Դատական ատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դատական ատյան, տերմին, որը նշանակում է որևէ աստիճան տվյալ դատական համակարգում։ Դատական ատյաններրը այդ համակարգում կարող են լինել վերադաս կամ ստորադաս։ Ստորադաս դատարանները լինում են միայն առաջին ատյանի, իսկ վերադասները՝ նաև երկրորդ և ավելի բարձր ատյանի։ Առաջին ատյանի դատարանները քննում են և ըստ էության լուծում են քրեական և քաղաքացիական գործեր ուկայացնում դատավճիռ, վճիռ կամ որոշում։ Որպես առաջին ատյանի դատարան որոշակի գործերով կարող է լինել նաև ՀՍՍՀ գերագույն դատարանը, որը, սակայն, որպես կանոն, վճռաբեկ ատյան է։ Երկրորդ ատյանի դատարանները ստուգում են դատարանի օրինական ուժի մեջ չմտած գանգատարկված և բողոքարկված դատավճիռների, վճիռների և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը։ Հսկողական ատյանը օրենքում նախատեսված պաշտոնատար անձանց բողոքներով ստուգում է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների և որոշումների օրինաականությունն ու հիմնավորվածությունը։ Վճռաբեկ և հսկողական ատյանները համապատասխանաբար հսկողություն են իրականացանում առաջին և երկրորդ ատյանների դատարանների և նախաքննության մարմինների գործունեության օրինականության նկատմամբ։

Միջնադարյան Հայաստանում նույնպես գործել են դատաական տարբեր ատյանները, հատկապես Բագրատունիների թագավորության շրջանում։ Կիլիկիայի Հայկական թագավորությունում գործում էին մի քանի դատական ատյաններ։ Դատարանները բաժանվում էին կենտրոնականի և տեղականի։ Գերագույն թագավորական դատարանը կամ վերին «դարպասը», մեծ իշխանի դատարանը և Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոսական դատարանը պետական կենտրոնական դատական մարմիններն էին։ Բոլորն էլ միևնույն գործերով առաջին ատյանի դատարաններ էին և վերադաս ատյաններ՝ տեղական դատարանների համար։ Վերին «դարպասը» գլխավորում էր թագավորը և քննում քաղաքացիական վեճերն ու թագավորի անձնական վասալների կատարած ոճիրները։ Այն միաժամանակ բարձրագույն դատական ատյան էր մնացած դատարանների համար։ Մեծ իշխանի դատարանը փոխարինում էր թագավորի դատարանին և շատ հարցերում թեթևացնում նրա խնդիրները։ Այն, որպես առաջին ատյան, քննում էր իշխաններին և ասպետների միջև ծագախ վեճերն ու նրանց կատարած հանցագործությունները։ Լինելով նաև բարձրագույն ատյան՝ այն հաստատում կամ վերացնում էր ստտորադաս դատարանների կայացրած դատավճիռներն ու վճիռները։ Կիլիկիայի Հայկական թագավորության դատական համակարգում առանձնահատուկ նշանակություն է ունեցել մայրաքաղաքի արքեպիսկոպոսական դատարանը, որի նախագահը Սսի արքեպիսկոպոսն էր։ Այս դատարանը քաղաքացիական գործերով մյուս դատարանների համար բարձրագույն ատյան էր, իսկ որպես առաջին ատյան քննում էր օտարերկրացիների և հայերի միջև ծագած խոշոր քաղաքացիական գործեր, որոնք կատարել էին օտարերկրացիները։ Դատական համակարգի ստորին օղակներից էին իշխանական և քաղաքային դատարանները։ Իշխանական դատարանը քննում էր տվյալ բարոնության ազնվականներին և վերաբերող գործեր։ Քաղաքային դատարանները՝ բուրսեջները, զբաղվում էին բնակչության մյուս խավերի մարդկանց վեճերով և կատարած մանր հանցագործություններով։

Եկեղեցական դատարանները կառուցված էին նույն հիերարխիկ սկզբունքով, ինչ որ աշխարհիկ դատարանները։ Դատաական բարձրագույն ատյանը կաթողիկոսի կամ սինոդի դատարանն էր։ Թեմերում գործում էր եպիսկոպոսական դատարանը։ Վանքում գործում էին վանահայրերի դատարանները։ Վարդապետներն իրավունք ունեին դատել բոլորին «մեղքերի» համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 656