Հայաստանի վճռաբեկ դատարան
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան | |
---|---|
Դատարանի շքամուտքը | |
Հիմնադրված է | 08.07.1998թ. |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան, |
Իրավազորության աղբյուր | Հայաստանի Սահմանադրություն |
Կայք | cassationcourt.am |
Դատարանի նախագահ | |
Ընթացիկ | Լիլիթ Զելիմի Թադևոսյան |
|
---|
Հայաստանի վճռաբեկ դատարան, Հայաստանի բարձրագույն դատական ատյանը (բացի սահմանադրական արդարադատության հարցերից), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը[1]։ Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով[1]։ Հայաստանում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում[2]։
Գործունեության նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման[2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն պալատներից[2]։
Աշխատակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատարանի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները[2]։
Վճռաբեկ դատարանի նախագահը[2]՝
- ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
- հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.
- ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.
- Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
- վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
- ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
- օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
- վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
- իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսված են ավագ օգնականի և օգնականի մեկական հաստիքներ, որոնք օժանդակում են դատավորին իր լիազորությունների կատարման ընթացքում։ Դատավորի ավագ օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է դատավորի այլ հանձնարարություններ[2]։
Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմ, որը ՀՀ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով[2]։
Դատարանի համակարգում կարևոր գործառույթ է իրականացնում Իրավական փորձաքննությունների ծառայությունը։ Վերջինս իրականացնում է դատական ակտերի, որոշումների, և դատարանի այլ փաստաթղթերի նախնական փորձաքննություն և դրանց վերաբերյալ տալիս իր մասնագիտական կարծիքը[2]։
Վճռաբեկ դատարանի աշխատակազմում գործում են Քրեական պալատի, Քաղաքացիական պալատի, Վարչական պալատի, Հակակոռուպցիոն պալատի գրասենյակներ, որոնք ստանում են դատարանի համապատասխանաբար Քրեական, Քաղաքացիական, Վարչական, Հակակոռուպցիոն պալատներ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում են փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին, ստանում վերոնշյալ պալատներից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք և այլն[2]։
Վճռաբեկ դատարանի Ընդհանուր բաժինն իրականացնում է դատարանի նախագահին, ՀՀ դատական դեպարտամենտին և Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը, ստանում է դատարան ներկայացվող փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին և այլն[2]։
Դատավորների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ Վճռաբեկ դատարանում ներկա պահին աշխատում են հետևյալ դատավորները[3].
- Լիլիթ Զելիմի Թադևոսյան (նախագահ)
- Համլետ Նորիկի Ասատրյան
- Սերժիկ Սերգեյի Ավետիսյան
- Արտակ Հակոբի Բարսեղյան
- Հովսեփ Լևոնի Բեդևյան
- Կարեն Ալբերտի Բիշարյան
- Լիզա Ռաֆիկի Գրիգորյան
- Գևորգ Վանիկի Գյոզալյան
- Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան
- Արթուր Ռազմիկի Դավթյան
- Արման Ռազմիկի Թովմասյան
- Արտակ Արտաշեսի Կրկյաշարյան
- Գոռ Գագիկի Հակոբյան
- Լիանա Օնիկի Հակոբյան
- Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան
- Սերգեյ Գուրգենի Մեղրյան
- Քրիստինե Պատվականի Մկոյան
- Արսեն Սամվելի Մկրտչյան
- Սերգեյ Դմիտրիի Չիչոյան
- Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան
- Արթուր Վլադիմիրի Պողոսյան
- Էդգար Ռազմիկի Սեդրակյան
- Դավիթ Միքայելի Վեքիլյան
- Սամվել Վլադիմիրի Օհանյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ՀՀ Սահմանադրություն, հոդված 92
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Վճռաբեկ դատարանը ՀՀ Դատական համակարգում». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
|