Ծնվել է 1955-ի հունվարի 13-ին, Արագածոտնի մարզի (Թալինի շրջան) Կաթնաղբյուր գյուղում` Սասունից գաղթած շառավիղների ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է հեռուստատեսությունում, «Ավանգարդ» թերթում, «Նոր-Դար» ամսագրում։ Լույս է ընծայել բանաստեղծությունների տասներկու ժողովածու։ 2008 թվականին Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում բացել է կոլաժների ցուցահանդես։ Նրա «Պոստ Սկրիպտում» պիեսը բեմադրվել է հայկական հեռուստատեսությամբ։ Իր իսկ սցենարով հայկական հեռուստատեսությունում բեմադրել է «Ճչան կարապ» ֆիլմ-ներկայացումը։ Հեղինակ է բազմաթիվ պիեսների՝ «Հարպիեի ճերմակ ձիավորը», (Ռուբեն Սևակ), «Ֆիասկո քնարական ընդմիջումներով», «Կոնսիլիում երկուսի համար», «Հարավ-արևելյան ռետրո» (մոնոդրամա)։ 2011 թվականի ապրիլի 5-ին «ԱՐՄՄՈՆՈ» փառատոնի շրջանակներում իր բեմադրությամբ ներկայացվել է «Չափազանց ուրախ և չափազանց տխուր ֆիեստա» խորագիրը կրող պիեսը։ Նույն փառատոնի շրջանակներում 2012 թվականին բեմադրվել է նաև «Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա» պիեսը։ Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, արվեստաբանական և հրապարակախոսական հոդվածների[1]։