Գրոշ
Գրոշ (польск. grosz, нем. Groschen, от лат. grossus (dēnārius) «հաստ դինար»[1]) — դրամական միավոր, մետաղադրամ, որը կիրառվել է տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում։
Գրոշի ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ գրոշը հատվել է Իտալիայում 12-րդ դարի վերջում. 1172 թվականին Ջենովայում հատվել է արծաթե մետաղադրամ 1,46 գրամ քաշով։ Այն իր անվանումը ստացել է լատիներեն denarius grossus — «հաստ» դինար (ի հակակշիռ «բարակ» դինարներին)։ Ջենովական «գրոսսո»-ն (grosso) հավասար էր 4 ջենովական դինարի։ Շուտով «գրոսսոն» հայտնվեց նաև Ֆլորենցիայում (1182), Կրեմոնում, Պադուայում, Միլանում, Պիզայում և Վենետիկում։
Սկզբում մետաղադրամի քաշը փոքր էր, հետագայում այն կտրուկ աճեց։ 1266 թվականին «գրոսսոյի» նմանակը հայտնվեց Ֆրանսիայում՝ Տուր քաղաքում թողարկվեց արծաթե մետաղադրամ 958 հարգի, 4,22 գրամ քաշով (այսպես կոչված «գրո տուրնուա», gros tournois, դրամագիտական գրականության մեջ՝ «տուրնոզաշ»). Այն հավասարեցվեց 12 դենյե տուրնուայի, այսինքն հավասար էր հաշվարկային սոլիդ միավորին։
Մետաղադրամների որակը աստիճանաբար նվազեցվում էր, 1365 թվականին «գրո տուրնուա» մետաղադրամը կշռում էր արդեն 2,55 գրամ, բայց արժեր 15 դենյե տուրնուա։ Ժամանակի ընթացքում մետաղադրամի հարգը նույնպես փոխվեց։ Հարյուրամյա պատերազմի տարիներին ֆրանսիական Հովհաննես 2-րդ Բարի թագավորը, ծախսերը փակելու նպատակով, հատում էր միայն ավելի իջեցված հարգի «գրո տուրնուա», որոնք կոչվում էին նաև «բլան».
1300 թվականին նմանակելով իտալական «գրոսսոյին» և ֆրանսիական «գրո տուրնուային» սկսեց հատվել պրահյան գրոշը 938 հարգի արծաթից, 3,7 գրամ քաշով։ Մինչև 15-րդ դարի սկիզբ (Հուսյան հեղափոխական շարժման սկիզբը) Չեխիան մնում էր Եվրոպայի խոշորագույն էմիսիոն կենտրոնը, իսկ պրահյան գրոշը դարձավ Արևելյան Եվրոպայի դրամաշրջանառության հիմք մի քանի դարերի ընթացքում։ Գրոշի հատման կենտրոնական վայրը Կուտնա-Գորա քաղաքի դրամահատարանն էր, որտեղ գլխավոր փորձագետ էին հենց իտալական մասնագետները։
1338 թվականին Թյուրինգիայում սկսվեց մեյսենյան գրոշի հատումը (կշռում էր 3,797 գրամ և պարունակում էր 3,375 գրամ արծաթ), որը տարածվեց ամբողջ Գերմանիայում։
Անգլիայում ֆրանսիական «գրո տուրնուայի» առաջին նմանակը հատվեց 1279 թվականին Էդուարդ 1-ին թագավորի կողմից և ստացավ «գրոուտ» (groat) անվանումը։1351 թվականին սկսվեց գրոուտի կանոնավոր հատումը, այն պարունակում էր 4,23 գրամ արծաթ և հավասարեցված էր 4 փենսի. հատվում էին նաև կես գրոուտ արժեքով մետաղադրամներ 2,05 գրամ քաշով։ 14-րդ դարում գրոշի նման մետաղադրամ շրջանառության մեջ դրեցին նաև Նիդերլանդները («գրոոտ», 3,96 գրամ արծաթի պարունակությամբ, 4,14 գրամ ընդհանուր քաշով)։
Արծաթի պարունակությունը գրոշներում միանման չէր և անընդհատ նվազում էր մետաղադրամների մաշվելու հետևանքով։ Աստիճանաբար այն վերածվեց արծաթե մետաղական մանրադրամի։
Գրոշը Գերմանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեյսենի մարկգրաֆ Ֆրիդրիխ II-ի կողմից 1338 թվականին որպես պրահյան գրոշի նմանակում, հատված գրոշը, իր հերթին դարձավ նմուշօրինակ բազմաթիվ այլ գերմանական մետաղադրամների համար։ Այն կշռում էր 3,9 գրամ (3,66 գրամ մաքուր արծաթ)[2]. Գրոշներ սկսեցին թողարկել Գեսսենում, Բրաունշվեյգում, Շտոլբերգում, Էրֆուրտում, Մանսֆելդում և այլ քաղաքներում։
Գրոշի որակը անընդհատ փոփոխվում էր։ 1360 թվականին մեյսենյան գրոշը պարունակում էր արդեն 2,788 գրամ արծաթ։ Մի քանի անգամ փորձեր էին արվել պահպանել գրոշի որակը։ 15-րդ դարի կեսերին հաստատվեց գրոշի հաստատուն հարաբերակցությունը գուլդենի նկատմամբ։ Սկզբում հատվում էին գրոշներ Հռենոսյան գուլդենի նկատմամբ 1/20 կամ 1/21 հարաբերակցությամբ, հետագայում հատվեցին գրոշներ հավասար 1/26 գուլդենի։
Մեյսենյան գրոշերի բոլոր տեսակների ընդհանուր քանակը կազմում է մի քանի հազար։
Թալերի, որպես ոսկե գուլդենի արծաթե համարժեքի, հատման սկզբից սկսած գրոշը հավասարեցվեց 1/21 թալերի (հենց թալերին որոշակի ժամանակ անվանում էին գուլդենգրոշ). Սակայն գրոշների փոփոխվող որակի հետ կապված, թալերի դիմաց դրանցից տալիս էին 20-ից մինչև 48 հատ։ 1570 թվականին գրոշը հավասարեցվեց 1/24 թալերի, իսկ մետաղադրամի վրա սկսեցին հատել «24» թիվը։ Գերմանիայում մետաղադրամային ճգնաժամը, որը սկսվեց 17-րդ դարի սկզբներին և իր գագաթնակետին հասավ Երեսնամյան պատերազմի տարիներին, բերեց ցածր հարգի մետաղադրամների, այդ թվում գրոշների, տարածմանը, և Հռոմեական Սրբազան կայսրության դրամական համակարգի խորտակմանը։
Գրոշի որակը վերականգնվեց այսպես կոչված «գուտերգրոշի» հատման հետ (Guter Groschen — լավ գրոշ), որը նորից հավասարեցվեց 1/24 թալերի։ «Գուտերգրոշեն» անվանումը պահպանվեց ընդհուպ մինչև 19-րդ դարը։ Հատվում էին 1 գրոշ, իսկ 1764 թվականից սկսած նաև 1/2 գրոշ մետաղադրամներ (1797 թվականից՝ պղնձե), իսկ հետագայում՝ նաև այլ անվանական արժեքներով։
1821 թվականին, Պրուսիայում մետաղադրամային ռեֆորմի համաձայն, սկսեցին թողարկել բիլոնային այսպես կոչված «զիլբերգրոշեն»-ներ (Silbergroschen — արծաթե գրոշ). Նրանք հավասար էին 12 պֆենիգի և կազմում էին 1/30 թալեր։ Բացի Պրուսիայից «զիլբերգրոշ» թողարկում էին Անհալտը, Բիրկենֆելդը, Վալդեկ-Պիրմոնտը, Գեսսեն-Կասսելը, Լիպպե-Դետմոլդը, Ռյոյսը, Սաքսեն-Վեյմար-Էյզենախը, Շաումբուրգ-Լիպպեն և Շվարցբուրգ-Զոնդերսհաուզենը։
Մետաղադրամի «գրոշ» անվանումը պահպանվեց Բրաունշվեյգում, Հաննովերում (մինչև 1866 թվականը), Օլդենբուրգում և Սաքսեն-Քոբուրգ-Գոթում։ Բրեմենում մետաղադրամները անվանում էին «գրոտ» (թողարկվում էին արծաթե մետաղադրամներ 6, 12 և 36 գրոտ)։ Սաքսոնիայում 1840 թվականին ներդրվեց «նոյգրոշեն» դրամական միավորը, որը հավասարեցվեց 10 պֆենիգի (այլ ոչ թե 12, ինչպես «զիլբերգրոշենը»).
Բիլոնային գրոշները շարունակել են թողարկվել ընդհուպ մինչև Գերմանական կայսրության և միասնական դրամական համակարգի ստեղծումը (1873 թվական)։
Գրոշը Լեհաստանում և Լիտվական մեծ իշխանությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]1367 թվականին, նմանակելով «պրահյան գրոշին», լեհական թագավոր Կազիմիր II Արդարամիտը սկսեց հատել իր սեփական գրոշը Կրակովում («կրակովյան գրոշ»)։ Մետաղադրամն ուներ պրահյան գրոշի նույն հարգը (775), սակայն տարբերվում էր քաշով (կշռում էր մոտ 3,2 գրամ, պրագյան գրոշի 3,4 գրամի դիմաց)։ Հատումը երկար չտևեց և թողարկվեց մետաղադրամների փոքր քանակություն։ Երկար ժամանակ լիտվական և լեհական գրոշները միայն հաշվարկային դրամական միավորներ էին՝ լիտվական գրոշը հավասար էր 10 դինարի, լեհական գրոշի որակը ավելի վատն էր և այն հավասարեցվեց 8 դինարի։ Հատվում էին իրական մետաղադրամներ կես գրոշ, լիտվականը՝ 1,27 գրամ քաշով, և լեհականը՝ 1,03 գրամ քաշով, ինչպես նաև դինարներ։
1526 թվականին լեհական գրոշը հատվեց որպես իրական մետաղադրամ, 375 հարգի գրոշը կշռում էր 2,059 գրամ և ուներ 24 մմ տրամագիծ։ 1535 թվականին հատվեց լիտվական գրոշը 26 մմ տրամագծով։ 16-17 դարերում գրոշը դարձավ հիմնական մանրադրամ։ Հատվում էին բիլոնային և արծաթե մետաղադրամներ կես գրոշ, գրոշ և «երկուսնոց» (2 գրոշ), «երեքնոց» (3 գրոշ), «չվորակշ» (4 գրոշ) и «շոստակ» (6 գրոշանոց), Սիգիզմունդ 3-րդը մտցրեց նոր անվանական արժեքով գրոշ՝ մեկուկես գրոշանոց։
17-րդ դարի վերջին Ռեչ Պոսպոլիտայում ձևավորվեցին երկու դրամական համակարգեր՝ հիմնված պղնձի վրա (հիմնական անվանական դրամը՝ սոլիդ) և արծաթի վրա հիմնված (գրոշ), բայց արդեն 18-րդ դարում Ավգուստ 3-րդ թագավորի ժամանակ գրոշը սկսեց հատվել պղնձից։ Հաշվարկային արծաթե գրոշից տարբերելու համար պղնձե գրոշը սկսեցին անվանել «գրոշովիկ». Այն հավասարեցվեց 3 պղնձե սոլիդի, 30 «գրոշովիկը» կազմում էր զլոտի։ Միևնույն ժամանակ զլոտին արժեր միայն 4 արծաթե գրոշ։ Պղնձե «գրոշովիկների», ինչպես նաև պղնձե կես գրոշի և երեք գրոշի հատումը շարունակվեց ընդհուպ մինչև Ռեչ Պոսպոլիտայի բաժանումը։
Ռեչ Պոսպոլիտայի անկախության կորուստը (1794 թվականին) բերեց սեփական մետաղադրամի կորստին։ Երկրի բաժանումից հետո Ավստրիան թողարկեց պղնձե գրոշ 1794 թվականին, Պրուսիան՝ 1796—98 թվականներին։
Վարշավայի հերցոգությունը (1807-14) հատում էր պղնձե 1 և 3 գրոշներ, 5 գրոշ բիլոնից և 10 գրոշ արծաթից, պրուսական Պոզնանի մեծ հերցոգությունը 1816 թվականին թողարկում էր իր սեփական գրոշը։
Ռուսական կայսրության կազմում Լեհական թագավորությունը (1815 թվականից) հատում էր իր սեփական մետաղադրամները, 1832 թվականից երկու անվանական արժեքներով՝ լեհական և ռուսական։ 1 լեհական գրոշը հավասարեցված էր 1/2 կոպեկի։ Երկու անվանական արժեքներով հատումը շարունակվեց մինչև 1850 թվականը։
Անկախության ձեռքբերումից հետո Լեհաստանում ստեղծվեց իր արժույթը. 1924 թվականին հատվեց զլոտին, որը հավասար էր 100 գրոշի։ Հատվում էին 1 գրոշ բրոնզից, 2 և 5 գրոշ բրոնզից և լատունից, 10 և 20 գրոշներ նիկելինից, 50 գրոշ նիկելինից և երկաթից։ 1950 թվականի դրամական ռեֆորմից հետո շրջանառության մեջ դրվեցին 1, 2, 5 գրոշեր ալյումինից, 10, 20 և 50 գրոշեր ալյումինից և նիկելից։ 1995 թվականի դենոմինացիայից հետո և մինչև այսօր շրջանառության մեջ են գտնվում 1, 2 և 5 գրոշներ պղնձից և 10, 20, 50 գրոշեր պղնձա-նիկելային խառնուրդից[3]։.
Գրոշը Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում գրոշն առաջին անգամ հատվել է 1654 թվականին՝ Ալեքսեյ Միխայլովիչի ժամանակ, և հավասարեցվել է 2 կոպեկին։
1727 թվականին Եկատերինա Iը հրամայել է հատել 2 կոպեկ արժողությամբ փորձնական գրոշներ պղնձից։
Յոթնամյա պատերազմի տարիներին կայսրուհի Ելիզավետա Պետրովնան հատել է մետաղադրամներ օկուպացված Պրուսիայի համար, այդ թվում.
- Բիլոնից։
- Սոլիդ (շիլլինգ)
- Գրոշ
- 2 գրոշ
- 3 գրոշ
- 6 գրոշ
- 18 գրոշ
- 1/6 թալեր
- արծաթից։
- 1/3 թալեր
19-րդ դարում գրոշը (Ռուսական կայսրության կազմում Լեհական թագավորության մետաղադրամ) հավասարեցվել է 1/2 կոպեկի։
Ժամանակակից գրոշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս գրոշները որպես մանրադրամ պահպանվել են Լեհաստանում (100 գրոշ = 1 զլոտի); 1924—1938 թվականներին և 1945—2001 թվականներին գրոշը շրջանառության մեջ է եղել Ավստրիայում (100 գրոշ = 1 շիլլինգ), սակայն 2002 թվականից երկիրն անցել է եվրոյի։
«Գրոշ» բառի փոխաբերական իմաստները
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխաբերական իմաստով գրոշ նշանակում է մանրուք («Աշխատել գրոշի դիմաց»), ոչինչ («Քո բառերը գրոշ էլ չարժեն»), չնչին մի բան։
Բելառուսերեն և ուկրաիներեն լեզուներով «փող» բառը թարգմանվում է որպես «գրոշ»։ Կարող է նաև կիրառվել ռուսերեն լեզվում կենցաղային բառապաշարում («В магазин пошёл, а гроши взял?») (польск. grosze, pieniądze լեհերեն ընդհանրապես փող է նշանակում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brückner A. Słownik etymologiczny języka polskiego.
- ↑ Мейсенский грош в нумизматическом словаре
- ↑ Польские монеты