Ամսաբողկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամսաբողկ
Ամսաբողկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Կաղամբածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիներ
Ցեղ Բողկ
Տեսակ Ամսաբողկ
Լատիներեն անվանում
Raphanus sativus convar. radicula
Հոմանիշներ

Raphanus sativus L. var. radicula Pers.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ամսաբողկ, բողկ ցեղի միամյա կամ երկամյա բույսեր։ Մշակովի բողկ (Raphanus sativus) տեսակի տարատեսակներ են։ Ամսաբողկի արմատապտուղներն օգտագործում են թարմ վիճակում։ Նրանք հարուստ են վիտամիններով և օժտված են համային բարձր հատկություններով։ Ամսաբողկը ցրտակայուն բույս է։ Նրա սերմերը սկսում են ծլել 9 °C-ում։ Ամսաբողկի ծիլերը դիմանում են մինչև (-3 °C) ցրտի, իսկ մեծահասակ բույսերը՝ (-4 °C), (-5 °C)։ Ամսաբողկի զարգացումը արագանում է բարձր ջերմաստիճանի (18-25 °C) և երկարատև լուսային օրվա պայմաններում։ Այդ պատճառով ամռան ցանքերի դեպքում ամսաբողկը, առանց արմատապտուղ գոյանալու ծաղկում է։ Բարձրորակ արմատապտուղներ ստանալու համար ամսաբողկը պետք է աճեցնել բերրի հողերում, բարենպաստ խոնավության պայմաններում։

Մշակման ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարարտացնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաբողկին պետք է տալ փտած գոմաղբ՝ հեկտարին 30-40 տոննա, և հանքային պարարտանյութեր՝ 30-60 կիլոգրամ ազոտ, 45-60 կիլոգրամ ֆոսֆոր, 45-60 կիլոգրամ կալիում, մեկ հեկտարին ազդող նյութի հաշվով։

Ցանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաբողկը ցանում են վաղ գարնանը մի քանի ժամկետներում (10-13 օրը մեկ) կամ հուլիսի վերջին՝ աշնանն օգտագործելու համար։ Աշնանային եղանակները շատ նպաստավոր են ամսաբողկի բարձրորակ խոշոր արմատապտուղներ ստանալու համար։

Ցանքը կատարում են 5-10 գծանի ժապավեններով, 45-50 սանտիմետր միջժապավենային տարածություններով և ժապավեններում 12-20 սանտիմետր միջգծային տարածություններով։

Սերմերի ցանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերի ցանքի նորման շարքերով և ժապավեններով ցանելու դեպքում հեկտարին 12-15 կիլոգրամ է, իսկ խաչաձև ցանքերի դեպքում՝ 18-20 կիլոգրամ։

Բերքատվության բարձրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաբողկի բերքատվությունը բարձրանում է, եթե սերմերը 24 ժամ թրջում են մեթիլենային կապույտի լուծույթում (1լիտր ջրին 0,3 գրամ)։

Ամսաբողկի աճի ընթացքում հողը պահում են փխրուն և մաքուր։

Հավաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաբողկը հավաքում են ընտրովի՝ 2-3 նվագով։ Բույսերը հողից դուրս են քաշում, տեսակավորում են և ապրանքային արմատապտուղները կապում են փնջերով, կլոր արմատապտուղները կապում են մեկ փնջում 10-20 հատ, երկարավունները՝ 5-10 հատ։

Բերքատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաբողկի միջին բերքատվությունը կազմում է հեկտարից 50-60 հազար փունջ, իսկ խաչաձև ցանքերի դեպքում մինչև 100 հազար փունջ։

Բերքի վաղ ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է ստանալ ամսաբողկի վաղ բերք, եթե այն աճեցվի ջերմոցներում և տաքացվող գրունտում` ցանելով մի քանի ժամկետներում։

Պաշտպանված գրունտում աճեցնելու համար առավել հարմար տեսակներից են.

  1. . «Սակսա Լեդյանայա սոսուլկա»,
  2. . «Ռաննիյ կրասնիյ»,
  3. . «Զարյա»,
  4. . «Տեպլիչնիյ»։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բանջարաբուծություն և պտղաբուծություն» (երկրորդ ուղղված և լրացված հրատարակություն), էջ 186-188, Երևան Լույս հրատարակչություն, 1976 թվական, սեպտեմբերի 1։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամսաբողկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամսաբողկ» հոդվածին։