Սմբատ Նահատակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սմբատ Աից)
1rightarrow.png  Տե՛ս նաև Սմբատ Բագրատունի (այլ կիրառումներ) 
Picto infobox prétendant à un trône.png
Սմբատ Ա
Հայոց թագավոր
Իշխանություն 890 - 914
Թագադրում 890
Ծնվել է՝ Անհայտ
Ծննդավայր Բագրատունիների թագավորություն Բագրատունիների թագավորություն
Մահացել է՝ 914
Վախճանի վայր Դվին, Բագրատունիների թագավորություն Բագրատունիների թագավորություն
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Հաջորդող Աշոտ Երկաթ
Տոհմ Բագրատունիներ
Հայր Աշոտ Ա
Մայր Կատրանիդե Ա
Երեխաներ Աբաս Բագրատունի և Աշոտ Երկաթ
Եղբայր(ներ) Շապուհ Բագրատունի, Դավիթ Բագրատունի և Սահակ Բագրատունի
Քույր(եր) Սոֆյա Բագրատունի, անանուն Բագրատունի և Մարիամ Բագրատունի

Սմբատ Ա, ինչպես նաև՝ Սմբատ Նահատակ (ծն.թ. անհայտ–914), Հայոց Բագրատունի թագավոր 890–ից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Ա–ին։ 885–ից՝ Իշխանաց իշխան։ 890–ին Հայոց Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակտչությունները։ Հոր մահից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց Ատրներսեհ գահերեց իշխանի ձեռքով Շիրակավանում օծվել է թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին։ 892–ին Արաբական խալիֆայությունը, իսկ 893–ին Բյուզանդական կայսրությունը ճանաչել են նրա թագավորությունը։ Սմբատ Ա 893–ին Բյուզանդիայի Լևոն VI կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր։ Սմբատ Ա վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն։ Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը։ Սմբատ Ա–ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի իշխանները, Վասպուրականի Արծրունիները, Հայոց Աղվանքի թագավոր Համեմ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը։ Սմբատ Ա արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը։ Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան։

Սմբատ Ա–ի հաջողություններից անհանգստացած Արաբական խալիֆայությունը Հայաստանի դեմ է դրդել Ատրպատականի ամիրա Սաջյան Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893–ին հարձակվել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան։ 894–ին Սմբատ Ա Աֆշինին պարտութան է մատնել Դողս գյուղի ճակատամարտում։ Սակայն Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ Ա ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։ Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901–ին Յուսուֆը գրավել է Դվինը, բայց, երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել։ 908–ին Յուսուֆը Սմբատ Ա–ի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն՝ նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ֆեոդալական նոր երկպառակտչություններ, որոնց պատճառով Սմբատ Ա չի կարողացել հակահարված տալ 909–ին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։ 910–ին Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով, Սմբատ Ա ամրացել է Կապույտ բերդում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է Դվին, խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Ա–ի գահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթը։


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ