Մեհյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեհյան (այլ կիրառումներ)
Գառնու հեթանոսական տաճար

Մեհյան, հեթանոսական տաճար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ սկզբնապես մեհյան են կոչվել Միհր աստծու տաճարները, հետագայում ստացել հեթանոսական տաճար ընդհանուր իմաստը։ Մեհյանում դրված էին լինում հեթանոսական որևէ աստվածության արձանը և զոհասեղան, որոնք կոչվել են բագին։ Երբեմն մեհյանը նույնպես կոչվել է բագին։ Ագաթանգեղոսը հեթանոսների մասին ասում է, որ «նրանք դիցապաշտ կախարդությամբ մեհյաններ էին կառուցում և նրանց մեջ երկրպագության պատկերներ (արձաններ) կանգնեցնում»։ Մովսես Խորենացու վկայությամբ, Վաղարշակ թագավորը կարգելով հայոց նախարարությունները՝ «այս բոլորից հետո Արմավիրում մեհյան շինելով՝ արձաններ է կանգնեցնում արեգակին, լուսնին և իր նախնիներին» (Պատմություն Հայոց, 1968, էջ 140)։

Պատմահայրն այնուհետև հաղորդում է, որ Երվանդ Դ թագավորը մայրաքաղաքը Արմավիրից տեղափոխելով արևմուտք՝ Արաքսի ափը, որտեղ «ընդդեմ Ախուրեանն հոսի գետ», նոր մայրաքաղաքից ոչ հեռու, Ախուրյանի ափին շինել է Բագարան (աստվածների բնակավայր) փոքր քաղաքը, այնտեղ փոխադրել բոլոր կուռքերը Արմավիրից և մեհյաններ կառուցելով, իր եղբորը՝ Երվազին կարգել քրմապետ (նույն տեղում, էջ 166)։ Հին Հայաստանում հեթանոսական դիցաբանի բոլոր աստվածներին նվիրված մեհյաններ էին կառուցված։ Երկնքի և երկրի արարիչ, բոլոր աստվածների հայր համարվող Արամազդի մեհյանը գտնվում էր Եփրատի ափի Անի ամրոցում։

Առավել նշանավոր էր երկրի և նրա մայրաքաղաքի հովանավոր, կեցուցիչ ու բարերար «մեծի Անահտայ տիկնոջ» մեհյանը, որը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում։ Անահիտի մյուս մեհյանները կառուցված էին Արմավիրում, Բագարանում, Արտաշատում, Տարոնի Աշտիշատ ավանում և Աղձնիքի Դարբնաց քար կոչվող վայրում։ Տիր աստծու մեհյանները գտնվում էին Արմավիրում, Բագարանում, նաև Արտաշատի մոտ՝ ճանապարհի վրա։ Միհրի մեհյանը Դերջան գավառի Բագահառիճ ավանում էր, Վահագնի մեհյան Աշտիշատում, Նանե աստվածուհու մեհյանը՝ Թիլ ավանում, ասորական (սիրիական) ծագում ունեցող Բարշամինա աստծու մեհյանը Թորդան ավանում, Աստղիկի մեհյանները՝ Աշտիշատում, Վանա լճի ափի Արտամետ քաղաքում, Գիսանե և Դեմետր աստվածների մեհյանները՝ Տարոնի Իննակյան կոչվող վայրում՝ Աշտիշատի մոտ։ Գառնիի հեթանոսական տաճարը նվիրված է եղել հավանաբար Արեգ-Հելիոս-Միհր արևի աստծուն։

Ագաթանգեղոսը, պատմելով քրիստոնեություն ընդունելուց հետո հեթանոսական մեհյանների ավերման մասին, բազմիցս նշում է, որ նրանք ընդարձակ տիրույթներ և գանձեր ունեին։ Օրինակ՝ Արտաշատում Անահիտ դիցուհու և նրա մոտ գտնվող Տիր աստծու մեհյանները ավերելու առիթով ասում է, որ նրանց մթերած գանձերը գրավեցին, բաժանեցին աղքատներին, իսկ դաստակերտները (մեհյաններին պատկանող քաղաքատիպ ավանները), նրանց սպասավոր քրմերով, հողերով և սահմաններով նվիրվեցին եկեղեցուն։ Համանման վկայություններ պատմիչը հաղորդում է նաև Բարշամինայի, Արամազդի, Անահիտի, Նանեի, Միհրի մեհյանների, ինչպես և Վահագնի, Աստղիկի և Անահիտի Աշտիշատում գտնվող մեհյանների կործանման առթիվ։ մեհյաններում պահվում էին նաև մեհենական նշանագրերն ու գրականությունը, գեղարվեստական ձևավորմամբ մեծարժեք ծիսական սպասք, իրեր, առարկաներ՝ տարբեր նյութերից, նաև ազնիվ մետաղներից։ Մեհյանները կրոնապաշտամունքային, տնտեսական և մշակութային կենտրոններ էին։ Հայաստանում քրիստոնեական դավանանք ընդունելու ժամանակներում հեթանոսական աստվածությունների մեհյանները հիմնահատակ ավերվել են և նրանց ճարտարապետության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Պահպանվել է միայն Գառնիի արքայական ամրոցի հունա-հռոմեական տիպի հեթանոսական տաճար-մեհյանը, որին վերագրվել է հովանոցի աշխարհիկ նշանակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 444