Յոթնամյա պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոթնամյա պատերազմ

Ժամացույցի հակառակ ուղղությամբ վերևից դեպի ձախ Փլասիի ճակատամարտ (23 հունիս 1757), Կարիլոնի ճակատամարտ (6–8 հուլիս 1758), Զորնդորֆի ճակատամարտ (25 օգոստոս 1758), Կուներսդորֆի ճակատամարտ (12 օգոստոս 1759).
Թվական 1756–1763
Վայր Եվրոպա, Ամերիկա, Աֆրիկա, Ասիա
Արդյունք Անգլո-պրուսական-պորտուգալական դաշինքի հաղթանակ
Հակառակորդներ
* Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա * Ֆրանսիայի թագավորություն Ֆրանսիայի թագավորություն

Յոթնամյա պատերազմ (1756-1763, մի կողմից Ավստրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Սաքսոնիայի, Շվեդիայի, մյուս կողմից՝ Պրուսիայի, Մեծ Բրիտանիայի և Պորտուգալիայի միջև)։ Ծագել է գաղութների համար անգլո-ֆրանսիական պայքարի սրման և Ավստրիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի շահերին հակոտնյա Պրուսիայի զավթողական քաղաքականության հետևանքով։ Պատերազմն սկսվել է Պրուսիայի կողմից 1756 թվականի հոկտեմբերին Սաքսոնիայի զավթումով, ապա պրուսական զորքերը ջախջախել են ավստրիացիներին Պրահայի մոտ (1757 թվականի մայիս), բայց 1757 թվականի հունիսին պարտվել են Կոլինի մոտ, որից հետո ավստրիական զորքերը ներխուժել են Սիլեզիա, ֆրանսիացիները գրավել են Հանովերը, իսկ ռուսները ջախջախել են պրուսացիներին Գրոս-Եգերսդորֆում 1757 թվականի օգոստոսին։ 1757 թվականին Ֆրիդրիխ Н-ի բանակների հաղթանակները ֆրանսիացիները (Ռոսբախի մոտ նոյեմբերի 5-ին) և ավստրիացիների (Լեյտենի մոտ, դեկտեմբերի 5-ին) հանդեպ ոչինչ էին ռուսների (հրամանատարներ Պ․ Մալտիկով, Ա․ Ռումյանցև) ռազմական հաջողությունների համեմատ, որոնք գրավեցին Արևելյան Պրուսիան։ 1758 թվականի օգոստոսի 25-ին ռուսները Ցորնդորֆի մոտ դիմադրեցին Ֆրիդրիխ II-ի գերազանցող ուժերին, իսկ 1759 թվականի օգոստոսի 12-ին հաղթեցին Կուներսդորֆի մոտ, որից հետո Պրուսիան ընկավ ծանր կացության մեջ։

1760 թվականի հոկտեմբերի 8—9-ի գիշերը ռուսական զորքերը գրավեցին Բեռլինը (բայց չկարողացան պահել և նահանջեցին)։ Անգլիան գրեթե չէր մասնակցում Եվրոպայում մղվող ռազմական գործողություններին, որովհետև կռվում էր Ֆրանսիայի դեմ ծովում և գաղութներում։ 1757 թվականին, անգլիացիները, գրավելով ամբողջ Բենգալիան, ֆրանսիացիներին դուրս մղեցին Հնդկաստանից, իսկ Հյուսիսային Ամերիկայում գրավեցին Քվեբեկը, 1760 թվականին՝ Մոնրեալը և շուտով ամբողջ Կանադան։ 1760—1761 թվականներին ն պատերազմող կողմերը բազմիցս փորձեցին հակառակորդի հետ գաղտնի գործարքներով պատերազմն ավարտին հասցնել, որի հետևանքով սրվեցին հարաբերությունները դաշնակիցների միջև, հատկապես Ռուսաստանինը՝ Ավստրիայի ու Ֆրանսիայի հետ։ 1761 թվականին Ռուսաստանում գահ բարձրացած Պյոտր III, Ռուսաստանի շահերին հակառակ, դաշինք կնքեց Պրուսիայի հետ։ Նրան փոխարինած Եկատերինա II-ը չեղյալ համարեց այդ դաշինքը, բայց պատերազմը չվերսկսեց։ Ռազմական գործողությունները մի կողմից՝ Ավստրիայի ու Ֆրանսիայի, մյուս կողմից՝ Պրուսիայի միջև, դադարեցին 1762 թվականի աշնանը։

1763 թվականի փետրվարի 10-ին ստորագրվեց Փարիզի պայմանագիրը, որով Անգլիային անցան նախկին ֆրանսիական գաղութներ Կանադան ու Արևելյան Լուիզիանան (Հյուսիսային Ամերիկա) և մի քանի կղզիներ։ Իսպանիային անցած նախկին ֆրանսիական գաղութ Արևմտյան Լուիզիանայից Անգլիան ստացավ Ֆլորիդան։ Ավստրիայի, Պրուսիայի և Սաքսոնիայի միջև 1763 թվականի փետրվարի 15-ին ստորագրվեց այլ պայմանագիր, որով Պրուսիային անցավ Սիլեզիան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 126