինված ուժերին է հանձնվել 2020 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով[6][7]։

Շրջանի միակ բնակավայրը, որը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո, Չարեքտար գյուղն է[8][9][10][11]։

Շահումյանի շրջանն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային բազմաթիվ և բազմատեսակ հուշարձաններով[5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչատարածքային տեսակետից Շահումյանի շրջանը հարավ-արևմուտքից շուրջ 33 կմ երկարությամբ սահմանակից է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանին, հարավ-արևելքից շուրջ 62 կմ երկարությամբ սահմանակից է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանին, հյուսիս-արևմուտքից շուրջ 92 կմ երկարությամբ սահմանակից է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերին, հյուսիսից շուրջ 106 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլի շրջանինի շրջանին[1]։

Լեռնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահումյանի շրջանի գրեթե ամբողջ տարածքը լեռնային է և կազմում է Հայկական լեռնաշխարհի մաս։ Շրջանի բարձրագույն կետը Գոմշասար լեռն է, որը հանդիսանում է նաև Արցախի Հանրապետության բարձրագույն կետը և ունի 3724․6 մ բարձրություն[5][12]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը, բաժանված լինելով երկու մասի՝ քարվաճառյան հատված և բուն Շահումյանի շրջանի, պատմաաշխարհագրաքաղաքական տեսակետից նպատակահարմար է բաժանել երկու մասի՝ Քարվաճառի շրջանի պատմություն և Շահումյանի շրջանի պատմություն[5]։

Շահումյանի հատվածի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահումյանի շրջանի հյուսիս-արևելյան հատվածն ունի հնագույն և հարուստ պատմություն։ Այն բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից, ինչի մասին են վկայում տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները։ Մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում շրջանի տարածքն ընդգրկված է եղել Վանի թագավորության կազմում[13][14]։ Մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերու՝ Մեծ Հայքի ժամանակաշրջանում այն ներառված է եղել Ուտիք նահանգի Ուտի Առանձնակ և Արցախ նահանգի Մեծ Կուանք գավառների տարածքներում[5][15][13][14]։

Միջնադարում շրջանի տարածքը կամ դրա մի մասը՝ առավելապես Պարտավ քաղաքի շրջակայքը, հայտնի է եղել Հերգ անունով։ Այդ մասին են առաջին հայտնի գրավոր հիշատակությունը հանդիպում է Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոց» աշխատությունում 1200-ական թվականներին[5][16]։ Այդ անունով է կոչվել առնվազն մինչև 1400-ական թվականները[5][17]։

Հետագա դարերում մինչև 20-րդ դարի վերջերը շրջանի ներկայիս տարածքը բնակեցված է եղել հայերով՝ չնայած մերթ ընդ մերթ նվաճվել է օտարազգիների կողմից[5]։

1140-ական թվականներին Հերգա բերդը շրջակա տարածքով հանդերձ գտնվում էր Արաբական խալիֆայության ենթակա Գանձակի ամիրայության ամիրաների տիրապետության ներքո։ Իրենց նվաճած տիրույթները պաշտպանելու համար նրանք երբեմն պատերազմում էին տարածաշրջան թափանցած թուրքմեն ցեղապետերի դեմ, որից մեծապես տուժում էր հայ բնակչությունը։ Որոշ ժամանակ տևած պատերազմներից հետո Ռովադ ամիրան իր քրոջը կնության է տալիս թուրքմեն Ազադին, որից հետո դադարում են պատերազմել։ Որոշ ժամանակ անց Գանձակի ամիրաների և թուրքմեն ցեղապետերի միջև նոր պատերազմ է բռնկվում[18][5]։

1000-ից 1261 թվականներին շրջանի տարածքն ընդգրկված է եղել Արցախի թագավորության մեջ և պարբերաբար ենթարկվել օտար նվաճողների հարձակումների[13][14]։

1211 թվականին կարճ ժամանակով Զաքարյան իշխանական տոհմի իշխաններն ազատագրում են Հերք (Հերգ) ամրոցն ու համանուն գավառը[5][19]։ Ըստ որոշ աղբյուրների՝ 1227-1228 թվականներին գավառի տարածքը անցնում է Գանձակ քաղաքում նստող Ջալալ ադ-Դինի կողմից նշանակված կառավարիչի տիրապետությանը[5][20]։ Կարճ ժամանակ անց գավառին կրկին տիրում են հայ իշխանները՝ Վարհամշահ և Իվանե ամիրաները, ովքեր ամենայն հավանականությամբ եղել են Վահրամյան իշխանական տան կամ Խաչենի իշխանական տան ներկայացուցիչներ։ Այդ մասին առաջին հայտնի հիշատակությունը թվագրվում է 1252 թվականով[5][21]։

1261-ից 1603 թվականներին տարածքը եղել է Խաչենի իշխանության մաս, որը, սակայն, տարբեր դարերում պարբերաբար ենթարկվել է օտար նվաճողների հարձակումների[13][14]։

13-ից 16-րդ դարերում Հայաստանի տարածքի մեծ մասի պես Հերգը ենթարկվել է տարբեր օտար նվաճողների, այդ թվում՝ մոնղոլական, թյուրքական, թյուրքմենական և իրանական հարձակման։ Օտար նվաճողները պայքարում էին բնիկ հայերի դեմ, երբեմն էլ միմյանց դեմ։ Այս հարձակումների հետևանքով շրջանի բազմաթիվ բնակավայրեր ամայացել էին, ավերվել բազմաթիվ վանքեր և եկեղեցիներ, սոցիալ-տնտեսական կյանքն էական անկում էր արձանագրել։ Չնայած անկումային ժամանակաշրջանի՝ տեղաբնիկ հայ բնակչությունը կարողանում է պահպանել և զարգացնել սեփական գիրն ու գրականությունը, մշակույթը։ 14-րդ դարում հիշատակվում են Պարիս և Գյուլիստան գյուղերը որպես կարևոր կրթօջախներ[5]։

16-րդ դարում շրջանը հայտնվում է այդ ժամանակ երկու մեծ տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև միմյանց դեմ պատերազմների թատերաբեմում։ Հին հայկական իշխանական տներից սերող հայ կառավարիչները թուրքերի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, նախընտրում են դաշնակցել պարսիկների հետ։ Դրա արդյունքում պարսկական տերությունը շահական հրովարտակներով վերահաստատում է հայ մելիքների (իշխանների) իրավունքները իրենց շրջաններում։ Այդպիսով, 17-րդ դարի սկզբում ի հայտ են գալիս հայկական կիսանկախ իշխանություններ (մելիքություններ)։ Այդ իշխանություններից առավել ազդեցիկ հինգը միավորվում են և կազմում Արցախի մելիքությունները[5]։ Արցախի մելիքության մեջ էին միավորվել Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի և Գյուլիստանի մելիքությունները, որոնց տիրույթները տարածվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքս գետի ափերը, այսինքն՝ ընդգրկում էր նախկին Խաչենի իշխանության տարածքը՝ առանց Ծար և Սոթք գավառների[22][23][24]։

Գյուլիստանի մելիքությունը, որի տարածքում է եղել ներկայիս շրջանը, տարածվում էր Գանձակի սահմաններից մինչև Թարթառ գետը[5][23][23][25]։ Գյուլիստանի մելիքությունը հիմնադրել է հայկական իշխանական Մելիք-Բեգլարյաններ տոհմի ներկայացուցիչ Սև Աբովը[5]։ Մելիքության կենտրոն է դառնում Գյուլիստան գյուղը Գյուլիստանի բերդով և Թալիշ գյուղը[5][24]։ Մելիքության տիտղոսը փոխանցվում էր ժառանգաբար[5][25]։

Գյուլիստանի հայկական մելիքության հիմնադրումով վերստին սկսվում է շրջանի բնակչության լուսավորչական, ստեղծագործական և շինարարական վերելքը։ Այդ մասին են նաև վկայում տվյալ ժամանակաշրջանով թվագրվող նյութական մշակույթի մեծ թվով հուշարձանների առկայությունը[5]։

1710-ական թվականներից առավել հաճախակի են դառնում շրջան ներխուժող լեզգիների ու վրացիների թալանչիական արշավանքները։ Այդպիսի դեպքերից մեկը տեղի է ունեցել 1722 թվականին, երբ Գյուլիստան հասած վրացական զորքերը սկսում են կողոպտել հայկական բնակավայրերը[5][26]։

1724 թվականին շրջանում դժվարին իրադրությունը ավելի է սրվում, երբ Օսմանյան կայսրության բանակը ներխուժում է տարածաշրջան։ Օսմանական զորքերի ներխուժմամբ սկսվում է հայ մելիքների տևական և կենաց մահու պայքարը տարածաշրջան ներխուժած օսմանական բանակի ու թյուրքական ցեղերի դեմ և սկսվեց հայ ազգային-ազատագրական պայքար[5]։ Այդ ժամանակաշրջանում ձևավորվեցին Արցախի սղնախները, որոնք իրենցից ներկայացնում էին ամրացված զորակայաններ։ 1729-1731 թվականներին թուրքերի դեմ պայքարում հայկական մելիքների գլխավոր հենակետերից մեկն էր դարձել Գյուլիստանի սղնախը, որի առաջնորդն էր Աբրահամ սպարապետը[5][27]։

1740-ական թվականներին Պարսկաստանում քաղաքական իրավիճակը լարվում է, ինչը էլ ավելի է բարդացնում հայկական մելիքությունների առանց այդ էլ բարդ կացությունը։ Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ տեղի մահմեդականությունը ազդարարում են մի շարք խանությունների ծնունդը։ Դրանք իրենցից ներկայացնում էին կիսանկախ իշխանություններ։ Այդպիսի խանություններից էր Գանձակի խանությունը, Ղարաբաղի խանությունը (ստեղծված 1748 թվականին) և այլն։ Ղարաբաղի խանության ձևավորումը մեծ դժգոհություն էր առաջացրել հայ մելիքների մոտ, քանի որ, ըստ էության, այն հռչակվել էր հայկական մելիքությունների տարածքի վրա։ Շուշիում հաստատված Փանահ Ալի-խանը, ով Վարանդայի իշխան Մելիք-Շահնազար Բ-ի դավաճանության հետևանքով տիրացել էր բնակավայրին, 1754 թվականին հարձակվում է մելիքանիստ Գյուլիստանի վրա։ Օգոստոսի 26-ին տեղի ունեցած ճակատամարտում հայերի շուրջ 1500 զինված գունդը Մելիք Ուսուփի և մելիք Աթամի ղեկավարությամբ հետ են շպրտում Փանահ Ալի խանի հարձակումը՝ վերջինին պատճառելով 300 սպանված[5][28]։

Քարվաճառյան հատվածի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Քարվաճառի շրջանի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում Քարվաճառի շրջանի տարածքն ընդգրկված է եղել Վանի թագավորության կազմում։ Մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում՝ Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանում, Քարվաճառը եղել Արցախ նահանգի Վայկունիք գավառի տարածք։ Շրջանը եղել է քրիստոնեության տարածման առաջին կենտրոններից մեկը և պատահական չէ, որ այդտեղ է գտնվում Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկի՝ 1-ին դարում քարոզչական գործունեություն իրականացրած Դադիի գերեզմանը, որի վրա կառուցվել է Դադիվանքը։ 5-ից 7-րդ դարերում եղել է Պարսկաստանից կախում ունեցող Հայկական մարզպանության կազմում[29][30][5]։

9-րդ դարի սկզբներից գավառին տիրող հայ իշխանական և թագավորական Առանշահիկներ տոհմը սկսել է հզորանալ։ Առանշահիկների ներկայացուցիչները ակտիվ կերպով մասնակցել են հակաարաբական պայքարին՝ միաժամանակ նորոգելով ու կառուցելով իրենց տիրույթներում գտնվող պաշտպանական ամրություններ, բերդեր[5]։ Մինչև Հայաստանում մոնղոլների տիրապետության շրջանը Վայկունիք-Ծարի իշխանության ներկայացուցիչները խնամիական կապերով բարեկամացած էին Զաքարյան զորապետերի հետ և վայելում էին վերջիններիս հովանավորությունը։ Մասնավորապես՝ Զաքարե և Իվանե իշխանների քույրը՝ Դոփը, ամուսնացել էր Առանշահիկների տոհմի տեղական իշխան Հասանի հետ[5][31]։ 12-ից 13-րդ դարերում Ծարի կամ ինչպես երբեմն ասում են՝ Վերին Խաչենի իշխանության սահմանները (Խաչենի իշխանական տուն) զգալի ընդարձակվել էին, ինչը, ըստ պնդումների, պայմանավորված էր Իվանե Զաքարյանից որպես օժիտ իշխանուհի Դոփի ստացած կալվածներով։ Այդպիսով, Ծարի կամ Վերին Խաչենի տիրույթները հյուսիս-արևմուտքում ձգվում էին Սևանա լճի հարավային ափի ողջ երկարությամբ՝ ներկայիս Գեղարքունիքի մարզի Սոդքից մինչև Շողվագա (Ձորագյուղ) բնակավայրերի հատվածը, իսկ արևելքում՝ հասնում մինչև ներկայիս Մարտակերտի շրջանի Ականաբերդ բնակավայրը, հյուսիսում՝ Հանդաբերդի հատվածը, հարավում՝ Բերձոր, Հին Շեն, Եղցահող բնակավայրերի հատվածը։ Այդ մասին է վկայում Խաչակապ գյուղի Թարգմանչաց վանքում 1312 թվականին գրված ավետարանի հիշատակարանում։ Այս սահմանների մեջ Առանշահիկների ենթաճյուղ Դոփյան իշխանությունը մնաց մինչև 14-րդ դարի սկզբները։ Դոփյանների իշխանական տունը մեծ կորուստներ կրեց Լենկթեմուրի արշավանքի ժամանակ՝ 1387 թվականին։ Շրջանի բնակչության շրջանում տեղի ունեցան կոտորածներ։ Զոհվեցին նաև իշխան Հասանն ու կինը՝ Խոնձան, նրանց որդիներ Գրիգորը, Սարգսը, Ջհանշեյը, Շանշեն, Շրվանն ու Աղբուղան։ Այնուամենայնիվ, Դոփյանների իշխանությանը հաջողվեց անկախությունը կամ կիսանկախությունը պահպանել մինչև 18-րդ դարի սկզբները։ Այդ ընթացքում Արևելյան Հայաստանի որոշ գավառներ արդեն ներթափանցել էր թյուրքական տարրը, որը սակայն չէր կարողացել մտնել Ծարի գավառի սահմաններից ներս։ Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով այլ գավառներից տեղահան արված հայ բնակչությունը պատսպարվում էր Ծար գավառում, քանի որ այն դարձել էր լավ պաշտպանված շրջան[32][33][34][35][36][37][38][5]։

16-րդ դարի վերջերից ամբողջ Արևելյան Հայաստանը, այդ թվում՝ Քարվաճառի շրջանը, որը կոչվում էր Ծար գավառ, գտնվում էր Սեֆյան Պարսկաստանի տիրապետության ներքո։ 1603 թվականին Դոփյան Հասանի որդի Ջհանշեի սերունդները պարսից շահ Աբբաս I Սեֆիից ստացել են գավառի վրա օրինական մելիքության վավերացումը։ Չնայած 17-րդ դարի վերջին Ծարի մելիքությունը լուծարվեց և բաժանվեց հարևան Սոթքի և Ջրաբերդի մելիքությունների մեջ, այնուամենայնիվ այն կարողացավ պահպանել իր գոյությունը մինչև 18-րդ դարի սկզբները։ Այդ ընթացքում գավառի համար շինարարության և նորոգույան ժամանակաշրջան էր. մելիքների նախաձեռնությամբ ստեղծվեցին նորոգվեցին գավառի մի շարք բնակավայրերի եկեղեցիներ, կառուցվեցին նորերը, բազմաթիվ հասարակական նշանակության կառույցներ՝ կամուրջներ, աղբյուրներ և այլն[39][40][37][38][5]։

Արդեն 18-րդ դարի սկզբներին ավելի հաճախակի էին դառնում թյուրքական ցեղերի հարձակումներն ու ներխուժումները Քարվաճառի շրջանի տարածք։ Այդ դժվարություններին ավելանում էր նաև պարսկական իշխանությունների սահմանած բարձր հարկերը։ Ստեղծված իրավիճակը դժվարին կացության մեջ էին դրել Ծար գավառի մելիքներին և ազգաբնակչությանը[5]։ 1720-ական թվականների սկզբներին Ծարի գավառը դեռևս ուներ միատար հայ բնակչություն, սակայն նրանց համար ստեղծվել էր օրհասական դրություն։ Կովկասյան լեռնականները, մասնավորապես՝ լեզգիները սկսել էին կազմակերպել իրար հաջորդող թալանչիական արշավանքներ, իսկ շրջանի հարուստ արոտավայրերը ամառային ամիսներին սկսել էին զբաղեցնել Կուր և Արաքս գետերի ափամերձ տափաստաններ վաղուց տեղափոխված թուրք և քուրդ քոչվորական խաշնարած տարբեր ցեղեր[41][5]։

Արցախի մյուս մելիքությունների օրինակով Ծարի հայերը նույնպես սկսեցին նախապատրաստվել ազատագրական պայքարի։ Նրանք նույնպես ստեղծել էին հատուկ զորակայաններ, որոնք նաև կոչվում էին սղնախներ։ Սակայն, 1720-ական թվականների վերջերից գավառի բազմաթիվ գյուղեր աստիճանաբար սկսեցին դատարկվել հայ բնակչությունից։ Գավառը հայ ազգաբնակչությունից զրկվելու գործընթացը հատկապես մասսակայան չափերի հասավ 1724 թվականից հետո, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսական կայսրության Պետրոս I կայսրը, հակառակ արցախահայությանը տված խոստումների, Պարսկաստանից նվաճած մերձկասպյան խանություններում իր ազդեցությունն ավելացնելու նպատակով պայմանագիր կնքեց Օսմանյան կայսրության հետ՝ վերջինիս թույլատրելով մինչև Շամախի ընկած տարածքներում վարել սեփական քաղաքականությունը։ Պայմանագրի կնքումից անմիջապես հետո թուրքական բանակները սկսեցին հարձակումներ հատկապես Արցախի տարածքի հայության նկատմամբ, ովքեր պայքարի էին դուրս եկել հանուն անկախության[42][43][5]։ 1720-ական թվականներից հետո հայ բնակչությունը սկսեց ստիպողաբար գաղթել՝ չնայած մինչև 1725-ական գավառի տարածքում դեռևս մնացել էին հայաբնակ գյուղեր, իսկ որոշ վանքեր ու եկեղեցիներ գործում էին։ Այնուհետև որոշ ժամանակահատվածով Քարվաճառի շրջանի տարածքը անցնում է խանի ենթակայության ներքո։ 1751-1810 թվականներին շրջանի տարածք են տեղափոխում Իրանի քրդերի երեք քոչվոր ցեղի՝ չեմիշկեզեկների, խանուսլուների և բազուկիների, ինչպես նաև Մուղանի դաշտավայրում թափառող թյուրքական չևանշիրների ցեղի ներկայացուցիչների և բնակեցնում շրջանում դեռևս մնացած հայերի կողքին։ Թյուրք և քուրդ մահմեդական բնակչության վերաբնակեցման գործընթացը խրախուսվում էր հայ իշխանների պառակտության հետևանքով Շուշիում հաստատված Փանահ Ալի-խանը և նրան հաջորդող Իբրահիմ Հալիլ-խանը։ Թյուրք և քուրդ քոչվոր ցեղերի ներթափանցումը շրջանի տարածք երբեմն ուղեկցվում էր քրդերի ու լեզգիների բախումներով։ Այդպիսի ընդհարումներից է 1760-ական թվականներին տեղի ունեցածը, որին ականատես է եղել հայ ազատագրական գործիչ Հովսեփ Էմինը։ Սևանա լճի մոտ լեզգիները հանդիպում են քյոլանի անունով քուրդ թափառական ցեղին, որ գաղթում էր դեպի ներկայիս Քարբվաճառի շրջանի տարածքի կողմ։ Արյունահեղ կռվում հաղթում են լեզգիները և գերի վերցնում 814 քուրդ, առգրավում 8000 ոչխար, 2000 տավար և 600 մատակ ձի։ Ստացված ավարը 12.000 թումանի արժեք էր ներկայացնում»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ընթացքում շրջանի տարածքը հարկադրաբար լքել են շուրջ 10․000 հայ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ արդեն 1760-ական թվականներին շրջանի տարածքը գրեթե ամբողջությամբ հայաթափ էր եղել։ Բացառություն էին կազմում միայն Խութավան գյուղն ու նախկին եպիսկոպոսանիստ ու թեմական կենտրոն Դադիվանքը, որտեղ կային հոծ հայ բնակչություն[5]։ Ըստ ուսումնասիրողների՝ այնուամենայնիվ, մահմեդական եկվոր բնակչության գալու ժամանակ բնակավայրերում դեռևս մնացել էր հայ բնակչություն, որոնցից էլ եկվորները իմացել են բնակավայրերի անուններն ու հարմարեցրել իրենց լեզվական հնարավորություններին՝ աղավաղելով ու իմաստային կամ բառացի թարգմանության ենթարկելով։ Այդպիսի ձևափոխված տեղանուններից է «Ծարը», որը ձևափոխվել է և դարձել «Զառ», «Սևաջուրը»՝ «Ղարասու», «Ցրտնոտը»՝ «Սոյուղբուլաղ», «Երիցուշենը»` «Քեշիշքյանդ», «Խնձորեկը»՝ «Ալմալու» և այլն[44][5]։ Ըստ ճանապարհորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի վկայության՝ Ծարի բնիկ հայ ազգաբնակչությունը, չկարողանալով դիմադրել մեծաքանակ եկվոր մահմեդականությանը, ստիպված է եղել գաղթել տարբեր վայրեր։ Շրջանի հայերի մի մասը գաղթել է Ռուսական կայսրության Մոզդոկի և Ղզլարի շրջաններ։ Հայ բնակչության մի մասը հաստատվել է Տփխիս (ներկայիս Թբիլիսի) և հարակից գյուղեր։ Հայտնի է, որ Չիրքին գյուղի հայերը վերաբնակվել էին Տփղիսում, Յանշաղի հայերը՝ Տփղիսից ոչ հեռու Տաբախմելիք (ներկայիս Տաբախմելա) գյուղում, Խութավանի հայերի մի մասը՝ Շուլավերում (ներկայիս Մառնեուլի շրջանի Շահումյան քաղաք)և այլ վայրերումԱյնուամենայնիվ, Քարվաճառի շրջանի տարածքում 1800 թվականի դրությամբ հայ բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության շուրջ 50%-ը[45][5][46][47][48][49][50][51][52]։

1813 թվականին շրջանի տարածքը վերջնականապես միացվեց Ռուսաստանի կայսրությանը։ 1869 թվականին այն ներառվեց նորաստեղծ Ջիվանշիրի գավառի (ուեզդի) մեջ, որն էլ նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի մաս էր կազմում։ Ռուսաստանին միացվելուց հետո կառավարության պահանջով քոչվոր բնակչության որոշ խմբեր սկսեցին աստիճանաբար հաստատվել հայկական լքված գյուղատեղիներ դարձած մի քանի բնակավայրերում։ Այնուամենայնիվ, մինչև 1850-ական թվականները շրջանի տարածքում մահմեդական բնակչությունը խիստ սակավաթիվ էր։ Հայտնի է, որ 1861 թվականին շրջանի ամբողջ տարածքում ապրում էին շուրջ 100 տուն «ալիանլուեցի բարբարոս քոլանիներ», որոնք կազմում էին 14 փոքրիկ գյուղ։ Այս տեղեկատվությունը ուսումնասիրողները թերահավատությամբ են վերաբերվում։ Առավել վստահելի է այն տեղեկությունը, որ 1865 թվականին շրջանի տարածքում գոյություն ունեին ընդամենը 9 նորաստեղծ գյուղ՝ 102 տուն բնակչությամբ։ Որոշ ժամանակ անց, Արցախի հոգևորականությունը Բաղդասար մետրոպոլիտի գլխավորությամբ հին կալվածագրերով վավերացված Դադիվանքին պատկանած երբեմնի կալվածները օրենքի ուժով քոչվոր բնակչությունից ետ վերադարձնելու ուղղությամբ ակտիվ գործընթաց սկսեց։ Մի քանի տարվա ակտիվ աշխատանքի արդյունքում Դադիվանքին վերադարձվեցին վանքապատկան տարածքներից 140000 դեսյատին (1526 կմ2) հողատարածք։ Վերադարձված տարածքը կազմում էր ներկայիս Քարվաճառի շրջանի գրեթե կեսը և Մարտակերտի շրջանի արևմտյան որոշ տարածքներ։ Մինչև Հարավային Կովկասում խորհրդային կարգերի հաստատումը՝ Դադիվանքը հանդիսանում էր այդ կալվածքների սեփականատերը, որից ստացված եկամուտներով գոյատևում էր։ Հայ բնակչության նկատմամբ հարձակումների և ճնշումների պատճառով 1900 թվականին հայ բնակչության թվաքանակը նվազել էր հասնելով մինչև 30%-ի[53][54][55][5][48][56][57]։

1918 թվականին Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհրդի կողմից հռչակված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակումից և 1920 թվականին Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո Դադիվանքը զրկվեց իր բոլոր կալվածներից և ամայացավ, իսկ շրջանը միացվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի կենտրոնական հատվածում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ վարչական միավորը, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին, իսկ հուլիսի 16-ին՝ ներկայիս Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածի (պատմական Ծար գավառի) և Քաշաթաղի շրջանի տարածքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ստեղծեցին Կարմիր Քուրդիստան վարչական միավորը, որի բնակչությունը մեծամասամբ քրդեր էին։ Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ միջև ցամաքային կապի վերացումը, ինչպես նաև այդ տարածքը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ մեջ չընդգրկելը։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։ Կարմիր Քուրդիստանի տեղում 1930 թվականի մայիսի 25-ից օգոստոսի 8-ը եղել է Քրդական շրջան, որի կենտրոնը եղել է Լաչին (Բերձոր) բնակավայրը։ Այնուհետև Ծար (Վերին Խաչեն) գավառի տարածքում Խորհրդային Ադրբեջանի կողմից ստեղծվեց Քյալբաջար անունով շրջան։ 1937 թվականին շրջանի տարածքում մնացած սակավաթիվ հայերին և արդեն այդ ժամանակ մեծամասնություն կազմող քրդերի մեծ մասին Իոսիֆ Ստալինի հրամանով աքսորում են Միջին Ասիա։ Աքսորված հայերի ու քրդերի տներում բնակություն են հաստատվում ադրբեջանցիներ։ Նորաստեղծ շրջանի անունը առաջացել է հնում գոյություն ունեցած հայկական Քարվաճառ գյուղի ձևափոխված անունից, իսկ գյուղը դարձավ շրջանի վարչական կենտրոն։ 1960-ական թվականներից սկսած ադրբեջանական իշխանությունները հսկայական ներդրումներ կատարեցին շրջանում և ավելացրեցին ադրբեջանական բնակչության թվաքանակը։ Այդ աշխատանքներն ահռելի չափերի հասան հատկապես 1980-1992 թվականների ընթացքում[53][54][55][5][58][59][60][48]։

Հայ-ադրբեջանական հակամարտություն 1988-1994[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում հայ-ադրբեջանական հակամարտությունը վերսկսվել է նախքան «Օղակ» գործողությունն Արցախյան ազատամարտը։ 1988-1991 թվականներին շրջանի տարածքում տեղի են ունեցել բազմաթիվ հարձակումներ, սպանություններ, գերևարումներ և խոշտանգումներ[61]։

Արդեն 1988 թվականի դեկտեմբերից մինչև 1990 թվականի սկիզբը բռնի կերպով հայաթափվում են Գետաշեն-Մարտունաշեն գյուղերի հարակից հայկական բնակավայրերը[61]։

Հայ ազգաբնակչության նկատմամբ այդպիսի հարձակումներից է տեղի ունեցել 1990 թվականի հունվարի 9-ին, երբ Շահումյանի շրջանի հայազգի ղեկավար բարձրաստիճան պաշտոնատար անձինք Շահումյանի շրջանից ավտոմեքենաներով մեկնում են Գետաշեն գյուղ, որպեսզի մասնակցեն նախօրեին ադրբեջանցիների կողմից սպանված գյուղատնտես Ապրես Բեգլարյանի հուղարկավորությանը։ Նույն թվականին ավելի վաղ հայաթափված Կուշչի Արմավիր բնակավայրի մոտ Ադրբեջանի ժողովրդական ճակատի գրոհայինները կանգնեցնում են հայերի ավտոմեքենաները, թվով 19-ը բոլոր ուղևորներին, այդ թվում՝ Շահումյանի շրջանի առաջին քարտուղար Վ․ Աղաջանյանին, շրջանի գործադիր կոմիտեի ղեկավար Շ․ Մեղրյանին, շրջանի դատախազին, շրջանային Ժողովրդական վերահսկողական կոմիտեի նախագահին, գերևարում են։ Ադրբեջանցիները նրանց տեղափոխում են Կիրովաբադ (Գանձակ) քաղաքի մեկուսարան, որտեղ պահում շուրջ մեկ ամիս։ Գերևարվածները այդ ընթացքում ենթարկվում են ծեծի, ծաղրանքի, մարդկային և ազգային արժանապատվության նվաստացման։ Միայն մեծ փրկագնի վճարումից հետո նրանք վերադարձվում են հայկական կողմին[61]։

1991 թվականի ապրիլին սրվում է իրադրությունը Գետաշեն և Մարտունաշեն գյուղերում։ Սկսվում են ինտենսիվ հարձակումներ և գնդակոծություններ։ Ապրիլի 10-ին տեղի ունեցած գնդակոծության հետևանքով սպանվում է Գետաշենի բնակիչ 12-ամյա Ա․ Սահակյանը։ Ապրիլի 21-ին ադրբեջանական ՕՄՈՆը հարձակում է գործում Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն գյուղի վրա։ Գյուղի բնակչությանը հաջողվում է հետ մղել հարձակումը՝ հրդեհելով երկու զրահափոխադրիչներից մեկը[61]։

Օղակ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս ամիսը Խորհրդային Միության իշխանությունները պատժիչ-ահաբեկչական գործողություններ իրականացրեցին Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ ազգաբնակչության նկատմամբ։ Ռազմական գործողությանը տրվել էր «Կոլցո օպերացիա» անունը, որի նպատակն էր Խորհրդային Հայաստանին պարտադրել միանալ միութենական նոր պայմանագրին և հայ ժողովրդին ստիպել հրաժարվել անկախության պայքարից։ «Օղակ» գործողությանը մասնակցել են ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումները, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումները, Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերը (ՕՄՈՆ)[62][63][64][65][66][67][68][69][61][70][71][72]։

«Օղակ» գործողության ընթացքում ապրիլի 30-ից մինչև մայիսի 8-ը ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զորքերի և Խորհրդային Ադրբեջանի ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները ռազմական ավիացիայի ու զրահատեխնիկայի (տանկեր, զրահափոխադրիչներ) կիրառմամբ հարձակվել են Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն և Մարտունաշեն հայաբնակ գյուղերի վրա, մտել բնակավայրեր, կողոպտել, սպանել բնակիչներին, բռնաբարել կանանց և տեղահան արել բնակչությանը։ Հարձակման հետևանքով Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից տեղահան է արվել շուրջ 3500 հայ[62][63][64][65][66][67][68][69][61][70][71][72]։

Հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 19-ը տեղի է ունեցել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ հայաբնակ գյուղերի վրա հարձակում, որն ուղեկցվել է բնակավայրերի ուղղությամբ հրթիռահրետանային կրակով։ Հարձակման հետևանքով սպանվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, կողոպտվել և ավերվել են բնակավայրերը, իսկ բնակչությունը տեղահանության է ենթարկվել[62][63][69][61]։ Խորհրդաադրբեջանական ուժերը զարգացրել են իրենց հաջողությունները՝ առաջանալով շրջանի խորքը և հասնելով Վերինշեն գյուղի մատույցներ, որտեղ հանդիպում են հայերի դիմադրության[61]։

Խորհրդային Միության զորքերի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի համատեղ իրականացրած ռազմագործողության ընթացքում Գետաշենի ենթաշրջանի հայության ինքնապաշտպանության կազմակերպման ժամանակ Խորհրդային բանակի հրամանատարության հետ բանակցություններ վարելիս զոհվել են նաև Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, նրա տեղակալ Արթուր Կարապետյանը և Հրաչ Դանիելյանը[62]։

Քարվաճառի ազատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարվաճառի հանձնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչատարածքային բաժանում և բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահումյանի շրջանը կազմված է քաղաքային և գյուղական համայնքներից[73][1][74]։ Ներկայում շրջանի բոլոր բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո բացառությամբ Չարեքտար գյուղի, որը վերահսկվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից[8][9][10][11]։

Շահումյանի շրջանն ունի 52 համայնք, որոնք իրենց մեջ ներառում են 80 բնակավայրեր։ Դրանք են[1]՝

  1. Քարվաճառ համայնք՝ ներառում է Քարվաճառ քաղաքը, որը հանդիսանում է շրջանի վարչական կենտրոնը (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  2. Չարեքտար համայնք՝ ներառում է Չարեքտար գյուղ (Գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո),
  3. Ակնաբերդ համայնք՝ ներառում է Ակնաբերդ գյուղը (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  4. Ապավեն համայնք՝ ներառում է Ապավեն գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  5. Ասրիկ համայնք՝ ներառում է Ասրիկ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  6. Գետաշեն համայնք՝ ներառում է , Գետաշեն, Մարտունաշեն, Ազատ, Կամո, Կուշչի Արմավիր, Միխայլովկա, Այգեստան գյուղեր,
  7. Դադիվանք համայնք՝ ներառում է Դադիվանք գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  8. Եղեգնուտ համայնք՝ ներառում է Եղեգնուտ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  9. Եղջերունիկ համայնք՝ ներառում է Եղջերունիկ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  10. Եղցատեղ համայնք՝ ներառում է Եղցատեղ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  11. Եղցի համայնք՝ ներառում է Եղցի գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  12. Զովք համայնք՝ ներառում է Զովք գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  13. Զառալյուր համայնք՝ ներառում է Զառալյուր գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  14. Նոր Վերինշեն համայնք՝ ներառում է Նոր Վերինշեն գյուղը (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  15. Նոր Բրաջուր համայնք՝ ներառում է Նոր Բրաջուր գյուղը (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  16. Նոր Գետաշեն համայնք՝ ներառում է Նոր Գետաշեն գյուղը (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  17. Նոր Խծարխափուտ համայնք՝ ներառում է Նոր Խարխափուտ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  18. Նոր Կարաչինար համայնք՝ ներառում է Նոր Կարաչինար գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  19. Նոր Էրքեջ համայնք՝ ներառում է Նոր Էրքեջ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  20. Նոր Մանաշիդ համայնք՝ ներառում է Նոր Մանաշիդ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  21. Նոր Բանանց համայնք՝ ներառում է Նոր Բանանց գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  22. Քնարավան համայնք՝ ներառում է Քնարավան գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  23. Ծար համայնք՝ ներառում է Ծար գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  24. Հավսաթաղ համայնք՝ ներառում է Հավսաթաղ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  25. Զուար համայնք՝ ներառում է Զուար, Զարկունի, Թաթխուն, Հավախաղաց գյուղերը (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  26. Ճումեն համայնք՝ ներառում է Ճումեն գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  27. Իշխանիկ համայնք՝ ներառում է Իշխանիկ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  28. Խոզենեկ համայնք՝ ներառում է Խոզենիկ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  29. Խոփեր համայնք՝ ներառում է Խոփեր գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  30. Ծավալք համայնք՝ ներառում է Ծավալք գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  31. Կորեկնեկ համայնք՝ ներառում է Կորեկնեկ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  32. Հովվաշեն համայնք՝ ներառում է Հովվաշեն գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  33. Մշենի համայնք՝ ներառում է Մշենի գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  34. Շիկաքար համայնք՝ ներառում է Շիկաքար գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  35. Չափնի համայնք՝ ներառում է Չափնի գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին),
  36. Ջերմաջուր համայնք՝ ներառում է Ջերմաջուր գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ին է հանձնվել 25․11․2020թ․-ին)
  37. Բուզլուխ համայնք՝ ներառում է Բուզլուխ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  38. Գաղթուտ համայնք՝ ներառում է Գաղթուտ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  39. Գյուլիստան համայնք՝ ներառում է Գյուլիստան գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  40. Գյուզալար համայնք՝ ներառում է Գյուզալար գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  41. Զեյվա համայնք՝ ներառում է Զեյվա գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  42. Շահումյան համայնք՝ ներառում է Շահումյան քաղաք (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  43. Վերին Շեն համայնք՝ ներառում է Վերին Շեն ավան (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  44. Կարաչինար համայնք՝ ներառում է Կարաչինար գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  45. Մանասինշեն համայնք՝ ներառում է Մանասինշեն գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  46. Խարխափուտ համայնք՝ ներառում է Խարխափուտ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  47. Հայ Պարիս համայնք՝ ներառում է Հայ Պարիս գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  48. Ռուս Պարիս համայնք՝ ներառում է Ռուս Պարիս գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  49. Էրքեջ համայնք՝ ներառում է Էրքեջ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  50. Մանաշիդ համայնք՝ ներառում է Մանաշիդ գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  51. Թոդան համայնք՝ ներառում է Թոդան գյուղ (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում),
  52. Շաֆագ համայնք՝ ներառում է Շաֆագ գյուղը (Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավվել է Արցախյան ազատամարտի ընթացքում)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Շահումյանի շրջանի տարածքը (բուն Շահումյանի շրջանն ու քարվաճառյան հատվածը) բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այդ մասին են վկայում հնագույն բնակատեղիները, պատմամշակութային հուշարձաններն ու վավերագրությունները[5][23]։

Շրջանի հյուսիսային մասը՝ նախկին խորհրդային Շահումյանի շրջանը հնուց մինչև 1992 թվականը բնակեցված է եղել հայերով[5]։ Բնակչության ազգային կազմի փոփոխությունը սկսվել է 1991 թվականից շրջանից բնիկ ազգաբնակչության բռնագաղթով։ Շրջանի բնակավայրերի մի մասում 1991 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 15-ը Խորհրդային Ադրբեջանում տեղակայված ԽՍՀՄ բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվել է «Օղակ» գործողությունը, որը ժամանակ տեղի են ունեցել էթնիկ զտումներ, այդ թվում՝ բնակչության կոտորած և բռնագաղթ[72][62][75]։ Շրջանի մյուս մասը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանն է անցել Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թվականին, ադրբեջանական բանակի առաջխաղացման հետևանքով[62]։ 1992 թվականից Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հյուսիսային մասի բոլոր բնակավայրերը դատարկվել են հայ բնակչությունից, որոնց փոխարեն այնտեղ վերաբնակվել են ադրբեջանցիներ։

Շահումյանի շրջանի հարավ-արևմտյան մասը՝ քարվաճառյան հատվածը, ամբողջությամբ հայերով է բնակեցված եղել մինչև 1720-ական թվականները, իսկ մինչև 1800-ականները՝ մասսամբ։ 1720-ական թվականներից այնտեղ հայերի տեղահանությունից և գաղթից հետո աստիճանաբար հաստատվել են թյուրքական և քրդական ցեղերի ներկայացուցիչներ[5], որոնք հեռացել են Արցախյան պատերազմի ընթացքում, երբ 1993 թվականին տեղի ունեցավ Քարվաճառի ազատագրման ռազմական գործողությունը։ 1993 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերին շրջանի հանձնումը Ադրբեջանին ապրում էին հայեր[62][75]։

Հետանկախության շրջան (1991-ից)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ Շահումյանի շրջանի բնակչությունը (չհաշված այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հաստատված ադրբեջանցիների թվաքանակը) կազմում էր 3090 մարդ[76]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  2. 2,0 2,1 2,2 Շահումյանի շրջանի վերաբերյալ տեղեկություններ Արցախի Հանրապետության կառավարության կայքում, (արխիվացված 22․11․2021 թ․)։
  3. Արցախի Հանրապետության սահմանադրություն ընդունված 2017 թվականի փետրվարի 20-ին։
  4. Տեղեկություններ Արցախի Հանրապետության վերաբերյալ Արցախի նախագահի կայքում, (արխիվացված 01․06․2022 թ․)։
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ)
  6. "Война будет приостановлена: Пашинян сообщил о трудном для него решении".(ռուս.)
  7. "Заявление Президента Российской Федерации", (արխիվացված 10․05․2022թ․).(ռուս.)
  8. 8,0 8,1 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  9. 9,0 9,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  10. 10,0 10,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  11. 11,0 11,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  12. Գոմշասար լեռան մասին տեղեկություններ armgeo.am արշավային կայքում։
  13. 13,0 13,1 13,2 13,3 Աբրահամյան Հ., Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացիները, Երևան, 2003։
  14. 14,0 14,1 14,2 14,3 Շահումյանի շրջանի մասին պատմական տեղեկություններ Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտության ինստիտուտի կայքում։
  15. Բ․ Հարությունյան, «Հայոց Արևելից կողմերի վարչական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի», «Հայոց Արևելից կողմերի և Աղվանքի պատմության ու պատմական աշխարհագրության հարցեր» հոդվածների ժողովածու, Երևան, 2016 թվական։
  16. Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն Հայոց», Երևան, 1961 թվական։
  17. Հայերեն ձեռագրերի ԺԵ դարի հիշատակություններ, հատոր Ա, Երևան, 1955 թվական։
  18. Մխիթար Գոշ, «Մատենագիրք Հայոց», Ի հատոր, գիրք Բ, Երևան, 2014 թվական։
  19. Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տան Սիսական, Մոսկվա, 1861 թվական։
  20. Шихаб ад-Дин Мухаммад ан-Насави, "Жизнеописание султана Джалал ад-Дина Манкпурны". Перевод с арабского, предисловие, комментарии, примечания и указатели З. М. Буниатова, Баку, 1973 г., с. 204.(ռուս.)
  21. Ա․ Շահնազարյան, «Վահրամյանների իշխանությունը», Երևան, 1990 թվական։
  22. Հայկական սովետական հանրագիտարան։
  23. 23,0 23,1 23,2 23,3 Թաֆֆի, «Խամսայի մելիքությունները», երկերի ժողովածու, հատոր 10, Երևան, 1964 թվական։
  24. 24,0 24,1 Артак Магалян, "Арцахские меликства и меликские дома в XVII-XIX вв, Ереван, 2012 г.(ռուս.) (թվային տարբերակ)
  25. 25,0 25,1 Միրզա Յուսուֆ Ներսեսով, «Ճշմարտացի պատմություն», թարգմանությունը բնագրից, ներածությունը և ծանոթագրությունները՝ Ք․ Կոստիկյանի, Երևան, 2000 թվական։
  26. Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի յօրինեալ ի Տ․ Եսայ Աղուանից կաթողիկոսէ Հասան Ջալալեանց, յԵրուսաղէմ, 1868 թուական։
  27. Խմբագրակազմ՝ Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ., «Հայ ժողովրդի պատմություն», հ․ IV, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1972 թվական։
  28. Մելիքսեթ-բեկ Լ․, «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», հատոր Գ, Երևան, 1955 թվական։
  29. Անանիա Շիրակացի, Մատենագրություն, Երևան, 1979 թվական։
  30. Միխայիլ Ասորի, ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871 թվական։
  31. Գ. Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ, Վաղարշապատ, 1928, էջ 19-20։
  32. Կարապետ եպիսկոպոս, Նիւթեր հայ մելիքութեան մասին, պրակ Բ, Դօփեանք եւ Մէլիք Շահնազարեանք, Էջմիածին, 1914, էջ 34։
  33. «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Երեւան, 1950, էջ 84։
  34. Գրիգոր Խլաթեցի, Յիշատակարան աղէտից, Վաղարշապատ, 1897, էջ 6։
  35. «Նիւթեր հայ մեւիքութեան», Բ, էջ 84։
  36. «Մանր ժամանակագրություններ», հատոր Բ, Երեւան 1956, էջ 275։
  37. 37,0 37,1 «ժէ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Ա. Երեւան, 1974, էջ 218։
  38. 38,0 38,1 «Հայ մտավորականները եւ Շահ-Աբբասի չգործած հանցանքը» հոդված, «Հայք» օրաթերթ, 1995, 13 հունիս, N 105, էջ 7։
  39. Ա. Յովհաննիսեան, Գեղամայ եւ Ծարայ մելիքների տոհմը, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», գիրք Ա եւ Բ, 1921-1922, էջ 105-113։
  40. Բ. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությանը X-XVI դարերում, Երեւան, 1975։
  41. Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի յօրինեալ ի Տ. Եսայի Աղուանից կաթողիկոսէ Հասան Ջալալեանց, Յերուսաղէմ, 1868, էջ 37-38։
  42. «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, Երեւան, 1972, էջ 151։
  43. Աշոտ Յովհաննիսեան, Պետրոս դի Սարգիս Գիլանենց, Վաղարշապատ, 1916, էջ 16։
  44. «Արդյո՞ք իսպառ հայաթափ էր Ծար գավառը խաշնարած ցեղերի ներթափանցման պահին» հոդված, «Ար» շաբաթաթերթ, 1995, N 9, էջ 5։
  45. Մեսրոպ մագիստրոս արքեպիս. Տէր-Մովսիսեան, Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթեւի, Հաղարծնի եւ Դադի եկեղեցիները եւ վանական շինութիւնները..., Երուսաղեմ, 1938, էջ 84։
  46. «Армянский Кизляр в «Кавказском календаре» (1845–1860 гг.)» հոդված regnum.ru կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
  47. «Возникновение армянской общины в г. Кизляр в 18 - 19 вв.» հոդված armeniansite.ru կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
  48. 48,0 48,1 48,2 «Краткая история армянского Карвачара» հոդված ИА Реалист միջազգային տեղեկատվական գործակալության կայքում հրապարակված 10․06․2021թ․-ին, (արխիվացված 12․12․2021թ․(ռուս.)
  49. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ 57, ցուցակ 1, գործ 4. թերթ 1։
  50. Լեո, Հայոց պատմության, հատոր 3, գիրք երկրորդ, Երեւան, 1973, էջ 303։
  51. «The Life and Adventures of Joseph Emin, London, 1792, Էջ 372։(անգլ.)
  52. «Դիվան Հայոց Պատմաթեան», Գ, Թիֆլիզ, 1894, էջ 494։
  53. 53,0 53,1 Ա Մելքոնյանի «Քելբաջարի եւ Լաչինի պատմությունից» հոդվածը, «Հայրենիքի ձայն», N 12, 1993, էջ 6։
  54. 54,0 54,1 Հ. Սիմոնյանի հետ հարցազրույցը «Նպատակ», N 1,1995, էջ 1։
  55. 55,0 55,1 «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան» (ադրբեջաներեն), հատոր 5, Բաքու, 1981, էջ 334։
  56. «Նոր-Դար» օրաթերթ, 1885, N 104, էջ 4։
  57. «Արարատ» ամսագիր, 1910, ապրիլ, էջ 58։
  58. «Արցախ պատմությունը Արցախի Հանրապետության ՄԻՊ կայքում։»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-17-ին։ Վերցված է 2017-03-30 ()։
  59. Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական փաստարկները ԼՂԻՄ կազմավորման և Ադր. ԽՍՀ կազմից դուրսբերման շրջանի փաստաթղթերում (1923-1989թթ.), Հրայր Փաշայան, (արխիվացված 14․01․2022թ․):
  60. Ս. Կարապետյան, Ինչպէ՞ս էին իւրացնամ հայկական հողերը (Քարվաճառ քաղաքի օրինակով), «Ազատամարտ», 1994, N 40, էջ 13։
  61. 61,0 61,1 61,2 61,3 61,4 61,5 61,6 61,7 Мелик-Шахназарян Л., “Военные преступления Азербайджана против мирного населения Нагорного-Карабахской Республики”, Е., 1997 г.(ռուս.)
  62. 62,0 62,1 62,2 62,3 62,4 62,5 62,6 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարան, Երևան, 2004 թվական, (թվային տարբերակը Վիքիդարանում)։
  63. 63,0 63,1 63,2 Կիմ Ղահրամանյան, «Հյուսիսային Արցախ․ գոյության պայքար», գիրք Բ, Երևան, 1993 թվական։
  64. 64,0 64,1 Waal Thomas De (2003-01-01)։ Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War։ NYU Press։ ISBN 9780814719459 (անգլ.)
  65. 65,0 65,1 Նվարդ Սողոմոնյան, ««Կոլցո» մարդորսություն», մաս Ա, Ստեփանակերտ, 1994 թվական։
  66. 66,0 66,1 Նվարդ Սողոմոնյան, ««Կոլցո» մարդորսություն», մաս Բ, Ս․ 1995 թվական։
  67. 67,0 67,1 Մհեր Հարությունյան, «Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը», ՀՀ ԳԱԱ «Գիտություն», Երևան, 2000 թվական
  68. 68,0 68,1 Рафаэль Папаян, “Маски терора”, Арачентац, Ереван, 1992 г. ISBN 5-89700-007-7(ռուս.)
  69. 69,0 69,1 69,2 Депортация населения армянских сел НКАО и прилегающих районов (апрель-июнь 1991). сост. Вермишева Седа., Е., 1995 г. (թվային տարբերակ, արխիվացված 31.05.2022 թ․) (ռուս.)
  70. 70,0 70,1 Лидия Графова. “Демократическая Россия”, 22 марта, 1991 г.(ռուս.)
  71. 71,0 71,1 “DR-Press”, 12-31 июля, 1991 г.(ռուս.)
  72. 72,0 72,1 72,2 Oana Tranca «What Causes Ethnic Conflict Diffusion? A Study of Ethnic Conflicts in Azerbaijan and Macedonia». Archived 2012-11-06 at the Wayback Machine.(անգլ.)
  73. Արցախի Հանրապետության օրենքը «Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ընդունված 1998 թցականի հունիսի 16-ին, (էլեկտրոնային տարբերակ)։
  74. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2021 թ․ մարտի 14 
  75. 75,0 75,1 «Քաշաթաղի և Քարվաճառի տնազուրկ բնակիչներին առաջարկում են տեղափոխվել Արցախ» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 30․05․2022 թ․):
  76. Արցախի Հանրապետության բնակչության մարդահաշիվ։