Բերդաշեն, գյուղ ԱրցախիՄարտունու շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք՝ 750 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 4525 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հուշարձան-թանգարան, բուժամբուլատորիա։
Գյուղում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, շրջակայքում՝ Մեծ նահատակ (համանուն լեռան վրա) եկեղեցին (վերականգնված), Աղջկաբերդ (Կուսաբերդ), Պիծին նահատակ, Սորփ (Սուրբ) մատուռները։
1988 թ.-ին Բերդաշենում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ն. Սողոմոնյան), 1991 թ.-ին՝ կամավորական վաշտ (հրամանատար՝ Լ. Գևորգյան), 1992 թ.-ին՝ Բերդաշենի ձորակի միավորված ջոկատը (հրամանատար՝ Ն. Սողոմոնյան)։ Բերդաշենի և այլ ջոկատների հիմքի վրա 1992 թ.-ի սեպտեմբերին ստեղծվել է Մարտունիի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակը։ Մասնակցել են Ավդալ-Վազգենաշեն ուղղության, Մարտակերտի, Քարվաճառի, Հորադիզի և ԼՂՀ այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ Բերդաշենից հրամանատարներ են եղել Ն. Սողոմոնյանը, Է. Գևորգյանը, Լ. Գևորգյանը, Ա. Զարգարյանը, Կ. Զարգարյանը, Յու. Հովսեփյանը, Գ. Իսրայելյանը, Բ. Աբելյանը, Ա. Հարությունյանը, Կ. Պողոսյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Է. Գևորգյանը, Կ. Զարգարյանը, Յու. Հովսեփյանը, Կ. Աղաջանյանը, Կ. Առստամյանը, Ա. Ավետիսյանը, Է. Աբրահամյանը։ <<Մարտական խաչ >> 1֊ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Կ.Առստամյանը ։ Բերդաշենից զոհվել է 24 ազատամարտիկ[2]։