Պառավաթումբ
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Պառավաթումբ | ||
ադրբ.՝ Qarıtəpə | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
Մակերես | 576,99 հա կմ² | |
ԲԾՄ | 867 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 140 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պառավաթումբ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 29 կմ հեռավորության վրա։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի «Պառավաթումբ» անվանման հետ կապված է մի ավանդազրույց։ Հնում գյուղի մոտով անցել է մի զորաբանակ։ Գյուղի տներից մեկում մի պառավ կին հաց թխելիս է լինում։ Զորաբանակի հրամանատարը պառավին առաջարկում է զինվորներին հաց տալ, սակայն պառավը հրաժարվում է։ Հրամանատարի հրամանով յուրաքանչյուր զինվոր մի բահ հող է գցում պառավի վրա և պառավը մնում է հողի «թմբի տակ» թաղված, որտեղից էլ առաջացել է գյուղի «պառավի թումբ՝ Պառավաթումբ» անվանումը։ Գյուղի անվան հաջորդ տարբերակը, ըստ գյուղի տեղաբնակների, կապվում է Կապանի Պառավաթումբ գյուղից եկածների հետ, որոնք էլ գյուղն անվանել են իրենց հին բնակավայրի անունով։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 576,99 հա տարածք, որից 413,05 հա գյուղատնտեսական նշանակություն, 128,7 հա անտառային հողեր։ Պառավաթումբ համայնքի սահմանային գոտով հոսում է Խանաշեն գետը։ Համայնքի տարածքում առկա է 1 աղբյուր` «Մագուն», կա 1 չգործող ջրահավաք սրահ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պառավաթումբ գյուղի կլիման բարեխառն մերձարևադարձային է, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +10 աստիճան է, հուլիսին ջերմաստիճանը կազմում է +18-ից մինչև +22 աստիճանի, առավելագույն ջերմաստիճանը հասնում է +37 աստիճանի, լեռներում՝ +32 աստիճանի։ Հունվարում ջերմաստիճանը հասնում է -8-ից մինչև -12 աստիճան, նվազագույնը՝ -17 աստիճանի, իսկ լեռներում ջերմաստիճանը հասնում է -26 աստիճանի։ Տեղումների քանակը կազմում է 410-520մմ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989-1990 թվականներին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որն առանձին, իսկ 1992 թ․ ներառվելով Մարտունու պաշտպանական շրջանի Պաշտպանական Բանակի ստորաբաժանումների կազմում, մասնակցել է Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և Արցախի ուրիշ շրջանների բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Գյուղի բնակիչները մասնակցել են 1941-1945 թթ․ պատերազմին։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պառավաթումբ գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են 18-րդ դարում կառուցված սբ․Աստվածածին եկեղեցին, 4-12-րդ դարերի սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 4-13-րդ դարերի գյուղատեղի մնացորդները, 13-րդ դարի հին գերեզմանոցը, դպրոցի առաջին հարկում գյուղի հին մատուռն է, որին գյուղացիները «Ժամ» են անվանում։ Գյուղում պահպանվել է «Ագռավաքար» կոչվող քարը, որի հետ կապվում է մի ավանդազրույց։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պառավաթումբ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 140 մարդ, կա 40 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 165 | 159 | 122 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պառավաթումբ գյուղի բնակիչները զբաղվել և զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ, մեղվապահությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործել և գործում են տարրական դպրոց(երեխաները ուսումը շարունակում են Կաղարծին գյուղի դպրոցում), ակումբ(2006 թ․ կառուցվել է նոր մշակույթի տուն), գրադարան, բուժկայան, առևտրի 1 կետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|