Քարվաճառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Քարվաճառ
Զինանշան
Coat of arms of Karvachar.png

Karvachar030.JPG
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Շրջան Շահումյանի շրջան
ՀամայնքապետՍերգեյ Չիլինգարյան
ԲԾՄ1584±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն491[1][Ն 1] մարդ (2005 թվական)
Ազգային կազմՀայեր
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Տեղաբնականունքարվաճառցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ32
Պաշտոնական կայք-
##Քարվաճառ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Քարվաճառ (նախկինում նաև Քարավաճառ, բնակավայրի ադրբեջանական անունը Քելբաջար է), քաղաք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի վարչական կենտրոնը։

Բնակավայրի անուն և ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-ից 16-րդ դարերում բնակավայրն ունեցել է գյուղի կարգավիճակ և կոչվել Քարվաճառ, որտեղ բնակվել են հայեր[8][9][10][11][12]։ 1812 - 1920 թվականներին այնտեղ բնակություն հաստատած քրդերի կողմից տեղանունը աղավաղվել է և բնակավայրը սկսել է կոչվել Քյարվաջար, զուգահեռաբար 19-րդ դարից՝ Քյալբաջար[8]։ Խորհրդային տարիներին բնակավայրը սկսել է կոչվել Քելբաջար։ Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրման ռազմագործողությունից հետո, երբ բնակավայրը ներառվեց Արցախի Հանրապետության կազմում, սկսեց կրկին կոչվել Քարվաճառ[2][3][4][5][6]։ Խորհրդային Միության փլուզումից հետո ադրբեջանցիները շարունակել են կոչվել Քելբաջար։

Քաղաքի տեղանվան ստուգաբանության վերաբերյալ առկա են բազմաթիվ տեսակետներ, այդ թվում՝ գիտական և ժողովրդական[13][8]։

Ըստ ժողովրդական տեսակետի «Քարվաճառ» անվանումը բացատրվում է իբրև քար վաճառելու վայր լինելով։ Սակայն այս տեսակետը հիմնավորում չունի[13][8]։

Գիտական տեսակետներից մեկի համաձայն տեղանվան ծագումը հավանական է համարվել, որ առաջացել է հին Արևելքում տարածված քար («գաղութ», «ավան») բառից, որը հանդիպում է Միջագետքում և նրա շրջակայքում։ Այդպիսի օրինակներ են Քար–Դունիաշ (Բաբելոնի քասիտերեն անվանումը), Քար-Բաշշի (քասիական բնակավայր Մեդիայում), Քար-Նիելիլ (քաղաք Ասորեստանում), Քար–Թուքուլթի–Նինուլթա (բնակավայր Ասորեստանում), Քար-Շամաշնասիր (բնակավայր Ասորեստանում), Քար-Նուրի (բնակավայր Ասորեստանում), Քար-Շուրմանուաշաբեդ (Թիլ-Բարսիբ քաղաքի վերանվանված ձևը ասուրերենում), Քար–Ռրիգալլի (Մեդիայի Քիշասա քաղաքի ասուրերեն աեվանումը), Քար-Սիպպուր (ամրոց և մարզ Մեծ Զաբ գետի ավազանում) և այլն[13][8]։

Վերջին հետազոտությունների համաձայն «Քարվաճառ» տեղանվան ձևավորումն ունի միանգամայն այլ բովանդակություն։ Մասնավորապես՝ Հայկական լեռնաշխարհում հայտնի են բազմաթիվ բերդեր, որոնց անվան մասն է «քար» բառը, ինչը բոլոր այդ դեպքերում փոխարինում է և համարժեք է «բերդ» բառին, այսինքն տեղանունների կիրառման մեջ «քար» կամ «բերդ» (ամրոց) բառերը նույնիմաստ են։ Այդպիսի օրինակներ են Վասպուրականի Քարհերձը (բերդ Զակամում), Քար Ամյուկը («Քար Ամկոյ») և Քար Մանակերտը, Կիլիկիայի բերդեր Քարն Սարվանդին և Դեղնքարը։ Ուստի «Քարվաճառ» տեղանվան ծագումը գալիս է նրա բերդ լինելու հանգամանքով։ Բացի այդ, նրա տեղանքն ունի միջնադարյան բերդերին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ տեղանքի դժվարամատչելիություն, ջրի առկայություն, ձորերն ու ճանապարհները հսկելու հնարավորություն[8]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության Քարվաճառ համայնքը տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում։ Մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է 125 կմ հեռավորության վրա[2]։ Համայնքը բարձրլեռնային է[2]։ Քարվաճառ համայնքի սահմանային գոտով հոսում է Թարթառ գետը[2]։ Բնակավայրը գետի ափից բարձր է գրեթե 180 մ, իսկ ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1600 մ է[8]։ Կադաստրային չափագրումներ չիրականացնելու պատճառով վարչական և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մասին ստույգ տեղեկություններ չկան[2]։

Քարվաճառ քաղաքի հարակից լեռներն ու ձորերը մեծամասամբ ծածկված են եղել անտառներով։ Քաղաքի արևմտյան կողմում՝ ձորալանջը կազմված է եղել բազալտե ժայռերից և բազալտե երգեհոն հիշեցնող սյուներից, որտեղ առկա են բազմաթիվ քարանձավախորշեր։ Հարակից ձորում է գտնվում շրջանի հանքային տաք ջրերի աղբյուրներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[14]

Հին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին դարերում Քարվաճառ բնակավայրը եղել է Ծար գավառի կարևոր և պատմական գյուղերից մեկը[8][11]։ Գավառը Ծար անունը ստացել է 12-13-րդ դարերում, իսկ մինչ այդ կոչվել է Վայկունիք։ Վերջինը Մեծ Հայքի Արցախ նահանգի 12 գավառներից մեկն էր։ Ըստ ուսումնասիրությունների՝ Քարվաճառ բնակավայրի պատմությունը սկսվում է առնվազն 5-րդ դարից։ 5-ից 16-րդ դարերում այն ունեցել է Քարվաճառ անունը։ Բնակավայրը տարբեր դարերում հիշատակվում է հենց այդ անունով, ինչպես օրինակ 1402 թվականի մատենագրության մեջ[8], 15-րդ դարում Թումա Սյունեցու հիշատակարանում[11], 1661 թվականի հիշատակարանում, 1873 թվականի մի գրության մեջ և այլն[8]։

Ռուսական կայսրություն ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականին Քարվաճառ բնակավայրը տարածաշրջանի հետ միասին Ղաջարական Պարսկաստանի տիրապետությունից անցել է Ռուսական կայսրությանը։ 1840 թվականին այն ընդգրկվել է Ռուսական կայսրության Կասպիական մարզի Շուշիի գավառի կազմում, իսկ 1867 թվականից՝ Ելիզավետպոլի նահանգում։

Ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի խորհրդայնացումից հետո Քարվաճառն, այլ տարածքների հետ միասին ընդգրկվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ 1923-1929 թվականներին այն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծված Կարմիր Քուրդիստան շրջանի կազմում։

1930 թվականին քրդերով բնակեցված Քարվաճառը, որն արդեն կոչվում էր Քյալբաջար, Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից վերածվեց նորաստեղծ շրջանի վարչական կենտրոնի։ 1960 թվականի հունվարի 20-ին փոքր գյուղի կարգավիճակ ունեցող Քյալբաջարը Ադրբեջանական ԽՍՀ-ի իշխանությունների կողմից ստացավ քաղաքատիպ ավանի, իսկ 1980 թվականից՝ քաղաքի կարգավիճակ[8][15]։

1960 թվականներից սկսած ադրբեջանական իշխանությունները հսկայական ներդրումներ կատարեցին, և սկսվեց փոքր գյուղակի աննախադեպ չափերով ընդարձակումը։ Կառուցապատման ակտիվ աշխատանքներն ահռելի չափեր են ընդունել հատկապես 1980-1992 թվականների ընթացքում։ Այդ աշխատանքների շնորհիվ շրջկենտրոնը ընդարձակվել էր 6-ից 7 անգամ։ Գրեթե այդքան էլ ավելացել է բնակչությունը[8][15]։ Ըստ պնդումների՝ այդպիսի մեծ ծավալի շինարարական աշխատանքները պայմանավորված էին այն քաղաքական հանգամանքով, որ Քյալբաջար բնակավայրը գտնվում էր Հայաստանի ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միջև, և ադրբեջանական իշխանություններին պետք էր ամրացնել երկու հայկական կազմավորումների միջև գտնվող տարածքը[8][16]։

Արցախյան պատերազմ (1991-1994)[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Քարվաճառի ազատագրումից հետո քաղաքի մուտքի մոտ տեղադրված վահանակ, որի վրա գրված է «Քարվաճառը Հայոց Միջնաբերդն է»

Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը տեղի է ունեցել Քարվաճառի ռազմական գործողությունը, որն իրականացրել են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ընդդեմ Ադրբեջանի զինված ուժերի Լաչին-քելբաջարյան խմբավորման։ Այս ռազմագործողության ընթացքում Քարվաճառ քաղաքն ամբողջությամբ անցնում է հայկական ուժերի վերահսկողության ներքո և հռչակվում է Շահումյանի շրջանի վարչական կենտրոն[17]։

1993 թվականի մարտի վերջին Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևմտյան ռազմաճակատում սրվում է իրավիճակը։ Հայկական ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով Ադրբեջանի բանակի ղեկավարությունը Քարվաճառում տեղակայված ուժերին հրամայում է թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղակայված հայկական ուժերին։ Այդ գործողությունը ստիպել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը հետաձգել «Պուշկենյալ» կոչվող բարձրունքի գրոհը և զբաղվել Արցախի Հանրապետության հյուսիս-արևմտյան շփման գծի պաշտպանությամբ։ Կարճ ժամանակում Պաշտպանության բանակը կարողանում է վերախմբավորել իր ուժերն ու կանխել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների խորացումը դեպի Մարտակերտի շրջան[17]։

Նույն թվականի մարտի 27-ին Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները երեք ուղղություններով սկսում են Քելբաջարի ադրբեջանական հենակետի ոչնչացման գործողությունը։ Մարտի 27-ին, 29-ին և 30-ին հայկական ուժերն իրենց վերահսկողության ներքո են վերցնում մի շարք բնակավայրեր, որտեղից ադրբեջանական ուժերը հրթիռահրետանային հարվածներ էին հասցնում Մարտակերտի շրջանին։ Արդեն ապրիլի 2-ին Պաշտպանության բանակը վերահսկողություն է հաստատում Քարվաճառ-Գանձակ ավտոճանապարհի խաչմերուկի նկատմամբ և շրջափակման մեջ գցում ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորմանը։ Վերջիններիս աջակցելու նպատակով ադրբեջանական 8 միավոր զրահատեխնիկա և 250 հետևակ հարձակման են անցնում խաչմերուկի ուղղությամբ, սակայն հանդիպում են Պաշտպանության բանակի 30 զինվորներից բաղկացած ստորաբաժանմանը և կորցնում 3 միավոր զրահատեխնիկա ու մոտ 60 զինվոր։ Ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորման դեմ մարտերին մասնակցում են Մարտակերտի, Մարտունու, Շուշիի պաշտպանական շրջանների և կենտրոնական ենթակայության ուժերի ստորաբաժանումները։ Ռազմագործողության ընթացքում ջախջախվում է Ադրբեջանի զինված ուժերի լաչին-քելբաջարյան խմբավորումը։ Ռազմագործողությունն ավարտվում է ապրիլի 5-ին հայկական ուժերի՝ Օմարի լեռնանցք հասնելով[17]։

1993 թվականի աշնանը Ադրբեջանի բանակին աջակցելու համար Աֆղանստանից Բաքու են ժամանում մոջահեդներ, ինչպես նաև տարբեր երկրներից հավաքագրված ռազմական փորձագետներ, ինչից հետո ադրբեջանական ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսում Շահումյանի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ։ 1994 թվականի փետրվարին ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն մոտեցել էին Քարվաճառ քաղաքին։ Ադրբեջանական զինված ուժերի այս հարձակումը ձախողվում է[18]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քարվաճառը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[19][4][5][6][7]։

Ստորագրված եռակողմ համաձայնագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել Քարվաճառը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[20]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարվաճառ քաղաքի տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների մասին շատ քիչ տեղեկություններ կան, քանի որ մեծամասամբ այլևս գոյություն չունեն։

Քարվաճառ քաղաքում եղել է հայկական եկեղեցի և հին գերեզմանոց, որոնք, ըստ ենթադրության քանդվել են բնակավայրում հաստատված թուրքերի և թրքացած քրդերի կողմից։ Եկեղեցուց պահպանվել է միայն երեսապատ սալաքարի 37x26x13 սմ չափեր ունեցող արձանագիր բեկոր, որն ունեցել է հետևյալ հայատառ արձանագրությունը՝ «Ս(ՈՒՐ)Բ ՊՌԱՒ...|...ԿԱՒՊԻՈ ...|..'ԶՄԵԾ Տ(Է)Ր'...»[8]։

Բնակավայրի արևելյան կողմում ձգվող ժայռերի մեկում կան բազմաթիվ քարայրեր, որոնցից մեկը նախնադարյան ժամանակաշրջանում օգտագործվել է որպես բնակատեղի-կացարան[8]։

Քաղաքում և հարակից տարածքներում են գտնվում հիմնականում թուրքական անուններ ստացած Ալոլար, Արմուդլու, Բոյախլի, Բորմախբինա, Գլխավոր Ղարաշանլի, Միջին Ղարաշանլի, Վերին Ղարաշանլի, Դարաղշլաղ, Ելիջա, Թաթլար, Թաքդամ, Իմամբինասի, Ղարախանբինա, Ղլըչլի, Մամեդուշաղի, Շափլար, Քեյշթաղ կամ Քեշդեկ, Օթղշլաղ անուններով գյուղատեղիները[8]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջանում Քարվաճառի ընդլայնման ժամանակ Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կողմից հիմնվում է նաև թանգարան։ Ցուցանմուշների մեջ էին նաև մի շարք խաչքարեր, ժայռապատկերներ պարունակող քարեր, ձիթհանների (ձեթ քամող հարմարանքի) կլոր քարեր, տապանաքարեր և այլն։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի վկայությունների՝ թանգարանում խաչքարերը ներկայացվում էին «աղվանական խաչդաշ» գրությամբ, երբեմն էլ խաչերը քերված տեսքով[8]։ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի իշխանությունները թանգարանի ցուցանմուշների մեծ մասը տեղափոխեն են Բաքու։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարվաճառի բնակչությունը տարբեր տարիների ենթարկվել է տատանումների, այդ թվում՝ ազգային կազմի տեսակետից։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ Քարվաճառ բնակավայրը շարունակել է հայաբնակ մնալ մինչեւ 1730–ական թվականները և ամայացել գավառի շատ գյուղերի հետ միաժամանակ։

19-րդ դարի դարի կեսերին Քարվաճառում հաստատվել են անասնապահությամբ զբաղվող քրդեր։ Խորհրդային տարիներին, երբ Քարվաճառն ընդգրկված էր Ադրբեջանական ԽՍՀ-ի Քելբաջարի շրջանում, քաղաքում բնակվում էին ադրբեջանցիներ։

Համաձայն «Կովկասյան օրացույց» պարբերականի՝ 1908 թվականին Քարվաճառ գյուղում բնակվել են 263[21], իսկ 1912 թվականին 300 ադրբեջանցիներ, որոնք նշված են եղել որպես «թաթարներ»[22]։ Ըստ Խորհրդային Միության 1989 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքն ունեցել է 7246 բնակիչ[23]։

Արցախյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած Քարվաճառի ազատագրման ռազմագործողությունից հետո քաղաքն ուներ հայ ազգաբնակչություն։ 2005 թվականին Արցախի Հանրապետությունում անցկացված համընդհանուր մարդահամարի տվյալներով Քարվաճառում բնակվել է 491 մարդ[1]։ 2015 թվականի դրությամբ համայնքի բնակչությունը կազմել է 742 մարդ (171 տնտեսություն)[2]։

Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 25-ից Քարվաճառում չեն գործում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները, քանի որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Շահումյանի շրջանի՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքը, այդ թվում՝ Քարվաճառ քաղաքը հանձնվել է Ադրբեջանին[4][5][6][7]։

Քարվաճառում գործում էր միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բժշկական հաստատություն, քաղաքապետարան։ Համայնքային հիմնական ճանապարհները մասսամբ ասֆալտապատ, խճապատ և գրունտային էին։ Կոմունիկացիաների տեսակետից քաղաքը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը, ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գործում էին առևտրի բազմաթիվ օբյեկտներ, բանկի մասնաճյուղ[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում աշխատում էր[Ն 2] տարբեր պետական հիմնարկներում, շրջկենտրոնի պետական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Կադաստրային չափագրումներ չիրականացնելու պատճառով գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մասին ստույգ տեղեկություններ չկան[2]։

Հանքային պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարվաճառի տարածքում առկա են մոլիբդենի, բազալտի, պորֆիրիտի, կավի և ծծմբային կրաքարի հանքային պաշարներ[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի շենքը, 03․11․2012թ․

Հայ մատենագիր Թումա Սյունեցու ձեռքով ստեղծված «Մեկնութիւն Աւետարանին Մատթէոսի, Գրիգորի Տաթեւացւոյ» աշխատության մեջ Քարվաճառը 1402 թվականին առաջին անգամ հիշատակվում է որպես գրչօջախ[12]։

1980-ականներին Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները Քարվաճառում բացում են 2 դպրոց և հանրային գրադարան[24]։

Արցախյան պատերազմից հետո, երբ քաղաքը անցնում է հայկական ուժերի վերահսկողության ներքո, Արցախի Հանրապետության իշխանությունները բացում են միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում է 133 աշակերտ[2]։

Միջազգային կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին[25][26]։


Քարվաճառի համայնապատկերը
Քարվաճառի համայնապատկերը


Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի Քարվաճառը անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի Քարվաճառը անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ)
  9. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ. 57, ց. 1, գ. 4, թ. 4։
  10. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ. 468, ց. 2, գ. 73, թ. 1։
  11. 11,0 11,1 11,2 Լ. Խաչիկյան «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, Ա հատոր, էջ 24)։
  12. 12,0 12,1 «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Ա, Երեւան, 1955, էջ 24 (ձեռագիր N 3578)։
  13. 13,0 13,1 13,2 Հովհաննես Կարագյոզյան, Հակահայկական սեպը եւ նրա չորս շրջկենտրոնները, «Երկիր», 1994, N131, էջ 5։
  14. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  15. 15,0 15,1 «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան», հատոր V, Բաքու, 1981, էջ 334։(ադրբ.)
  16. Ս. Կարապետյան, Ինչպէ՞ս էին իւրացնամ հայկական հողերը (Քարվաճառ քաղաքի օրինակով), «Ազատամարտ», 1994, N 40, էջ 13։
  17. 17,0 17,1 17,2 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարան, Երևան, 2004 թվական, (Էլեկտրոնային տարբերակը Վիքիդարանում)։
  18. Թոմաս դե Վաալ, «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով», 2004 թվական, գլուխ 15։
  19. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  20. Մենք տուն ենք թողնում, ուրիշները իրենց որդիներին. Քարվաճառում մարդիկ այրում են տները` թշնամուն հանձնելուց առաջ, (արխիվացված 05․04․2021թ․
  21. Кавказский календарь, Тифлис 1908 г.(ռուս.)
  22. «Кавказский календарь. Тифлис 1912»  (ռուս.)
  23. Всесоюзная перепись населения 1989 г., Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу,(ռուս.) (արխիվացված 05.04.2021թ․)։
  24. Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. — Баку: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1981. — Т. 5. — С. 334.(ադրբ.)
  25. A Regular Meeting of the City Council was held in the Council Chamber, Pico Rivera, (արխիվացված 21․03․2021թ․(անգլ.)
  26. Քարվաճառն ու Քալիֆորնիայի Պիկո Ռիվերան բարեկամ քաղաքներ են դարձել, (արխիվացված 21․03․2021թ․