Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան
![]() |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Քաղաքականություն |
Հայաստան |
![]() պետական համակարգը» շարքի մաս է կազմում |
Գործադիր իշխանություն Օրենսդիր իշխանություն Իրավական համակարգ Վարչական համակարգ Ընտրություններ և քաղաքական համակարգ |
Հայաստանի Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996 թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով): ՍԴ-ն համակարգում է 1997 թ-ին հիմնադրված «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության աշխատանքները: 2000թ-ին, երբ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր, ՍԴ-ն ընտրվել է «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանս» կազմակերպության լիիրավ անդամ:
Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի նիստերում: Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Մինչև դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող են միավորվել և դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին ներկա են լինում միայն Սահմանադրական դատարանի` տվյալ գործով դատաքննությանը մասնակցած դատավորները։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են:
Սահմանադրական դատարանի մասին նախկին օրենքով նախագահին նշանակում էր Ազգային ժողովը, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ սահմանադրական դատարանի կազմից: 2015թ-ի փոփոխված օրենքով սահմանվում է՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից։ Այս պահին սահմանադրական դատարանն ունի 8 դատավոր: Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝
1) գործով զեկուցողի հետ համատեղ նախապատրաստում է Սահմանադրական դատարանի նիստերը
2) Սահմանադրական դատարանի նիստերում հարցերի քննարկումների կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները բաշխում է Սահմանադրական դատարանի դատավորների միջև
3) հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նիստերը
4) Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստի ներկաներին, որոնք պարտադիր են կատարման
5) ներկայացնում է Սահմանադրական դատարանն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում
6) իրականացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը, հաստատում է աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ Սահմանադրական դատարանը կազմված է հետևյալ դատավորներից՝
- Աշոտ Խաչատրյան (դատարանի դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող)[1]
- Արևիկ Պետրոսյան (դատարանի դատավոր)[2]
- Արայիկ Թունյան (դատարանի դատավոր)[3]
- Հրայր Թովմասյան (դատարանի դատավոր)[4]
- Արման Դիլանյան (դատարանի դատավոր)[5]
- Վահե Գրիգորյան (դատարանի դատավոր)[6]
- Երվանդ Խունդկարյան (դատարանի դատավոր)[7]
- Արթուր Վաղարշյան (դատարանի դատավոր)[8]
- Էդգար Շաթիրյան (դատարանի դատավոր)[9]
Նախկին դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Նազարյան
Սահմանադրական դատարանի լիազորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.
2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.
3) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.
4) լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը.
5) լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.
6) որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ.
7) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
8) որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին.
9) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
10) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը.
11) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
12) օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։
Սահմանադրական դատարան կարող են դիմել[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանադրական դատարան կարող են դիմել՝
- Ազգային ժողովը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված դեպքերում,Սահմանադրության 168-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված դեպքում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ.
- պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում.
- Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի և Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
- Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչպես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում.
- Կառավարությունը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում.
- Բարձրագույն դատական խորհուրդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.
- տեղական ինքնակառավարման մարմինները՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.
- յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը.
- գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված դեպքում.
- Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.
- Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
- Հանրապետության նախագահի թեկնածուները՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
- Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր` Սահմանադրության 168-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքում:
Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:
Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը: Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը:
Սահմանադրական դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:
Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ: Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ: Սահմանադրական դատարանը Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ, բացառությամբ 7-րդ կետով նախատեսված հարցի, ընդունում է որոշումներ, իսկ 168-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված հարցով՝ եզրակացություն: Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից:
Սահմանադրական դատարան դիմելը
Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:
1. Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
2. Դիմումում նշվում են՝
- Սահմանադրական դատարանի անվանումը.
- դիմողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը), հաշվառման (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի) կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից. եթե դիմողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով՝ դիմողի ներկայացուցչի անունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.
- Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում.
- Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.
- Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որն ընդունել է վիճարկվող ակտը.
- դիմումին կցվող նյութերի ցանկը։
3. Սույն օրենքի 68-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներում նշված գործերով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացվող դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջներին, ինչպես նաև պարունակեն անհրաժեշտ քանակի ստորագրություններ:
Դիմումին կցվող նյութերը
- Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝
- լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ.
- օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
- սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ դիմումի հիմնավորվածությունը հավաստող ապացույցները.
- դիմողի հայեցողությամբ` գործին առնչվող այլ նյութեր:
2. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև՝
- օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին.
- ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը.
- դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
- իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
- որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի անձը հաստատող և փաստաբանի կարգավիճակի մասին հավաստող փաստաթղթի պատճենները.
- որպես ներկայացուցիչ հանդես եկող` բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձի` անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը:
3. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմի նոր նյութերն ընդունվում են միայն Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ։
Հայաստանի Հանրապետության սահմանադրություն
Այն Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Աշոտ Խաչատրյան կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում:
- ↑ Արևիկ Պետրոսյանի կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում:
- ↑ Արայիկ Թունյանի կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում:
- ↑ Հրայր Թովմասյանի կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում:
- ↑ Արման Դիլանյանի կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում:
- ↑ Վահե Գրիգորյանի կենսագրությունը ՀՀ ՍԴ կայքում:
- ↑ «The Constitutional Court of the Republic of Armenia»։ concourt.am։ Վերցված է 2020-09-18
- ↑ «The Constitutional Court of the Republic of Armenia»։ concourt.am։ Վերցված է 2020-09-18
- ↑ «The Constitutional Court of the Republic of Armenia»։ concourt.am։ Վերցված է 2020-09-23
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը
- ՀՀ սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջը https://www.facebook.com
- Հասցե` 0019, Երեւան, Բաղրամյան պողոտա 10, e-mail: [[1]]
- Հեռախոսահամար՝ (011)588181