Գանձակի արյունահեղություն (1903)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանձակի արյունահեղություն
Թվական1903թ.
ՎայրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն,
Ելիզավետպոլի նահանգ
Գանձակ
Պատճառ1903 թ.-ի հունիսի 12-ին Նիկոլայ II կայսեր ընդունած «Եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենք»

Գանձակի արյունահեղություն, Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Գանձակ քաղաքի և հարակից հայկական գյուղերի հայ ազգաբնակչության կոտորած, որը պետական մակարդակով իրականացվել է 1903 թվականին ռուս կազակների կողմից Գանձակ քաղաքի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու հարակից հրապարակում[1][2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձակ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որի դիմաց տեղի է ունեցել հայերի հանրահավաքն ու սպանությունները

1903 թվականի հունիսի 12-ին Ցարական Ռուսաստանի Նիկոլայ II կայսերը հրապարակում է «Եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենք», որի համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցուն և կրոնական հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը պետք է անցներ պետության տնօրինությանը[1][2]։

Ժամանակի տարբեր ազգությունների մտավորականների կողմից այդ օրենքը բնութագրվել է որպես հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած գաղութային քաղաքականության ամենացայտուն դրսևորում, որը նպատակ ուներ հայկական մշակութային-կրթական հաստատությունները զրկել նյութական օժանդակությունից և արագացնել հայ ժողովրդի ռուսացումը, հայ հոգևորականությանը դարձնել Ռուսական իշխանություններից կախյալ։ Գրող Մաքսիմ Գորկին օրենքը բնորոշել է որպես «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտառակ օրինակ»[1][2]։

Բողոքի ցույցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի նշան իշխանությունների ընդունած օրենքի նկատմամբ անհամաձայնության՝ Ցարական Ռուսաստանի տարբեր վայրերում, հատկապես Հարավային Կովկասում, սկսվեցին տարաբնույթ բողոքի միջոցառումներ՝ ցույցեր, խաղաղ անհնազանդություններ և այլն[1][2]։

1903 թվականի օգոստոսի 29-ին Ելիզավետպոլի նահանգի Գանձակ քաղաքի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու բակում կազմակերպվեց բողոցի խաղաղ հանրահավաք, որին մասնակցելու նպատակով հրապարակ էին եկել քաղաքի և հարակից հայկական գյուղերի շուրջ 10.000 հայեր։ Հավաքվածները վանկարկում էին «Կեցցե՜ Հայրիկը», «Սուրբ Էջմիածի՜ն», «Ցա՛ր», «Կա՛յսր, չեղարկի՛ր եկեղեցական գույքի բռնագրավման մասին քո որոշումը»։ Ելույթներով հանդես եկան եկեղեցական և աշխարհիկ գործիչներ։ Բենիկ վարդապետի ելույթից անմիջապես հետո հանրահավաքի մասնակիցներին են մոտենում քաղաքում տեղակայված ռուս կազակների խմբերը և 40 մետր հեռավորությունից նռնակներ նետում և հրացաններից կրակ բացում հավաքվածների ուղղությամբ, որոնց մեջ կային նաև երեխաներ, կանայք ու ծերեր։ Կրակոցների սկսվելուց անմիջապես հետո հանրահավաքի մասնակիցները խուճապի մատնվելով սկսում են լքել հրապարակը։ Հայտնի է, որ կազակներին անմիջապես ղեկավարում էր ազգությամբ ռուս Ելիզավետպոլի փոխնահանգապետ Անդրեև Ֆիլիմոնովիչը[1][2]։

Արյունահեղության հետևանքով տեղում մահանում են ավելի քան 10 հայեր և վիրավորվում 70-ը։ 2-3 օր հետո վիրավորներից 20-ը նույնպես մահանում են։ Մեկ հոգի ստացված վնասվածքներից մահանում է 6 ամիս անց։ Սպանվածների թվում էին Հարյություն Կոնջորյանը (Փիփ), Գալուստ Աղայանը (Փիփ), Սարգիս Մուրադյանը ([[Ոսկանապատ]]), Պողոս Առուստամյանը (Բանանց), Կոստի Կարապետյանը (Գանձակ), Հայրաման Գրիգորյանը (Չարդախլու), Խորեն Հարությունյանը (Գանձակ), Հակոբ Եգյանը (Ղուլալ), Առաքել Դիվանյանը (Արևմտյան Հայաստան), Համազասպ Տեր-Հովսեփյանը (Գանձակ), Ստեփան Տեր-Ավետիսյանը և այլք[1][2]։

Հանրահավաքը ցրելուց անմիջապես հետո հայերի շրջանում սկսվում են ձերբակալություններ և ճնշումներ[1][2]։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ձերբակալվում է 45 մարդ, որոնց նկատմամբ առաջադրվում է ըմբոստություն կազմակերպմելու մեղադրանք։ Դատավարության ընթացքում մեղադրյալների մեղքը ապացուցող փաստերի բացակայության հիմքով ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվում։ 10-15 հայ դատապարտվում է մի քանի ամսվա բանտարկության հասարակական կարգը խախտելու մեղադրանքով[1][2]։

Հայերի իրականացրած պատժիչ գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի հանդեպ կատարած սպանությունների և ճնշումների համար մեղադրվողների նկատմամբ հայկական շրջանակների կողմից սկսվեցին հետապնդումներ[1][2]։

Խաղաղ ցույցի մասնակիցների սպանդը կազմակերպելու և հայերի նկատմամբ հալածանքների գլխավոր կազմակերպիչ փոխնահնագապետ Անդրեև Ֆիլիմոնովիչը սպանվեց 1904 թվականի սեպտեմբերի 11-ին Գանձակ քաղաքից 25 կմ հեռավորության վրա գտնվող Հաջիքենդ գյուղում, երբ իր հանգիստն էր անցկացնում անտառում գտնվող ամառանոցում։ Սպանությունը իրագործվեց Բարսում գյուղի բնակիչ Գրիգորի կողմից։ Վերջինս ավելի ուշ ձերբակալվում է և դատապարտվում գնդակահարության։ Սակայն դատարանը վերանայում է դատավճիռը՝ այն փոխարինելով 20 տարվա տաժանակիր աշխատանքի[1][2]։

Ըստ որոշ տվյալների՝ կատարվում են նաև այլ անձանց սպանություններ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ցույցի ժամանակ հայերի սպանության գործում[1][2]։

Գանձակ քաղաքում պատժվում են նաև եկեղեցական գույքը բռնագրավելու ժամանակ իշխանություններին աջակցություն ցուցաբերած մի շարք հայեր[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1880-1916", документальная книга, Ереван 2010. Авторское издание.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «Մշակ», N 180, 03.09.1905թ., էջ 3։

Այլ աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկանյան Վ, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870-1905), Ե., 1970։
  • Համբարյան Ս. Ա, Հայոց եկեղեցական բռնագրաված գույքի օգտագործումը ցարիզմի կողմից 1903-1905 թթ., Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, Հաս. գիտ., 1961, N 10։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։