Արցախի Հանրապետության ընդհանուր տարածքը կազմում է 11.458 կմ² և վարչակա-տարածքայնորեն բաժանված է 8 շրջանների[2]։ Մայրաքաղաք Ստեփանակերտը նույնպես շրջանի կարգավիճակ ունի։ Շրջանները իրենց հերթին բաժանված են 242 համայնքների։
Արցախի Հանրապետությունը հռչակվել է ԼՂԻՄ-ի՝ 6 շրջանի (Ստեփանակերտի հետ), 4 քաղաքի ու 4 քաղաքատիպ ավաններիի և Շահումյան շրջանիի (չշփոթել համանուն շրջանի հետ) տարածքներում, որոնց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ հանրաքվեից հետո, միացել է նաև Գետաշենի ենթաշրջանը։ 1992-1994 թվականի պատերազմի արդյունքում ազատագրված տարածքները նույնպես ընդգրկվել են երկրի վարչատարածքային կառուցվածքի մեջ, և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի1998 թվականին ընդունած օրենքով սահմանվել է հանրապետության նոր վարչատարածքային կառուցվածքը, որը ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի շրջաններն ու Ստեփանակերտ քաղաքը, ընդհանուր՝ 10 քաղաք և 322 գյուղ (264 համայնք)։ Միևնույն ժամանակ, Արցախի Սահմանադրության 142-րդ հոդվածով սահմանվել է. «Մինչև Արցախի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»։ Դեռևս Ադրբեջանի վերահսկողության տակ են բուն Շահումյանի շրջանը՝ 22 գյուղ (17 համայնք), ինչպես նաև Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ տարածքներ։ Նորաստեղծ Քաշաթաղի շրջանն ընդգրկում է Բերձորի, Քաշունիքի և Կովսականի (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Ձանգելանի շրջաններ) տարածքները։ Արցախի Հանրապետության տարածքը ներկա սահմաններով ընդգրկում է պատմական Հայաստանի, հիմնականում՝ Արցախ, մասամբ՝ Սյունիք աշխարհների լեռնային հատվածները։ Արաբների, սելջուկ թուրքերի և մոնղոլների տիրապետության շրջանում այստեղ ձևավորվել է Խաչենի կիսանկախ իշխանությունը, որն ընդգրկել է Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունիի շրջանները և նրանց հարակից հայաբնակ, ինչպես նաև Սևանա լիճ արևելյան և հարավային ափամերձ տարածքները։ XIV դարի վերջից Խաչենի իշխանությունը դադարել է գոյություն ունենալուց, և Արցախում կայուն վարչատարածքային միավորներ չեն եղել։ XVI դարում Սեֆյան Պարսկաստանին ենթակա Հարավային Կովկասի արևելյան մասի վարչատարածքային միավորները կոչվել են լարբեգություններ (վիլայեթ, 1747 թվականից՝ խանություն)։ Ղարաբաղի բեկլարբեկությունը միավորել է Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի մելիքությունները և Միլլի դաշտավայրի մի հատվածը, որոնք XVIII դարի առաջին կեսին միավորվել են Խամսայի մելիքությունների մեջ։ 1800-ական թվականներին՝ երկրամասը Ռուսաստանին միացվելուց հետո, Ելիգավետպոլի նահանգի կազմում էին ըևդգըրկված Արցախ-Ղարաբաղի լեռնային հատվածը՝ Շուշիի, Կարյագինոյի (Ջաբրայիլ) և Ջիվանշիրի գավառներով, ինչպես նաև Ջանգեզուրի գավառը, Ղազախ-Շամշադինն ու Գանձակը։ Խորհրդային Ադրբեջանի կազմում 1923 թվականի հուլիսի 7-ին ստեղծվել է ԼԴԻՄ-ը՝ 5 վարչական շրջաններով՝ Դիզակի (ներառել է Հադրութի, Տողի, Առաքյալի, Ուխտաձորի ու Խոզաբուրտի գավառակները և 48 գյուղ, 1939-ից՝ Հադրութի շրջան), Վարանդայի (Թաղավարդի, Սոսի, Ճարտարի, Նորաշենի գավառակները և 46 գյու[ղ, 1930-ից՝ Մարտունիի շրջան), Խաչենի (Դաշբուլաղի, Ասկերանի, Կարմիր գյուղի, Գալաձորի գավառակները և 53 գյուղ, 1939 թվականից՝ Ստեփանակերտի, 1978 թվականից՝ Ասկերանի շրջան և Ստեփանակերտի քաղաք-շրջան), Ջրաբերդի (Մարգուշավանի, Հոռաթաղի, Դոկշանլոփ, Հաթերքի գավառակները և 53 գյուղ, 1939 թվականից՝ Մարտակերտի շրջան) և Շուշիի (Շուշի քաղաքը, Մալիբեկլոփ գավառակը և 12 գյուղ)։ Շրջանները բաժանված էին 19 գավառակների։ Ինքնավար մարզն ուներ 2 քաղաք՝ Ստեփանակերտ ու Շուշի, և 222 գյուղ։
Շահումյանի շրջանը այժմ Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ է և հայ բնակչությունը դուրս է մղված և կազմում է ազատագրված Վայկունիքի գավառը։ Այս ութ շրջաններին մեջ են մտնում նաև ազատագրված յոթը հայկական պատմական գավառները՝ Ճրաքն, Կովսական, Քաշունիք (Աղավնո գետի հովիտ, Քաշաթաղի շրջան) Վայկունիք (Տրտու գետի վերին հովիտը), Ակն (Տիգրանակերտի դաշտակ, նախկին Աղդամի շրջան) և Մուխանք (Արցախի դաշտավայր)։
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։