Արցախի նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արցախի Նախագահ
Emblem of the Republic of Artsakh.svg
Պաշտոնավարում է՝
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
ՏիտղոսՊարոն Նախագահ
ՆստավայրԱՀ Նախագահի նստավայր
Պաշտոնավարման ժամկետՀինգ տարի
երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ
Անդրանիկ պաշտոնավարՌոբերտ Քոչարյան

Արցախում կառավարման նախագահ, ինստիտուտը մտցվել է 1994 թվականի դեկտեմբերի 21- ին։ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Նախագահը հանրապետությունը ներկայացնում է միջագգային հարաբերություններում և իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը։ Ընտրվում է ԱՀ քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով։ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ԱՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում։ ԱՀ Նախագահը Սահմանադրությամբ սահմանված կարգով նշանակում է պետական նախարարին։ Պետական նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարության մյուս անդամներին։ Աժ-ին առաջարկում է Գերագույն դատարանի նախագահի և մյուս դատավորների թեկնածությունները, նշանակում առաջին ատյանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված այլ դատարանների նախագահներին և մյուս դատավորներին, դադարեցնում դատավորների լիազորությունները։ Աժ-ին առաջարկում է գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Նշանակում է Արդարադատության խորհրդի 2 իրավաբան անդամներին, կազմավորում է Անվտանգության խորհուրդը և նախագահում այն։ ԱՀ նախագահը ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում ու ազատում է ԶՈՒ-ի և այլ զորքերի բարձրագույն հրամանատար, կազմը։ Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված դեպքերում արձակում է Աժ-ն և նշանակում արտահերթ ընտրություններ։ ԼՂՀ ԳԽ-ն 1994 թվականին ԼՂՀ առաջին նախագահ է ընտրել Ռոբերտ Քոչարյանին, իսկ 1996 թվականի նոյեմբերին նա վերընտրվել է համընդհանուր ընտրություններով։ 1997-2000 թվականներին և 2000-2005 թվականներին ԼՂՀ նախագահ է եղել Արկադի Ղուկասյանը, 2007-2020 թթ. Բակո Սահակյանը։ 2020 թվականից ԱՀ գործող նախագահն է Արայիկ Հարությունյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png