Շուշիի շրջան (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շուշիի շրջան (այլ կիրառումներ)

Շուշիի շրջան, Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շուշիի շրջանի մակերեսը կազմում է 381 կմ², բնակչությունը՝ 4.324 մարդ (2005 թ.[1])։ Շրջկենտրոնը Շուշի քաղաքն է՝ 1918-1920 թթ. Արցախի ինքնահռչակ պետության մայրաքաղաքը։ Մակերևույթն ամբողջապես լեռնային է և ծածկված անտառներով և թփուտներով։ Նրա հարավային՝ Հադրութի շրջանին սահմանակից հատվածում վեր է խոյանում Քիրս լեռը, որի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Քիրսը, ունի 2748 մ բարձրություն[2]։ Շրջանի տարածքով են անցնում Կարկառ գետի արևելյան վտակը՝ Շուշինկան և արևմտյան վտակ Ղայբալին։ Շրջանի գեղատեսիլ վայրերից է Հունոտի կիրճը։

Շուշիի շրջան

Շրջանը հյուսիսից և արևելքից սահմանակցում է Խաչենին, հարավ-արևելքից Վարանդային, իսկ արևմուտքից՝ Քաշաթաղին։

2009 թվականի տվյալներով Շուշիի շրջանում կա 8 գյուղական բնակավայր, որոնք միավորված են 6 համայնքներում և մեկ քաղաքային համայնք՝ Շուշի քաղաքը [3]։

Եղցահող Yeghtsahogh[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի շրջանի  մյուս գյուղը Եղցահողն է, որը 1988թ.  ուներ մոտ 180 բնա­կիչ։ Դպրոցում սովորում էին ընդամենը 6 աշակերտ։ Բնակիչներն աշխատասեր են և հպարտ։ 

Կանաչ թալա Kanach Tala[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասը Վերստ Tasy Verst[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսագոր Lisagor[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսագորը (Ճաղատասար կամ Լերկինք) 1926թ  առաջացել է Թթու ջուր իջևանատան հիմքի վրա: 1931թ. Խնածախ գյուղի բնակիչ Գալուստ Հովսեփյանի առաջարկով, Կանաչ Թալա, Դաշտավեղ, Մեծ Խերխան և Փոքր Խերխան գյուղերը միավորվել են միասնական սովխոզի մեջ, որի գրասենյակը եղել է Լիսագորում: Հայ բնակչության աճը կանգնեցնելու համար Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են Հովսեփյանին ազգայնականության մեջ և 1937թ. հեռացրել Արցախից, իսկ Լիսագոր բերել 40 տուն ադրբեջանցի գաղութաբնակներ:

Լիսագորի ձորում է գտնվում սառնորակ մի աղբյուր, որից 1888թ. համտեսած պատմաբան Լեոն, հետագայում գրել է, թե Թթու ջուրը հենց այդ աղբյուրն է, բնական զելտերյան: Գալիս է երկու տեղից և ճկույթի հաստությամբ ծորում է մի փոքրիկ ավազանի մեջ:

Picto infobox map.png
Շուշիի շրջան
Երկիր Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Կարգավիճակ Արցախի Հանրապետության շրջան
Մտնում է Արցախ
Ներառում է 7 համայնք
Վարչկենտրոն Շուշի
Նահանգապետ Վլադիմիր Կասյան
Բնակչություն (2008)
4.324[4] (7 տեղ)
Խտություն 11.34
Տարածք 381 կմ²
Shoushi.jpg
Ժամային գոտի UTC+4
Կոորդինատներ: 39° հս․ լ. 46° ավ. ե. / 39° հս․. լ. 46° ավ. ե. / 39; 46
shusha-ih.gov.az

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը Թթու ջուրը  կոչել է երկաթաջուր:

Այս աղբյուրից ջուր են խմել նաև  Ավետիք Իսահակայանն ու  Սերո Խանզադյանը: Վերջինիս համոզմամբ Պանտալիոն բժիշկը Թթու ջրով է բուժումներ արել և մեր պապերի մեջ ձեռք բերել հրաշագործի անուն:

Լիսագորի մոտ գետակի վրա կա մի կամարակապ կամուրջ՝ Օշափ քարը, որը ըստ բնիկների վկայության կառուցել է Թաղունց Զոնգի Գիքին: Օշափը գրական հայերենում Վիշապն է, որը վկայում է հնագույն հայակական պաշտամունքի  մասին: 

Հին Շեն Hin Shen[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի հանրապետության Շուշիի շրջանի նշանավոր  բնակավայրերից է Հին Շեն կամ Հին Բերդաձորը։ Ունի գեղատեսիլ դիրք, մեղմ կլիմա։ 1959 թ. այստեղ կար 500, իսկ 1989 թ.՝ 201 բնակիչ։ Հեռավորությունը Ստեփանակերտից 50 կմ է, Շուշիից 45 կմ։ Կոլտնտեսությունը կազմակերպ­վել է 1929 թ.։ Մասնագիտացված է անասնապահության և հացահատիկի մշակության ուղղությամբ։ Մինչև 1960-ական թվականներն այդ գյուղի միջ­նակարգ դպրոցում սովորում էր ավելի քան 250 աշակերտ։ Այժմ ունի ընդա­մենը 18 աշակերտ։ Կա գրադարան, կապի բաժանմունք, բուժկետ, ինչպես նաև անգործության մատնված ակումբ և կենցաղի տուն։ էլեկտրիֆիկացվել է 1955 թ.։ Տները երկհարկանի են։ Ապահովված է խմելու ջրով։ Այն պարբերաբար բարե­կարգ ճանապարհով միացած է Ստեփանակերտ-Երևան մայրուղուն։  Սբ. եկեղե­ցին Աստվածածին  նորոգման կարիք ունի։ Բնակիչներն աշխատասեր և հյուրասեր են։ Կյանքի միջին տևողությունը 75—80 տարի է։ Գյուղի շրջակայքում նշանավոր են Սահակ աղբյուրը, Ներ­քին ջուրը, Ղուշի մաննը, Դգեսիան ղուզե, Դմբլկաց անտառները, Ճաքած հող, Թումա սեռ արոտավայրերը։ Մոտակայքում կա պղնձահանքի երևա­կում և հանքային ջրի երկու աղբյուր։

Նա հերոսաբար պաշտպանվել է պարսկական, թաթար-մոնղոլական, թուրքական զորքերի հաճախակի հարձակումներից։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 196 բերդաձորցիներ, զոհվել է 62-ը։

Գյուղից հեռու երևում  է Օշափեն քերծը, որի մասին բնակիչները զանազան հրաշապատումներ ունեն: Դրանցից մեկն ասում է, թե Թաղունց Գիքին սպանել է Հրուշան վիշապին: Փաստորեն այս պատմությունը հնագույն ավանդության նորացված ձևն է: Իրողությունն այն է, որ Օշափ Հրուշանը նախապատմական ծագում ունի և կապված է մեր նախնիների հնագույն պաշտամունքի հետ:

Մեծ Շեն Mets Shen[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի շրջանի ենթաշրջան Բերդաձորը (Այրում, Բերաձոր, Բերձոր, Բերձորք) եղել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի գավառներից մեկը: ՈՒնեցել է համանուն կենտրոն:   10-րդ դարում Բերդաձորը եղել է Սյունիքի Բաբկեն իշխանի դուստր Համասպրուհու ավատը, որն էլ այն նվիրել է Տաթևի վանքին:

1337 թ. Մարգարա գրիչը գյուղախումբն անվանել է Բերդաձոր:  Ջալալ-ադ-Դին սուլթանի անձնական քարտուղար Շիխաբ ադ-Դին ան-նասավին Բերդաձորին թարգմանբար կոչել է Կալա Դարա: 1668 թ. Բերդաձորում Աղվանից Պետրոս կաթողիկոսի եղբայր դպիր Մատթեն մի ավետարան ու մի տաղարան  է ընդօրինակել: Բերդաձորցիների խնդիրն, ըստ երևույթին, եղել է Արտաշատ-Պարտավ և Թավրիզ- Պարտավ առևտրական ուղիների հսկողությունը: Արևելքի ահ ու սարափ Լենկ Թեմուրն իր զորքով Առան անցնելու համար բերդաձորցիներին ստիպված է եղել մեծ տուրք վճարել:

Շահեն Մկրտչյանը գյուղի եկեղեցու պատերին տեսել է արձանագրություն, որը թվագրվում էր 1102 թվով, սակայն ադրբեջանական գաղութարարներն այդ արձանագորթյունը ոչնչացրել են:

1826 թ. 50 բերդաձորցիներ օգնության են եկել Շուշիի պաշտպաններին, իսկ մի այլ խումբ էլ, պրապորշչիկ Խվոստովի 30 եգերներին օգնել է հաղթանակ տանել պարսկական զորքերի հանդեպ:

1880-ականներին ցարական կառավարությունը վերանորոգել է Պարտավ-Շուշի-Գորիս ուղին և լայնացրել է:

Բերդաձորը հնում բաղկացած է եղել մի շարք գյուղերից, որոնք  զբաղեցնում էին 15-16 կմ շառավղով տարածք: Այդ գյուղերից Բերդաձորը կամ Կալադարասին 1873 թ.  ուներ  շուրջ 337 տուն՝ 2631 բնակիչ), Հին կամ Քյոհնա Շենը՝ 97 տուն , Եղցահողը՝ 80 տուն, Սարեն Կյումերը, Կանաչ Թալան կամ Բացատը, Տշտավեղը (Դաշտահողը), Քեղաձորը, Մեծ Խերխանը, Փոքր Խերխանը, Շոռեն Թալան ,Չոբան Գյունեն, Թավան Ավին, Կրմանավողը, Հիգուզվողը, Պիժախութը (Բժշկաբլուր), Ղզարա Կյումերը կամ Կյումատեղը, Իլանանցը, Բկլավարը, Ղոզը, Փեկեն, Թումասեռը, Դաշտահատը և այլն: Թուրք նվաճողները տարածքը յուրացնելու հեռանկարով գյուղախումբը կոչել են Գալադարասի, Ղալա Ղշլաղ, իսկ ռուս պաշտոնյաները 1905թ. մարդահամարի ժամանակ գրել են 600 տուն ունեցող Բալշոյ Կալադարասի մասին:

 1905-1906 թթ. թորք-թարաքյամաները (դրանց ցարական պաշտոնյաները կոչել են թաթարներ, շուշեցի հայերը՝ ծանիներ, իսկ  այսօր աշխարհին հայտնի են դարձել նոր ինքնանվանմամբ՝  ադրբեջանցիներ) հարձակվել են Բերդաձորի վրա: Սակայն լեռնականի քաջությամբ աչքի ընկնող բերդաձորցիները հետ են մղել նրանց հարձակումները, հրաձգության ընթացքում ունենալով ընդամենը 5 վիրավոր: Անհաշիվ կորուստներ տված թշնամին փախուստի ճանապարհին սրախողխող է արել դաշտերում աշխատող անզեն 23 հայ բնակիչ, 35 տավար, 160 ոչխար, 8 ձի և 17 էշ:

Այդ վայրագությունների վրեժն առնելու համար բերդաձորցիները գրոհով ազատագրել են  Ջաղացաձորը թարաքյամաներից:

Չկարողանալով թարաքյամաների միջոցով պատժել «հեղափոխական» հայերին, ցարական կառավարությունը պատժիչ զորք է ուղարկել Բերդաձորի վրա, այն ենթարկել ռմբակոծության և 850 ռուբլի տուգանք դրեց գյուղի վրա:

1918 թ. օգոստոսի 12-ին օսմանլուի 10 հազարանոց և մուսավաթական 5 հազարանոց կանոնավոր զորքը, չերքեզ Ջեմիլ Ջահիդ բեյի գլխավորությամբ , ութ օր պաշարել են Մեշ Շենը: Չնայած գյուղը թնդանոթային դաժան ռմբակոծության է ենթարկվել, այնուամենայնիվ բերդաձորցիները համառ դիմադրությամբ հետ են շպրտել թշնամուն: Գյուղի պաշտպաններից հերոսաբար զոհվել են  270 հոգի: Թշնամու կորուստները 3 հազարից ավելի էր:

Աշխարհագրագետ Սերգեյ Մելքումյանը, կարծես ջուր լցնելով ադրբեջանական պատմաբանների ջրաղացին, նշել է, որ  Մեծ Շեն գյուղը, հիմնադրվել է 19-րդ դարում։ Սակայն այդ տվյալը ժխտվում է Բերդաձորի քարայրային (կհոլներ) բնակատեղիների առկայությամբ։ Ադրբեջանցիների կողմից շրջանառության մեջ դրված «հայերի եկվորության» տեսությունը արմատներ ունի գցած բնակչության որոշ խավերի մեջ: Այնինչ սկսած 5-րդ դարից պարսից տիրակալները, կայսրություններին յուրահատուկ քաղաքականությամբ, Շուշիի շրջանից անընդհատ պատերազմասեր բնակչություն են տեղափոխել Միջին Ասիա, իսկ այնտեղից մեր տարածք բերել թուրքալեզու ցեղեր: Հայտնի է, որ 1603 թ. Շահ Աբբասը զգալի քանակությամբ հայեր է տեղափոխել Արցախից դեպի Իսպահան: 1795 թ և 1797 թ. Աղա Մուհամմադ խանի արշավանքի ժամանակ Արցախը լրիվությամբ հայաթափվել է և պարսից խաները դատարկված բնակավայրերում բնակեցրել են թուրք-թաթարական ցեղերի: Թուրքմեն գետի մոտ կնքված պայմանագրով ռուսական կայսրությունը փաստորեն հետ է վերադարձրել բռնի տեղահանված հայերին և այս փաստն էլ օգտագործում են ադրբեջանական պատմագիրները, հայերի եկվորության տեսությամբ աշխարհին մոլորեցնելու համար:  

1912 թ մարդահամարի համաձայան Մեծ Շենն ունեցել է 5324 բնակիչ, 1959 թ. ՝  300, իսկ 1985 թ. 160 բնա­կիչ։

1988-ին դպրոցն ուներ ընդամենը 4 աշակերտ։ Տները երկհարկանի են։ Գյու­ղի եկեղեցին կառուցվել է 1651թ ։ Պիլա խութ կամ Բժկի բլրի վրա կա մի մատուռ, որի մեջ բնակիչների համոզմամբ պահպանվում են  Պանտալիոն բժշկի նշխարները: Ծերունիները համոզված են, թե նա եղել է Վաչագան 1- ին թագավորի  և Շուշանիկ թագուհու որդին: Եվ ահա հայացված Պանտալիոնը, լուսահոգի Գուրգեն պապի պատմելով, գերեզմանոցի տարածքում  է թաղված և տապանը մի կոճղ է եղել: Շուշեցի բարերար Թադևոս Թամիրյանը քար է դրել շահզադեյի (արքայազնի) հանգստին և գյուղացիներն ամեն տարի ուխտ են գնում Պարոն Պիժին: Դժբախտաբար մատուռը վերականգնվել է «գերժամանակակից»  տեսքով և կորցրել հնագիտական արժեքը:    

Քարին Տակ Karin Tak[խմբագրել | խմբագրել կոդը]

st. Astvacacin church
vilaghe
monument of the war

Շուշիի շրջանի գյուղական բնակավայրերից խոշորը Քարին Տակն է։ Այն Արցախի հնագույն բնակավայրերից է, հարուստ պատմա­կան անցյալով։ Գտնվում է Շուշի քաղաքից 3 կմ հեռավորության վրա՝ Շուշի գետի ձախ ափին, այդ գետի անդնդախոր կիրճի զառիթափ քարա­ժայռի ստորոտում։ Տեղանքը շատ բարդ է, բայց յուրահատուկ գեղեցիկ, ջուրն ու օդը՝ մաքուր։ Շրջակայքում կան պատմական հուշարձաններ, կամուրջ­ներ, ջրաղացներ, քարանձավային շինություններ։ Արցախի քարանձավներից մեկի վերաբերյալ, որը գտնվում է գյուղի հյուսիսային մասում, հետաքրքիր տվյալներ է բերված Մակար եպիս. Բարխուդարյանցի «Արցախ» գրքում։ Նա նշում է, որ այդ քարայրի մուտքը կլոր է, դժվար անցանելի, քարայրը խոր է, սոսկալի մութ և բավականին երկար, որի ծայրը հասնում է համար­յա թե մինչև Շուշիի տակը։ Նա նշում է նաև, որ առանց լապտերի անհնար է մտնել և առաջ գնալ։ Քարայրի խորքում կա ջուր: Գյուղի թիկունքում գտնվող բարձրաբերձ քարաժայռի տարբեր մասե­րում կան շատ այդպիսի քարանձավային շինություններ, որոնք հնում պաշտ­պանական դեր են խաղացել բնակիչների համար։ Ըստ Մակար Բարխուդարյանցի տվյալների, 1890-ական թվականների սկզբներին Քարին Տակ գյուղում կար 174 ծուխ, 1068 բնակիչ։ Սա ցույց է տալիս, որ Քարին Տակն այն ժամանակ էլ խոշոր գյուղ է եղել։ 1987 թ. այստեղ կար 186 տուն, 580 բնակիչ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կինոտեղակայում, բուժկետ, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար։ Շրջապատում պահպանվել են վաղ քրիստոնեական գերեզմանոցներ, հին գյուղատեղիներ (15—17 դդ.) խաչքարեր (13 դ.), Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դ.), ջրաղացների փլատակներ, բազմաթիվ աղբյուրներ։ 

Քիրսավան Kirsavan[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի

Շուշին 1752 թվականից սկսած եղել է հանրահայտ բերդ-ամրոց, իսկ 1840 թվականից՝ քաղաք։ 1916 թվականին Շուշիի բնակչությունը կազմել է 43,5 հազ․, որի գերակշիռ մասը հայեր էին։ Հետագայում բնակչությունը շեշտակիորեն նվազել է, և 1920 թվականին կազմել 35 հազ․ մարդ։ 1988-1990 թթ․ Ադրբեջանի կողմից քաղաքը բնակեցվել է զգալի թվով ադրբեջանցիներով։ Շուշին հայ ազատամարտիկների կողմից ազատագրվեց 1992 թվականի մայիսի 9-ին։

Շուշիի շրջանը ԼՂԻՄ-ի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշի բերդ

Շուշիի շրջանը զբաղեցրել է ԼՂԻՄ հարավարևմտյան հատվածը՝ Ղարաբաղի լեռնաշղթայի կենտրոնական մասում։ Եղել է մարզի ամենափոքր շրջանը և զբաղեցրել է 0,3 հզ քառ. կմ։ Եթե Շուշիի շրջանի հողային ֆոնդը 1988-ին կազմել է շուրջ 30 հազար հա, որից վարելահողեր՝ 3,7 հազար հա, այգիներ՝ 103 հա, խոտհարքեր՝ 330 հա, արոտավայրեր՝ 16,7 հազար հա, անտառներ՝ 8,3 հազար հա[2]։ Ապա 2016 թ. տվյալներով Շուշիի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 12484,83 հա, որից 133,0 հա վարելահողեր են, 26,80 հա բազմամյա տնկարկներ, 548,56 հա խոտհարքեր, 11188,15 հա արոտավայրեր և 588,34 հա այլ հողեր: Գյուղատնտեսության առաջատար ճյուղն էր անասնապահությունը։ Արդյունաբերական ձեռնարկներ կային Շուշի քաղաքում և Քարին տակ գյուղում։ 1987 թ. տվյալներով Շուշիի շրջանում կար 27 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Գյուղական բնակավայրերից կարելի էր թվարկել Քարին տակը, Մեծ Շենը, Հին Շենը, Տասը Վերստը, Լիսագորը, Կանաչ Թալան, Մեծ և Փոքր Խերխանները, Խալֆալին, Ղայբալուն, Շռլանը, Մալի Բեյլուն, Նաբիլար և այլն։ Այլազգիներով բնակեցված վերոհիշյալ գյուղերի մեծ մասն ուներ 5-7 տուն։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշին գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային փոքր սարահարթի վրա, ծովի մակարդակից 1350-1500 մ բարձրության վրա։ Ընդհանոր առմամբ Շուշին բնութագրվում է մեղմ կլիմայական պայմաններով։ Օդի հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է +19 °C, իսկ հունվարյանը՝ —1,5 °C։ Մեղմ կլիման, լեռնային մաքուր օդը, շրջապատի գեղեցկությունն ու հանքային ջրերի պաշարները Շուշին դարձրել են առողջարանային, հանգստյան ու զբոսաշրջության կենտրոն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ. մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Սերգեյ Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 273:
  3. Սերգեյ Մելքումյան, Արցախ-Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Երևան, «Յասոն ՍՊԸ», 2010, էջ 308 — 415 էջ, ISBN 978-9939-829-02-9։
  4. ԼՂՀ բնակչության մարդահաշիվ
  5. Սերգեյ Մելքումյան, Արցախ-Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Երևան, «Յասոն ՍՊԸ», 2010, էջ 65 — 415 էջ, ISBN 978-9939-829-02-9։