Կառուցվել է 1962-1967 թթ-ին Ցոլակ Հակոբի Գեւորգյանի կողմից։ Մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է, ընդհանուր ծավալը՝ 91 միլիոն խորանարդ մետր, օգտակարը՝ 81 միլիոն խորանարդ մետր, ջրթողունակությունը վայրկյանում 18 խորանարդ մետր։ Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 50 մ, երկարությունը՝ 200 մ[3]։
Սնվում է Քասաղ գետի, Լուսագյուղ, Վարդենիս, Թթուջուր, Եղիպատրուշ, Քուչակ գետակների և մթնոլորտային տեղումներից։ Ձմռանը սառցակալում է։ Օգտագործվում է ոռոգման համար։ Ջուրը տրվում է նախկին Աշտարակի, Էջմիածնի շրջաններին։ Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։ Այստեղ բուծվել է նաև Սևանա լճի իշխանը, սիգը և ծածանը։ Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը։ Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ։ Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։
Նախկին Զովունի գյուղում ջրի սահմանագծից 1967 թ-ին հանվել և անվտանգ տեղ են փոխադրվել V դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։ IV դարում կառուցված Պողոս-Պետրոս բազիլիկ տաճարը տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 14 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 505)։