Ճարտար (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճարտար (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Ճարտար | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
ԲԾՄ | 780 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1 738[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ճարտար, քաղաք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 78 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 3883,8 հա տարածք, որից 2665,38 հա գյուղատնտեսական նշանակության, 832,59 հա անտառային հողեր։
Ճարտարը սկզբնապես գյուղի կարգավիճակ է ունեցել (եղել է Արցախի ամենամեծ գյուղական համայնքը), սակայն 2014 թվականի նոյեմբերի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ընդունվեց կառավարության առաջարկը` Մարտունու շրջանի Ճարտար համայնքին տալ քաղաքի կարգավիճակ[2]:
Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարը բաղկացած է Ղուզե (հյուսիսահայաց) Ճարտար, Ղուզե Կալեր, Գյունե (արևելահայաց) Ճարտար և Գյունե Կալեր գյուղերից, որոնք գտնվում են իրարից 1-1,5 կիլոմետր հեռավորության վրա: Հյուսիսային մասով ձգվող ժայռոտ լեռնաշղթան արևմուտքում միանում է Ալանբոթ հսկա լեռանը, որից դեպի հարավ տարածվում են Սարեն արտ և Եղիշեի լեռնազանգվածները, որոնց բազուկներից մեկի վրա էլ գտնվում է Եղիշեի նշանավոր վանքը:
Ճարտարի արևմտյան մասում է գտնվում մի լեռնանցք, որը տեղական բարբառով կոչվում է Գյադուկ: Մեկ ուրիշ լեռնանցք, որով ճանապարհը ձգվում է դեպի Սոս, Հերհեր, Կարմիր շուկա և այլ գյուղեր, գյուղացիները կոչում են «Արյունոտ Գյադուկ»:
Ճարտարի հյուսիսարևմտյան մասում է գտնվում հսկայական մի բերդ, որի միջնաբերդի կատարին դեռ երևում են «Նահատակ» սրբավայրի ավերակները: Շատ քչերին է հաջողվել բարձրանալ նրա միջնաբերդը:
Ճարտարի մոտակայքում կան հինգ գյուղատեղիներ, որոնցից ամենանշանավորը Շինատեղն է: Այն գտնվում է Ճարտարի հարավային մասում՝ Եղիշեի վանքից մոտ երկու հարյուր մետր դեպի հյուսիս-արևմուտք: Այստեղ հայտնաբերված բազմաթիվ հնագիտական իրերը՝ կավե և պղնձե ամանները, շենքերի հետքերը, հին գերեզմանատները, նաև այն հանագամանքը, որ տեղացիներն այդ վայրերն անվանում են «շինատեղ», հիմք են ծառայում պնդելու, որ հիշյալ գյուղատեղիները երբեմնի հին բնակավայրերի մնացորդներ են: Ըստ ուսումնասիրությունների՝ «Մռավի թաղ», «Քյամալա աղբյուր», «Ղալին խութ» հնավայրերը եղել են ոչ թե մշտական ապրելատեղեր, այլ հարձակումներից պաշտպանվելու, թաքնվելու ժամանակավոր կացարաններ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտար քաղաքի բնակչությունը շուրջ 5000 է, իսկ տնտեսությունները 1200:Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Շուրջ 2 մետր բարձրություն ունեցող վիթխարի կարասները վկայում են ոչ միայն տեղացիների կավագործական արհեստի բարձր մակարդակի, այլև նրանց երկրագործական և առանձնապես այգեգործական ակտիվ գործունեության մասին: Կարասներում գտնվել են խաղողի կորիզներ և գինու քարացած մրուր[3]:
2014 թվականի փետրվարի 1-ից ի վեր Ճարտարում գործում է «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ մասնաճյուղը[4], որի նպատակն է արցախյան ավանդական գորգագործության ավանդույթների պահպանումը[5]:
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (1787 թ.), «Կոհակ» եկեղեցին (10-13-րդ դարեր), Ճարտար բերդը (մ.թ.ա. 1-3-րդ դարեր), Նահատակ բերդը, Եղիշեի վանքը։
Ճարտարում 2018 թվականի հունիսի 16-ին տեղի է ունեցել Սուրբ Վարդանանց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը[6][7][8]: Եկեղեցին կառուցվել է «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի միջոցներով: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 26-ին[9]:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Ճարտարի մեջ միավորվող գյուղերի աղբյուր-հուշարձանները՝ Մոտե ջուր, Ծրվա ջուր, Գովեն աղբյուր, Ըսլար (Սալեր) և Ելազին, Կեռին աղբյուր:
Եղիշեի վանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղուզե Ճարտար գյուղից հարավ բարձրացող լեռան գագաթին է գտնվում Եղիշեի կամ Ղշա վանքը: Վանքի միակ եկեղեցին արձանագրությունների մեջ կոչվում է Եղիշայ կույսի անապատ: Այն ուշ միջնադարի ոճի հատուկ բազիլիկ է, ներսում ունի երկու սյուն, ծածկը թաղակապ է: Բեմի երկու կողմում կան ուղղանկյուն հատակագծով խորաններ: Պատերում բացված են երեք մեծ խորշեր: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Կամարները, մույթերը, լուսամուտների և դռան եզրերը շարված են մաքուր տաշած քարերով, իսկ մնացած մասերը՝ անտաշ որձաքարերով:
Հին շենքի հիմնադրման ժամանակը ստույգ հայտնի չէ: Ըստ վիմական արձանագրության՝ XII դարից եղել է նշանավոր ուխտատեղիներից մեկը: Հետագայում այն ավերվել է, և XVII դարում վերակառուցվել: «Ուստայ Կաբրըելս շինեցի այս եկեղեցին ի ձեռամբ իմով....» (արձանագրությունը պետք է հասկանալ վերակառուցելու իմաստով): Վերակառուցումը կատարվել է 1655 թվականին երկու կրոնավորների՝ Հովհան աբեղայի և իր որդեգիր՝ կրտսեր տեր Հովհանի կողմից: Շինարարության արձանագրությունը մուտքի ճակատակալ քարին է: Կտուրի վրա իբրև զանգակատուն ունեցել է փոքրիկ կաթողիկե, որն այժմ կիսավեր վիճակում է: Եկեղեցու ավագ խորանում՝ բեմի տակ, գտնվում է Եղիշե կույսի դամբարանը:
Վանքը հնում պարսպապատ է եղել[10]:
Հուշակոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարում կան մի շարք հուշակոթողներ՝ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ճարտարցիների հիշատակին նվիրված հուշակոթողը (պատերազմին մասնակցած 1000 ճարտարցիներից 451-ը զոհվել են), Արցախյան ազատամարտում զոհված նահատակների հուշարձան, որը գտնվում է Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատի հարևանությամբ:
Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն Ադամյանի ղեկավարության տարիներին (1945 թվականի մայիսի 5-ից շուրջ 40 տարի նա ղեկավարել է Ճարտարը[11])՝ 1961 թվականին, Ճարտարում կառուցվում է Մշակույթի պալատը. այն կառուցվել է Արթիկից բերված վարդագույն տուֆով: Այս նշանակալի կառույցը Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի նմանությամբ է կառուցվել, սակայն չափերով ավելի փոքր է: Կառույցի նախագծի հեղինակը Ալեքսանդր Թամանյանի որդին է՝ Գևորգ Թամանյանը [12]:
Այժմ մարզամշակութային պալատը կրում է ճարտարցի քաջ մարտիկ Սևակ Ղուկասյանի անունը, ով 2011 թվականի ապրիլի 29-ին հերոսաբար ընկավ թշնամու գնդակից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf ԼՂՀ մարդահաշիվ
- ↑ One Studio։ «Արցախի Ճարտար համայնքը քաղաքի կարգավիճակ ստացավ»։ www.yerkir.am (ամհարերեն)։ Վերցված է 2019-03-25
- ↑ Մկրտչյան Շահեն (1985)։ Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները։ Երևան: Հայաստան։ էջ 152
- ↑ «Ճարտարի գորգագործական արտադրամասի աշխատատեղերի թիվը կկրկնապատկվի»։ artsakhpress.am։ Վերցված է 2019-03-30
- ↑ Պողոսյան Աշխունջ (2015)։ «Արցախյան գորգագործական ավանդույթների տարածման արեալների ու Կովկասի հարավարևելյան գորգագործական կենտրոնների փոխառնչությունների մասին»։ Բանբեր հայագիտության, N 3
- ↑ «Ճարտար քաղաքում տեղի է ունեցել Սրբ Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը»։ artsakhpress.am։ Վերցված է 2019-03-30
- ↑ «Օծվեց Ճարտարի Սուրբ Վարդանանք նորակառույց եկեղեցին»։ www.hhpress.am։ Վերցված է 2019-03-30
- ↑ «Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-30
- ↑ LLC Helix Consulting։ «Վարչապետը Ճարտարում մասնակցել է Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը»։ gov.nkr.am (անգլերեն)։ Վերցված է 2019-03-30
- ↑ Մկրտչյան Շահեն (1985)։ Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները։ Երևան: Հայաստան։ էջեր 152–154
- ↑ «ՆՐԱ ԿԱՏԱՐԱԾԸ ՍԽՐԱՆՔ ԷՐ»։ www.artsakhtert.com։ Վերցված է 2019-03-30
- ↑ «Գևորգ Թամանյան» (հայերեն)։ 2016-10-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
- Մեր երկիրը՝ Ճարտար
- Чартар – самое крупное село Нагорного Карабаха...
- Ճարտար
|