Անժիկ Հակոբյանը ծնվել է Լենինականում։ Ծնողները գաղթել են Կարսից։ 1947 թվականին ավարտել է Երևանի Հ. Հակոբյանի անվան դպրոցը։ 1947 թվականին ընդունել և 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1953-1966 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, 1962-1966 թվականներին՝ «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար։ 1966-1986 թվականներին եղել է «Գարուն» ամսագրի պատասխանատու քարտուղար, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ, այնուհետև՝ գլխավոր խմբագիր։ Ամսագրում տպագրվել է նրա «Հիրիկը քարափների մեջ» վիպակը։ 1986-1988 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը[1]։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ[2][3]։
«Գարունն» յուրօրինակությամբ, իր խենթությամբ, իր իմաստությամբ պահելու համար խմբագիրը բացառիկ շնորհք պետք է ունենար, ուստի Անժիկ Հակոբյանի մեծագույն արժանիքն այն է, որ այդ գոլ ու գորշ, լճացման տարիներին կարողացավ պահել ամսագրի մշակութային, գեղագիտական և մարդկային գոյությունը մեր իրականության մեջ։ Այսօր մեր շուրջը անընդհատ դժժացող աղմուկ կա, որի մեջ հանիրավի կորչում են խնկելի անունները, նրա կերպարի կարիքը կա մեր իրականության մեջ։
Անժիկ Հակոբյանի գրքերի վերնագրերը` «Զուլալ առվակի պես» և «Հիրիկը քարափների մեջ», ինքնադիմանկար են հիշեցնում։ «Լուսավոր մարդու տեսակ էր, որ գալիս էր իր տոհմից, իր արյունից, իր ծագումից։ Նա մեզ համար ստեղծեց հուսալի, հավատի մի ճանապարհ, առանց որի, առանց այդ լավատեսության հնարավոր չէր անցնել այդ ճանապարհը։