ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Տեսակարտաքին գործերի նախարարություն
Երկիր Հայաստան
ՀապավումՀՀ ԱԳՆ
Ստեղծման թվական1918
ԵնթարկումՀայաստանի նախագահ
ՇտաբակայանԵրևան, Հայաստան
Պատասխանատու նախարարԱրարատ Միրզոյան
Կայքmfa.am

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ՀՀ ԱԳՆ), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը Հայաստանի նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ Նախարարությունը գործում է Հայաստանի սահմանադրության, օրենսդրության, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և նրա կողմից կանխանշված արտաքին քաղաքական ուղեգծի հիման վրա։ Արտգործնախարարությունը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ աշխարհի 150 երկրների հետ[1], ինչպես նաև հանդիսանում է ավելի քան 40 միջազգային կառույցների անդամ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ-ի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլն։

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Հայաստանը պետականության հիմնադրմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում և հաստատում դիվանագիտական կապեր։ Հայաստանը դիվանագիտական կապեր էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի և այլ երկրների հետ։ Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, Երևանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, ավելի վաղ` Պարսկաստանը։ Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Ալեքսանդր Խատիսյանը (1918, 1919-20 թթ.), Հովհաննես Քաջազնունին (1918 թ.` պաշտոնակատար, միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիրական Տիգրանյանը (1918-19 թթ.), Համո Օհանջանյանը (1920 թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիմոն Վրացյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ)։

Խորհրդային դարաշրջանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1920 թ. դեկտեմբերին ստեղծվեց Հայկական ԽՍՀ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսարիատը, հանրապետության լիազոր ներկայացուցչություններ բացվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Թուրքմենստանում, Պարսկաստանում, Կարսում։ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) կազմավորումից հետո 1922 թ. հուլիսին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ԱԳԺԿ) վերացվեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրֆեդերացիայի անդամ հանրապետությունների արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության միության խորհուրդը։

1922 թ. ԽՍՀՄ-ի կազմավորումից հետո ԱԳԺԿ-ն դառնում է միութենական ժողկոմատ, քանի որ ԽՍՀՄ-ը վարում էր ընդհանուր արտաքին քաղաքականություն և, ըստ այդմ, միութենական հանրապետություններն արտաքին քաղաքականություն վարելու գործառույթը պատվիրակել էին ԽՍՀՄ-ին։

Հետպատերազմական տարիներին ՀԽՍՀ արտգործնախարարությունը գործում էր ՀԽՍՀ կառավարության և ԽՍՀՄ արտգործնախարարության ղեկավարությամբ։ Նախարարությունն ուներ քաղաքական տեղեկատվության և արարողակարգային-հյուպատոսական բաժիններ. նրա գործառույթներն էին քաղաքական տեղեկատվության առաքումը ՀԿԿ կենտկոմին ու ՀԽՍՀ կառավարությանը` հանրապետությանը վերաբերող արտերկրի ու միջազգային անցուդարձի վերաբերյալ արտասահմանյան պետությունների հետ հանրապետության առևտրատնտեսական, գիտական, մշակութային և այլ կապերի հյուպատոսական ապահովումը, քաղաքացիության հարցերի, քաղաքացիների արտերկրի մեկնելու համար անձնագրերի, մուտքի և ելքի արտոնագրերի (վիզաների) տրամադրում, փաստաթղթերի օրինականացում (լեգալիզացիա) և պահանջում, նամակագրությունը «ինյուր կոլեգիայի» հետ քաղաքացիների ժառանգության և գույքային այլ հարցերի շուրջ, ՀԽՍՀ իշխանական մարմինների նամակագրությունը ԽՍՀՄ ԱԳՆ արտասահմանյան հաստատությունների հետ։ 1975-85 թթ. ՀԽՍՀ ԱԳՆ-ն մեծ ու բեղմնավոր աշխատանք կատարեց Սփյուռքում ծավալվող զարգացումների, հայկական հարցի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու և հանրապետության ղեկավարության որոշումների նախապատրաստելու, քաղաքական հայագիտության զարգացման ուղղությամբ։

ՀԽՍՀ ԱԳՆ-ի փոքրաթիվ աշխատակազմի համար մեծ փորձություն դարձավ 1988 թ. ավերիչ երկրաշարժը և նրան հետևած ժամանակաշրջանը, երբ անհրաժեշտ եղավ զբաղվել արտերկրից ժամանող զանգվածային մարդասիրական օգնության կազմակերպման, ինչպես նաև քաղաքական, դիվանագիտական ու հյուպատոսական ապահովման հարցերով։

Ղարաբաղյան շարժման 1988 թ. ծավալմամբ ՀԽՍՀ ԱԳՆ-ն հանրապետության ղեկավարությանը տեղեկատվություն էր հաղորդում Հայաստանում ու ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքների մասին։

ԽՍՀՄ-ում վերակառուցման տարիներին, հատկապես, 1988 թ. երկրաշարժից հետո, ՀԽՍՀ ղեկավարությունը մի քանի անգամ (սակայն, ապարդյուն) Մոսկվայի առջև հարց էր բարձրացրել ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններում, հատկապես, մեծաքանակ հայ համայնքներ ունեցող երկրներում, հանրապետության ներկայացուցիչների ավելի լայն ներգրավման վերաբերյալ։ Այսպես, ՀԽՍՀ-ի կողմից երաշխավորված դիվանագետներ են աշխատել Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությանը 1960-82 թթ. Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի (ժողկոմի) պաշտոնը վարել են Ալեքսանդր Բեկզադյանը (1920-21թթ.), Ասքանազ Մռավյանը (1921-22թթ.` միաժամանակ Հայկական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհի) նախագահի տեղակալ), Սահակ Կարապետյանը (1944-46 թթ., միաժամանակ` ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ), նախարար են եղել Սահակ Կարապետյանը (1946-47թթ.` միաժամանակ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ), Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյանը (1947-54 թթ., միաժամանակ` 1947 թվականից` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) վարչության նախագահ և 1948 թվականից` ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետ), Անտոն Քոչինյանը (1954-58 թթ., միաժամանակ`ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ), Բալաբեկ Մարտիրոսյանը (1958-72թթ., միաժամանակ`1959-61թթ.` ՀԽՍՀ նախարարների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ), Կամո Ուդումյանը (1972-75 թթ.), Ջոն Կիրակոսյանը (1975-85 թթ.), Անատոլի Մկրտչյանը (1986-91 թթ.):

Անկախանալուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անկախության հռչակմամբ (1991 թ.) հանրապետության արտգործնախարարության գործունեությունը ենթարկվեց արմատական փոփոխության, հաշվի առնելով ՀՀ նոր կարգավիճակը միջազգային հարաբերություններում, նախարարության կառուցվածքն ու աշխատակազմի քանակը համապատասխանեցվեց անկախ պետության արտաքին քաղաքականություն իրականացնելու պահանջներին։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 156 երկրների հետ (2010 թ. օգոստոսի 1-ի դրությամբ)։ ՀՀ դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության (ՄԱԿ,1992 թ.), մի շարք այլ միաջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ, Եվրոպայի Խորհուրդ, ՍԾՏՀԿ) անդամ, ՀՀ դեսպանություններ ու գլխավոր հյուպատոսություններ բացվեցին մի շարք երկրներում, ՀՀ մշտական ներկայացուցչություններ հիմնվեցին մի շարք միջազգային կազմակերպություններում (2010 թ. օգոստոսի 1-ի դրությամբ` արտերկրում գործում են ՀՀ 30 դեսպանություն, ՀՀ 5 գլխավոր հյուպատոսություն, 4 հյուպատոսություն և հյուպատոսական գրասենյակ ՀՀ 10 մշտական ներկայացուցչության միջազգային 7 կազմակերպություններում)։

ՀՀ նախագահի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգելու մասին» 31 մարտի 2000 թ. հրամանագրով և «ՀՀ գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեության և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» 22ապրիլ 2000 թ. կարգադրությամբ ՀՀ ԱԳՆ-ին վերապահված է արտաքին քաղաքական ոլորտի համակարգող դեր[2]։

Ելնելով անկախ պետականության պահանջներից ձևավորվեց ՀՀ պետական արարողակարգը. 1991 թ.` ԱԳՆ վարչություն, այնուհետև` 1998 թ. ԱԳՆ կազմում գործող ՀՀ պետական արարողակարգի ծառայություն, որը 2002 թ. վերակազմավորվեց ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։ Պետական արարողակարգի կայացման գործում մեծ նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթները հաստատող ՀՀ նախագահի 2002 թ. մարտի 16-ի հրամանագիրը։

ՀՀ արտգործնախարար են եղել Աշոտ Եղիազարյանը (պաշտոնակատար` 1990-1991 թթ.), Րաֆֆի Հովհաննիսյանը (1991-1992թթ.), Արման Կիրակոսյանը (պաշտոնակատար` 1992-1993 թթ.), Վահան Փափազյանը (1993-1996 թթ.), Ալեքսանդր Արզումանյանը (1996-1998թթ.), Վարդան Օսկանյանը (1998-2008 թթ.), Էդվարդ Նալբանդյանը (2008-2018), Զոհրաբ Մնացականյանը (2018-2020), Արա Այվազյանը (2020-2021), Արմեն Գրիգորյանը (պաշտոնակատար ` 2021 հուլիս-օգոստոս)։

2021 թվականի օգոստոսի 19-ից ՀՀ արտաքին գործերի նախարարն է Արարատ Միրզոյանը։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գործում է Հայաստանի Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և այլ օրենքների հիման վրա։ ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին 2018 թ. մարտի 23-ի օրենքով արտաքին գործերի նախարարությանը վերապահված են գործունեության հետևյալ ոլորտները[3].

  • միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացում,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն,
  • Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացում,
  • համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկների ներկայացում,
  • համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացում,
  • Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովում,
  • պետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում,

Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսանում է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը։ Հայաստանն իր նպաստն է բերում կայուն և անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ARMENIA PLANNING TO OPEN DIPLOMATIC REPRESENTATIONS IN BRAZIL, LITHUANIA, FINLAND AND JAPAN». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
  3. Հաստատվել է կառավարության աշխատակարգը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 146