Սևորդիներ
Սևորդիներ, Մեծ Հայքի Ուտիք նահանգում հաստատված ցեղ։ Ենթադրվում է, որ պատկանել են սավիրների ցեղախմբին (որոշ ուսումնասիրողներ ազգակից են համարում հոներին)։ Սավիրները 5–6-րդ դարերում հաստատվել են Կասպից ծովի արևմտյան ափերին, հատկապես Դարբանդի շրջանում և Աղվանքում։ 9-րդ դարի սկզբին նրանց մի մասն անցել է Ուտիք նահանգ և ընդունել քրիստոնեություն։ Ըստ հայ պատմիչների, Հայաստանում նրանք իրենց նահապետ Գևորգ Սևի կամ Սևկոյի անվամբ կոչվել են սևորդիներ, Ուտիք նահանգի մի մասը նրանց անունով հորջորջվել է նաև Սևորդիք կամ Սևորդյաց գավառ (Ստեփանոս Տարոնացին Սևորդիք գավառը սխամամբ նշում է Տաշիրում)։ 852 թվականին սևորդիների իշխան Ստեփանոս Կոնին գերել է արաբ զորավար Բուղան և հայ իշխանների հետ աքսորել Սամարա։ 10-րդ դարում սևորդիները առանձին զորամաս են ունեցել Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունու բանակում։ 910 թվականին Ատրպատականի Յուսուֆ ամիրայի դեմ Ձկնավաճառի ճակատամարտում սևորդիների զորամասը վճռական պահին դավաճանաբար նահանջել է՝ պատճառ դառնալով Հայոց բանակի պարտության։ Սևորդիները աստիճանաբար հայացել են և 10-րդ դարից հետո այլևս չեն հիշվում աղբյուրներում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 327)։ |