Jump to content

Չափնի (Շահումյանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չափնի (այլ կիրառումներ)
Գյուղ
Չափնի
Պահպանված խաչքարեր Չափնի բնակավայրում
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
ՀամայնքԵղեգնուտ
Ժամային գոտիUTC+4
Չափնի (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Չափնի (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Չափնի, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում՝ Լև գետի ափին։ Գյուղատեղին այժմ բնակեցված չէ, այն հայտնի է այստեղ հայտնաբերված բազմաթիվ խաչքարերով ու միջնադարյան Սբ. Կարապետ վանքի ավերակով[2]։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափնի[3] գյուղի ավերակները գտնվում են Մեյդան վտակի և Լև գետի հետ միախառնվելու վայրից շուրջ 1,7 կմ գետի հոսանքն ի վեր` ձախ կողմում, անտառապատ լեռնալանջի ստորոտում։ Գյուղի ավերակների հյուսիսային բարձրադիր հատվածում մինչև այժմ պահպանվել են Սուրբ Կարապետ վանքի ավերակները։ Լև գետի վրա, դեպի գյուղ բարձրացող հին ճանապարհի սկզբնամասում պահպանվել են միջնադարյան կամուրջի մնացորդները։ Կամրջի մնացորդներից պարզ է դառնում, որ այն կառուցված է եղել անմշակ տեղական քարից և կրաշաղախից։ Կամուրջն ունի 4,1 մ անցուղու լայնություն, իսկ թռիչքի երկարությունը եղել է 10,85 մ։

Վերջին տարիներին կամրջից մոտ 50 մ հեռավորության վրա հարակից բնակավայրերի բնակիչները հայտնաբերել են մի մեծ խաչքարի ստորին մասը։ Ենթադրվում է, որ խաչքարը կանգնեցվել է կամրջի կառուցման ավարտի առթիվ (ենթադրության հիմքն այն է, որ խաչքարը մենավոր է, դրա շրջակայքում գերեզմանոց չի հայտնաբերվել)։ Խաչքարի հյուսիսային կողին եղել է բազմատող արձանագրություն, որից միայն վերջին հատվածն է պահպանվել։

Սուրբ Կարապետի վանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջախելից 770 մ հյուսիս-արևելք գտնվում է գավառի ամենահայտնի վանքերից մեկը` Սուրբ Կարապետի վանքը, որը կառուցվել է 1275 թվականին։ Ուսումնասիրող Սարգիս Ջալալյանցը դեռևս 19-րդ դարակեսին այստեղ հետազոտություններ է կատարել[4]։ Ուսումնասիրողը նկարագրել է հնավայրի կառույցները, ընդօրինակել մահարձանի պատին և մահարձանի վրա կանգնեցված խաչքարի թիկունքին առկա երկու արձանագրություն։ Հնավայրը հետագայում ուսումնասիրել են Մ. Տեր-Մովսիսյանը[5] և Ս. Բարխուդարյանը[6], սակայն առաջին ուսումնասիրողի թողած նյութին շատ բան չեն ավելացրել։

Եկեղեցու շենքն արտաքնապես քառակուսի ուղղանկյուն խորանով շինություն է, որից կանգուն է միայն հյուսիսային կեսը[2]։ Պատերի կանգուն մասերում արձանագրություններ չեն պահպանվել։ Պատերի հաստությունը 80 սմ է։ Միակ մուտքը գտնվում է արևմտյան ճակատին կցված գավթի մեջ, որն էլ ավելի քայքայված և ավերված է։ Գավթի որմերը պահպանվել են 1 մետր բարձրությամբ։ Հատակագիծը նման է 13-րդ դարի կառույց Օծկա վանքին[7]։

Եկեղեցուց մոտավորապես 24 մ հյուսիս-արևելքում է գտնվում խաչքարով զանգակատուն-մահարձանի թաղակապ շենքը։ Ուսումնասիրողները նկարագրել են հուշարձանը։ 1960-ական թվականներին արված մի լուսանկարից հայտնի է դառնում, որ այդ ժամանակ դեռևս կանգուն էր եկեղեցու երկրորդ մակարդակը ներկայացնող ռոտանդան։ Այժմ բացի քառասյուն զանգակատնից, որի ներքո կանգնեցված էր խաչքարը, մահարձանի մնացած հատվածները թեև քայքայված, սակայն հիմնական մասով կանգուն են։

Մահարձանից 3-4 մ հյուսիս պահպանվել է մի մատուռ, որը հիմնականում ավեր է։ Այդ մատուռը ևս 13-րդ դարի կառույց է։ Բացի այդ, տարածքում կան նաև այլ շինությունների մնացորդներ։ Պահպանվել են մոտ երկու տասնյակ գեղաքանդակ խաչքարեր։ Փլատակների մեջ կան նաև Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանող երեսապատի արձանագիր սրբատաշ մի քանի քարեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 Կարապետյան Ս., Հայաստանի պատմություն, հատոր 4, Մռավականք, Երևան,2019, էջ 252-262
  3. Գյուղը վկայվել է նաև Զանկի անվանաձևով, Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858, էջ 214-215
  4. Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858, էջ 215
  5. Տէր-Մովսիսեան Մ., Հայկական երեք մեծ վանքերի` Տաթևի, Հաղարծնի և Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղէմ, 1938, էջ 93
  6. Դիվան, V, էջ225
  7. Կարապետյան Ս., Պտրեցիք գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները` ըստ նորահայտ արձանագրությունների, «ԼՂԳ», 1984, համար 8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չափնի (Շահումյանի շրջան)» հոդվածին։