Գնթունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Գնթունիներ
'
Երկիր Մեծ Հայք, Մարզպանական Հայաստան, Անիի թագավորություն
Տիրույթներ Գնթունիք գավառ, (Այրարատ)
Ծագում Քանանիդաս (քանանացի)
Տիտղոսներ Արքունիքի զգեստավորման նախարար, Գնթունիքի իշխան, Կարսի պահակազորի հրամանատար, Գուգարքի վերակացու, Շամշլուդեի (Օրբեթ) բերդապահ
Հիմնադիր Ձեռես Գնթունի
Մեծագույն ներկայացուցիչ Հասան Գնթունի
Հիմնում մ.թ.ա. 240-ական թվականներ
Ազգային պատկանելիություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն

Գնթունիներ, հայ նախարարական տոհմ։ Ըստ Մովսես Խորենացիու, Գնթունիների նախարարությունը հաստատվել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը՝ Հայաստանում բնակված քանանական ցեղի սերնդից, Ձեռես իշխանին կարգելով արքունիքի զգեստավորման գործակալ։ Քանիդաս տոհմապետի գլխավորությամբ քանանացիների ներգաղթի և Հայաստանում բնակություն հաստատելու մասին տեղեկացնում են նաև Պրոկոպիոս Կեսարացին և Ստեփանոս Տարոնեցին։

Ներսես Լամբրոնացին Գնթունիներին անվանում է քանանեդացիներ։ Սահակյան գահնամակում Գնթունիները դասվել են 21-րդ տեղում։ Հայոց բանակին տվել են 300 հեծյալ։ Մովսես Խորենացին հիշատակում է Գնթունիների նահապետ Զորային, Ղազար Փարպեցին՝ Վարդանանց պատերազմում նահատակված Տաճատ իշխանին, Վահանանց կողմնակից Վառգոշին։ Գնթունիները հայ մատենագրության մեջ հետագա դարերում հիշվում են որպես հմուտ զինվորականներ։

Սմբատ Ա թագավորի ժամանակ(890-914) Հովհաննես Դրասխանակերտցին Գնթունիներից հիշատակում է Հասան իշխանին՝ որպես արքունի տան ամրոցի՝ Կարսի պահակազորի հրամանատար, իսկ Աշոտ Բ Երկաթ թագավորի ժամանակ (914-929)՝ Աշոտ և Վասակ իշխաններին՝ որպես Գուգարք նահանգի վերակացուներ և նրա Շամշուլդե գլխավոր ամրոցի բերդապահներ։ Գնթունիների նախարարական տիրույթի մասին տեղեկությունները կցկտուր են։ Տրդատ Գ թագավորը իր հունական արձանագրության մեջ հիշատակել է Գնթունիների իշխաններից մեկին՝ Նիգ գավառում կալվածք պարգևելու առիթով։ Այս, ինչպես նաև Ապարանում, Քասաղ գետի ափին, մի հին եկեղեցու ավերակներում պահպանված Գնթունիների իշխան Գրիգորի արձանագրության հիման վրա ենթադրվում է, որ Նիգ գավառը եղել է Գնթունիների կալվածքը։ Բնակվել են Գեղամա լճի հյուսիսային եզերքին։