Պարսկական արշավանք (1796)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պարսկական արշավանք (այլ կիրառումներ)

Պարսկական արշավանք 1796, ռուսական զորքերի արշավանքը Պարսկաստանի մերձկասպյան տիրույթները (գեներալ-պորուչիկ Վ․ Ա․ Զուբովի գլխավորությամբ), նպատակն էր իրագործել 18-րդ դարի 80-ական թվականներին ռուսական կառավարության մշակած ծրագրերը, որից մեկն էլ Անդրկովկասում հայկական պետականության վերականգնումն էր։

Արշավանքի անմիջական առիթը Աղա-Մահմեդ խան Ղաջարի 1795 թվականի արշավանքն էր Անդրկովկաս և Թիֆլիսի գրավումն ու ավերումը (սեպտեմբերի 12)։ Գեորգիևսկի պայմանագրով Վրաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների համաձայն, 1796 թվականի ապրիլին ռուսական Կասպիական 13 հազարանոց կորպուսը շարժվեց դեպի Պարսկաստանի մերձկասպյան տիրույթները։

Մայիսի 10-ին գրոհով վերցվեց Դերբենտը, հունիսի 15-ին առանց մարտերի՝ Բաքուն և Ղուբան։ Նոյեմբերին ռուսական զորքերը հասան Կուրի և Արաքսի խառնարանին։ Արշավանքի ժամանակ ռուսական զորքերին ուղեկցում էր Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը, որը մեծ ծառայություններ մատուցեց ռուսական հրամանատարությանը՝ տեղական մանր տիրակալների հետ հարաբերությունները կարգավորելու, ռուսական զորքերի մատակարարումը ապահովելու գործում ևն։ Եկատերինա II-ի մահից (1796 թվականի նոյեմբեր) հետո Պավել I -ը փոխեց ռուսական արտաքին քաղաքականությունը։ 1796 թվականի դեկտեմբերին ռուսական զորքերը ետ կանչվեցին Անդրկովկասից և ձեռք բերված հաջողությունները ի չիք դարձան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 208 CC-BY-SA-icon-80x15.png