Յանշաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանշաղ
Կոորդինատներ: 40°14′02.2″ հս․ լ. 46°13′40.6″ ավ. ե. / 40.233944° հս․. լ. 46.227944° ավ. ե. / 40.233944; 46.227944
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան (Արցախ)
Խոսվող լեզուներՀայերեն
Ազգային կազմՀայեր
ՏեղաբնականունՅանշաղցիներ
Ժամային գոտիUTC+4
##Յանշաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Յանշաղ (նաև՝ Եանշաղ, Յանշախ), գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում՝ 1700-1750 մ բարձրության վրա[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանշաղը շրջանի հինավուրց բնակավայրերից է։ Այն գոյություն է ունեցել առնվազն 5-րդ դարից։ Բնակավայրի մասին պատմական քիչ տեղեկություններ են հայտնի։ Գյուղը Յանշաղ անվամբ առաջին անգամ հիշատակվում է 1662 թվականի մի գրչագիր «Մաշտոցի» հիշատակարանում[2]։ 1763 թվականին գյուղը հիշվում է որպես Դադիվանքի կալվածքների մեջ մտնող բնակավայր[1][3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնիկները եղել են հայեր, ովքեր գավառի հայաբնակ շատ այլ գյուղերի բնակիչների պես 18-րդ դարի կեսերին ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը։ Հայտնի է, որ յանշաղցիները գյուղից հեռանալուց հետո վերաբնակվել են Վրաստանի տարածքում։ Ներկայիս Վրաստանի Գարդաբանի շրջանում՝ մայրաքաղաք Թբիլիսից մի քանի կիլոմետր արևմուտք գտնվող Տաբախմելա (Տաբախմելիք) գյուղում այժմ մեծ թիվ են կազմում արդեն գրեթե ամբողջությամբ վրացախոս ծագումով Յանշաղից և Յանշաղյանց ազգանունը կրող հայերը (նրանց մեծ մասն այժմ կրում է Յանշաղով կամ Յանշաղիշվիլի ազգանունները)։

1840-ական թվականներին Տաբախմելայում կառուցված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու խորանի վեմ քարին փորագրված արձանագրությունից պարզվում է, որ ինչպես հիմնադրողները, այնպես էլ 1877 թվականին եկեղեցին նորոգողները միևնույն՝ Ցանշաղյանց տոհմից էին. «1877 ԱՄԻ ԱՅՍ ՍԲ ԳԷՈՐԳԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ, ՈՐ ՀԻՄՆԱՐԿԱԾ է ԵԱՆՇԱՂԵԱՆՑԻ, ԿՐԿԻՆ ՆՈՐՈԳ(Ե)ՑԻՆ ՆՈՐԱ ՈՐԴԻՔ ԴԱՒԻԹ, ԿՕՆԻ, ՊԵՏՐՈՍ, ՍԱՐԳԻՍ, ԳՈԳԻ, ՑԱՐՈՒԹԻՒՆ, ԳԷՈՐԳԻ, ԳՈԴԼԱՑ ԵԱՆՇԱՂԵԱՆՑՆԵՐԸ։ ՅԻՇԱՏԱԿ է ԱՅՍ ՄԲ ԳէՈՐԳԱՅ ՀԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ կրկին ՆՈՐՈԳԵՑԻՆ ԵԱՆՇԱՂԵԱՆՑԻ ՈՐԴԻՔԸ»։ Եկեղեցու շուրջ կան Ցանշաղյանցներին պատկանող մի քանի վրացագիր տապանաքարեր[1]։

19-րդ դարի վերջերին Յանշաղում հաստատվել են քոլանեցի խաշնարած քրդերի սակավաթիվ ընտանիքներ, որոնք անցնող տասնամյակների ընթացքում ու հատկապես խորհրդային տարիներին իսպառ թրքացել են[1][4]։

1990-ական թվականների սկզբներին Արցախյան պատերազմով պայմանավորված գյուղի թրքացած քուրդ բնակչությունը հեռացել է բնակավայրից։ Ներկայումս այնտեղ ապրում են ընդամենը մի քանի հայ ընտանիքներ[1]։

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանշաղ գյուղի տարածքում պահպանվել են ընդամենը մի քանի խաչքարեր՝ չնայած բնակավայրը նախկինում հարուստ է եղել պատմական հուշարձաններով[1]։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում եղել է հայ առաքելական եկեղեցի, որը սակայն չի պահպանվել[1]։

Գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում մինչև 1970-ական թվականները դեռևս գոյություն ուներ հին հայկական գերեզմանոց։ 1977 թվականին Հայաստանի ԽՍՀ-ի Հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունը ստացել էր Յանշաղ գյուղից ուղարկված մի նամակ-ահազանգ, որի անանուն հեղինակը տեղեկացրել էր, թե իրենց գյուղից 5 կմ հյուսիս՝ Սեյդանլու վայրում գտնվող գյուղատեղիի գերեզմանոցն ավերվել էր։ Ահազանգի հետքերով հնավայր այցելած պատմաբան Սուրեն Սաղումյանն ականատեսն էր եղել բուլդոզերների աշխատանքից հետո՝ խաչքարերից և տապանաքարերից գոյացված մի բլուրի[1]։

Հնավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանշաղի շրջակայքում են գտնվում մի քանի գյուղատեղիների հետքեր, որոնցից յուրաքանչյուրն ունի երկար պատմություն։ Այդպիսի գյուղատեղիներից է Գորտագարակը (Ուղտապան), Ղասըմբինասը, Յանշաղը, Յանշաղբինան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Սամվել Կարապետյան (1999)։ Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն։ էջեր 40–41։ ISBN 5-8080-0144-8 
  2. Մ. Բարխուտարեանց։ Արցախ։ Բագու։ էջ 221 
  3. Ջամբռ համաժողովեցեալ եւ շարաղրեցեալ ի Սիմէօնէ կաթողիկոսէ Երեւանցւոյ։ Վաղարշապատ։ 1873։ էջ 283 
  4. Լէօ (1914)։ Պատմաթիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի 1838-1913։ Թիֆւիս։ էջ 676