Նիկելին
Արտաքին տեսք
Նիկելին, նիկելի կարմիր հրաքար, միներալ, նիկելի արսենիդ։ Քիմիական բաղադրությունը՝ NiAs։ Հաճախ պարունակում է Со-ի, Fe-ի, Sb-ի խառնուրդներ։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Հիմնականում առաջացնում է հոծ հատիկավոր կամ ձողաձև զանգվածներ։ Գույնը՝ գունատ պղնձի կարմիր, փայլը՝ մետաղական։ Էլեկտրականության լավ հաղորդիչ է։ Կարծրությունը՝ 5–5,5, խտությունը՝ 7800կգ/մ³։ Օքսիդացման զոնայում հեշտությամբ հողմահարվում է, փոխարկվում վառ կանաչ երկրորդային միներալի՝ աննաբերգիտի ։ Հանդիպում է գերհիմքային ինտրուզիվ ապարներում՝ քրոմիտի հետ, պղինձ–նիկելային, Ni–Со և Ag–Ni–Со ֆորմացիայի հանքավայրերում։ Կա ՌԴ–ում (Կեմերովոյի մարզ, Տուվայի ԻՍՍՀ), ԳԴՀ–ում, ԱՄՆ–ում, Կանադայում։ Զգալի կուտակումների դեպքում նիկելի ստացման արժեքավոր հանքանյութ է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 294)։ |