Բանջարաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանջարեղենի տարբեր տեսակների ցուցադրություն

Բանջարաբուծություն, բուսաբուծության ճյուղ, որն զբաղվում է բանջարային մշակաբույսերի աճեցմամբ՝ բանջարեղեն ստանալու համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջարաբուծությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բանջարային մշակաբույսերի կենսաբանությունն ու դրանց մշակման եղանակները, մշակում է բանջարաբուծության արտադրանքի ստացման ինտենսիվ տեխնոլոգիաներ։ Գիտական բանջարաբուծության զարգացումն ընթանում է ճյուղի զարգացմանը համընթաց։ Բանջարաբուծության գիտական հիմքերը Ռուսաստանում դրվել են 19-րդ դարի սկզբին Ա. Տ. Բոլոտովի աշխատանքներով։ 19-րդ դարում հայտնի էր բանջարաբույծ Ե.Ա. Գրաչովը, որի ստեղծած բանջարաբույսերի սորտերը համընդհանուր ուշադրության էին արժանանում բազմաթիվ երկրների ցուցահանդեսներում։ Բանջարաբույսերի ընտրասերմանաշխատանքներում մեծ ներդրում ունի Ն.Ի. Վավիլովը։ Գիտական բանջարաբուծության հիմունքները մշակել է Վ. Ի. Էդելշտեյնը։

Բանջարային մշակաբույսերի ընտրասերման, սերմնաբուծության աշխատանքներով զբաղվում են բազմաթիվ գիտահետազոտական հաստատություններ։ Մշակվում են բանջարաբույսերի արդյունավետության բարձրացման կենսբանական,տեխնոլոգիաներ և այլ եղանակներ, պարարտացման և ոռոգման արդյունավետ համակարգեր, ստեղծվում են բանջարաբույսերի ցանքի, տնկման, խնամքի, բերքահավաքի բարձրարտադրողի մեքենաներ, նոր կառուցվածքի ջերմոցներ ու ջերմատներ, հիվանդությունների, վնասատուների ու մոլախոտերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, ընտրասերման ու սերմնաբուծության նոր եղանակներ։ Մշակվել են բանջարաբուծության մշակաբույսերի աճեցման գոտիական ինտենսիվ տեխնոլոգիաներ, բարձր բերքատու սորտեր ու հիբրիդներ (օրինակ՝ միանգամյա մեքենայական բերքահավաքի համար լոլիկի սորտեր՝ ֆակել, Ռադուգա, Նվեր, որը 1 հա-ից տալիս է ավելի քան 1000 ց խոշոր, հավասարաչափ պտուղներ, վաղահաս հիբրիդ՝ Սոյուզ-1, վարունգի հիբրիդներ՝ Էստաֆետա, Ռիթմ, սորտեր՝ Կոնկուրենտ, Օբելիսկ, սոխի նոր սորտեր՝ Անթեյ, վաղահաս դեղին, գազարի՝ Արտեկ, Պահածոյի և այլն), ջերմոցների նոր տիպեր և դրանց միկրո կլիմայի կարգավորման ինքնաշխատ միջոցներ և այլն։ Ստեղծված են բանջարեղենի շահութաբեր արտադրության և վերամշակման գիտական հիմքերը։

Բանջարաբուծությունից առանձնացնում են բոստանաբուծությունը՝ ձմերուկի, սեխի, դդումի մշակումը։ Բանջարաբուծությունը էականորեն տարբերվում է բուսաբուծության այլ ճյուղերից. նրա առանձնահատկություններից մեկը բաց և ծածկած գրունտներում բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցումն է։ Ծածկածգրունտի առավել կատարելագործված տեսակների դեպքում բույսերի աճի ու զարգացման բոլոր պայմաններն ստեղծվում են արհեստականորեն և կառավարելի են, ինչը թույլ է տալիս բանջարեղեն ստանալ արտասեզոնի ժամանակահատվածներում, ընդ որում՝ տարեկան բերքատվությունը կազմում է 250–800 տ/հա։ Բաց և ծածկած գրունտի բանջարաբուծությունները փոխկապված են և ապահովում են բանջարեղենի արտադրությունը կլոր տարի։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջարաբուծության մեջ լայնորեն օգտագործում են սածիլման մեթոդը, բույսերի արագ աճեցումը, դրանց լրաճեցումը (օրինակ՝ ծաղկակաղամբի) և լրահասունացումը (կանաչ լոլիկի), խտացված և կրկնակի ցանքն ու տնկումը։

Բաց գրունտի առավել տարածված մշակաբույսերն են կաղամբը, լոլիկը, ճակնդեղը, գազարը, սոխը, վարունգը, սմբուկը, տաքդեղը, ծածկած գրունտինը՝ վարունգը, լոլիկը, կանաչ սոխը, ծաղկակաղամբը, հազարը, ամսաբողկը և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջարանոցային մշակաբույսերի աճեցման մասին առաջին հիշատակումը վերաբերում է Հին Չինաստանին, Եգիպտոսին, Հունաստանին և Հռոմին՝ մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում։ Սկզբում այն ունեցել է սպառող և կիսասպառող բնույթ, կենտրոնացած՝ գյուղատնտեսություններում, պարզունակ ձևով է կատարվել սերմնաբուծությունը։ 19-րդ–XX դարերում խոշոր արդյունաբերական քաղաքների զարգացման հետ լայնորեն սկսել է զարգանալ ապրանքի բերքատվությունը։ Կառուցվել են խոշոր ջերմոցային տնտեսություններ և կոմբինատներ, ընդարձակվել բանջարեղենի մշակաբույսերի տեսականին, սկսել է զարգանալ սերմնաբուծությունը և թաղանթածածկ բանջարաբուծությունը։ Բանջարաբուծության մեջ սկսել են կիրառվել ինտենսիվ տեխնոլոգիաներ, ստեղծվել է բանջարեղենի վերամշակման արդյունքում։ Միջավայրի պայմանների ժամանակակից ավտոմատ կարգավորմամբ ջերմոցային կառուցվածքները հնարավորություն են տալիս փոքրացնել աշխատանքի ծախսերն ու արտադրանքի ինքնարժեքը, բարձրացնել բերքատվությունն ու ճյուղի շահութաբերությունը։ Բանջարաբուծության մեջ մեծ նշանակություն ունի բարելավված հողերի օգտագործումը, քանի որ ոռոգվող մակերեսներից ստացվում է բանջարեղենի մոտ 75%-ը։ Արտադրության մեջ ներդրվում են նոր, բարձր բերքատու սորտեր ու հիբրիդներ՝ հասունացման տարբեր ժամկետներով, հարմարված տարբեր հողակլիմայական պայմաններին և ինտենսիվ տեխնոլոգիաներին, հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ կայուն, բարձրորակ բերքով։

1985 թվականի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն տարածքում բանջարանոցային մշակաբույսերն զբաղեցրել են 1,7 մլն հա, բերքատվությունը եղել է 15 ց/հա, համախառն բերքը՝ 28,1 մլն տ

Ներկայում զարգացած բանջարաբուծությամբ հայտնի են Բուլղարիան, Հունգարիան, Ռումինիան, որտեղից բանջարեղենը մեծ քանակներով նաև արտահանվում է։ Բանջարեղենային մշակաբույսերի մեծտարածքներ ունեն Իտալիան, Նիդերլանդները (հատկապես զարգացած է ծածկածգրունտի բանջարաբուծոըթյունը), Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը և այլ երկրներ։ Բանջարաբուծությունը կարևոր նշանակություն ունի Ամերիկայի Միացիալ Նահանգներում, Ճապոնիայում, Չինաստանում, Մոնղոլիայում, աֆրիկյան մայրցամաքում։

Բանջարաբուծությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջարաբուծությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն, որոշակի ավանդույթներ և արդի գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից է։ Նպաստավոր աշխարհագրական դիրքի և հողաէկոլոգիական պայմանների շնորհիվ Հայաստանի Հանրապետությում աճում են բազմաթիվ բանջարաբույսեր՝ լոլիկ, վարունգ, կաղամբ, սեխ, սմբուկ, բողկ, գազար, սխտոր, ծնեբեկ, սպանախ, տաքդեղ, լոբի, ծաղկակաղամբ, շաղգամ, տերևաբանջարներից՝ թարխուն, մաղադանոս, համեմ, ռեհան և այլն, բոստանային մշակաբույսերից՝ ձմերուկ, սեխ, դդում, դդմիկ։ Փորձեր են կատարվում արտադրության պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները 30,7 հզ․հա էր, համախառն բերքը՝ 970,2 հզ. տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ն զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։ «Հազարամյակի մարտահրավերներ–Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի ու «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» շրջանակներում կիրառվող դրամաշնորհի միջոցներով սկսել են մշակել բրյուսել յան, չինական, պեկինյան և կարմրագլուխ կաղամբներ, բրոկոլի, կոլռաբի, մշակովի հազարի տարբեր տեսակներ։

Ջերմատնային տնտեսություններ կան հանրապետության գրեթե բոլոր մարզերում, զբաղեցնում են մոտ 75 հա տարածք, որտեղ աճեցնում են բանջարեղեն (60%) և ծաղիկ (40%)։

Բանջարաբուծությունը որպես գիտություն, Հայաստանում ձևավորվել է 1930-ական թվականերին՝ գիտահետազոտական հիմնարկների կազմակերպմանը զուգընթաց։ 1931 թվականին Մոսկվայի բանջարանոցներում տնտեսության գիտահետազոական ինստիուտի համակարգում ստեղծվել է Երևանի բանջարաբուծության հենակետը (1933 թվականից՝ Հայաստանի հող ժողկոմատի պտղաբուծության գոտիական կայան), 1932 թվականին՝ Լենինականի ընտրասերման կայանի բանջարաբույսերի ընտրասերման և սերմնաբանության բաժինը։ 1950 թվականին ընտրասերման աշխատանքները կենտրոնացվել են պահածոների արտադրության համամիութենական գիտահետազոական ինստիուտի հայկական բանջարաբուծության հենակետում (1958 թվականից՝ բանջարաբուծության փորձա ընտրասերման կայան, 1959 թվականից՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն գյուղատնտեսության նախարարության ինքնուրույն գիտահետազոտական կայան)։ 1981 թվականին հիմնադրվել է բանջարաբուծության մշակաբույսերի հանրապետական ընտրասերման սերմնաբուծական կայանը (1993 թվականից՝ բանջարաբոստանի մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտի, 1998 թվականից՝ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն)։

Գիտական ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտահետազոտական հաստատություններում ուսումնասիրվել են բանջարաբոստանային բույսերի ծագումնաբանությունը, աճման ու զարգացման առանձնահատկությունները, հետերոզիսի, տարբեր բնակլիմայական պայմաններում այդ բույսերի մշակության, տարածման, սորտընտրության, ծածկած գրունտում բանջարաբուծության զարգացման և ընտրասերման հարցերը, բազմաթիվ սորտեր են ստացվել (Անահիտ Անանյան, Գուրգեն Բաբաջանյան, Նինա Ավետիքյան, Ալբերտ Ավագյան, Էմմա Քոչարյան, Մարտիրոս Ղազարյան, Մարատ Հովհաննիսյան, Հ. Ակունց, Արամ Եղիազարյան, Գրիշա Ղարիբյան և ուրիշներ)։ 1990-ական թվականերինի վերջից այդ աշխատանքները շարունակել է գիտնականների նոր սերունդը (Գայանե Սարգսյան, Գալուստ Ասլանյան, Վազգեն Զուրաբյան, Ռուբիկ Շահազիզյան, Գայանե Մարտիրոսյան, Լաուրա Թադևոսյան, Արմենուհի Փահլևանյան, Սվետա Հայրապետովա, Սեդա Ղազարյան, Վարազդատ Նուշիկյան, Հասմիկ Արզումանյան, Ռիմա Մկոյան, Կարինե Սառիկյան, Արաս Ղազարյան, Ռայա Բալայան, Վիկտոր Դաբաղյան, Դոնարա Խաչատրյան, Հասմիկ Տերտերյան և ուրիշներ)։ Ստեղծվել և արտադրության մեջ ներդրվել են լոլիկի՝ Լիա, Նվեր, Առաքել, Անահիտ–351, ջերմատնային՝ Լուսարփի, Սոֆիա, հարսնախոտի՝ Զանգակ, սմբուկի՝ Ավանդ, Տավուշ, քաղցր տաքդեղի՝ Նուշ–55, Զմրուխտ, կծու տաքդեղի՝ Արևահամ, Առաջնեկ, Հպարտ, վարունգի՝ Գայանե, Մանե, Հայարփի, լոբու՝ Մասիսի բանջար, Զառա, դդմիկի՝ Աննա, դդումի՝ Բերքանուշ, Արարատի վարդագույն, սեխի՝ Անի, Անուշ, ձմերուկի՝ Արևիկ և այլ սորտեր։ Գիտահետազոտական աշխատանքներ են կատարվել նաև Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի (1998 թվականից՝ ՀԳԱ, 2005 թվականից՝ ՀԱ ԱՀ) բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնում։ Ներկայում ուսումնասիրությունները կատարվում են բանջարային մշակաբույսերի վայրի ազգակիցների ծագումնաբանության, գենոֆոնդի պահպանության, վայրի ուտելի բույսերի մշակովիացման ուղղությամբ (Անդրեաս Մելիքյան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Խաչատրյան, «Բանջարաբուծություն», Երևան, 1972
  • Ա․ Մելիքյան, «Բանջարաբուծություն», Երևան, 2005
  • Գ․ Ղարիբյան, «Բանջարաբուծություն», Երևան., 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։