Jump to content

Հայ Պարիս

բնակավայր
Հայ Պարիս
40°26′51.094″N 46°33′21.478″E / 40.44752611°N 46.55596611°E / 40.44752611; 46.55596611
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյանի շրջան
ԳյուղԳերանբոյի շրջան և Շահումյանի շրջան
Այլ անվանումներՆոր Պարիս, Նիժնի Բորիս, Բորիս[1]
Կլիմայի տեսակբարեխառն-ցամաքային, չոր
Բնակչություն- մարդ
Ժամային գոտիUTC+3
Հայ Պարիս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հայ Պարիս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Հայ Պարիս, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հյուսիս-արևելքում[1][3]։ Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[1][3], իսկ ըստ Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Գերանբոյի շրջանի տարածք[4]։

Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1992 թվականի հունիսի 13-ից անցել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[1]։

Բնակավայրը իր անունը ստացել է պատմական Պարիս գյուղի անունից, որը հետագայում դարձել է ռուսաբնակ և վերանվանվել Ռուս Պարիս։ Նոր բնակավայրը կոչվել է Նոր Պարիս կամ Հայի Պարիս։ Ռուսական տեղեկագրերում Հայի Պարիս բնակավայրը հաճախ ներկայացվել է որպես Նիժնի Բորիս կամ Բարիս անվանաձևերով։ Ըստ ավանդության՝ Պարիս անունն առաջացել է Եպրաքսիա կույսի անունից[1]։

Ներկայում բնակավայրի հայկական անունը Հայի Պարիս է։ Այն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը անցնելուց հետո Ադրբեջանական կառավարության կողմից վերանվանվել է Բյորյու[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Շահումյան (Ներքինաշեն) ավանից 2.9 կմ հյուսիս՝ ծովի մակերևույթից 960-1010 մ բարձրության վրա՝ համանուն Հին կամ Ռուս Պարիս գյուղից 4.4 կմ հյուսիս-արևելք։

Գյուղը նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ[5]։ 1839 թվականին Թեմուրազ բեկ Մելիք-Բեգլարյանը Հին Պարիսի բնակչությանը բռնությամբ փոխադրում է գրեթե 6 կմ դեպի արևելք՝ գյուղի գոմերի տարածքը և հիմնում նույնանուն նոր գյուղ[6]

«...հողատէր իշխան Թէմուրազ բէկն Բէկլարով մեր սեպհական գիւղիցն մեզ զոռով դուրս արաւ, մեր գիւղն տուաւ մալականների..., այժմ յիշեալ Բարիս գիւղին գոմերումն շէն քցած մնացինք...

Ավելի ուշ խնդրի կապակցությամբ բանահավաք Սարգիս Քամալյանը նշում է.

«1840 թվերին սրա տեղը բռնել են մալականները, իսկ հայերը տեղափոխվել են ներքև՝ դաշտավայրը երեք վերստ հեռու...:...այժմեան՝ հայոց, թէ՛ մալականների Պարիս գեղերը գտնվում են Մելիք-Բեգլարանց կալվածքում»

1870 թվականին Սուրբ Էջմիածնում շինարարական աշխատանքներին օժանդակելու նպատակով գյուղի հասարակությունը հատկացնում է 15, իսկ տեր Մովսեսը՝ 3 ռուբլի։

19-րդ դարի վերջերին կալվածատերն էր Ալեքսանդր Մելիք-Բեգլարանցը։

Հայ-թաթարական ընդհարումների դժնդակ օրերին Պարիսը կրում է ոչ միայն նյութական, այլև մարդկային կորուստներ։ Մասնաորապես 1905 թվականի սեպտեմբերի 29-ին «...մօտ 1ՕՕ զինուած թուրքեր Բորիսի գիւղի ճանապարհին յարձակւում են մի քանի ֆուրգոններով գնացող նոյն գիւղացի մալականների վրա, որոնց հետ եղել են և 4 հայ:Թուրքերը մալականներից պահանջում են, որ յիշեալ հայերին իրենց ձեռքը յանձնեն։ Մալականները մերժում են։ Այն ժամանակ թուրքերը գնդակահար են անում հայերին, որոնք թաքնւած են լինում ֆուրգոնների ետևը, և սպանում են նրանցից երեքին»։

1905 թվականի հոկտեմբերի կեսերին թուրքերը գյուղի հանդերից հափշտակում են 72 տավար, իսկ նույն ամսվա 18-ին «...տանում են Պարիս հայկական գիւղից 50 գլուխ տաւար և ձի»։ Դեպքի մասին հոկտեմբերի 26-ին նշվել է. «Անցեալներն օրը ցերեկով գիւզարլուեցի Հասան-Ալի-Թաթ-Իբրահիմ-օղլին և Մամեդ-Մուստաֆա-օղլին, իրենց մի քանի համագիւղացիներով, յարձակվում են հայ Պարիս գիւղի հասարակած տաւարի վրայ, քշում տանում են 40 գլուխ տաւար և ձի։ Գիւղացիք, փոքրաթիւ լինելով, չեն համարձակւում հետամուտ լինելու։ Գիւղացիք այս մասին գանգատուել են այդ մասի պրիստաւին, վերջինս պատուիրել է գիւղացիներին ուրիշի ոչինչ չասել, ինքն 10 օրից յետոյ գնալու է Պարիս և խօսք է տալիս ապրանքները վերադարձնելու»։

Սակայն ոչ միայն գողոնը չի վերադարձվում, այլև դրան հետևում է հափշտակության նոր դեպք։ Վերջինիս պատմում է 1906 թվականի հունվարի 31-ի թղթակցությունը. «Թուրքերը Հայ-Բօրիս գիւղի տաւարները քշել են տավարածների հետ միասին։ Գիւղացիները վրայ են հասել ազատել են գերւած հայերից մէկին և տաւարի մի մասը»։

Արտաքին ոտնձգություններից զատ գյուղացիներին օր ու արև չէին տալիս նաև ներքին ցեցերը։ Այդ մասին 1906 թվականին նշվել է. «Նիժնի-Բօրիս (հայկական) գիւղի բնակիչները խնդրել են գեներալ-նահանգապետին ազատել իրենց «Խումբերի» քայքայիչ ազդեցութիւնից։ Բողոքում անւանւած էր մի քանի անձնաւորութիւնների անուններ, որոնք և ձերբակալեցին յատոււկ ուղարւած պահակախմբի կողմից։ Ներկայումս բողոքի հեղինակները թողել են գիւղը և հեռացել, վախենալով իրենց վերաբերմամբ տէրրօրից «խումբի» կողմից»։

1918-1920 թվականներին գյուղն իսպառ քայքայվում է և ամայանում։ Միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո աստանդական դարձած պարիսցիները հնարավորություն են ունենում վերադառնալու հայրենի գյուղ և շենացնելու այն։ Հայ Պարիսի նկատմամբ ոտնձգություններն ու լարվածությունն աճում են նաև Արցախյան ազատամարտի հենց սկզբներից, որն ավարտվում է 1992 թվականի հունիսի 13-ի գյուղի ողբերգական անկմամբ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1840-ական թվականների սկզբներին ծնունդ առած Նոր կամ Հայի Պարիս գյուղի բնակչության տվյալների շարքում կա մեկը, որը մատնանշում է պարիսցիների թվաքանակն այն ժամանակ, երբ նրանք դեռևս բնակվում էին իրենց բուն՝ հինավուրց գյուղում. դա 1832 թվականի վիճակագրությունն է, իսկ ընդհանրապես տվյալների ժամանկագրական համադրումը ցույց է տալիս, որ գյուղի բնակչությունը մինչև 1970-ական թվականների վերջերն անընդհատ աճ է արձանագրել։

Ըստ 1832 թվականին կազմած վերոնշյալ վիճակագրության՝ պարիսաբնակներն էին 33-ամյա Ավագ Օհանյան Սահակյանցը, կինը՝ 29-ամյա Մարիամը, որդին՝ 8-ամյա Աբրահամը; 50-ամյա Ազարիա Սարգսյան Խաչատրյանցը, կինը՝ 46-ամյա Հռիփսիմեն, դուստրերը՝ 8-ամյա Խաթունը, 6-ամյա Թագուհին, 4-ամյա Սոնան, Ազարիայի եղբայրը՝ 47-ամյա սիմեոնը, կինը՝ 32-ամյա Եղիսաբեթը; 49-ամյա Դանիել Գրիգորյան Հակոբյանցը, կինը՝ 44-ամյա Թամամը։

Ի դեպ, 1916 թվականին գյուղում հանգրվան էր գտել ցեղասպանությունից մազապուրծ 17 հայ։

Հին և Նոր Պարիսների՝ միայն հայ բնակչության թվաքանակն արձանագրված վիճակագրական տվյալների համադրումը, որը պարզում է շուրջ 160 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ բնակչության շարունակական աճը, ներկայացնում է հետևյալ պատկերը.

# Տարեթիվ Տուն Արական Իգական Միասին
118325712
21851165447101
3186423
4188636190172362
5188938191
6189337176135311
7189435
8189837191172363
91901214158372
101902216162378
11190549235170405
121908352277629
131909461283744
141910468289757
15191289233245478
161914502
171915530
181918120497322819
1919251533
201970179419460879
211978941
221992

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Սամվել Կարապետյան, «Մռակավանք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2019 թվական, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2022-02-19 Wayback Machine)
  2. ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. 1 2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  5. ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 753
  6. ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ 56, ց. 1, գ. 4504, թ. 1, (գրվել է 1864 թվականին)