Դավիթ Բեկ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բեկ (այլ կիրառումներ)
Դավիթ Բեկ
ՀեղինակՐաֆֆի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Թեմահայ ազգային-ազատագրական շարժում
Կազմված էերեք գրքից
Բնօրինակ լեզուհայերեն
Լեզուհայերեն
Կերպար(ներ)Դավիթ Բեկ, Մխիթար սպարապետ
Ստեղծման տարեթիվ1882
Նկարագրում էազատագրական պայքարը Սյունիքում
Երկիր Հայաստան
Հրատարակման տարեթիվ1882
ՎիքիդարանԴավիթ Բեկ

«Դավիթ Բեկ», պատմական վեպ, բաղկացած է երեք գրքից և վերջաբանից։ Դավիթ Բեկը 18-րդ դարի նշանավոր գործիչ է, որը ղեկավարել է ապստամբական, ազատագրական շարժումները՝ ուղղված պարսկական և թուրքական ուժերի դեմ։ Նա մահացել է 1728 թվականին, և նրան փոխարինել է Մխիթար սպարապետը։

Դավիթ Բեկ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1722 թվականը, այսինքն՝ մինչև Դավիթ Բեկի հայտնվելը հայոց մելիքները ժառանգաբար իշխում էին իրենց կալվածքներում։ Երբեմն դաշինքի մեջ էին մտնում պարսիկների կամ թուրքերի հետ, մասնակցում նրանց պատերազմներին, և որպես վասալ իշխաններ, հարկ էին վճարում այն պետություններին, որոնք փոփոխակի տիրում էին Հայաստանին։ Մելիքներից ոմանք ունեին ինքնուրույնություն, ոմանք՝ ոչ։ Վերջինները խոնարհվում էին տիրողների պահանջների առաջ՝ իրենց դիրքերը չկորցնելու համար, եթե նույնիսկ այդ պահանջները լինեին ի վնաս հայ ժողովրդի։ Մելիքները իրենց դիրքերը չկորցնելու համար հաճոյանում էին խաներին, կաշառում էին ոչ միայն փողով, այլև ոմանք նույնիսկ հարազատ աղջիկներին էին տալիս նրանց։ Քանի որ պարսից շահերը իրավունք ունեին մելիքներին փոխելու, նրանք միմյանց տեղը հափշտակելու համար պատրաստ էին միմյանց վատաբանել, մատնել և դառնալ տիրողների ձեռքում անարգ գործիք։ Մելիքները միմյանց հետ չունեին ընդհանուր կապ, և շահերի տարբերությունը երբեմն պատճառ էր դառնում նրանց թշնամանքին։ Նրանցից ամեն մեկը պատրաստ էր միանալ թուրքերի կամ պարսիկների հետ և ասպատակել իր հարևան հայ մելիքների երկրները։ Կային նաև ազդեցիկ մելիքներ, որոնք պահպանում էին ժողովրդին խանի հարստահարությունից։ Հայաստանի արևելյան մասում (որը հետո անցավ Ռուսաստանի տիրապետության տակ) կային իրարից անկախ խանություններ, որոնցից նշանավոր էին Ղարաբաղի, Գանձակի, Շամախու, Երևանի, Նախիջևանի խանությունները։ Խանությունները կազմում էին Պարսից պետության մի մասը։ Խաները նույն պետության ավատական իշխաններն էին, բայց շատ անգամ, օգուտ քաղելով Պարսկաստանի ներքին խռովություններից, անիշխանությունից, ապստամբում էին, բայց շահերը կարողանում ին իրենց վասալներին զսպել և ենթարկեցնել։ 1722 թվականին լեզգիների բազմությունը և կովկասյան այլ լեռնաբնակներ արշավանք են գործում դեպի Աղվանք և Սյունիք և, ասպատակելով Նուխիի, Շամախիի և Գանձակի գյուղերը, հասնում են մինչև Սևանա լիճ։ Տեղացի մուսուլմանները, օգուտ քաղելով այդ իրավիճակից, իրենք էլ մյուս կողմից են կողոպտում հայերին։ Երկիրը ընկնում է սարսափի մեջ։ Ազատվում են միայն նրանք, ովքեր թողնում են տունը, տեղը, կայքը և պատսպարվում լեռների անմատչելի խորքերում։ Լեզգիները Սյունյաց և Աղվանից լեռնաշխարհներում թողնում են բարբարոսության հետքեր։ Ժողովրդի ծանր կյանքը ավելի էին վատթարացում իշխանների թշնամությունները, մատնությունները, միմյանց դավաճանելը, վնասելը։ Էջմիածնում` Մայր աթոռում նույնպես կար անկարգություն, երկպառակություն, կաշառք, մատնություն։ Համադանցի Աստվածատուր կաթողիկոսը, խույս տալով Էջմիածնից, թափառում էր` Էջմիածնի աթոռը թողնելով թափուր։ Կոստանդնուպոլսիի պատրիարքարանը զբաղված էր ֆրանկների (հայ կաթոլիկների) խնդրով։ Հայաստանի այսպիսի դրությունը մտահոգում էր Գենեվազի իշխանին (Ստեփանոս Վարթանեսյանն էր՝ Շահումյան տնից)։ Նա երկու հավատարիմ ծառաների հետ ծպտված թափառում էր Սյունյաց աշխարհում։ Նա հայոց մելիքներին հորդորում էր միաբանվել և ընդհանուր ապստամբության միջոցով թոթափել խաների լուծը, բայց ամեն անգամ հանդիպում էր սառնության ու արհամարհանքի։ Պարսից և թուրքական արքունիքները խռովության մեջ էին։ Պարսկաստանի և Թուրքիայի միջև անընդհատ ծագում էին ապստամբություններ։ Պարսից պետության օրհասական դրությունից պետք էր օգտվել։ Ստեփանոսը հավատում էր հայի տոկունությանը։ Գիտեր, որ հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները նպաստեն։ Ստեփանոսը սակայն գիտեր, որ մեկը պետք է առջևից գնա, որ մյուսները հետևեն նրան[1]։ Րաֆֆին ստեղծում է մեծ ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստական հյուսվածքով վեպ։ Նա զարգացման նոր աստիճանի է հասցնում հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է 18-րդ դարի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։

Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը էկրանավորվել է հայ խորհրդային ռեժիսոր Համո Բեկնազարյանի կողմից 1944 թվականին[2]

Այդ ստեղծագործության հիման վրա նաև Արմեն Տիգրանյանի կողմից  ստեղծվել է «Դավիթ Բեկ» օպերան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Րաֆֆի «Դավիթ Բեկ»
  2. «Ризаев, Сабир Алекперович» (ռուսերեն). 2022 թ․ օգոստոսի 3. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Դավիթ Բեկ (վեպ)