Հենրիխ I Թռչնորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիխ I Թռչնորս
BildHeinrich.jpg
Ծնվել է՝876
ԾննդավայրՍաքսոնիա
Մահացել է՝հուլիսի 2, 936
Վախճանի վայրMemleben, Kaiserpfalz, Burgenlandkreis, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա
Quedlinburg Abbey
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ՏոհմOttonian dynasty?
գերիշխան
ՀայրOtto I?
ՄայրHedwiga?
ԵրեխաներHedwig of Saxony?, Օտտոն I, Gerberga of Saxony?, Henry I?, Bruno the Great? և Thankmar?
Կրոնական հավատքներքրիստոնեություն

Հենրիխ I Թռչնորս, (գերմ.՝ Heinrich der Vogeler, հոկտ. 876 — 2 հուլիսի 936, Մեմլեբեն), Սաքսոնիայի դուքսը 912 թվականից, իսկ 919 թ.-ից՝ Գերմանիայի Արևելաֆրանկյան թագավորության առաջին թագավորը՝ Սաքսոնական հարստությունից: Իր թագավորության ընթացքում Հենրիխ I-ը վարեց արտաքին հարձակողական քաղաքականություն: Լինելով տաղանդավոր ղեկավար և հմուտ քաղաքական գործիչ, նա կարողացավ նշանակալիորեն ամրապնդել Գերմանիայի թագավորությունը և ընդարձակել նրա տարածքները՝ միավորելով Լոթարինգիան: Հունգարների դեմ պաշտպանության համար Հենրիխ I-ը կառուցեց հզոր ամրություններ և ստեղծեց կանոնավոր հեծելազոր: Դա նրան թույլ տվեց հաղթանակ տանել Ռիադի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Հենրիխի թագավորության օրոք սկսվեց պոլաբյան սլավոնների նվաճումը: Նրա արշավանքների արդյունքում մի շարք սլավոնական ցեղեր, որոնց տարածքները կցվեցին թագավորությանը, դարձան Գերմանիայի թագավորի հարկատուները: Իր մահվան պահին Հենրիխ I Թռչնորսը Եվրոպայի ամենահզոր տիրակալն էր:

Երիտասարդ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դքսության ժառանգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխը սերում էր սաքսոնական օստֆալերի (բառացի՝ արևելցիներ) Լյուդոֆինգների հայտնի և հզոր տոհմից: Լեգենդի համաձայն, այս տոհմը ծագել է Կառլոս Մեծի օրոք սաքսոնների առաջնորդ Բրունո Էնգերնեցուց, որ էնգերների ու օստֆալների հետ առանձնանում էր հեթանոս սաքսոններից: Սակայն, հին աղբյուրները տոհմի ծագումնաբանության մասին տեղեկություններ են հաղորդում միայն 9-րդ դարից, երբ հիշատակվում է Արևելյան Սաքսոնիայի (Օստֆալիայի) կոմս Լյուդոլֆը, ում անունով էլ հետագա դարերում կոչվեց այս տոհմը: Հետագայի ժամանակագիրները նրան հիշատակում են որպես Արևելյան սաքսոնների դուքս: Սաքսոնիայի դուքս են կոչվում նաև Լյուդոլֆի որդիները՝ Բրունոն և Օտտոն: Սաքսոնիայի դքսի երեք որդիներից կրտսերի՝ Օտտոն I-ի և Գեդվիգա Բաբենբերգցու ընտանիքում էլ ծնվեց Հենրիխը՝ ապագա թագավորը: Նրա ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ ծնվել է շուրջ 876 թվականին: Հենրիխ I-ի մանկության և պատանեկության տարիներից պատմական աղբյուրներում ոչինչ չի հաղորդվում: Դրանցում նա հիշատակվում է արդեն բավականին հասուն տարիքից: Նրա ավագ եղբայրները մահացել էին դեռևս հոր կենդանության օրոք, ինչի արդյունքում էլ Հենրիխը դարձավ Սաքսոնիայի ժառանգորդը:

Հենրիխի ամուսնությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

906 թվականին Հենրիխը, որ այդ ժամանակ մոտ 30 տարեկան էր, ամուսնացավ Էրվինի կոմսի դստեր՝ Հատեբուրգի հետ: Կոմսը, հավանաբար, իշխում էր Մերզեբուրգ քաղաքի շրջակայքում: 10-11-րդ դարերի գերմանացի ժամանակագիր Թիտմար Մերզեբուրգցին հաղորդում է, որ Հենրիխը համառորեն աղջկան էր առաջարկում իր ձեռքն ու սիրտը՝ հանուն վերջինիս գեղեցկության և հարուստ ժառանգության օգտի: Եկեղեցական իշխանությունն արգելեց այդ ամուսնությունը, քանի որ Հատեբուրգն այդ ընթացքում արդեն հասցրել էր այրիանալ և մենաստան մտնել, սակայն դա Հենրիխին չկանգնեցրեց: Այդ ամուսնությունից ծնվեց նրանց միակ որդին՝ Թանկմարը: 909 թվականին Հենրիխն ու Հատեբուրգն ամուսնալուծվեցին: Բաժանության առիթը եղավ ամուսնության անօրինականությունը: Սակայն Հենրիխի ապօրինածին որդին եղավ իր առաջին ժառանգը: Հենրիխի եղբայրները՝ Թանկմարը և Լյուդոլֆը մահացան, որից հետո իրենց հոր միակ ժառանգը մնաց ինքը: Հասարակության մեջ իր դիրքն ամրապնդելու համար Հենրիխը որոշեց ամուսնանալ առավել հայտնի մի կնոջ հետ: Հատեբուրգն ամուսնալուծությունից հետո կրկին մենաստան մտավ, բայց նրա օժիտը Հենրիխն իրեն պահեց: Նրա նոր ընտրյալը Մաթիլդա Վեստֆալացին էր՝ հարուստ և հանրաճանաչ վեստֆալյան տոհմից, որը սերում էր սաքսերի 8-րդ դարի հռչակավոր առաջնորդ Վիդուկինդից: Շնորհիվ այդ ամուսնության՝ Հենրիխն իր իշխանությունը տարածեց նաև Վեստֆալի վրա:

Առաջին արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխի առաջին ինքնուրույն արշավանքը վերաբերում է իր առաջին ամուսնության շրջանին: Մերզեբուրգ քաղաքը, որը նա ստացել էր Հատեբուրգին կնության առնելիս՝ իբրև օժիտ, սահմանակից էր [[սլավոններ|սլավոնական] դոլեմինների (կամ գալոմաչ) ցեղով բնակեցված երկրամասի հետ: Արշավանքի ձեռնարկողը Հենրիխի հայրն էր՝ հերցոգ Օտտոնը: Հարձակվելով Մերզեբուրգի կողմից, Հենրիխը հեշտությամբ հաղթեց սլավոններին, սակայն դրանից հետո դոլեմիններն օգնության կանչեցին հունգարներին, որոնք խուժեցին Սաքսոնիա և ամայացրին երկրամասը: Սաքսոնացիներից շատերը զոհվեցին կամ գերվեցին:

Հարաբերությունները կենտրոնական իշխանության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոս IV Մանուկի օրոք թագավորական իշխանությունը Արևելյան Ֆրանկյան թագավորությունում թույլ էր: Մանկահասակ թագավորի հետ պետությունը կառավարում էին Մայնցի արքեպիսկոպոսը և Կոնստանցի ու Աուգսբուրգի եպիսկոպոսը, ովքեր հոգ էին տանում ավելի շատ եկեղեցու, քան միավորված պետության շահերի մասին: Դրա շնորհիվ սկսեցին հզորանալ տոհմական դքսությունները, այդ թվում և Սաքսոնիան, որի դուքս Օտտոնը կարողացավ մեծ իշխանություն կենտրոնացնել իր ձեռքում: Իսկ 908 թվականից հետո, երբ զոհվեց Թյուրինգիայի մարկիզ Բուրխարդը, Սաքսոնիային միացրեց նաև նրա տիրույթները: 911 թվականին մահացավ Լյուդովիկոս IV Մանուկը, որով հանգավ Կարոլինգների արևելաֆրանկյան ճյուղը: Թագավորության գլխավոր հավակնորդը, ըստ հին գերմանական ավանդույթի, Արևմտյան Ֆրանկյան թագավոր Շառլ Պարզամիտն էր: Սակայն գերմանական մեծամեծները հրաժարվում են ճանաչել նրա իրավունքը՝ որոշելով իրենց համար նոր թագավոր ընտրել պետության դուքսերից որևէ մեկին: Նախապես թագն առաջարկվեց Օտտոն Սաքսոնացուն, բայց 75-ամյա դուքսը հրաժարվեց: Ուստի 911 թվականի նոյեմբերին Ֆորհայմում թագավոր ընտրվեց Ֆրանկոնիայի դուքս Կոնրադը: Նրա գահակալմանը կողմ էին Սաքսոնիայի, Բավարիայի և Շվաբիայի դուքսերը: Սակայն շուտով նոր արքայի հարաբերությունները լարվեցին բոլոր դուքսերի հետ: Օտտոնը հաջորդ տարում վախճանվեց, և հոր իշխանությունը Սաքսոնիայում ժառանգեց Հենրիխը: Դրանից անմիջապես հետո, Կոնրադ I-ը ձգտելով թուլացնել տոհմական դքսությունները, որոնք իրենց տիրույթներում ունեին բացարձակ և անկախ իշխանություն, Հենրիխից պահանջեց վերադարձնել Թյուրինգիան, որն իր տիրույթներին էր միացվել դեռևս հոր օրոք: Դուքսը մերժեց, և ավելին, խլեց Սաքսնոիայում և Թյուրինգիայում Մայնցի արքեպիսկոպոս Հատտոն I-ի ունեցած իշխանությունը, ով թագավորի հավատարիմ վասալն էր: Հատտոնը 913 թվականին Հենրիխի հետ վիճաբանության ժամանակ մահացավ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]