Գագիկ Աբու-Մրվան Արծրունի
Գագիկ Աբու-Մրվան Արծրունի Գագիկ Աբումրուան | |||
Արծրունիների զինանշանը | |||
| |||
---|---|---|---|
887-898 | |||
Նախորդող | Գրիգոր-Դերենիկ | ||
Հաջորդող | Աշոտ-Սարգիս | ||
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | Հայ | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | 9-րդ դար | ||
Վախճանի օր | 898[1][2] | ||
Դինաստիա | Արծրունիներ | ||
Հայր | Վահան (Համզա) Արծրունի[3] | ||
Մայր | անանուն Բագրատունի[3] | ||
Ամուսին | անանուն Բագրատունի[4] | ||
Զավակներ | Սեդա Արծրունի[5] |
Գագիկ Աբու-Մրվան Արծրունի (ծննդյան թվականն անհայտ-898), Վասպուրականի հինգերորդ գահերեց իշխան։ Ծնվել է Վասպուրականում՝ Արծրունիների իշխանական կալվածքում։ Իշխել է 887-898 թվականներին։ Նա Վահան Արծրունու որդին էր, մայրը սերում էր Բագրատունիների տոհմից։ Հայտնի է, որ գահակալել է սկզբում որպես Գրիգոր-Դերենիկի մանկահասակ որդիների խնամակալ, ապա՝ որպես իշխան։ Դուստրը՝ Սեդան, ամուսնանում է Աշոտ-Սարգսի հետ և դառնում Վասպուրականի իշխանուհի։ Գագիկ Աբու-Մրվան Արծրունին սպանվել է Վասպուրականում, իր զորքերի կողմից[6]։
Մասնակցություն Դերենիկ Արծրունու սպանությանը
[խմբագրել | խմբագրել կոդը]886 թվականին Վասպուրականի իշխան Գրիգոր-Դերենիկ Արծրունին իշխանական ձմեռոց մեկնելիս սպանվեց՝ Հերի արաբ ամիրայի զինվորների ձեռքով։ Արծրունյաց տան պատմիչ՝ Թոմա Արծրունին Դերենիկ Արծրունու սպանության մասին պատմում է, որ Վասպուրականի իշխաններից ոմանք զգուշացրել էին, որ լուրեր են պտտվում թե Աշոտ Ա Բագրատունին շրջաբերական թղթով Դերենիկի դեմ դավադրություն է կազմակերպում։ Դերենիկ Արծրունու մահվան մեջ իր մեղսակցությունն ունի Գագիկ Աբու-Մրվանը։ Դեռ մահվանից առաջ Դերենիկ Արծրունին բանտարկել էր Գագիկ Աբու-Մրվանին։ Այդ ժամանակ Գագիկ Աբու-Մրվանը Դերենիկ Արծրունուն զգուշացրել է, որ վերջինս չմեկնի իշխանական ձմեռոցը։ Սակայն Դերենիկ Արծրունին չլսեց Գագիկ Աբու-Մրվանին և մեկնեց։ Ըստ տեղեկությունների Դերենիկ Արծրունու սպանությունը կազմակերպել էր Աշոտ Ա-ն, որին աջակցել էր Գագիկ Աբու-Մրվանը։ Դերենիկի սպանությունից անմիջապես հետո Գագիկ Աբու-Մրվանն ազատ արձակվեց իշխանուհի Սոփի խնդրանքով՝ Աշոտ Ա Բագրատունու կողմից։ Աշոտ Ա-ն Դերենիկ Արծրունու մահվանից հետո Վասպուրականում ուղղակի կառավարում մտցրեց։ Սակայն այն ցավագին չընկալելու համար ոստիկան նշանակեց Արծրունյաց տոհմից՝ Գագիկ Աբու-Մրվան Արծրունուն։ Ըստ Թոմա Արծրունու, Գագիկ Աբու-Մրվանի նշանակվելն այս պաշտոնում չընդունվեց Վասպուրականի տերերի կողմից[7]
Վասպուրականի իշխանության զավթում
[խմբագրել | խմբագրել կոդը]890 թվականին մահացավ Աշոտ Ա Բագրատունին։ Օգտվելով նպաստավոր պայմաններից Գագիկ Աբու-Մրվանը Վասպուրականում իշխանությունը զավթելու փորձ կատարեց, այդ ճանապարհին ձերբակալեց Դերենիկ Արծրունու որդիներին։ Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո երբ Դերենիկ Արծրունու որդի՝ Աշոտ Արծրունին, առանց Սմբատ Ա-ի համաձայնության մեկնեց Ատրպատական՝ Աֆշին ամիրայի հետ հանդիպման։ 890 թվականին Գագիկ Աբու-Մրվանը ռազմակալել էր Վասպուրականի որոշ հատվածներ՝ Նկան ամրոցը՝ Թոռնավան գավառում, Սևան ամրոցը՝ Լմբա փորումն։ Այս ժամնակ Սմբատ Ա-ն արգելեց Աշոտ Արծրունուն մեկնել Ատրպատական։ Աշոտ Արծրունին հակառակվելով Սմբատ Ա-ն մեկնեց Աֆշին ամիրայի հետ հանդիպման։ Սմբատ Ա-ն իր մոտ հրվիրեց Վասպուրականի երկու ազդեցիկ իշխաներին՝ Գուրգեն Անձևացուն և Գագիկ Աբու-Մրվանին և թույլատրեց տիրել Վասպուրականին։ Գագիկ Աբու-Մրվանը պաշարեց ու գրավեց Վան քաղաքը։ Աշոտ Արծրունին օգնական զորք ստանալով Աֆշինից վերադարձավ Վասպուրական և կարճ ժամանակամիջոցում հետ գրավեց իր տիրույթները։ Խորամանկ Գագիկ Աբու-Մրվանը կարողացավ համոզել Աշոտ Արծրունուն, որ ստիպված էր գրավել Վասպուրականի որոշ տարածքներ, որպեսզի թույլ չտա Գուրգեն Անձևացուն գրավել դրանք[8]։
Դավաճանություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ Աբու-Մրվանը Վասպուրականում իշխեց մինչև 897 թվականը։ 896 թվականին Ամիդի ամիրա՝ Ահմադը տիրեց Տարոնին, իսկ Սմբատ Ա-ն ամիրայից պահանջեց հեռանալ։ Վերջինս չկատարեց պահանջը։ Սմբատ Ա-ի հրամանով հայ, վրաց ու աղվանից զորքերը հավաքվեցին և դուրս եկան Ամիդի ամիրայի դեմ արշավանքի։ Գագիկ Աբու-Մրվանը նախապես պայմանավորվել էր Ամիդի ամիրայի հետ և հայկական զորքերը դիտավորյալ տարավ անջուր ու քարքարոտ վայրերով , որի հետևանքով զորքերը հյուծվեցին։ Այդ վիճակում նրանց վրա գրոհեցին ամիրայի զորքերը։ Ճակատագրական պահին օգնության հասան Սմբատ Ա-ն իր զորքերով և կարողացան կանխել հայկական կողմի պարտությունը։ Սակայն վճռական պահին Գագիկ Աբու-Մրվանը կրկին դավաճանեց և իր զորքերի հետ լքեց մարտի դաշտը։ Գագիկ Աբու-Մրվանի դավաճանության պատճառով Սմբատ Ա-ն պաարտություն կրեց և նահանջեց[8]։ Պարտված Սմբատ Ա-ն հասավ Վան, իսկ այնտեղից էլ անցավ Բագրևանդ գավառն։ Իսկ երկու օր անց Գագիկ Աբու-Մրվանը հայտնվեց Վանում։ Կարծելով թե իր դավաճանության մասին ոչ ոք չի իմացել նա բանտից ազատեց Գագիկ Արծրունուն։ Գագիկ Արծրունին իմանալով, որ իր հոր մահվան մեջ մեղավոր է Գագիկ Աբու-Մրվանը վրեժ լուծեց։ 897 թվականին Վանում սրախոխող արեց Գագիկ Աբու-Մրվանին և գլխատեց։ Երբ այդ մասին իմացավ Սմբատ Ա-ն արդարացրեց Գագիկ Արծրունու քայլը և պետական բարձր պաշտոներ տվեց Գագիկ Արծրունուն և նրա եղբայներին[7]։
Նախորդող Գրիգոր-Դերենիկ 874-887 |
Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ Աբու-Մրվան 887-898 |
Հաջորդող Աշոտ Բ 898-904 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Histoire de l'Arménie des origines à 1071 — P. 412.
- ↑ Gérard Dédéyan (dir.), Histoire du peuple arménien, Toulouse, Éd. Privat, 2007 (1re éd. 1982), 991 p. [détail de l’édition] (ISBN 978-2-7089-6874-5) — P. 275.
- ↑ 3,0 3,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 102.
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 102 et 121.
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 102—103.
- ↑ «Պատմություն Աղվանից աշխարհի», Մովսես Կաղանկատվացի, Գ. իբ.
- ↑ 7,0 7,1 Թոմա Արծրունի և Անանուն Զրուցագիր (1978). Պատմություն Արծրունյաց Տան. Երևան. էջեր 235–241.
- ↑ 8,0 8,1 Հովհաննես Դրաստանակերտցի (1996). Հայոց Պատմություն. Երևան. էջեր 463–466.