Բողկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Brassiceae
Ցեղ Բողկ (Raphanus)
L., 1753

Բողկ (լատին․՝ Raphanus), բողկուկ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա և երկամյա արմատապտղավոր բանջարաբույսեր։ Հայտնի է 8 (10), Հայաստանում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝ բողկ դաշտային (R. raphanistrum

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկացողունը ճյուղավորվող է։ Վարդակի տերևները թավոտ են, տերևաթիթեղը՝ քնարաձև բլթակավոր, վերին բլթակը՝ խոշոր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, վարդագույն, մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը չբացվող պատիճ է, արմատապտուղները՝ տարբեր ձևի (կլոր, կլոր-տափակավուն, կոնաձև, ձվաձև, գլանաձև և այլն), մեծության (տարեկանը՝ 0, 5-5 կգ, ամսաբողկը՝ 20-60 գ) և գույնի (սպիտակ, կարմիր, վարդագույն, մոխրագույն և այլն)։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում են վիտամիններ (C, B), կալիումի, կալցիումի, երկաթի և ֆոսֆորի աղեր (գերակշռում են հիմնային աղերը), գլիկոզիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ և այլն։ Սննդի մեջ օգտագործում են միայն թարմ (բարելավում է նյութափոխանակությունը և մարսողությունը)։

Կիրառությունը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողկը ունի միզամուղ, լեղամուղ, խորխաբեր, ցավամոքիչ, հանգստացնող հատկություն։ Բարձրացնում է դիմադրողականությունը, կանխում ջղակծկումները, կանխարգելում ուռուցքների առաջացումը։ Կորեացիներն օգտագործում են սերմերը՝ ստամոքսաբորբի, վատ մարսողության, քրոնիկ բրոնխիտի, բրոնխների ասթմայի դեպքում, արմատապտուղը՝ այտուցի, ցիստիտի, շաքարային դիաբետի, եփուկը՝ քրոնիկ լուծի, հյութի ջրային լուծույթը՝ ստոմատիտի դեպքում, տրորած տերևը դնում են կապտուկներին։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չի կարելի օգտագործել սիրտ-անոթային հիվանդությունների, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, կոլիտի, ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ Պետք է զգուշանալ պանկրեատիտի, լեղաքարային հիվանդության, հոդերում «աղերի կուտակման» դեպքում։

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի մարզերում (մինչև վերին լեռնային գոտի), Երևանի շրջակայքում։ Աճում է ցանքերում, բնակավայրերի մոտ և այլն։ Մշակության մեջ է Հայաստանի գրեթե բոլոր մարգերում տարածված է բողկ մշակովին կամ ընտանին (R. sativus), որն ունի 2 տարատեսակ՝ տարեկան բողկը և ամսաբողկը։  

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 514