Սրբազան Հռոմեական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Sacrum Romanum Imperium Nationis Germanicæ
Heiliges Römisches Reich Deutscher Nation
Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն
 Արևելյան-Ֆրանսիա 962 - 1806 Հռենոսյան դաշնություն (1806) 
Ավստրիական կայսրություն 
Պրուսիայի թագավորություն 
Banner of the Holy Roman Emperor (after 1400).svg Wappen Kaiser Joseph II. 1765 (Groß).png
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Սրբազան Հռոմեական Կայսրություն.png
(1648)

Ընդհանուր տեղեկանք
Լեզու գերմաներեն և այլք
Կրոն Կաթոլիկ, Լյութերական, Կալվինիստական
Իշխանություն
Պետական կարգ Ընտրական միապետություն
Դինաստիա Տարբեր
Պետության գլուխ Կայսր
Պատմություն
- Կայսր Օտտո I 962
- Ինվեստիտուրայի պայքար 1075-1122
- Աուգսբուրգի կրոնական հաշտություն 1555
- Վեստֆալյան հաշտություն 1648
- Աշխարհիկացում (Reichsdeputationshauptschluss) 1803
- Հռենոսյան դաշնության ակտ 1806
Ավստրիայի պատմություն
Austria Bundesadler.svg

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Սրբազան Հռոմեական կայսրություն (1512 թ-ից - Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն; լատ.՝ Sacrum Imperium Romanum Nationis Germanicæ; գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation), պետական կազմավորում, որ գոյատևեց 962 թվականից մինչև 1806 թվականը՝ միավորելով Եվրոպայի մի մասը։ Կայսրությունը՝ հզորության գագաթնակետին ներառում էր Գերմանիան, որը համարվում էր կայսրության միջուկը, հյուսիսային և միջին Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, ինչպես նաև որոշ տարածքներ Ֆրանսիայում։ Կայսրությունը հիմնել է գերմանական թագավոր Օտտոնը։ Գերմանական ֆեոդալների շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Արևելյան և Հարավային Իտալիա, ուր գերմանական կայսրերը արշավում էին Հռոմի պապից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու Իտալիան։ Սկսած 1134 թվականից՝ ձևականորեն կազմված էր երեք թագավորություններից՝ Գերմանիայի թագավորություն, Իտալիայի թագավորություն և Բուրգունդիայի թագավորություն։ 1135 թվականին կայսրության կազմի մեջ մտավ Չեխիայի թագավորությունը։ 13-րդ դարից կայսրին ընտրել են կայսրընտրիչ իշխանները՝ կուրֆյուրստները։ Համակայսերական դասային-ներկայացուցչական մարմինը՝ ռայխստագը, ծառայել է խոշոր ֆեոդալների շահերին։ 1618-1648 թվականներին Երեսնամյա պատերազմից հետո կայսեր իշխանությունը վերջնականապես դարձել է անվանական։ Ձևականորեն «Հռոմեական սրբազան կայսրությունը» գոյատևել է մինչև 1806 թվականը, երբ վերջին Սրբազան հռոմեական կայսր Ֆրանց II-ը՝ նույն ինքը՝ ավստրիական կայսր Ֆրանց I-ը Նապոլեոնյան պատերազմների ժամանակ հրաժարվել է Սրբազան հռոմեական կայսրության գահից և Սրբազան հռոմեական կայսեր տիտղոսից, դրա փոխարեն անվանվելով Ավստրիական կայսր։

Սրբազան Հռոմեական կայսրության տարածքը 1600 թվականին՝ համադրելով ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծերի հետ
Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության տարածքների փոփոխության դինամիկան իր ամբողջ գոյության ընթացքում՝ 962 թվականից մինչև 1806 թվականը:

Բովանդակություն

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր լեզուներում Սրբազան Հռոմեական կայսրությունը հայտնի էր որպես՝ լատ.՝ Sacrum Imperium Romanum՝ լատիներեն՝ Սակրում Իմպերիում Ռոմանում, գերմ.՝ Heiliges Römisches Reich, գերմաներեն՝ Հայլիխես Ռյոմիշես Ռայխ, իտալ.՝ Sacro Romano Impero, իտալերեն՝ Սակրո Ռոմանո Իմպերո, չեխ․՝ Svatá říše římská, չեխերեն՝ Սվատյա ռիշե ռիմսկյա, սլովեն.՝ Sveto rimsko cesarstvo, սլովակերեն՝ Սվետո րիմսկո ցեսարստվո, հոլ.՝ Heilige Roomse Rijk, նիդերլանդերեն՝ Հեյլիգե Ռոոմսե Ռիյկ, ֆր.՝ Saint-Empire romain germanique, ֆրանսերեն՝ Սենտ-Ամպիր ղոմեն ժերմանիք[1]: Մինչև 1157 թվականը այդ տերությունը պարզապես կոչվում էր Հռոմեական կայսրություն[2]: «Սրբազան», այսինքն sacrum տերմինը ("սրբազան", "օծյալ" կամ "օծված", "օրհնված" իմաստով) միջնադարյան Հռոմեական կայսրության համար սկսեցին օգտագործել 1157 թվականին, Ֆրիդրիխ I Բարբարոսա կայսեր ժամանակ ("Սրբազան կայսրություն"): "Սրբազան" տերմինը ավելացվեց՝ արտացոլելու համար Ֆրիդրիխի հավակնությունը՝ գերիշխելու Իտալիայում և Հռոմի Պապի ու նրա տիրույթների վրա[3]: "Սրբազան Հռոմեական կայսրություն" անվանաձևը վկայվում է 1254 թվականից ի վեր[4]:

1512 թվականին հաջորդած տասնամյակում Աշխարհաժողով, որը տեղի ունեցավ Քյոլն քաղաքում, այդ տերության անվանումը փոխվեց և դարձավ Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան կայսրություն (գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation, գերմաներեն՝ Հայլիխես Ռյոմիշես Ռայխ Դոյչեր Նացիոն, լատ.՝ Imperium Romanum Sacrum Nationis Germanicæ, լատիներեն՝ Իմպերիում Ռոմանում Սակրում Նացիոնես Գերմանիկե),[5][6] մի ձև, որն առաջին անգամ օգտագործվել էր դեռ 1474 թվականի մի փաստաթղթում[3]: Տերության նոր տիտղոսը ընդունվեց մասամբ այն պատճառով, որ 15-րդ դարի վերջերին Կայսրությունը կորցրել էր իր Իտալական և Բուրգունդական (Արլի Թագավորություն) տարածքների մեծ մասը[7], մասամբ էլ, որպեսզի ընդգծվի Գերմանական տիրույթներ նոր կարևորությունը՝ Կայսրության կառավարման մեջ, որը տեղի էր ունեցել Կայսերական բարեփոխման արդյունքում[8]: 18-րդ դարի վերջերին 'Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան կայսրություն' տիտղոսը պաշտոնական օգտագործումից դուրս եկավ: Հակասելով այդ անվանման վերաբերյալ ավանդական տեսակետին՝ Հերման Վայսերտը (Hermann Weisert) կայսերական տիտղոսաշարերի վերաբերյալ իր ուսումնասիրությունում գրում է, թե, չնայած բազմաթիվ գրքերում ներկայացված տեսակետին,Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն տերմինը երբեք պաշտոնական կարգավիճակ չի ունեցել և մատնանշում է, թե փաստաթղթերը 30 անգամ ավելի շատ բաց են թողում այդ «ազգային» ածականը, քան ավելացնում կայսրության տիտղոսի վրա[9]:

Հռոմեական Սրբազան կայսրության անվան մասին իր հայտնի գնահատականում Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի ականավոր գրող Վոլտերը զավեշտով նշել է. "Այս տարածքային հավաքակազմը, որը կոչվել է և դեռևս իրեն անվանում է Սրբազան Հռոմեական կայսրություն, ո՛չ սրբազան է եղել, ո՛չ հռոմեական և ո՛չ էլ կայսրություն"[10]:

Պետության բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրությունը 850 տարիների իր գոյության ընթացքում մնացել է ֆեոդալական տիպի աստիճանակարգի վրա հիմնված պետական կառույց։ Այն երբեք չի կրել ազգային պետության բնույթ, ինչպիսիք են Անգլիան կամ Ֆրանսիան, չի հասել նաև կառավարման համակարգի կենտրոնացման բարձր աստիճանի։ Այդ կայսրությունը չէր հանդիսանում ո՛չ դաշնություն` federation, ո՛չ էլ ժամանակակից ընկալմամբ համադաշնություն` confederation, այլ համադրում էր պետական կառուցվածքի այդ ձևերի տարրերը։ Կայսրության ենթակայական կազմը առանձնանում էր ծայրահեղ բազմազանությամբ. կիսանկախ մեծաթիվ կուրֆուրստություններ և դքսություններ, իշխանություններ ու կոմսություններ, եպիսկոպոսություններ, ազատ քաղաքներ, ոչ այնքան մեծ աբբայություններ՝ վանահայրություններ և կայսերական ասպետների փոքր տիրույթներ։ Դրանք բոլորն էլ հանդիսանում էին իրավունակության տարբեր աստիճանների տիրապետող կայսրության լիիրավ սուբյեկտներ (կայսերական դասեր)։ Կայսրը երբեք չի ունեցել բացարձակ իշխանություն, նա կիսում էր իշխանությունը երկրի բարձրագույն ազնվականության հետ։ Ի տարբերություն եվրոպական մյուս պետությունների, կայսրության բնակիչները չէին ենթարկվում անմիջապես կայսրին, այլ ունեին կառավարիչ՝ աշխարհիկ տիրակալ (արքա, իշխան, դուքս, կոմս, բարոն) կամ եկեղեցական իշխանավոր (արքեպիսկոպոս, եպիսկոպոս վանահայր), կայսերական ասպետ կամ քաղաքային մագիստրատ, ինչը երկրում ձևավորում էր իշխանության երկու մակարդակ՝ կայսերական և տարածքային, որոնց միջև հաճախ առկա էին հակամարտություններ։

Կայսրության յուրաքանչյուր սուբյեկտը, հատկապես այնպիսի հզոր պետությունների, ինչպիսիք են Ավստրիան, Պրուսիան, Բավարիան, ուներ անկախության մեծ աստիճան ներքին գործերում և որոշակի արտոնություններ արտաքին քաղաքականության մեջ, սակայն կայսրության բնորոշիչը կայսրի գերիշխանությունն էր, իսկ կայսերական հաստատությունների որոշումներն ու կայսերական իրավունքի նորմերը համարվում էին պարտադիր (երբեմն իրավունք էին միայն տեսականորեն) կայսրության մաս կազմող պետական կազմավորումների համար։ Սրբազան Հռոմեական կայսրությունում առանձնահատուկ դերակատարություն ուներ եկեղեցին, որով էլ այդ պետության մեջ առկա էին թեոկրատիայի՝ աստվածապետության կամ կրոնապետության տարրեր, սակայն, միևնույն ժամանակ կայսերական կառուցվածքի շնորհիվ Ռեֆորմացիայից հետո, առաջին անգամ Եվրոպայում ապահովվեց մի քանի դավանանքների մեկ պետության շրջանակներում երկարատև ու խաղաղ գոյակցությունը։ Սրբազան Հռոմեական կայսրության զարգացումը տեղի էր ունենում միավորման և անջատողականության միտումների մշտական պայքարի պայմաններում։ Անջատողականություն էին արտահայտում աստիճանաբար ինքնիշխան պետությունների նշաններ ձեռք բերող և կայսրի իշխանությունից ազատվել ձգտող խոշոր տարածքային իշխանությունները, այն ժամանակ, երբ գլխավոր համախմբող գործոնը կայսերական գահը, կայսերական հաստատություններն ու ինստիտուտներն էին (ռայխստագ, կայսերական դատարան, տեղական ինքնակառավարման համակարգը՝ Landstand-ը կամ Landschaftsvertretung-ը), կաթոլիկ եկեղեցին, գերմանական ազգային ինքնորոշումը, կայսրության պետական կառուցվածքի դասային սկզբունքը, ինչպես նաև կայսերական հայրենասիրությունը (գերմ.՝ Reichspatriotismus)՝ հասարակական գիտակցության մեջ արմատացած կայսրության և կայսրի՝ որպես պետության գլխի (բայց ոչ երբեք կոնկրետ գահատոհմի` դինաստիայի ներկայացուցչի) հանդեպ օրինապահությունը կամ հավատարմությունը։

Պետության կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրության (լատ.` imperium)` որպես ամբողջ քրիստոնյա քաղաքակիրթ աշխարհը միավորող միասնական կառույցի, գաղափարը ծագում է Հին Հռոմից և իր արտահայտումը ստանում Կառլոս Մեծի կայսրության մեջ։ Կարոլինգյան պետության կազմալուծումից հետո այդ գաղափարները պահպանվեցին եվրոպական միջնադարյան գիտակցության մեջ` որպես Աստծո Արքայության երկրային մարմնավորում` պետության կառուցվածքի լավագույն մոդել, որի դեպքում գերագույն միապետը պահպանում է քրիստոնյա երկրների ներքին և արտաքին խաղաղությունն ու անդորրը, ապահովում և պայմաններ է ստեղծում քրիստոնյա եկեղեցու ծաղկման համար։ Կայսրության վաղ քրիստոնեական հայեցակարգը ենթադրում էր պետության և եկեղեցու միասնություն` արտահայտված նաև աշխարհիկ ու հոգևոր իշխանության կրող կայսրի ու Հռոմի պապի սերտ համագործակցության միջոցով։ Թեև Կառլոս Մեծի կայսրության մայրաքաղաքը Աախեն քաղաքն էր, կայսերական գաղափարն առաջին հերթին կապված էր արևմտյան քրիստոնեության կենտրոն Հռոմի հետ, որը, համաձայն «Կոստանդիանոսի ընծա» կոչվող փաստաթղթի, ամբողջ Եվրոպայում քաղաքական իշխանության աղբյուրն էր։

IX դարի կեսերին Կառլոս Մեծի պետության կազմալուծումից հետո Արևմուտքի կայսեր տիտղոսը պահպանվեց, սակայն տիտղոսի կրողի իրական իշխանությունը սահմանափակվում էր միայն Իտալիայով, բացառությամբ բոլոր կառոլինգյան պետությունների կարճաժամկետ միավորման որոշ դեպքերի։ Վերջին կարոլինգյան հռոմեական կայսր Բերենգար Ֆրիուլցին վախճանվեց 924 թ.։ Նրա մահից հետո Իտալիայի նկատմամաբ իշխանությունը մի քանի տասնամյակների ընթացքում վիճարկում էին Հյուսիսային Իտալիայի և Բուրգունդիայի մի շարք ազնվական ընտանիքների ներկայացուցիչներ։ Բուն Հռոմում պապական իշխանությունը հայտնվեց տեղական ազնվական տների լիակատար վերահսկողության տակ։ X դարի կեսերին կայսրեական գաղափարի վերակենդանացման աղբյուր դարձավ Գերմանիան։

Հենրիկոս I Ոգելերի (919-936 թթ.) և Օտտո I Մեծի (936-973 թթ.) իշխանության տարիներին Գերմանիան մեծապես ամրացավ և ընդարձակվեց։ Պետության կազմի մեջ մտան Լոթարինգիան` Կարոլինգյան պետության նախկին մայրաքաղաք Աախենով, հետ շպրտվեցին վաչկատուն մադյարական (հունգարական) ցեղերի արշավանքները (Լեհ գետի մոտ ճակատամարտ, 955 թ.), սկսվեց եռանդուն էքսպանսիա դեպի սլավոնական երկրներ, Հունգարիայի և Դանիայի թագավորություններ։ Գերմանիայում եկեղեցին դարձավ թագավորական իշխանության գլխավոր հենարանը։ Ցեղային դքսությունները, որոնք կազմում էին Հարևելյան ֆրանկների պետության տարածքային կառուցվածքի հիմքը, Օտտո I օրոք ենթարկվեցին կենտրոնական իշխանության։ 960-ական թթ սկզբներին Օտտոն դարձավ Կառլոս Մեծի կայսրության իրավահաջորդ պետությունների իշխաններից ամենահզորը և ձեռք բերեց քրիստոնյա եկեղեցու պաշտպանի համբավ։

960 թվականին Հռոմի պապ Հովհաննես XII դիմեց Օտտոյին Իտալիայի թագավոր Բերենգար II Իվրեյցուց պաշտպանության խնդրանքով` խոստանալով նրան կայսերական թագը։ Օտտոն անհապաղ անցավ Ալպերը, հաղթանակ տարավ Բերենգարի նկատմամբ, ճանաչվեց լանգոբարդների թագավոր և այնուհետև շարժվեց դեպի Հռոմ։ Այնտեղ, 962 թ. փետրվարի 2–ին նա օծվեց որպես կայսր։ Այս թվականը համարվում է Սրբազան Հռոմեական կայսրության ստեղծման տարեթիվը։ Թեև ինքը` Օտտո Մեծը, չէր դիտարկում իրեն որպես նոր կայսրության հիմնադիր, այլ միայն որպես Կառլոս Մեծի կայսրության տիրակալ, կայսերական թագի` գերմանական միապետներին անցումը նշանակում էր Արևելյան ֆրանկների թագավորության (Գերմանիայի) վերջնական առանձնացում Արևմտյան ֆրանկների (Ֆրանսիա) պետությունից և նոր պետության կազմավորում գերմանական և հյուսիսիտալական տարածքների հիման վրա։ Այդ պետության միապետները իրենց դիտարկում էին որպես Հռոմեական կայսրության իրավահաջորդներ և քրիստոնյա եկեղեցու հովանավորներ։

Կայսրությունը միջին դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտոյի հարստության կառավարումը և ինվեստիտուրայի համար պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Մեծի կողմից ընդունած կայսրեական տիտղոսը նրան մի աստիճան բարձր էր դնում բոլոր եվրոպական միապետներից` հավասարեցնելով Հռոմի պապի հետ։ Հատուկ կարևորություն ուներ այդ տիտղոսի սակրալ նշանակությունը, որը թույլ էր տալիս Օտտոյին և նրա հաջորդներին ամբողջական վերահսկողության տակ առնել իրենց տիրույթներում եկեղեցական կառույցները։ Եպիսկոպոսների և աբբահայրերի ընտրությունները իրականացվում էին կայսեր կարգադրությամբ. նախքան ձեռնադրումը եկեղեցական պաշտոնյաները հավատարմության երդում էին տալիս նրան` նաև որպես ավատատեր աշխարհիկ իշխանի։ Եկեղեցին ընդգրկված էր կայսրության աշխարհիկ կառուցվածքի մեջ և դարձել էր կայսերական իշխանության և երկրի միասնության գլխավոր հենարաններից մեկը։ Դա հստակ երևաց արդեն Օտտո II Շիկահերի (973-983 թթ.) կառավարման և Օտտո III (983-1002 թթ.) անչափահասության տարիներին, երբ շնորհիվ Գերմանիայի բարձրաստիճան հոգևորականության աջակցության կայսրերին հաջողվեց ճնշել ցեղական դքսությունների մի քանի խոշոր ապստամբություններ։ Օտտոների հարստության օրոք պապական գահը հայտնվեց կայսրերի գերիշխող ազդեցության տակ. կայսրերը հաճախ միահեծան էին որոշում Հռոմի պապերի ընտրության և պաշտոնանկության հարցերը։ Նշված ժամանակաշրջանում աշխարհիկ և հոգևոր գործերը հստակորեն չէին առանձնացված իրարից, և կայսրը, որպես «երկրի վրա Աստծո կուսակալ», իշխանություն էր իրականացնում երկու ոլորտների վրա։ Պետական կառույցին եկեղեցու համարկումը իր գագաթնակետին հասավ Կոնրադ II (1024-1039 թթ.) և Հենրիկոս III (1039-1056 թթ.) կառավարման տարիներին, երբ ձևավորվեց դասական կայսերական եկեղեցական համակարգը (գերմ.՝ Reichskirchensystem): Վաղ շրջանում կայսրության պետական ինստիտուտները մնում էին բավականին թույլ տարբերակված վիճակում։ Կայսրը միաժամանակ հանդիսանում էր Գեմանիայի և Իտալիայի արքան։ 1032 թ․ Բուրգունդիայի վերջին թագավոր Ռուդոլֆ III մահից հետո Սրբազան Հռոմեական կայսրության կայսրին անցով նաև Բուրգունդիայի թագավորի տիտղոսը։ Գերմանիայի հիմնական քաղաքական միավորները ցեղային դքսություններն էին՝ Սակսոնիան, Բավարիան, Ֆրանկոնիան, Ծվաբիան, Լոթարինգիան (այն 965 թ․ բաժանվել է Ստորին և Վերին մասերի) և Կարինտիան (976 թ․ բաժանվել է Բավարիայից)։ Կայսրության արևելյան սահմանների երկայնքով ստեղծվեց «մարկաների» համակարգ (Հյուսիսային, Սաքսոնական, Արևելյան, Բավարական Արևելյան, ավելի ուշ՝ Մեյսենյան, Բրանդենբուրգյան, Լուժիցյան)։ 980-ական թթ․ սլավոնները որոշ ժամանակով նորից հետ շպրտեցին գերմանացիներին Էլբա գետից արևմուտք և գրավեցին Համբուրգ քաղաքը, սակայն XI դարի սկզբում կայսրությունը վերականգնեց իր դիրքերը տարածաշրջանում, թեև հետագա առաջխաղացումը կանգնեցվեց Հունգարիայի և Լեհաստանի՝ որպես անկախ պետությունների ընդգրկումը եվրոպական քրիստոնյա երկրների էնկերակցություն։ Իտալիայում ևս ստեղծվեցին «մարկաներ» (Տսկանա, Վերոնա, Իվրեա), սակայն իտալական քաղաք-կոմունաների զարգացումը XII դարի սկզբին կազմալուծեց այդ համակարգը։ .

Կայսրերի համար գլխավոր խնդիրը միաժամանակ Ալպերից հյուսիս և հարավ ընկած տարածքների նկատմամբ գերիշխանության պահպանումն էր։ Օտտո II, Օտտո III և Կոնրադ II կայսրերը սիպված էին երկար ժամանակ անցկացնել Իտալիայում, որտեղ նրանք պայքար էին մղում արաբ-մուսուլմանների և բյուզանդացիների առաջխաղացման դեմ, ինչպես նաև պարբերաբար ճնշում էին իտալական ազնվականական տների խռովությունները, սակայն վերջնականապես հաստատել կայսերական իշխանությունը Ապենինյան թերակղզու վրա նրանց այդպես էլ չհաջողվեց։ Բացառությամբ Օտտո III կարճատև գահակալության, ով տեղափոխեց իր նստավայրը Հռոմ, կայսրության միջուկը մնում էր Գերմանիան։

Սալիական հարստության առաջին միապետ՝ Կոնրադ II (1024-1039 թթ.) կառավարման տարիներին է վերաբերվում մանր ասպետների (այդ թվում՝ «մինիստերիալների») խավի ձևավորումը, որի իրավունքները կայսրը երաշխավորեց 1036 թ․ ընդունած «Constitutio de feudis» հրովարտակով, որը դրվեց կայսերական ավատական իրավունքի հիմքում։ Մանր և միջին ասպետական խավը հետագայում դարձավ կայսրությունում ինտեգրման միտումների գլխավոր կրող ուժը։ Կոնրադ II և նրան հաջորդած Հենրիկոս III վերահսկում էին գերմանական տարածքային իշխանությունների մեծ մասը, ինքնուրույն նշանակելով կոմսերին և դքսերին, ինչպես նաև ամբողջապես գերիշխում էին տեղական ազնվականության և հոգևորականության նկատմամբ։ Դա թույլ տվեց կայսերական իրավունքի մեջ ներմուծել «Աստծո խաղաղության» ինստիտուտը, այն է՝ կայսրության ներսում երկպառակտչական պատերազմների և ռազմական հակամարտությունների արգելումը։

Կայսրեական իշխանության հզորության գագաթնակետը Հենրիկոս III օրոք երկար չտևեց․ արդեն Հենրիկոս IV (1056—1106 թթ.) անչափահասության տարիներին սկսվեց կայսեր ազդեցության անկումը։ Դա տեղի էր ունենում եկեղեցում Կլյունիի շարժման վերելքի և դևրանից բխող՝ Գրիգորիոս VII պապի բարեփոխումների ֆոնի վրա, որոնցով հայտարարվում էր Հռոմի պապի իշխանության գերակայության և եկեղեցական իշխանության՝ աշխարհիկ իշխանությունից լիակատար անկախության մասին։ Հռոմի պապ Գրիգորիոս VII փորձեց վերացնել եկեղեցական պաշտոնների նշանակումների հարցում կայսեր ազդեցության հնարավորությունը և դատապարտեց եկեղեցական նշանակումների աշխարհիկ իշխանության կողմից հաստատման ընթացակարգը։ Սակայն Հենրիկոս IV վճռականորեն պաշտպանեց այդ հարցում կայսեր լիազորությունները, ինչը հանգեցրեց գերմանական կայսեր և Հռոմի պապի միջև երկարատև պայքարի։ 1075 թ․ Հենրիկոս IV կողմից Միլանի եպիսկոպոսի նշանակումը հանգեցրեց Հռոմի պապի կողմից նրան բանադրելուն։ Գերմանական իշխանների ճնշման տակ կայսրը 1077 թ․ ստիված եղավ ապաշխարհական այց կատարել Կանոսա և հայցել պապի ներումը։ Ինվեստիտուրայի համար պայքարն ավարտվեց միայն 1122 թ․ Որմսի կոնկորդատի ստորագրմամբ, որն ամրագրեց աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև փոխզիջումը։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ եպիսկոպոսների ընտրությունները պետք է տեղի ունենային ազատ և առանց կաշառքի, սակայն աշխարհիկ ինվեստիտուրան (տվյալ եկեղեցական միավորին ամրագրված հողային կալվածների սեփականության իրավունքի շնորհումը) մնում էր կայսեր իրավասության տակ։ Դրանով կայսրերը պահպանում էին եպիսկոպոսների նշանակման վրա իրենց ազդեցությունը։ Դրա հետ մեկտեղ, ընդհանուր առմամբ, ինվեստիտուրայի համար պայքարը էապես թուլացրեց եկեղեցու նկատմամբ կայսեր վերահսկողությունը, հանեց պապական իշխանությունը կայսերական կախվածությունից և նպաստեց կայսրության տեղական աշխարհիկ և հոգևոր իշխանների ազդեցության վերելքին։


Հոգենշտաուֆենների դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

XII դարի երկրորդ քառորդում կայսրության քաղաքական կյանքը բնութագրվում է Գերմանիայի երկու իշխանական տների` Հոգենշտաուֆենների և Վելֆերի միջև հակամարտությամբ։ Առաջինները գերիշխում էին Գերմանիայի հարավ–արևմուտքում (Շվաբիա, Էլզաս) և Ֆրանկոնիայում. Վելֆերը Բավարիայի, Սաքսոնիայի իշխաններն էին, զարգացնում էին դեպի արևելյան սլավոնական հողեր` Մեկլենբուրգ, Պոմորիե, Էլբա գետին մերձակա տարածքներ, էքսպանսիան։ 1138 թ. Գերմանիայի կայսր ընտրվեց Կոնրադ III Հոգենշտաուֆենը, սակայն Վելֆերի և Հոգենշտաուֆենների զինված ընդհարումները շարունակվեցին նրա կառավարման ամբողջ ընթացքում։

1152 թ. Կոնրադ III մահից հետո կայսր դարձավ նրա եղբորորդի Ֆրիդրիխ I Բարբարոսան, որի գահակալությունը բնութագրվում է Գերմանիայում կենտրոնական իշխանության շոշափելի ուժեղացմամբ։ Ըստ բազմաթիվ ուսումնասիրողների` Ֆրիդրիխ Բարբարոսայի օրոք Սրբազան Հռոմեական կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Ֆրիդրիխ I քաղաքական գլխավոր ուղղություններից մեկը դարձավ Իտալիայում կայսերական իշխանության ամրապնդումը։ Ֆրիդրիխն իրականացրեց դեպի Իտալիա վեց արշավանք. դրանցից առաջինի ժամանակ նա Հռոմում թագադրվեց կայսերական թագով։ Ապենինյան թերակղզում կայսերական դիրքերի ուժեղացումը հարուցեց ինչպես պապ Ալեքսանդր III և Սիցիլիայի թագավորության, այնպես էլ Իտալիայի հյուսիսի քաղաքների դիմադրությունը, որոնք 1167 թ. միավորվեցին Լոմբարդական լիգայի մեջ։ Լոմբարդական լիգային հաջողվեց կազմակերպել արդյունավետ դիմադրություն Ֆրիդրիխ I` Իտալիայում առաջխաղացման ծրագրերին և 1176 թ. ջախջախիչ պարտության մատնել կայսերական զորքերին Լենիանոյի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Դա ստիպեց կայսեր 1187 թ. ճանաչել հյուսիսիտալական քաղաքների ինքնավարությունը։ Բուն Գերմանիայում կայսեր դիրքերը շոշափելիորեն ամրապնդվեցին` շնորհիվ 1181 թ. Վելֆերի տիրույթների բաժանման և Հոգենշտաուֆենների տիրույթների խոշորացման։ Կյանքի վերջում Ֆրիդրիխ I մեկնեց Երրորդ խաչակրաց արշավանք, որի ընթացքում և զոհվեց 1190 թ.։

Ֆրիդրիխ Բարբարոսայի որդի և հաջորդ Հենրիկոս VI մի շարք ռազմական գործողությունների արդյունքում հաջողվեց էլ ավելի ամրապնդել կայսեր տարածքային հզորությունը` ենթարկելով Սիցիլիայի թագավորությունը, որի տիրույթները ներառում էին Սիցիլիա կղզին և Ապենինյան թերակղզու հարավային մասը։ Այդ պետության մեջ Հոգենշտաուֆենները կարողացան ստեղծել կենտրոնացված ժառանգական միապետություն` ուժեղ թագավորական իշխանությամբ և զարգացած բյուրոկրատական համակարգով, մինչդեռ բուն Գերմանիայում տարածքային իշխանների ուժեղացումը ոչ միայն թույլ չտվեց ամրապնդել միահեծան կառավարման համակարգը, այլ նաև ժառանգականության սկզբունքով գահի փոխանցումը։ 1198 թ. Հենրիկոս VI մահից հետո միանգամից ընտրվեցին երկու Հռոմի թագավոր Ֆիլիպ Շվաբացի Շտաուֆենը և Օտտո IV Բրաունշվեյգցի Վելֆը, ինչը հանգեցրեց Գերմանիայում երկպառակչական պատերազմների։

1220 թ. որպես գերմանական կայսր թագադրվեց Հենրիկոս VI որդի և Սիցիլիայի թագավոր Ֆրիդրիխ II Հոգենշտաուֆենը, որը վերսկսեց Իտալիայի նկատմամբ գերիշխանություն հաստատելու Հոգենշտաուֆենների քաղաքականությունը։ Նա գնաց Հռոմի պապ Հոնորիոս III հետ առճակատման, բանադրվեց և անգամ հայտարարվեց եկեղեցու թշնամի («Հակաքրիստոս»)։ Իր դիրքրեն ամրապնդելու նպատակով նա ձեռնարկեց դեպի Պաղեստին խաչակրաց արշավանք և այնտեղ հռչակվեց Երուսաղեմի թագավոր։ Ֆրիդրիխ II գահակալության տարիներին Իտալիայում ծավալվեց գվելֆերի (Հռոմի պապի կողմակիցներ) և գիբելինների (կայսեր կողմնակիցներ) պայքարը, որն ընթանում էր փոփոխական հաջողությամբ, սակայն ընդհանուր առմամբ Ֆրիդրիխ II համար բարենպաստ: Նրա զորքերին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել հյուսիսային Իտալիայի, Տոսկանայի և Ռոմանիայի մեծ մասը։ Իտալական քաղաքականության վրա կենտրոնանալը ստիպեց Ֆրիդրիխ II գնալ շոշափելի զիջումների գերմանական իշխաններին։ 1220 թ. եկեղեցու իշխանների հետ համաձայնագրով և 1232 թ. կայսերական հրովարտակով Գերմանիայի եպիսկոպոսները և աշխարհիկ իշխանները ճանաչվեցին որպես ինքնիշխան իրենց տիրույթների սահմաններում։ Այս փաստաթղթերը դարձան կայսրության կազմում կիսանկախ ժառանգական իշխանությունների ստեղծման և ի վնաս կայսեր լիազորությունների` տարածքային կառավարիչների ազդեցության ընդլայնման հետագա գործընթացի իրավական հիմքը։

Ուշ միջնադարի ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1250 թ․ Հոգենշտաուֆենների հարստության ընդհատումից հետո Սրբազան Հռոմեական կայսրությունում սկսվեց գահաթափուրության երկարատև շրջան (1254-1273 թթ.)։ Գերմանական գահին հայտնվեցին երկու միապետ՝ Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո Իմաստունը և կոմս Ռիչարդ Կոռնուոլցին։ Ճգնաժամի հաղթահարումից և 1273 թ․ կոմս Ռուդոլֆ I Հաբսբուրգի՝ գահին հաստատվելուց հետո կենտրոնական իշխանության նշանակությունը շարունակում է հետզհետե անկում ապրել, իսկ տարածաշրջանային իշխանների դերը՝ մեծանալ։ Թեև միապետները ջանքեր էին գործադրում կայսրության նախկին հզորությունը վերականգնելու ուղղությամբ՝ գնալով առաջնային նշանակություն էին ստանում դինաստիական շահերը։ Ընտրված միապետները առաջին հերթին ձգտում էին առավելագույն կերպով ընդլայնել իրենց ընտանիքների տիրույթները։ Հաբսբուրգներն ամրանում են Ավստրիական դքսությունում, Լյուքսեմբուրգները՝ Բոհեմիայում, Մորավիայում և Սիլեզիայում, Վիթելսբախները՝ Բրանդենբուրգյան մարկկոմսույունում, Հոլանդիա և Հենեգաու կոմսություններում։ Հենց ուշ միջնադարում կայսրերի ընտրության սկզբունքը ստացավ իրական մարմնավորում՝ XIII դարի երկրորդ կեսի և XV դարի վերջ ընկած ժամանակաշրջանում կայսրն իրոք ընտրվում էր մի քանի թեկնածուներից, իսկ իշխանության ժառանգական փոխանցման փորձերը սովորաբար հաջողություն չէին ունենում։ Կտրուկ աճեց խոշոր տարածաշրջանային իշխանների ազդեցությունը կայսրության քաղաքականության վրա, ընդ որում յոթ առավել հզոր իշխանները իրենց վերապահեցին կայսեր ընտրելու և գահընկեց անելու բացառիկ իրավունքը։ Դա ուղեկցվում էր մանր և միջին ազնվականության ամրապնդմամբ, Հոգենշտաուֆենների կայսերական տիրույթի կազմալուծմամբ և ավատական երկպառակությունների աճով։

Դրա հետ մեկտեղ, Իտալիաում վերջնականապես հաղթանակ տարավ գվելֆերի կուսակցությունը, և կայսրությունը կորցրեց իր ազդեցությունը Ապենինյան թերակղզու վրա։ Արևմտյան սահմաններին ուժեղացավ Ֆրանսիան, որին հաջողվեց կայսեր ազդեցությունից հանել նախկին Բունգուրդիայի թագավորության տարածքները։ Կայսերական գաղափարի որոշակի աշխուժացումը Հենրիկոս VII Լյուքսեմբուրգի գահակալության տարիներին, ով 1310-1313 թթ․ արշավեց Իտալիա և առաջին անգամ Ֆրիդրիխ II հետո թագադրվեց կայսր Հռոմում, երկար չտևեց։ XIII դարի վերջերից սկսած Սրբազան Հռոմեական կայսրությունը գնալով պարփակվում էր գերմանական հողերի վրա՝ վերածվելով գերմանական ժողովրդի ազգային պետական կազմավորման։ Դրան զուգահեռ ընթանում էր կայսերական հաստատությունների՝ պապական գերիշխանությունից ազատվելու գործընթացը։ Պապերի ավինյոնյան գերության շրջանում Հռոմի պապի դերը Եվրոպայում կտրուկ նվազեց, ինչը թույլ տվեց Գերմանիայի արքա Լյուդվիգ IV Բավարացուն և, նրա օրինակուվ, խաշար տարածաշրջանային գերմանական իշխաններին դուրս գալ պապական իշխանության ենթակայությունից։

Տարածաշրջանային իշխանությունների ամրապնդման և հարևան պետությունների ուժեղացման պայմաններում XIV դարի կայսրերի համար կայսերական գահի վարկանիշի և անկախ քաղաքականություն վարելու հնարավորության պահպանումը թույլ էր տալիս սեփական ժառանգական տիրույթների վրա հանվելը՝ Ավստրիայի դքսությունը և Վերին Շվաբիայի տարածքները՝ Հաբսբուրգի տան կայսրերի օրոք, Բավարիան և Պֆալցը՝ Լյուդվիգ IV և Չեխական թագի տիրույթները՝ Լյուքսեմբուրգների օրոք։ Նշված առումով բնութագրական է Բոհեմիայի թագավոր Կառլոս IV գահակալումը (1346-1378 թթ.), որի շրջանում կայսրության կենտրոնը տեղափոխվեց Պրահա քաղաք։ Կառլոս IV հաջողվեց իրականացնել կարևոր բարեփոխում կայսրության կառուցվածքի ոլորտում՝ 1356 թ․ հաստատվեց յոթ անդամից բաղկացած կուրֆյուրստների խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին Քյոլն, Մայնց և Տրիր քաղաքների արքեպիսկոպոսները, Չեխիայի թագավորը, Պֆալցի կյուրֆյուրստը, Սաքսոնիայի դուքսը և Բրանդենբուրգի մարկգրաֆը։ Կուրֆյուրստների խորհրդի անդամները ստացան կայսեր ընտրության բացառիկ իրավունք, ինչպես նաև կայսրության քաղաքականության ուղղությունը որոշելու հնարավորություն։ Ճանաչվեց կուրֆյուրստների տիրույթների ներքին ինքնիշխանության իրավունքը, ինչը ամրապնդեց գերմանական պետությունների մասնատվածությունը։ Դրա հետ մեկտեղ վերացվեց կայսեր ընտրության վրա Հռոմի պապի որևէ ազդեցությունը։

Կայսրության ներսում ճգնաժամի միտումները ուժեղացան 1347—1350 թթ․ ժանտախտի համաճարակից հետո, որը հանգեցրեց բնակչության թվաքանակի կտրուկ նվազմանը և շոշափելի հարված հասցրեց Գերմանիայի տնտեսությանը։ Դրա հետ մեկտեղ, XIV դ․ երկրորդ կեսը բնութագրվում է հյուսիսգերմանական առևտրային քաղաքների՝ Գանզայի, վերելքով, որը դարձավ միջազգային քաղաքականության կարևոր գործոն և մեծ ազդեցություն ձեռք բերեց սկանդինավյան պետություններում, Անգլիայում և Մերձբալթյան երկրներում։ Հարավային Գերմանիայում ևս քաղաքները վերածվեցին ազդեցիկ քաղաքական ուժի, որը հանդես էր գալիս իշխանների և ասպետների դեմ։ Սակայն XIV դ․ վերջերին տեղի ունեցած մի շարք ռազմական ընդհարումներում Շվաբիայի և Հռենոսի միությունները պարտություն կրեցին կայսերական իշխանների զորքերից։

XV դարի սկզբներին կաթոլիկ եկեղեցու պառակտման պայմաններում կտրուկ սրվեցին եկեղեցական-քաղաքական խնդիրները։ Եկեղեցու պաշտպանի գործառույթն ստանձնեց կայսր Սիգիզմունդ Լյուքսեմբուրգը, որին հաջողվեց վերականգնել պապական իշխանության միասնականությունը և կայսեր հեղինակությունը Եվրոպայում։ Սակայն կայսրը ստիպված էր երկարատև պայքար մղել կայսրության ներսում՝ Չեխիայի տարածքում ուժ հավաքող հուսիթական աղանդի դեմ։ Քաղաքների և կայսերական ասպետների վրա հենվելու կայսեր փորձերը տապալվեցին՝ այդ դասերի միջև սուր տարաձայնությունների հետևանքով։ Չհաջողվեց նաև վերջ տալ կայսրության սուբյեկտների միջև զինված հակամարտություններին։

1437 թ․ Սիգիզմունդի մահից հետո Սրբազան Հռոմեական կայսրության գահի վրա հաստատվեց Հաբսբուրգների հարստությունը, որի ներկայացուցիչները, մեկ բացառությամբ, շարունակեցին թագավորել մինչև կայսրության լուծարումը։ XV դ․ վերջին կայսրությունը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ, որն առաջ էր եկել նրա ինստիտուտների՝ ժամանակի պահանջներին չհամապատասխանելու, կայսրության ռազմական և ֆինանսական համակարգերի փլուզման, տարածաշրջանային իշխանությունների՝ կայսեր իշխանություններից ազատվելու պատճառներով։ Տարածքային իշխանությունների ներսում սկսվեց սեփական կառավարման ապարատի, ռազմական, դատական և հարկային համակարգերի ձևավորման գործընթացը, ստեղծվեցին իշխանության ներկայացուցչական օրգանները (լանդթագ)։ Ֆրիդրիխ III (1440-1493 թթ.) ներքաշվեց Հունգարիայի հետ երկարատև անհաջող պատերազմների մեջ, մինչդեռ եվրոպական քաղաքականության այլ ուղղություններում կայսեր ազդեցությունը նվազում էր։ Դրա հետ մեկտեղ, կայսեր ազդեցության անկումը կայսրության ներսում նպաստում էր կայսրության կառավարման գործընթացների մեջ կայսերական դասերի ավելի ակտիվ ներքաշմանը, այդ թվում՝ համակայսերական ներկայացուցչական մարմնի՝ ռեյխսթագի ձևավորմանը։

Սոցիալ–տնտեսական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում Սրբազան Հռոմեական կայսրության կազմում ընդգրկված տարածքները իրարից տարբերվում էին բնակչության կազմով, լեզուներով և սոցիալ–տնտեսական զարգացման մակարդակով։ X—XI դարերի Գերմանիայում տիրապետող էր հողագործությունը, գյուղատնտեսական տնտեսությունների տարածքը կայուն աճում էր անտառների և պարապուտների կենտրոնացված յուրացման միջոցով։ Տնտեսավարող հիմնական միավորը ազատ կամ կիսանկախ գյուղացին էր, որը տիրում էր իր հողակտորին ժառանգական սեփականության իրավունքի հիման վրա։ Ֆեոդալացման գործընթացները դեռևս չին ամբողջացած, կուռ ֆեոդալական աստիճանակարգ ձևավորված չէր, իսկ կայսրերի աջակցության շնորհիվ ձևավորվել էր տարածքային իշխաններից քիչ կախվածության մեջ գտնվող մանր ծառայողների և ասպետների բավականին լայն շերտ։ Ինչպես Գերմանիայում, այնպես էլ Իտալիայում հատուկ ազդեցություն ուներ բարձր հոգևորական դասը․ եպիսկոպոսներն ու աբբահայրերը իրենց կարգավիճակով մոտենում էին տարածքային իշխաններին, իրենց տրամադրության տակ ունեին զարգացած վարչական ապարատ և վերահսկում էին կայսրության ընդարձակ տարածքներ։ Գյուղացիության ճորտացումը Ֆրանսիայի և Անգլիայի համեմատ տեղի էր ունենում ավելի դանդաղ։ Իտալիայում տնտեսության առաջընթացը Գերմանիայի համեմատ ավելի նշանակալից էր։ Այստեղ ավելի արագ էր զարգանում գյուղատնտեսությունը, որը բնութագրվում էր գյուղացիական հողատիրության բազմազանությամբ։ Սակայն տնտեսության գլխավոր շարժիչ ուժը դարձան քաղաքնեերը, որոնք արդեն XII դարում վերածվեցին առևտրի և արհեստների խոշոր կենտրոնների։ Աշխարհիկ իշխանությունն Իտալիայում համեմատաբար թույլ էր և արագորեն առաջատար դիրքերը զիջեց եպիսկոպոսներին, իսկ համայնքային շարժման զարգացմանը զուգահեռ՝ քաղաքային ազնվականությանը։ Առևտրի աշխուժացումը տարածվեց նաև գերմանական շրջանների՝ առաջին հերթին Հռենոս և Մաաս գետերի երկայնքով գտնվող քաղաքների վրա։ Գերմանիայում քաղաքների զարգացման արդյունքում XI—XII դարերում սկսվեց ձևավորվել բյուրգերների դասը, սակայն ի տարբերություն Ֆրանսիայի և Անգլիայի քաղաքային բնակչության և կենտրոնական իշխանությունների դաշինք չձևավորվեց։ XII—XIII դարերի ընթացքում կայսրությունում տեղի ունեցավ դասային աստիճանակարգի ձևավորումը, առաջին հերթին առաջացավ իշխանների շերտը, որոնք դարձան տարածաշրջանային իշխանությունների ժառանգական կառավարիչներ: Նրանց ազդեցությունը գնալով մեծանում էր և հակասության մեջ էր մտնում Հոգենշտաուֆենների տնից կայսրերի և նրանց աջակցող կայսերական մանր ասպետների և ազատ քաղաքների բյուրգերների կենտրոնացմանն ուղղված քաղաքականության հետ: Գերմանիայում առևտրի զարգացման տեմպերը մեծապես արագացան, ինչը հանգեցրեց նոր քաղաքների, ինչպես նաև գոյություն ունեցող քաղաքային կենտրոնների բուռն աճին: Բազմաթիվ քաղաքներին հաջողվեց դուրս գալ ֆեոդալների իշխանության տակից և ձեռք բերել ներքին ինքնավարություն: Դրա հետ մեկտեղ, գերմանական ազատ քաղաքների բարեկեցության մակարդակը զգալիորեն զիջում էր Իտալիայի քաղաքային կոմունաներին, որոնք նշված ժամանակաշրջանում վերածվեցին գործնականում անկախ պետական միավորների՝ դառնալով ծովային առևռտրի, արհեստների և ֆինանսական գործարքների կենտրոններ: Իտալական քաղաքների հարստությունը XII—XIII դարերի ընթացքում դարձավ Հյուսիսային և Միջին Իտալիայում կայսերական իշխանության ուժեղացման համար մղվող չդադարող պայքարի գլխավոր պատճառներից մեկը: Գյուղատնտեսության մեջ հողագործության արդյունավետության բարձրացումը մի կողմից հանգեցնում էր գյուղացիների շահագործման ավելացմանը և դրամական ռենտային համակարգին անցմանը, մյուս կողմից նպաստում էր արևելյան քիչ բնակեցված շրջանների՝ Սիլեզիա, Բոհեմիա, Մերձբալթյան երկրներ, գերմանացի հողագործների կողմից գաղութացմանը: Այդ տարածքների ագրարային գաղութացումը ուղեկցվում էր գերմանական քաղաքային իրավունքի վրա հիմնված քաղաքների հիմնադրմանը, ինչպես նաև գերմանական ասպետական միաբանությունների էքսպանսիայով (Տևտոնյան միաբանությունը Պրուսիայում, Թրակիրների միաբաանությունը Մերձբալթիկաում), ինչի արդյունքում գերմանական ազդեցությունը տարածվեց ընդհուպ մինչև ժամանակակից Էստոնիայի տարածքներ:

Ուշ Միջնադարում, կայսրության կողմից իտալական տիրույթները կորցնելուց հետո, տնտեսական զարգացման մեջ առաջին պլան են մղվում Հյուսիսային Գերմանիայի Գանզա միության քաղաքները, որոնք իրենց ձեռքերում կենտրոնացրեցին Սկանդինավյան երկրների, Անգլիայի, Նիդերլանդների Մերձբալթյան երկրների և Նովգորոդի հանրապետության, ինչպես նաև Նիդերլանդներում և Հարավային Գերմանիայում կտորեղենի արտադրության կենտրոնների միջև առևտուրը: Գնալով մեծանում էր մետաղների արդյունահանման և մշակման կշիռը (Սակսոնիա, Չեխիա, Տիրոլ, Նյուրնբերգ). ընդ որում, հանքարդյունաբերության և մետալուրգիական ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողությունն անցավ խոշոր վաճառական տներին (Ֆուգերներ և այլն):

1348-1350 թթ. «Սև մահի» համաճարակը, որի արդյունքում որոշ շրջաններում բնակչության թվաքանակը կրճատվեց մոտ երկու անգամ, վերջ դրեց արևելյան ուղղությամբ գերմանական գյուղատնտեսական գաղութացմանը և նպաստեց գյուղերից դեպի քաղաքային բնակավայրեր արտադրական ուժերի տեղափոխմանը:

Կայսրությունը Նոր ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական ռեֆորմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ III կայսեր մահվան պահին (1493 թ.) կայսրության կառավարման համակարգը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ. Գերմանիայում գոյություն ունեին ինքնավարության տարբեր մակարդակի վրա գտնվող, տարբեր ֆինանսական և ռազմական ներուժի տեր մի քանի հարյուր միավոր պետական կազմավորումներ, իսկ կայսրության իշխանների նկատմամբ կայսեր ազդեցության լծակները հնացել և ոչ արդյունավետ էին դարձել: Խոշոր իշխանությունները իրականացնում էին փաստացի ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ միաժամանակ ձգտելով ենթարկել իրենց հարևան ասպետների տիրույթները և կայսերական քաղաքները, որոնք կայսրության զինված ուժերի և բյուջեի հիմքն էին կազմում:

1495 թ. Ավստրիայի իշխան Մաքսիմիլիանոս I Վորմս քաղաքում հրավիրեց Սրբազան Հռոմեական կայսրության ընդհանուր ռեյխսթագը, որի հաստատմանը ներկայացրեց կայսրության պետական կառավարման բարեփոխման նախագիծը: Քննարկման արդյունքում ընդունվեց այսպես կոչված «Կայսերական ռեֆորմ» փաստաթուղթը (գերմ.՝ Reichsreform): Գերմանիան բաժանվեց վեց կայսերական շրջանների (գերմ.՝ Kreise, 1512 թ. դրանց միացվեցին ևս չորսը): Շրջանի կառավարման օրգանը սահմանվեց շրջանային ժողովը, որին իրավունք ունեին մասնակցելու շրջանի տարածքում ընդգրկված բոլոր պետական միավորումները՝ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները, կայսերական ասպետները և ազատ քաղաքները: Յուրաքանչյուր պետական կազմավորում օժտված էր մեկ ձայնի իրավունքով (որոշ շրջաններում դա ապահովում էր կայսերական ասպետների, մանր իշխանությունների և քաղաքների գերակշռությունը, որոնք հանդիսանում էին կայսեր գլխավոր հենարանը): Շրջանները որոշում էին ռազմական շինարարության, պաշտպանության կազմակերպման, բանակի հավաքագրման, ինչպես նաև կայսերական հարկերի բաշխման և հավաքման հարցերը: Ռեյֆխսթագին, որը բոլոր դասերը ներկայացնող օրգան էր, փոխանցվեց օրենսդիր գործառույթը: Ռեյխսթագի կազմը կախված չէր կայսեր կամքից, այնտեղ հարցերի քննարկման արդյունքները փոխանցվում էին կայսեր, որպեսզի նա ապահովի որոշումների կատարման ընթացքը: Մեծ նշանակություն ունեցավ Բարձր կայսերական դատական ատյանի՝Գերմանիայում գերագույն դատական իշխանության ստեղծումը, որը դարձավ տարածքային իշխանների վրա կայսեր գլխավոր գործիքներից մեկը և կայսրության բոլոր պետական միավորումներուըմ միասնական քաղաքականության իրականացման մեխանիզմը:

Սակայն կայսրության կառավարման բարեփոխումները խորացնելու՝ կայսրության կառավարման միասնական օրգաններ, միասնական կայսերական բանակ ստեղծելու Մաքսիմիլիանոսի հետագա փորձերը ձախողվեցին՝ կայսրության իշխանները կտրուկ դեմ հանդես եկան և թույլ չտվեցին Ռեյխսթագի միջոցով անցկացնել կայսեր այդ առաջարկները: Ավելին, կայսերական դասերը հրաժարվեցին ֆինանսավորել Մաքսիմիլիանոս I իտալական արշավանքները, ինչը կտրուկ թուլացրեց միջազգային ասպարեզում և կայսրության ներսում կայսեր դիրքերը: Գիտակցելով Գերմանիայում կայսերական իշխանության ինստիտուցիոնալ թուլությունը՝ Մաքսիմիլիանոս I շարունակեց Ավստրիական միապետության՝ կայսրությունից առանձնացման՝ իր նախորդների քաղաքականությունը: Այսպես, հենվելով 1453 թ. «Privilegium Maius»-ի վրա՝ նա, որպես Ավստրիայի դուքս, հրաժարվեց մասնակցել կայսերական հաստատությունների համար ֆինանսական միջոցների տրամադրմանը, թույլ չտվեց ավստրիական տիրույթներից գանձել կայսերական հարկեր: Ավստրիական իշխանները չէին մասնակցում կայսերական ռեյխսթագի և այլ ընդհանուր օրգանների աշխատանքներին, Ավստրիան դուրս եկավ կայսրության կազմից և նրա անկախությունն ընդլայնվեց: Մաքսիմիլիանոս I ամբողջ քաղաքականությունը կառուցվում էր առաջին հերթին Ավստրիայի և Հաբսբուրգների հարստության, և միայն երկրորդ հերթին՝ Գերմանիայի շահերից ելնելով:

Սրբազան Հռոմեական կայսրության սահմանադրության համար մեծ նշանակություն ունեցավ կայսեր տիտղոսի օրինականացման համար Հռոմի պապի կողմից կայսեր թագադրման սկզբունքից հրաժարումը: 1508 թ. կայսրը փորձեց արշավել Հռոմի վրա սեփական թագադրումը կազմակերպելու նպատակով, սակայն կանգնեցվեց վենետիկցիների կողմից, որոնք վերահսկում էին Գերմանիայից դեպի Իտալիա ճանապարհները: Մաքսիմիլիանոս I հռչակվեց կայսր 1508 թ. փետրվարի 4-ին Տրիենտ քաղաքում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ: Պապ Հուլիոս II թույլ տվեց նրան կրել «ընտրյալ կայսր» տիտղոսը: Հետագայում Մաքսիմիլիանոս I հաջորդները (բացի Կառլոս V) արդեն չէին ձգտում Հռոմում թագադրման, իսկ կայսերական իրավունքի մեջ դրույթ մտցվեց, որի համաձայն կուրֆյուրսնտների կողմից գերմանիայի թագավորի ընտրությունը նրան օժտում է կայսեր տիտղոսով:

Մաքսմիլիանոսի ռեֆորմենրը շարունակեց նրա թոռ՝ Կառլոս V: Արդյունքում Ռեյխսթագը վերածվեց օրենսդիր իշխանության պարբերական հավաքվող օրգանի, որը դարձավ կայսերական քաղաքականության իրականացման կենտրոն: Կայսրության կառավարմանը ներգրավվեցին, տարբեր աստիճաններով, երկրի հիմնական սոցիալական խմբերը (կուրֆյուրստներ, կայսերական իշխաններ, կայսերական ասպետներ, քաղաքացիներ), որոնց միջև ձևավորվեց իշխանության կայուն բալանս: Ներկայսերական պետական միավորումների փոխհարաբերությունների հիմքում դրվեց «համերկրային խաղաղության» սկզբունքը՝ կայսրության սուբյեկտների միջև կոնֆլիկտների՝ ռազմական ճանապարհով լուծման օրենքի ուժ ստացած արգելքը: Վերջապես մշակվեց ընդհանուր կայսերական ծախսերի ֆինանսավորման համակարգ, որը թեև երբեմն ոչ կանոնավոր էր գործում՝ կուրֆյուրստների կողմից ընդհանուր բյուջե մասհանումներ կատարելու դժկամության պատճառով, սակայն այնուամենայնիվ հնարավորություն էր տալիս կայսրերին իրականացնել ակտիվ արտաքին քաղաքականություն և թույլ տվեց դիմադրել XVI դարի առաջին կեսին առաջ եկած թուրքական սպառնալիքին: Կառլոս V օրոք հաստատվեց ամբողջ կայսրության համար միասնական քրեական օրենսգիրքը՝ «Constitutio Criminalis Carolina»:

XV վերջի - XVI դարասկզբի վերափոխումների արդյունքում կայսրությունը ստացավ կազմակերպված պետաիրավական ձև, որը թույլ տվեց նրան գոյակցել և հաջողությամբ մրցակցել նոր ժամանակաշրջանի ազգային պետությունների հետ: Թեև բարենորոգված կայսրության ոչ բոլոր օրգաններն էին աշխատում բավարար արդյունավետությամբ, դրանք թույլ էին տալիս պահպանել Գերմանիայի միասնությունն ու համեմատական խաղաղությունը: Բարեփոխումներն այնուամենայնիվ ավարտին չհասցվեցին, և կայսրությունը մինչև իր գոյության վերջ շարունակում էր մնալ հին և նոր ինստիտուտների համակցում և ձեռք չբերեց միասնական պետության հատկանիշներ: .

Սրբազան Հռոմեական կայսրության նոր մոդելի ձևավորումն ուղեկցվում էր ընտրության սկզբունքի միջոցով կայսեր հաստատման մեխանիզմի թուլացմամբ: 1439 թվականից սկսած կայսրության գահին հաստատվեց Հաբսբուրգների հարստությունը՝ տարածքային առումով առավել հզոր գերմանական տոհմը: Կայսրությունից դուրս Հաբսբուրգների լայնածավալ տիրույթները (նրանց ժառանգական հողերը ներառում էին Չեխիան, Մորավիան, Սիլեզիան, Հունգարիան, Խորվաթիան և Իսպանիան) կտրուկ ընդլայնեցին կայսեր տնտեսական հենարանը և թույլ տվեցին ամրացնել Հաբսբուրգների հարստության համար կայսերական թագը: Վիեննան գործնականում դարձավ Գերմանիայի մայրաքաղաքը. այնտեղ էր գտնվում կայսեր արքունիքը և նրան ենթակա կառավարման օրգանները:

Ռեֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1517 թ. սկսվեց Ռեֆորմացիայի շարժումը, որի արդյունքում կայսրությունը կրոնական առումով մասնատվեց լյութերանական հյուսիսի և կաթոլիկ հարավի: Կայսրության կազմի մեջ ընդգրկված բազմաթիվ խոշոր իշխանություններ (Սաքսոնիա, Բրանդենբուրգ, Կուրփֆալց, Բրաունշվեյգ-Լյունեբուրգ, Հեսսեն, Վյուրտեմբերգ), ինչպես նաև կարևորագույն կայսերական քաղաքներ՝ Ստարսբուրգը, Ֆրանկֆուրտը, Նյուրնբերգը, Համբուրգը, Լյուբերկը, XVI դարի առաջին կեսին բողոքականություն ընդունեցին: Կաթոլիկ մնացին Հռենոսի եկեղեցական կուրֆյուրստությունները, Բրաունշվեյգ-Վոլֆենբյութելը, Բավարիան, Ավստրիան, Լոթարինգիան, Աուգսբուրգը, Զալցբուրգը և մի քանի այլ պետություններ: Կառլոս V կայսեր Եվրոպայի նկատմամաբ գերիշխանություն հաստատելու հավակնությունների (Իտալական պատերազմներ), ինչպես նաև նրա կողմից տարվող կենտրոնացման քաղաքականության պայմաններում կայսրության դավանաբանական պառակտումը հանգեցրեց Գերմանիայում ներքին իրավիճակի սրման և դասերի ու կայսեր միջև կոնֆլիկտի աճի: Եկեղեցական հարցի չլուծված մնալը և Աուգսբուրգ քաղաքում հրավիրված ռեյխսթագի ժամանակ աստվածաբանական հարցերով փոխզիջման հասնելու փորձերի ձախողումը հանգեցերց Գերմանիայի ներսում երկու քաղաքական դաշինքների ձևավորմանը՝ բողոքական Շմալկալդենյան և կաթոլիկ Նյուրնբերգյան: Նրանց հակամարտությունը հանգեցրեց 1546-1547 թթ. Շմալկալդենյան պատերազմի, որը ցնցեց կայսրության սահմանադրական հիմքերը: Թեև Կառլոս V պատերազմում հաղթանակի հասավ, շուտով նրա դեմ միավորվեցին կայսրության բոլոր հիմնական քաղաքական ուժերը, որոնք դժգոհ էին կայսեր ծավալապաշտ քաղաքականությունից՝ գերմանական, ավստրիական և իսպանական տիրույթների հիման վրա «համաշխարհային կայսրություն» ստեղծելու նրա ցանկությունից, ինչպես նաև եկեղեցական հարցերը կարգավորելուն ուղղված նրա ոչ հետևողական որոշումներից: 1555 թ. Աուգսբուրգի ռեյխսթագի ժամանակ մշակվեց Աուգսբուրգյան կրոնական հաշտության համաձայնագիրը, որը ճանաչում էր լյութերանականությունը որպես օրինական իշխանություն և երաշխավորում էր դավանանքի ազատություն կայսերական բոլոր դասերի համար ըստ cujus regio, ejus religio («ում իշխանությունն է՝ նրա էլ կրոնն է») սկզբունքի: Կառլոս V հրաժարվեց ստորագրել այս համաձայնագիրը և շուտով հրաժարվեց կայսեր լիազորություններից:

Աուգսբուրգյան կրոնական հաշտությունը թույլ տվեց հաղթահարել Ռեֆորմացիայի ի հայտ գալու արդյունքում ծագած ճգնաժամը և վերականգնել կայսերական ինստիտուտների աշխատանքը: Թեև դավանաբանական պառակտումը պահպանվեց, կայսրությունը պահպանեց քաղաքական միասնությունը: XVI դարի երկրորդ կեսին կայսրության կաթոլիկ և բողոքական միավորները բավականին արդյունավետ համագործակցում էին կայսրության կառավարման օրգաններում, ինչը թույլ տվեց Գերմանիայի ներսում պահպանել խաղաղություն և սոցիալական անդորր:

Դավանությունների պայքարի ժամանակաշրջան և Երեսնամյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև Երեսնամյա պատերազմ

Կառլոս V գահից հրաժարվելը 1556 թ., որի արդյունքում Իսպանիան, Ֆլանդրիան և Իտալիան ժառանգաբար անցան նրա զավակ Ֆիլիպ II, իսկ ավստրիական տիրույթներն ու կայսեր տիտղոսը՝ նրա եղբայր Ֆերդինանդ I, նույնպես նպաստեց կայսրության ներսում իրավիճակի կայունացմանը, քանի որ չեզոքացվեց անզիջում կաթոլիկ Ֆիլիպ II կայսրության գահը ժառանգելու վտանգը: Ֆերդինանդ I, որը Աուգսբուրգյան կրոնական հաշտության հեղինակներից մեկն էր և իշխանների հետ սերտ դաշինքի ու կայսերական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով կայսրության ուժեղացմանն ուղված կուրսի ջատագով էր, իրավամբ համրվում է նոր ժամանակի կայսրության փաստացի հիմնադիրը: Ֆերդինանդ I հաջորդ կայսր Մաքսիմիլիանոս II ինքը համակրում էր բողոքականությանը և իր իշխանության ժամանակաշրջանում (1564-1576 թթ.) նրան հաջողվում էր հենվելով երկու դավանանքներին պատկանող կայսերական իշխանների վրա պահպանել կայսրության տարածքային և կրոնական կարգուկանոնը՝ լուծելով առաջ եկեղ կոնֆլիկտները բացառապես կայսրության իրավական մեխանիզմների օգնությամբ: XVI դ. երկրորդ կեսում — XVII դարերում կայսրության ներսում շարունակվեց քրիստոնեական երեք դավանաբանական ճյուղերի՝ կաթոլիկության, լյութերանականության և կալվինիզմի դավանաբանական ու կազմակերպչական ձևավորումը և դրա հետ կապված՝ գերմանական պետությունների սոցիալական և քաղաքական կյանքի բոլոր ասպեկտների դավանաբանացումը: Ժամանակակից գերմանական պատմագրությունում այդ ժամանակաշրջանը ստացավ «Դավանաբանական ժամանակաշրջան» (գերմ.՝ Konfessionelles Zeitalter) անունը:

Սակայն XVI դարի վերջերին ի հայտ եկան դեստրուկտիվ միտումներ, որոնք Աուգսբուրգյան հաշտության պայմանների կիսատության հետևանք էին: Դրանք առաջին հերթին կապված էին արմատական կալվինիզմի տարածքային-քաղաքական ընդլայնման հետ (Կուրպփալց, Նիդեռլանդներ, Հեսեն-Կասել, КԱնգալթ, Բադեն-Դուռլախ), ինչը թշնամանքով ընդունվեց ինչպես լյութերանականների, այնպես էլ կաթոլիկների, այդ թվում՝ Տրիդենտի ժողովից հետո ուժ հավաքող կաթոլիկ Հակառեֆորմացիայի կողմից: Վերջինիս ազդեցության տակ սկսվեցին ավստրիական տիրույթներում և որոշ կայսերական քաղաքներում բողոքականների հալածանքները. կաթոլիկությանը վերադարձան արևմտյան և հարավային Գերմանիայի մի շարք եկեղեցական իշխանություններ և քաղաքներ, ինչպես նաև Բադեն-Բադենը և Փֆալց-Նոյբուրգը: Բացի դրանից, դավանաբանական տարբերությունների արդյունքում գերմանական իշխանությունների կազմակերպչական կառույցների հետագա ձևավորումը և ժամանակակից տիպի պետությունների ի հայտ գալը հակասության մեջ էին մտնում գոյություն ունեցող կայսերական ինստիտուտների հետ; Արդեն 1588 թ. Կայսերական դատական ատյանի աշխատանքը կաթվածահար եղավ, իսկ XVII դարից սկսած դավանանքների միջև կոնֆլիկտների պատճառով աշխատունակությունը կորցրեց կայսերական ռեյխսթագը:

Ռուդոլֆ II կայսեր (1576–1612 թթ.) դիրքերը լրջորեն խարխլվել էին Հաբսբուրգների տան ներսում ընդհարումների, 1593-1606 թթ. ավստրո-թուրքական պատերազմում կրած անհաջողությունների և Հունգարիայում բռնկված ապստամբության հետևանքով: 1608 թ. բանականությունը կորցրած Ռուդոլֆ II ստիպված էր հրաժարվել Ավստրիայից, Հունգարիայից և Մորավիայից, թողնելով իրեն կայսերական տիտղոսը և Չեխիան, որին շնորհեց լայն ներքին ինքնավարություն, ինչը նպաստեց այնտեղ արմատական բողոքականության տարածմանը և դավանաբանական ընդհարումների սրմանը: Կայսերական իշխանության թուլացումը և կայսերական ինստիտուտների փլուզումը հանգեցրեց այլընտրանքային կառույցների ձևավորմանը. բողոքական իշխանները 1608 թ. կազմակերպեցին Ավետարանական ունիա, իսկ կաթոլիկները 1609 թ. հիմնադրեցին Կաթոլիկական լիգան: Դավանանքների միջև հակամարտությունը գնալով խորանում էր, մինչև 1618 թ. Պրահայում բռնկվեց ապստամբություն նոր կայսեր և Չեխիայի թագավոր Ֆերդինանդ II դեմ: Ընդվզումը աջակցություն ստացավ Ավետարանական ունիայի կողմից և հակամարտությանը միացան Գերմանիայում երկու դավանաբանական ճամբարների ներկայացուցիչները, իսկ հետագայում նաև օտար պետությունները, ինչի արդյունքում սկսվեց Երեսնամյա պատերազմը:

Սկզբնապես պատերազմում հաջողությունը կայսեր կողմն էր: 1621 թ. Պֆալցի կուրֆյուրստ և Ավետարանական ունիայի առաջնորդ Ֆրիդրիխ V զրկվեց իր տիրույթներից և կուրֆյուրստի տիտղոսից, որոնք փոխանցվեցին Կաթոլիկ լիգայի պարագլուխ, Բավարիայի դուքս Մաքսիմիլիանոս I: Բողոքականների նկատմամբ Ալբրեխտ ֆոն Վալենշտայնի հաղթանակները 1625—-1626 թթ. հնարավորություն ստեղծեցին կայսեր համար դիմելու կայսրության քաղաքական վերակազմակերպման փորձի: 1629 թ. մայիսի 6-ի Ռեստիտուցիոն հրովարտակով չեղարկվում էր 12 եպիսկոպոսությունների և մոտ 200 վանքերի աշխարհիկայնացումը, ինչպես նաև կաթոլիկ տիրույթներում բողոքականներին տրված երաշխիքները: Դա հանգեցրեց բողոքականների հակաքայլերին, որոնք օգնության կանչեցին Շվեդիային և Ֆրանսիային: Ֆերդինանդ II ստիպված էր զորացրել Վալենշտայնի բանակը, իսկ 1630 թ. կայսրության տարածք ներխուժեց շվեդական բանակը թագավոր Գուստավ II Ադոլֆի ղեկավարությամբ, որը ջախջախեց Կաթոլիկ լիգայի ուժերը և մի քանի տրվա ընթացքում գրավեց Գերմանիայի հյուսասյին մասը: Ավելին, 1633 թ. ստեղծվեց Շվեդիայի գլխավորությամբ բողոքական իշխանությունների Հեյլբրոնի դաշնությունը, ինչը հղի էր Հյուսիսային Գերմանիայում կայսերական ինստիտուտների կազմալուծման և կայսրության կազմալուծման վտանգով: Սակայն 1634 թ. իսպանական-կայսերական բանակին հաջողվեց ջախջախել շվեդերին Նյորդլինգենի ճակատամարտում և անցնել հակագրոհի: 1635 մայիսին կաթոլիկ և բողոքական ճամբարների միջև կնքվեց Պրահայի հաշտությունը, որի համաձայն Գերմանիայի տարածքում բոլոր դաշնային միավորումները, այդ թվում՝ Կաթոլիկ լիգան և Հեյլբրոնի դաշնությունը, լուծարվում էին, իսկ Ռեստիտուցիոն հրովարտակի ուժի մեջ մտնելը հետաձգվում էր տարով, ինչպես նաև բոլոր գերմանական իշխանները պարտավորվում էին միացնել իրենց ուժերը շվեդերի դեմ համատեղ պայքար կազմակերպելու համար: Նորոգվեց առաջատար գերմանական պետությունների (այդ թվում՝ Սաքսոնիա, Բրանդենբուրգ, Բավարիա)՝ կայսեր հետ դաշինքը, կանգնեցվեցին ապակենտրոնացման գործընթացները:

Կայսրության կոնսոլիդացումը դեմ էր Ֆրանսիայի շահերին: 1635 թ. մայիսին այն մտավ պատերազմի մեջ Շվեդիայի կողմից: Սկզբում կայսրությանը հաջողվում էր զսպել ֆրանկո-շվեդական դաշինքի առաջխաղացումը, սակայն 1639 թ. տեղի ունեցավ բեկում՝ ֆրանսիացիները ներխուժեցին Շվաբիա, իսկ Պրահայի համակարգը սկսեց կազմալուծվել: 1640 թ. պատերազմից դուրս եկավ Բրանդենբուրգը, 1642 թ. ջախջախվեց Սաքսոնիան: 1645 թ. սկսվեցին հաշտության բանակցությունները կայսեր, Ֆրանսիայի, Իսպանիայի և Շվեդիայի միջև, որոնց ընթացքը որոշվում էր նաև զուգահեռ ընթացող ռազմական գործողություններով: 1647 թ. անձնատուր եղավ Բավարիան, 1648 թ. շվեդերը գրավեցին Պրահայի մի մասը, իսկ Իսպանիան ստիպված եղավ ճանաչել Նիդեռլանդների անկախությունը: 1648 թ. հոկտեմբերին կնքվեց Վեսթֆալյան հաշտությունը, որը վերջ դրեց Երեսնամյա պատերազմին և արմատապես ձևափոխեց Սրբազան Հռոմեական կայսրությունը:

Վեստֆալյան հաշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրությունը Վեստֆալյան հաշտությունից հետո, 1648

Հիմնական հոդված՝ Վեստֆալյան հաշտություն

Վեսթֆալյան հաշտության պայմանները ֆունդամենտալնշանակություն ունեցան Սրբազան Հռոմեական կայսրության հետագա ճակատագրի համար: Տարածքային առումով պայմանագիրն ամրագրեց կայսրության կողմից Շվեյցարիայի և Նիդեռլանդների կորուստը՝ դրանք ճանաչվեցին անկախ պետություններ: Ինքնին կայսրության ներսում զգալի տարածքներ անցան օտար պետությունների տիրապետության տակ. այսպես, Շվեդիան ստացավ Առաջավոր Պոմերանիան և Բրեմենի ու Ֆերդենի նախկին եպիսկոպոսությունների հողերը, Ֆրանսիան՝ Էլզասի, Բրեյզախի և Ֆիլիպսբուրգի մեծ մասը: Հաստատվեցին Հյուսիսային Գերմանիայում եկեղեցական հողերի սեկուլյարիզացիայի (պետության օգտին օտարման) արդյունքները: Դավանաբանության ոլորտում ճանաչվեց կաթոլիկ, լյութերանական և կալվինիստական եկեղեցիների իրավահավասարությունը կայսրության տարածքում, կայսերական դասերի համար ամրագրվեց մեկ դավանանքից մյուսին անցնելու ազատության իրավունքը, երաշխավորվեց կրոնական փոքրամասնությունների համար դավանանքի ազատությունը և արտագաղթելու իրավունքը: Խստորեն ամրագրվեցին դավանաբանական սահմանները և ամրագրվեց, որ որևէ իշխանության կառավարիչի դավանանքի փոփոխությունը չպետք է ուղեկցվի նրա հպատակների դավանանքի փոփոխությամբ:

Վեստֆալյան հաշտությունը էապես փոխեց կայսրության իշխանության օրգանների գործունեության կարգը: Կրոնական խնդիրները առանձնացվեցին վարչա-իրավական հարցերից և դրանց լուծման համար ռեյխսթագում և կայսերական դատական ատյանում ներմուծվեց դավանաբանական պատրիտետի սկզբունքը՝ յուրաքանչյուր դավանանքին հատկացվեցին հավասար քանակով ձայներ, ինչը վերականգնեց ռեյխթագի և դատական ատյանի գործունեության արդյունավետությունը: Վեսթֆալյան հաշտությամբ նաև տեղի ունեցավ կայսրության ներսում իշխանական ինստիտուտների միջև լիազորությունների վերաբաշխում՝ ընթացիկ հարցերը, այդ թվում օրենսդրությունը, դատական համակարգը, հարկահանությունը, հաշտության պայմանագրերի վավերացումը փոխանցվեցին ռեյխսթագի իրավասության տակ, որը դառնում էր մշտապես գործող օրգան: Դա էապես փոփոխում էր կայսեր և դասերի միջև ուժերի հարաբերակցությունն ի օգուտ վերջինների: Դրա հետ մեկտեղ, թեև դասերի իրավունքներն ու առանձնաշնորհումները պաշտոնապես ճանաչվում և ամրագրվում էին («դասերի տարածքային իրավունք», լատ.՝ jus territoriale), կայսերական դասերը չին դառնում պետական ինքնիշխանության կրողներ. կայսերական իշխանությունները մնում էին ժամանակակից անկախ պետության մի շարք ատրիբուտներից զրկված և չէին կարող կնքել միջազգային պայմանագրեր, որոնք հակասում էին կայսեր և կայսրության շահերին:

Կայսրությունը XVII դարի երկրորդ կեսին - XVIII դարի կեսերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսնամյա պտերազմում պարտությունը զրկեց կայսրությանը եվրոպական քաղաքական ասպարեզում առաջատար դիրքից, որն անցավ Ֆրանսիային: Նոր գերմանական կայսր Լեոպոլդ I, շարունակելով Իսպանիային աջակցելու ավանդական քաղաքականությունը, միաժամանակ սկսեց մերձենալ Անգլիայի և Հոլանդիայի հետ Ֆրանսիայի դեմ միասնական պայքար ծավալելու նպատակով: Լյուդավիկոս XIV ծավալապաշտական քաղաքականությունը հանգեցրեց կայսրությունից Ֆրանշ-Կոնտեի և ամբողջ Էլզասի անջատմամբ, սակայն Աուգսբուրգի լիգայի պատերազմում (1688-1697 թթ.), շնորհիվ Նիդեռլանդներում դաշնակիցների ակտիվ գործողությունների, հաջողվեց դիմադրություն ցուցաբերել Պիրենեյների ուղղությամբ ֆրանսիացիների հետագա առաջխաղացմանը: Իսպանական ժառանգության համար պատերազմը (1701-1714 թթ.) դարձավ Երեսնամյա պատերազմի համար Հաբսբուրգների ռևանշը՝ Արևմտյան Եվրոպայում ֆրանսական գերիշխանությունը փլուզվեց, Հարավային Նիդեռլանդները, Նեապոլը և Միլանն անցան ավստրիացի Հաբսբուրգների իշխանության տակ: Հյուսիսային ուղղության վրա ձևավորվեց Հաբսբուրգների, Լեհաստանի, Հանովերի և Բրանդենբուրգի համագործակցությունը Շվեդիայի դեմ, որի արդյունքում Հոլանդական պատերազմից (1672-1678 թթ.) և Երկրորդ Հյուսիսային պատերազմից (1700-1721 թթ.) հետո Բալթյան տարածաշրջանում շվեդական գերիշխանությունը վերջ տրվեց, իսկ կայսրության սահմաններից ներս նրա տիրույթների մեծ մասը (Առաջավոր Պոմերանիա, Բրեմեն և Ֆերդեն) բաժանվեց Բրանդենբուրգի և Հանովերի միջև: Գլխավոր հաջողությանը Հաբսբուրգները հասան հարավ-արևելյան ուղղության վրա. Օսմանյան կայսրության դեմ մի շարք արշավանքների արդյունքում XVII դարի վերջին քառորդին ազատագրվեցին Հունգարիան, Տրանսիլվանիան և հյուսիսային Սերբիան, ինչը հանգեցրեց կայսրերի քաղաքական հեղինակության և տնտեսական հենքի կտրուկ աճի: XVII դարի վերջերին - XVIII դարի սկզբներին Ֆրանսիայի և Օսմանյան կայսրության դեմ պատերազմները նաև հանգեցրեցին կայսերական հայրենասիրության վերակենդանացմանը և նորից դարձրեցին կայսեերական գահը գերմանական ժողովրդի ազգային ընդհանրության խորհրդանիշ:

Կայսրության ներքին իրավիճակը Երեսնամյա պատերազմից անմիջապես հետո բնութագրվում էր կայսեր ազդեցության սահմանափակմամբ՝ Արևմտյան Գերմանիայի իշխանությունները սերտ համագորևծակցում էին Ֆրանսիայի հետ, հյուսիսայինները կողմնորոշվում էին դեպի Շվեդիա: Սակայն 1685 թ. Պֆալցում Վիտելսբախերի հարստության կաթոլիկ ճյուղի՝ իշխանության անցնելը և Ֆրանսիայի ծավալապաշտական նկրտումների հետագա խորացումը թույլ տվեցին Լեոպոլդ I կայսեր վերականգնել երկրի արևմուտքում դիրքերը և միավորել կայսերական գահի շուրջ մերձհռենեոսյան պետությունները: Նշված տարածաշրջանում կայսերական գահի հիմնական դաշնակիցները դարձան Պֆալց, Հեսսեն-Դարմշտադտ, Մայնց կուրֆյուրստությունները և Վեստֆալիայի, Միջին Հռենոսի ու Շվաբիայի կայսերական ասպետները: Գերմանիայի հարավային հատվածում XVII դարի վերջում - XVIII դարի սկզբում գերիշխում էր Բավարիան, որի կուրֆյուրստը մրցակցում էր իր ազդեցությամբ կայսեր հետ: Կայսրության հյուսիսային մասում Բրանդենբուրգի ուժեղացման պայմաններում Հաբսբուրգների հետ ավելի սերտ համագործակցությանը սկսեց ձգտել Սաքսոնիան, որի իշխանը 1697 թ. կաթոլիկություն ընդունեց, ինչպես նաև Հանովերը, որի իշխանը 1692 թ. կարողացավ ստանալ կուրֆյուրստի տիտղոս: Կայսերական ինտեգրման գործընթացների ջատագով էր Բրանդենբուրգը, որի իշխանները 1700 թ. ստացան Լեոպոլդ I համաձայնությունը կրելու Պրուսիայի թագավոր տիտղոսը:

1662 թ-ից սկսած ռեյխթագը դարձավ մշտապես գործող օրգան, որը նիստեր էր գումարում Ռեգենսբուրգ քաղաքում: Նրա աշխատանքն առանձնանում էր բավական արդյունավետությամբ և նպաստում էր կայսրության միասնության պահպանությանը: Ռեյխթագի աշխատանքներին ակտիվ մասնակցություն էր ունենում Լեոպոլդ I կայսրը, ով հետևողականորեն իրականացնում էր կայսերական գահի դերի վերականգնման և կայսրության դասերի հետագա ինտեգրման քաղաքականություն: Մեծ դեր սկսեց խաղալ Վիեննայում կայսերական արքունիքի ներկայացուցչական գործառույթը, որը վերածվեց ամբողջ Գերմանիայից ազնվականների ձգողության կենտրոնի, իսկ ինքը՝ քաղաքը դարձավ կայսերական բարոկոյի գլխավոր կենտրոն: Ժառանգական հողերի վրա Հաբսբուրգների դիրքերի ամրապնդումը, դինաստիական ամուսնությունների հաջող քաղաքականությունը, տիտղոսների և պաշտոնների բաշխումը նույնպես մեծապես նպաստեցին կայսեր ազդեցության աճին: Դրա հետ մեկտեղ, կայսերական ինտեգրման գործընթացները զուգորդվում էին տարածաշրջանային ինտեգրման գործընթացներով. գերմանական խոշոր իշխանությունների ներսում ձևավորում էր սեփական ճյուղավորված պետական ապարատ, շքեղ իշխանական արքունիք, որը համախմբում էր տեղական ազնվականությունը և զինված ուժերը, ինչը թույլ էր տալիս կուրֆյուրսներին իրականացնել կայսրից ավելի անկախ քաղաքականություն:

Լեոպոլդ I հաջորդների օրոք կայսերական իշխանության ամրապնդումը հանգեցրես աբսոլյուտիստական միտումների վերածննդի: Արդեն Հովսեփ I (1705—1711) կայսեր իշխանության տարիներին կայսրեական գործերը փաստորեն փոխանցվեցին Ավստրիայի արքունի գործակատարությանը, իսկ էրցկանցլերը ու նրա գերատեսչությունը հեռացվեցին որոշումների ընդունման գործընթացից: Իսպանական ժառանգության համար պատերազմում (1701—1714) նորից առաջ քաշվեցին կայսրերի հավակնություններն առ Հյուսիսային և Միջին Իտալիայի տարածքներ: Ավելի վճռականորեն կայսրերը սկսեցին խառնվել գերմանական իշխանությունների ներքին գործերին, ինչը հանգեցրեց կայսրության խոշոր միավորների պատասխան հակաքայլերի և կայսեր քաղաքականույթան աջակցության նահանջի: Կառլոս VI (1711—1740) օրոք կայսեր քաղաքականությունը բնորոշվում էր գլխավոր առմամբ իսպանական գահի նկատմամբ հավակնություններով և Հաբսբուրգների իշխանական տանը պատկանող հողերի ժառանգման խնդրով (Պրագմատիկ սանկցիա, 1713 թ.), իսկ կայսրության խնդիրները արժանանում էին նվազ ուշադրության: Դա տեղի էր ունենում կայսրության խոշոր միավորների (Բավարիա, Պրուսիա, Սաքսոնիա և Հանովեր) հզորության աճի պայմաններում, որոնք ձգտում էին իրականացնել սեփական անկախ քաղաքականություն Եվրոպայում՝ քիչ հաշվի առնելով կայսրության և կայսեր շահերը: Այսպես, կայսրը դուրս մղվեց Երկրորդ Հյուսիսային պատերազմից հետո նախկին շվեդական տիրույթների բաժանման գործընթացից, իսկ 1719—1724 թթ. Պֆալցի կաթոլիկների և բողոքականների հակամարտության մեջ կայսեր դեմ կտրուկ հանդես եկավ գերմանական ավետարանչական պետությունների կոալիցիան՝ Պրուսիայի և Հանովերի գլխավորությամբ, ինչը գրեթե հանգեցրեց ռազմական ընդհարման: Կառլոս VI կայսերական քաղաքականության մեջ հաջողություն էր Ռեյխթագի կողմից Պրագմատիկ սանկցիայի ճանաչումը 1732 թ., թեև Բավարիայի, Պֆալցի և Սակսոնիայի կորֆյուրստները դեմ քվեարկեցին: Ընդհանուր առմամբ, XVIII դարում կայսրության միասնությունը էապես խաթարված էր. խոշոր գերմանական իշխանությունները փաստացի դուրս եկան կայսեր վերահսկողության տակից, ապակենտրոնացման միտումները գերակշռում էին Գերմանիայում իշխանության հավասարակշռությունը պահպանելու կայսեր թույլ փորձերի նկատմամբ:

Ավստրո-պրուսական հակամարտությունը և կայսրության անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրության կայսրեր՝ Հաբսբուրգների ազգաբանական ծառը

Արդեն XVII դարի վերջերից Սրբազան Հռոմեական կայսրության ներսում սկսեց դրսվժևորվել նրա երկու առավել ազդեցիկ անդամների՝ Ավստրիայի և Պրուսիայի անտագոնիզմը: Հաբսբուրգների ավստրիական միապետությունը, գրավելով Հունգարիան և Իսպանական ժառանգության համար պատերազմից հետո ստանալով ընդարձակ տիրույթներ Իտալիայում և Բելգիայում, գնբալով ավելի էր առանձնանում կայսրության այլ միավորներից, թեև Ավստրիայի միապետներն էին զբաղեցնում կայսեր գահը: Հաբսբուրգների շահերն ընկած էին առավելապես հարավ-արևելյան և հարավային ուղղություններում, մինչդեռ ներքին կայսերական գործերին սկսած XVIII դարից սկսվեց հատկացվել ավելի քիչ ուշադրություն: Ավելին, Հաբսբուրգները փորձեցին իրրենց ժառանգական տիրույթներում կենտրոնացման քաղաքականության հաջողությունները տեղափոխել նաև ամբողջ կայսրության տարածքի վրա, ինչը հանգեցրեց կայսրության միավորների լուրջ հակազդեցությանը: Պրուսիայի թագավորի տիրույթների նշանակալի մասը նույնպես ընկած էր կայսրության տարածքից դուրս, ինչը թույլ էր տալիս նրան գործել եվրոպական քաղաքական թատերաբեմում որպես անկախ միապետ: Տնտեսական վերելքը, Ֆրիդրիխ I և Ֆրիդրիխ Վիլհելմ I օրոք արդյունավետ բյուրոկրատական կառավարման համակարգի և ուժեղ բանակի ստեղծումը դարձրեցին Պրուսիան գերմանական առաջատար պետություններից մեկը, ինչը հանգեցրեց Ավստրիայի հետ մրցակցության ուժեղացմանը: Պրուսիան փաստացի դադարեց մասնակցություն ունենալ ընդհանուր կայսերական հարցերում, նրա տարածքում չէին գործում կայսերական դասակարգերի շահերը պաշտպանող նորմերը, չէին կատարվում կայսերական դատարանի որոշումները, Պրուսիայի բանակը չէր մասնակցում կայսեր ռազմական կամպանիաներին: Պրուսիայի ու այլ գերմանական իշխանությունների փաստացի ռազմա-քաղաքական հզորության և հնացած կայսերական աստիճանակարգի միջև գնալով սրվող հակասությունների արդյունքում XVIII դարի կեսերին հասունացավ Սրբազան Հռոմեական կայսրության համակարգային ճգնաժամ:

1740 թ. Կառլոս VI կայսեր մահից և Հաբսբուրգների տան արական ժառանգության հերթականության ընդհատումից հետո ավստրո-պրուսական հակամարտությունը վերածվեց բացահայտ պատերազմի: Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II և Ավստրիայի էրցդքսուհի Մարիա Թերեզայի միջև Սիլեզիայի համար պատերազմները (1740—1745 թթ.) ավարտվեցին Ավստրիայի պարտությամբ և Սիլեզիայի կորստով: Միաժամանակ, Ավստրիան ստիպված էր պատերազմել ավստրիական ժառանգության համար (1740—1748) ֆրանկո-իսպանա-բավարական կոալիցիայի դեմ: 1742 թ. Բավարիայի կուրֆյուրստ Կառլոս VII միաձայն ընտրվեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսր: Առաջին անգամ երեք դար անց կայսերական գահը ստանձնեց ոչ Հաբսբուրգների տան ներկայացուցիչը: Չնայած կայսրության պետական օրգանների աշխատանքը կանոնակարգելու Կառլոս VII փորձերին, ռազմական գործողությունները նրա համար անհաջող ընթացք ունեցան՝ ավստրիացիները մի քանի անգամ գրավում և ասպատակում են Բավարիան՝ հուժկու հարված հասցնելով կայսրության նյութական բազային:

1745 թ. Կառլոս VII մահից հետո կայսերական գահը նորից անցավ Հաբսբուրգներին. կայսր ընտրվեց Մրիա Թերեզիայի ամուսին՝ Ֆրանց I-ը: Սակայն այդ ժամանակ կայսրությունն արդեն գտնվում էր խորը ճգնաժամի մեջ: Կայսերական կառույցների արդյունավետ աշխատանքը վերականգնելու և դրանք Ավստրիայի շահերին ծառայեցնելու Հաբսբուրգների փորձերը հանդիպեցին Պրուսիայի ղեկավարությամբ գերմանական իշխանությունների վճռական դիմադրության: Կայսերական ավատական իրավունքների վերականգնման և գործուն կայսերական բանակ ստեղծելու Ֆրանց I փորձերը ձախողվեցին: Թեև Յոթնամյա պատերազմի ժամանակ (1756—1763) հաջողվեց հասնել Ռեյխսթագի կողմից Ֆրիդրիխ II դեմ պատերազմի հայտարարմանը, դա տեղի ունեցավ մեծ մասամբ շնորհիվ Ֆրանսիայի՝ իր գերմանական դաշնակիցների վրա ճնշման և չհանգեցրեց պատերազմում շրջադարձի: Ավելին, Յոթնամյա պատերազմի ավարտին գերմանական իշխանությունները վերջնականապես դադարեցին ենթարկվել կայսեր և սկսեցին կնքել ինքնուրույն զինադադարներ Պրուսիայի հետ: Իսկ Բավարական ժառանգության համար պատերազմի ժամանակ (1778—1779), երբ կայսրը փորձում էր ուժի միջոցով ամրագրել Հաբսբուրգների համար Բավարիան, կասրության միավորները Պրուսիայի ղեկավարությամբ բացահայտ հանդես եկան կայսեր դեմ:

Կայսեր համար Սրբազան Հռոմեական կայսրության թագը անշեղորեն կորցնում էր սեփական գրավչությունը՝ դառնալով լոկ Եվրոպայում Ավստրիական միապետության և Հաբսբուրգների դիրքերն ամրապնդելու միջոց: Հայտնի է, որ Ֆրանց I կայսրը դեռևս 1745 թ. հարցնում էր Անգլիայի դեսպանին. «Արդյոք արժի կայսերական թագը Սիլեզիայի կորստի գնին»: Դրա հետ մեկտեղ կայսրության կարծրացած կառուցվածքը հակասության մեջ էր մտնում ավստրիական շահերի հետ, իսկ բարեփոխումներ իրականացնելու կայսրերի բոլոր փորձերը դատապարտված էին ձախողման՝ բախվելով կայսրության միավոր- սուբյեկտների ցանկության բացակայությանը կենտրոնական իշխանության ուժեղացումը և ուժերի գոյություն ունեցող հավասարակշռության խախտումը թույլ չտալու պատճառով: Դա հատկապես ուժեղ կերպով աևտահայտվեց Հովսեփ II կայսեր իշխանության տարիներին, որը ստիպված էր փաստացի չզբաղվել կայսրության գործերով՝ կենտրոնանալով Ավստրիայի շահերի վրա: Դրանից հաջողությամբ օգտվեց Պրուսիան՝ իր վրա վերցնելով կայսերական կարգերի պաշտպանի և կայսրության փոքր սուբյեկտների ինքինշխան իրավունքների երաշխավորի դերը: 1785 թ. Ֆրիդրիխ II ղեկավարությամբ ստեղծվեց Գերմանական իշխանների միությունը՝ որպես Հաբսբուրգների կողմից վերահսկվող կայսերական ինստիտուտների այլընտրանք: Ավստրո-պրուսական մրցակցությունը զրկում էր այլ գերմանական պետություններին կայսրության ներքին գործերին որևէ կերպով ազդելու հնարավորությունից և անհնարին էր դարձնում կայսրության փոքր և միջին միավորների շահերի պաշտպանության ուղղությամբ բարեփոխումների իրականացումը: Դա հանգեցնում էր այն վիճակին, որ կայսրության աշխարհիկ և եկեղեցական փոքր իշխանությունները, ազատ քաղաքները, ասպետները, որոնք պատմականորեն Սրբազան Հռոմեական կայսրության սահմանադրության ու միասնականության հիմնական հենարաններն էին գնալով հիասթափվում և «հոգնում» էին կայսրությունից: Կայսրության կայունությունը վերջնականապես կորսվում էր:

Կայսրության սոցիալ-տնտեսական վիճակը XVI-XVIII դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆորմացիայի գաղափարների ազդեցությամբ Քաղաքային ազնվականության և համքարությունների արհեստավորների, ինչպես նաև ցածր ազնվականական դասի և կայսերական իշխանների միջև մշակութային տարբերությունները հանգեցրեցին 1524—1525 թթ. Շվաբիայում, Ֆրանկոնիայում, Թյուրինգիայում և Տիրոլում զանգվածային ապստամբությունների, որոնք պատմության մեջ մտան Մեծ գյուղացիական պատերազմ անվան տակ: Ապստամբության պարտությունը և ագրարային կոնյուկտուրայի վատթարացումը հանգեցրեց Գերմանիայի հարավում գյուղացիության ֆեոդալական կախվածության ուժեղացմանը և Գերմանիայի այլ տարածաշրջաններ ճարտատիրության տարածմանը: Ազատ գյուղացիությունը և գյուղական համայնքային ինստիտուտները շարունակում էին գերակշռող դիրք ունենալ միայն Սաքսոնիայում, Տյուրինգիայում, Ֆրիսլանդիայում, Դիտմարշենում և Հեսենի որոշ շրջաններում: Եթե Բրանդենբուրգում, Մեկլենբուրգում, Պոմերանիայում դիտվում էին ֆոլվարկային տնտեսության և կոռ ու բեգյարի պարտավորությունների տիպի հետագա ամրապնդման միտումներ, ապա կայսրության արևմուտքում համայնքային գյուղատնտեսության տիպը պահպանվում էր: Գյուղացիության և ազնվականության միջև սոցիալական հակամարտությունը XVI—XVII դարերում կորցնում է սրությունը մեծ չափով շնորհիվ կրոնական համերաշխության, պատրոնաժի տարբեր ձևերի և գյուղացիության շահերի դատական խողովակների զարգացման շնորհիվ:

Քաղաքների զարգացման մեջ XVI դարի ընթացքում նշմարվում են նախկին տնտեսական առաջատարների՝ Գանզայի, Աուգսբուրգի, Սաքսոնիայի հանքարդյունաբերական քաղաքների, լճացման միտումներ և առաջնորդության փոխանցումը Կենտրոնական Գերմանիայի քաղաքներին՝ Մայնի Ֆրանկֆուրտի և Նյուրնբերգի գլխավորությամբ: Ֆուգերների և Վելզերների վաճառական դրամատներին փոխարինելու եկան Համբուրգի, Նյուրնբերգի և Լայփցիգի բանկերը: Ռեֆորմացիայի տարիներին բյուրգերների զգալի ուժեղացմանը հետևեց կայսրության քաղաքական համակարգում ազնվականության լիակատար գերիշխանության հաստատմանը և բյուրգերության պետական կառավարման գործերից մեկուսացմանը XVII դարում: Քաղաքների մակարդակում տեղի էր ունենում քաղաքային համայնքների օլիգարխիզացիայի և ազնվական դասի դիրքերի ամրապնդման գործընթաց: Ցածր ազնվականությունն աստիճանաբար անցնում էր կայսերական իշխանների հովանավորության տակ, իսկ արքունի-վարչական ապարատի զարգացմանը զուգահեռ ներառվում էր խոշոր պետական միավորների քաղաքական համակարգի մեջ և կորցնում անկախությունը:

Երեսնամյա պատերազմը ծանր հարվածներ հասցրեց կայսրության տնտեսությանը և ժողովրդագրական վիճակին: Արտահանումը Գերմանիայից գրեթե դադարեց, Գանզայի քաղաքները և Սաքսոնիայի հանքարդյունաբերական կենտրոնները անկում ապրեցին: Քաղաքներում ուժեղացան տվյալ շրջանի իշխանի հովանավորության տակ անցնելու միտումները, Գանզան դադարեց գոյություն ունենալուց, վերջնականապես ամրապնդվեց Ֆրանկֆուրտի և Քյոլնի տնտեսական առաջնությունը: Ավատական և գյուղացիական տնտեսությունները XVII դարում ունեին գոյություն ունեցող կարգերի կոնսերվացման միտում՝ գյուղացիների և կալվածատերերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների հաշտեցման պայմաններում: Հյուսիս-արևելյան Գերմանիայում XVIII դարում ամրապնդվեց խոշոր կալվածային ավատական տնտեսությունը (լատիֆունդիա), որը հիմնված էր կոռի և կողմնորոշված էր շուկա արտահանելու վրա, մինչդեռ արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններում գերակշռում էր դրամական հողատուրքը («չինշ»): XVIII դարում մերձհռենոսյան շրջաններում, Բրանդենբուրգում և Սիլեզիայում էականորեն աշխուժացավ մահուդագործությունն ու հանքարդյունաբերությունը, առաջացան կենտրոնացված խոշոր մանուֆակտուրաներ, սակայն արդյունաբերական զարգացման տեմպերով կայսրության տարածքը էականորեն հետ էր մնում ոչ միայն Անգլիայից և Ֆրանսիայից, այլ նաև Շվեդիայից:

Կայսրության անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի հետ պատերազմը և 1803 թ. սեկուլյարիզացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրությունը 1789 թվականին

Ֆրանսիայան հեղափոխությունը սկզբնապես հանգեցրեց կայսրության կոնսոլիդացմանը: 1790 թ. կնքվեց Ռեյխենբախյան կոնվենցիան կայսեր և Պրուսիայի միջև, որն առժամանակ դադարեցրեց ավստրո-պրուսական հակամարտությունը, իսկ 1792 թ. ստորագրվեց Պիլնիցի կոնվենցիան, որի համաձայն երկու պետությունները պարտավորվեցին ռազմական օգնություն ցուցաբերել ֆրանսիական թագավորին: Սակայն նոր ավստրիական կայսեր Ֆրանց II նպատակը ոչ թե կայսրության ամրապնդումն էր, այլ Հաբսբուրգների արտաքին քաղաքական ծրագրերի իրականացումը, Ավստրիական միապետության տիրույթների ընդլայնումը՝ այդ թվում նաև գերմանական իշխանությունների հաշվին, ինչպես նաև ֆրանսիացիներին գերմանական տարածքներից դուրս մղումը: Նույնանման ձգտումներ ուներ և Պրուսիայի թագավորը: 1793 թ. մարտի 23-ին ռեյխսթագը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային:

Այդ ժամանակին Հռենոսի ձախ ափը և Բելգիան օկուպացված էին ֆրանսիացիների կողմից, իսկ Մայնի Ֆրանկֆուրտը՝ հրդեհի ենթարկված: Կայսերական բանակը շատ թույլ էր: Կայսրության միավորները ձգտում էին հնարավորինս սահմանափակել սեփական մասնակցությունը պատերազմին, հրաժարվում էին վճարել ռազմական մուծումների սեփական բաժինները և ձգտում էին հնարավորինս արագ անջատ հաշտության պայմանագրեր կնքել Ֆրանսիայի հետ: Արդեն 1794 թ. կայսերական կոալիցիան սկսեց փլուզվել: 1795 թ. կնքելով Բազելի հաշտության պայմանագիրը, պատերազմից դուրս եկավ Պրուսիան, որի օրինակին հետևեցին Գերմանիայի հյուսիսի այլ պետությունները, իսկ 1796 թ.՝ Բադենն ու Վյուրտեմբերգը: Ավստրիական բանակը, շարունակելով ռազմական գործողությունները, բոլոր ճակատներում պարտություն էր կրում: Վերջապես, 1797 թ. Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ ֆրանսիական բանակը, ջախջախելով ավստրիացիներին Իտալիայում, ներխուժեց Ավստրիայի ժառանգական տիրույթներ:

1797 թ. հոկտեմբերի 18-ին կնքվեց Կամպոֆորմիոյի հաշտության պայմանագիրը: Կայսրը Ֆրանսիային էր փոխանցում Բելգիան և Լոմբարդիան, ինչպես նաև համաձայնվում էր Ֆրանսիայի կողմից Հռենոսի ձախակողմյան տարածքների զավթմանը՝ փոխարենը ստանալով Վենետիկի մայրցամաքային տիրույթները և Գերմանիայի հարավ-արևելյան եկեղեցական իշխանությունների հաշվին Ավստրիական տիրույթներն ընդարձակելու իրավունք:

1798 թ. Ռաշտադտում նախաձեռնվեցին հաշտության բանակցություններ կայսրության և Ֆրանսիայի միջև, որոնց օրակարգային հարցերից մեկը դարձավ Ֆրանսիային անցած Հռենոսի ձախափնյա իշխանությունների նախկին ղեկավարներին ի հաշիվ եկեղեցական տիրույթների աշխարհականացման փոխհատուցում տրամադրելը: Բանակցությունները ձախողվեցին, սակայն 1799-1801 թթ. Ֆրանսիայի դեմ Երկրորդ կոալիցիայի նոր պատերազմը, ավարտվեց Ավստրիայի և նրա դաշնակիցների պարտությամբ:

1801 թ. Լյունեվիլի հաշտությունը ճանաչեց Ֆրանսիայի կողմից Հռենոսի ձախ ափի տարածքների, այդ թվում՝ երեք եկեղեցական իշխանություններ՝ Կյոլնի, Մայնցի և Տրիրի, բռնազավթումը: Տուժած գերմանական իշխաններին տարածքային փոխհատուցում տալու հարցը դրվեց կայսերական պատգամավորության քննարկմանը: Երկարատև բանակցություններից հետո Ֆրանսիայի և Ռուսական կայսրության ճնշման և ավստրիական կայսեր դիրքորոշման փաստացի անտեսման արդյունքում կայսրության վերակազմակերպման վերջնական նախագիծն ընդունվեց և հաստատվեց 1803 թ. մարտի 24-ին:

«Կայսերական դեպուտացիայի եզրափակիչ որոշում» անունը կրող փաստաթղթով նախատեսվում էր արմատապես վերակազմակերպել Սրբազան Հռոմեական կայսրության կազմն ու կառուցվածքը: Գերմանիայի տարածքում եկեղեցական տիրույթները աշխարհիկայնացվեցին (ենթարկվեցին սեկուլյարիզացման) և մեծ մասամբ ընդգրկվեցին խոշոր աշխարհիկ պետությունների կազմի մեջ: Դադարում էին որպես կայսերական իրավունքի սուբյեկտ իրենց գոյությունը գրեթե բոլոր կայսերական քաղաքները բացառությամբ վեցի: Ընդամենը վերացվեց, չհաշվեց Ֆրանսիայի կողմից բռնազավթված հողերի, կայսրության կազմում գոյություն ունեցող ավելի քան 100 պետական միավորում, իսկ աշխարհիկայնացման ենթարկված տիրույթների բնակչության թիվը կազմում էր շուրջ երեք միլիոն մարդ: Առավել մեծ տարածքային ձեռքբերումներ ունեցան Ֆրանսիայի սատելիտները՝ Բադենի մեծ դքսությունը, Վյութեմբերգի թագավորությունը և Բավարիան, ինչպես նաև Պրուսիան, որի տիրապետության տակ անցան հյուսիսային Գերմանիայի եկեղեցապատկան հողերի մեծ մասը: 1804 թ. տարածքային սահմանագծման գործընթացի ավարտից հետո Սրբազան Հռոմեական կայսրության կազմում մնացել էր մոտ 130 պետական միավորում՝ կայսերական ասպետների տիրույթները չհաշված:

Տարածքային փոփոխությունները հանգեցրեցին ռեյխթագի և կուրֆյուրստների կազմում արմատական փոփոխությունների: Վերացվեցին երեք եկեղեցական կուրֆյուրստների տիտղոսները, նրանց փոխարեն կուրֆյուրստի իրավունքներ շնորհվեցին Բադենի, Վյուրթեմբերգի, Հեսեն-Կասելի միապետներին և կայսրության էրցկանցլեր Կառլ Տեոդոր ֆոն Դալբերգին: Փոփոխությունների արդյունքում կուրֆյուրստների կոլեգիայում, ինչպես նաև կայսերական ռեյխսթագի իշխանների պալատում մեծամասնությունն անցավ բողոքականներին և ձևավորվեց ուժեղ ֆրանսամետ կուսակցություն: Ավանդապես կայսրության հիմնական հենարաններ՝ եկեղեցական իշխանությունների և ազատ քաղաքների վերացումը հանգեցրեց կայսրության հավասարակշռության կարստի և կայսերական գահի ազդեցության լիակատար անկման: Սրբազան Հռոմեական կայսրությունը վերջնականապես վերածվեց փաստացի անկախ պետությունների խառնակույտի և կորցրեց որպես միասնական քաղաքական միավորում պահպանվելու որևէ հեռանկար:

Սրբազան Հռոմեական կայսրության վախճանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրության մոտալուտ փլուզման կամ առնվազն Գերմանիայում Հաբսբուրգների իշխանության վերացման հավանականությունը 1803 թ. «Եզրափակիչ որոշման» ընդունումից հետո ակնհայտ էր դարձել անգամ կայսր Ֆրանց II համար: 1804 թ. նա ընդունեց «Ավստրիայի կայսր» տիտղոսը՝ ձգտելով մնալ Նապոլեոնին հավասար կաչգի վրա, որը նույն տարի հռչակվել էր ֆրանսիացիների ժառանգական կայսր: Թեև Ավստրիայի կայսեր տիտղոսի ընդունումը ուղղակի կերպով չէր խախտում կայսերական սահմանադրությունը, այն վկայում էր Համբսբուրգների կողմից Սրբազան Հռոմեական կայսրության գահի կորստի հավանականության գիտակցման մասին: Նապոլեոնի՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր ընտրվելու վտանգը իրական դարձավ նույն 1804 թ., երբ վերջինս այցելեց կայսերական մայրաքաղաք Ախեն քաղաքը և այնտեղ գտնվող Կառլոս Մեծի գերեզմանը:

Այնուամենայնիվ Սրբազան Հռոմեական կայսրությանը մահացու հարված հասցրեց ոչ թե Ավստրիական կայսրության հռչակման ակտը, այլ 1805 թ. Նապոլեոնի դեմ երրորդ կոալիցիայի պատերազմը: Ֆրանց II բանակաը գլխովին ջախջախվեց Աուստեռլիցի ճակատամարտում, իսկ Վիեննան գրավվեց ֆրանսիացիների կողմից: Նապոլեոնի կողմից պատերազմում կռվում էին Բադենը, Բավարիան և Վյուրթեմբերգը, ինչը որևէ բացասական հակազդեցության չհանդիպեց կայսրության ներսում: Ֆրանց II ստիպված էր Ֆրանսիայի հետ Պրեսբուրգում հաշտություն կնքել, որի համաձայն Ավստրիան ոչ միայն զիջում էր Նապոլեոնի և նրա դաշնակիցներին Իտալիայի տիրույթները, Տիրոլը, Ֆորալբերգը և Առաջավոր Ավստրիան, այլ նաև ճանաչում էր Բավարիայի և Վյուրտեմբուրգի միապետների թագավորական տիտղոսները, ինը իրավաբանորեն դուրս էր հանում այդ պետությունները կայսեր որևէ իշխանությունից և նրանց գրեթե լիակատար ինքնիշխանությամբ օժտում: Ավստրիան վերջնականապես դուրս մղվեց դեպի Գերմանիայի պերիֆերիա, իսկ կայսրությունը վերածվեց ֆիկցիայի: Ինչպես ընդգծում էր Նապոլեոնը Պրեսբորւրգի հաշտությունի կնքումից հետո Թալեյրանին ուղղված նամակում՝

Aquote1.png
- Ռեյխսթագ այլևս չի լինի... այլևս չի լինի նաև որևէ Գերմանական կայսրություն
Aquote2.png


Կայսրության փլուզման գործընթացը գնալով խորանում և անբեկանելի էր դառնում: 1806 թ. հունվարին Շվեդիան հայտարարեց ընդհանուր կայսերական ռեյխթագում հյուսիսային Գերմանիայի իր տիրույթների (Առաջավոր Պոմերանիա) ներկայացուցիչների մասնակցության դադարեցման և իրեն պատկանող գերմանական հողերի վրա ընհանուր կայսերական սահմանադրության գործողության չեղարկման մասին: 1806 թ. հուլիսի 12-ին Բավարիան, Վյուրտեմբերգը, Բադենը, Հեսեն-Դարմշտադտը, Նասաուն, Բերգ կոմոությունը, էրցկանցլեր Դալբերգը և ութ այլ գերմանական իշխանություններ Փարիզում ստորագրեցին Նապոլեոնի ղեկավարությամբ Հռենոսյան միության ստեղծման մասին համաձայնագիրը: Օգոստոսի 1-ին այդ պետությունները հայտարարեցին Սրբազան Հռոմեական կայսրության կազմից դուրս գալու մասին: Շուտով Հռենոսյան միության մասնակիցները նախաձեռնեցին իրենց հարևանությամբ գտնվող կայսերական ասպետների և մանր կամսությունների տարածքների կլանման գործընթաց, որի արդյունքում գերմանական պետական միավորումների թիվը կրճատվեց մինչև քառասունի:

Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր թագից հրաժարվելու մասին Ֆրանց II հրովարտակը

1806 թ. հուլիսի 22-ին Փարիզում Ավստրիայի դեսպանորդը ստացավ նապոլեոնի վերջնագիրը, որի համաձայն՝ մինչև օգոստոսի 10-ը Ֆրանց II՝ կայսրության գահից չհրաժարվելու դեպքում ֆրանսիական զորքերը հարձակվելու էին ավստրիական տիրույթների վրա: Վիեննայում արդեն երկար ժամանակ բանավեճեր էին գնում գերմանիայում Ֆրանսիայի բացարձակ գերիշխանության պայմաններում Սրբազան Հռոմեական յասրության պահպանման նպատակահարմարության վերաբերյալ: Գերակշռեց կանցլեր Շտադիոնի դիրքորոշումը, որի համաձայն գայություն ուներ կայսրության՝ ֆրանսիական պրոտեկտորատի վերածվելու լուրջ վտանգ և Ֆրանց II կողմից կայսերական գահի պահպանումը անխուսափելիորեն հանգեցնելու էր Նապոլեոնի հետ նոր պատերազմի, որին Ավստրիան պատրաստ չէ: Թագից հրաժարումը անխուսափելի դարձավ: 1806 թ. օգոստոսի սկզբներին ստանալով ֆրանսիական դեսպանորդի երաշխիքներն առ այն, որ Նապոլեոնը չի ընդունի հռոմեական կայսեր թագը, Ֆրանց II գնալ կայսերական գահից հրաժարմանը:

1806 թ. Ֆրանց II-ը հայտարարեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր տիտղոսից և լիազորություններից հրաժարվելու մասին՝ բացատրելով դա Հռենոսյան միության ստեղծումից հետո կայսեր պարտականությունների կատարման անհնարինությամբ: Միաժամանակ նա ազատեց կայսերական իշխանական միավորները, դասերը, աստիճանները և պաշտոնյա անձանց կայսերական սահմանադրությամբ նրանց վրա դրված պարտականությունների կատարումից: Թեև իրավական տեսանկյունից Հրաժարականի հրովարտակն անթերի չէր (վեճերը, թե արդյո՞ք կայսրը իրավունք ուներ միանձնա որոշում կայացնել կայսրության վերացման վերաբերյալ, շարունակվում են մինչ այժմ), Գերմանիայում այլևս բացակայում էր կայսերական համակարգը պահպանելու քաղաքական կամքը: Սրբազան հռոմեական կայսրությունը դադարեց գայություն ունենալուց:

Վիեննայի կոնգերսը և Գերմանական միությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1813—1814 թթ. Նապոլեոնի ջախջախումը և Գերմանիայում հայրենասիրական տրամադրությունների վերելքը հնարավորություններ ստեղծեց Սրբազան Հռոմեական կայսրության վերականգնման համար: Այդ գաղափարին աջակցում էին Անգլիան և Հռոմի պապը, ինչպես նաև գերմանական փոքր և միջին իշխանությունները, որոնք դիտարկում էին կայսրության վերականգնումը որպես խոշոր պետությունների (Պրուսիա, Բավարիա, Սաքսոնիա, Վյուրթեմբերգ) նկրտումներից պաշտպանվելու միջոց: 1814 թ. նոյեմբերին քսանինը գերմանացի իշխաններ ստորագրեցին նորից կայսեր տիտղոսն ընդունելու Ֆրանց II-ին ուղղված կոչի տակ: Սակայն հին կայսրության վերականգնումն այլևս անհնարին էր: 1807 և 1813 թթ. ավստրո-պրուսական պայմանագրերի, Հռենոսյան միության նախկին անդամների՝ հակաֆրանսիական կոալիցիային միանալու 1814 թ. համաձայնագրերի և վերջապես 1814 թ. Փարիզի խաղաղության պայմանագրի պայմանների համաձայն Գերմանիան պետք է դառնար կոնֆեդերատիվ միավորում: Կայսրության վերականգնամն փորձը կարող էր հանգեցնել Ավստրիայի և Պրուսիայի միջև ռազմական հակամարտության: 1814—1815 թթ. Վիեննայի կոնգրեսին Ֆրանց II հրաժարվեց կայսերական թագից և խոչընդոտեց որևէ այլ գերամանական իշխանի ղեկավարությամբ կայսրության վերականգնման ծրագրին: Դրա փոխարեն 1815 թ. հունիսի 8-ին հիմնադրվեց Գերմանական միությունը՝ 38 գերմանական պետությունների կոնֆեդերացիա՝ Պրուսիայի և Ավստրիայի բուն գերմանական ժառանգական տիրույթները ներառյալ՝ մոտավորապես նախկին Սրբազան Հռոմեական կայսրության սահմաններում: Մինչև 1866 թ. Գերմանական միության ղեկավարը մնում էր Ավստրիայի կասրը: Գերմանական միությունը լուծարվում է 1866 թ. ավստրո-պրուսական պատերազմից հետո. նրան փոխարինելու է գալիս Հյուսիսգերմանական միությունը, իսկ 1871 թ.-ից՝ Գերմանական կայսրությունը՝ Պրուսիայի գլխավորությամբ:

Պետական կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական-իրավական հիմքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրության դասերը (միավորներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհիկ արքունի պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրֆյուրստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական իշխաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական կոմսեր և պրելատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ կայսերական քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական ասպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման օրգանները միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյխսթագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական գրասենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական կամեռալ դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքունի խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Joachim Ehlers: Natio 1.5 Deutschland und Frankreich, in: Lexikon des Mittelalters, Bd. 6, Sp. 1037 f.
  2. Peter Hamish Wilson, The Holy Roman Empire, 1495–1806, MacMillan Press 1999, London, p. 2.
  3. 3,0 3,1 Whaley 2011, p. 17
  4. Peter Moraw, Heiliges Reich, in: Lexikon des Mittelalters, Munich & Zürich: Artemis 1977–1999, vol. 4, col. 2025–2028.
  5. Peter Hamish Wilson, The Holy Roman Empire, 1495–1806, MacMillan Press 1999, London, page 2; The Holy Roman Empire of the German Nation at the Embassy of the Federal Republic of Germany in London website Archived 29 February 2012 at the Wayback Machine.
  6. «History of The Holy Roman Empire»։ historyworld։ Վերցված է 28 June 2013 
  7. Whaley 2011, pp. 19–20
  8. Hans K. Schulze: Grundstrukturen der Verfassung im Mittelalter, Bd. 3 (Kaiser und Reich). Kohlhammer, Stuttgart [u. a.] 1998, p. 52–55.
  9. Peter H. Wilson, "Bolstering the Prestige of the Habsburgs: The End of the Holy Roman Empire in 1806", in The International History Review, Vol. 28, No. 4 (Dec., 2006), p. 719.
  10. Original text: Ce corps qui s'appelait et qui s'appelle encore le saint empire romain n'était en aucune manière ni saint, ni romain, ni empire. In Essai sur l'histoire générale et sur les mœurs et l'esprit des nations, Chapter 70 (1756)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 610 CC-BY-SA-icon-80x15.png