Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբ, գտնվում է Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում։ Ընդգրկված է Ջրամբարի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանի ջրամբարի ձախ ափին է գտնվում վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Սուրբ Վարդան, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոթողներից։

1962-1967 թթ. ջրամբարի շինարարության պատճառով Թուխ Մանուկ և Սուրբ Վարդան եկեղեցիները տեղափոխվել են գյուղի արևելյան եզրի՝ «Խաչեր» կոչվող բարձունքի վրա, իսկ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է տեղում։

Սուրբ Պողոս-Պետրոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցի Սուրբ Պողոս -Պետրոս

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայկական ճարտարապետության «գմբեթավոր սրահ» տիպի շինության առաջին օրինակն է։ Ըստ ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի` այն սկզբնապես եղել է հեթանոսական մեհյան, որը 4-րդ դ. սկզբներին վերածվել է եռանավ բազիլիկ կառույցի և միայն 5-րդ դ. վերջին ու 6-րդ դ. սկզբին Գրիգոր Գնթունի իշխանի կողմից՝ գմբեթավոր սրահի։ Շինարարական արձանագրությունը պահպանվել է եկեղեցու աջակողմյան որմնամույթի վրա։ Ուղղանկյուն դահլիճ է, որի հյուսիսային և հարավային պատերին կից երկու զույգ հզորացված որմնամույթերի վրա բարձրացված է տրոմպային փոխանցումով գմբեթը (այժմ՝ քանդված): Արևելյան կողմում՝ ներսից պայտաձև, դրսից ուղղանկյուն ծավալով խորանն է։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում։
Հիմնովին նորոգվել է 1896 թվականին։ Մեզ է հասել խոնարհված վիճակում։

Թուխ Մանուկ մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուխ Մանուկ մատուռ

Թուխ Մանուկ եկեղեցին կառուցվել է 4-5-րդ դդ.: Միանավ, պայտաձև խորանով, թաղածածկ, կղմինդրե ծածկով երկայնական սրահ է։ Կառուցված է եղել տեղական տուֆի խոշոր սրբատաշ քարերով։ 1862 թվականին Մահտեսի Հակոբն ու իր որդի Սարգիսը նորոգել են եկեղեցին՝ շարվածքի համար օգտագործելով ավելի փոքր քարեր։ Ունի երկու մուտք՝ հյուսիսային և հարավային կողմերում։

Սուրբ Վարդան եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վարդան եկեղեցին համալիր կառույց է՝ բաղկացած եկեղեցուց և երկհարկ դամբարանից։ Թվագրվում է 5-րդ դ.: Ուղղանկյուն հիմքով, միանավ, թաղածածկ, կղմինդրածածկ շինություն է՝ կառուցված տեղական կարմրավուն տուֆի խոշոր սրբատաշ քարերով։ Պահպանվել են եկեղեցու պատերի հիմնային մասերը։ Հարավային կողմից կից է երկհարկ դամբարանը, որից պահպանվել է միայն 2,8 մ խորությամբ գետնափոր մասը՝ անմշակ գետաքարերով շարված։ Եկեղեցու աղոթասրահի և գետնափոր դամբարանի մուտքերը հարավարևմտյան կողմի նախասրահից են։

Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է 451 թ.՝ Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան Մամիկոնյանի հիշատակին, իսկ դամբարանում ամենայն հավանականությամբ թաղված է նրա զինակից՝ Նիգ-Ապարանի տեր, նախարար Տաճատ Գնթունին։

Ս. Վարդան եկեղեցին և դրան կից երկհարկ դամբարանը վաղ միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշներից են։ «Խաչեր» կոչվող վայրում՝ եկեղեցիների հարևանությամբ, և հնագույն գերեզմանոցում կանգնած են վաղ միջնադարյան երկու քառակող կոթողներ։[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սահինյան Ա., Զովունիի ճարտարապետական խումբը, «Լրաբեր հաս. գիտ.», 1968, N 1։
  • Պետրոսյանց Վ., Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1988

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]