Ջրաբերդի մելիքություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ջրաբերդի մելիքություն
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակմելիքություն
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՋրաբերդ
Հիմնական լեզուՀայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
XamsayiMelikutyunner XVII-XIX.JPG
Հիմնադրված է16-19-րդ դարեր թ.
Պատմական շրջան(ներ)Ջրաբերդ (Արցախ)

Ջրաբերդի մելիքություն, ավատատիրական իշխանություն պատմական Արցախ նահանգի հյուսիսում՝ Ջրաբերդ գավառում (16-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաբերդի մելիքությունը եղել է Ղարաբաղի կուսակալության (1524-1722), ապա՝ Ղարաբաղի խանության (1747-1806) կազմում։ 1724-1731 թվականների Արցախի ազատագրական պայքարից հետո կազմել է հայկական ինքնուրույն միավորի՝ Խամսայի մելիքությունների միության մասը։

Ջրաբերդի մելիքության առաջին տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են Հասան-Ջալալյաններից։ Իշխանանիստ կենտրոնը Ջրաբերդ ամրոցն էր։

17-րդ դարի վերջից Ջրաբերդի մելիքությանյան կազմի մեջ է մտել նաև Ծարի մելիքության մի մասը։ Այստեղ էր Երից Մանկանց վանքը (17-րդ դարի կեսից մինչև 1800 թվականը եղել է հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստ), ինչպես նաև միջնադարյան Արցախի երկու նշանավոր վանական համալիրներից Դադիվանքը։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երից Մանկանց վանքը Թարթառ գետի հովտում

Ջրաբերդի մելիքությունը մասնակցել է 18-րդ դարի առաջին երեսնամյակին Արցախում բռնկված ազգային-ազատագրական պայքարին։ Այդ շարժման ղեկավարների՝ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ին հասցեագրած 1721 թվականի նամակը ստորագրել է նաև Ջրաբերդի մելիք Եսային։

Եսայու հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներով, որի համար Իրանի Նադիր շահից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել Գանձակի խանությունում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783 թվականին) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։

Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառ (այժմ՝ Շաքի

Ջրաբերդի մելիքության վերջին իշխանները Աթաբեկյաններն էին: 1814 թ. մելիքությունը անցավ իշխան Հովհաննես Աթաբեկյանին (Մելիք-Վանի Աթաբեկյան), որը տիրեց Ջրաբերդին մինչև իր մահը՝ 1854 թ. մարտի 7-ը: Մելիք Վանի Աթաբեկյանի մահվանից հետո, Ռուսական կայսրությունը լուծարեց մելիքությունները հյուսիսարևելյան Հայաստանի ամբողջ տարածքում:

Մելիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եսայի (մոտ 1680-1710)
  2. Ալաղուլի եղբայր (մոտ 1710 - ուղ. 1750)
  3. Հաթամ եղբայր (1750-1783)
  4. Մեջլում Քաջ որդի (1783-1796)
  5. Ռոստոմ Քաջ որդի (1796-1798)
  6. Հաթամ որդի (1798-1814)
  7. Հովհաննես (մելիք Վանի) (1814-1854)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png