Խոնարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոնարհման հարացույց

Խոնարհում, բայի այն ձևափոխությունը, որով արտահայտվում են գործողության ժամանակի, եղանակի, դեմքի, թվի, որոշ լեզուներում (հին հունարեն, լատիներեն) նաև կերպի կարգեր։

Խոնարհման ձևերն ունենում են համադրական և վերլուծական կազմություն։ Տարբեր լեզուներում բայի եղանակների և ժամանակների, հետևաբար, սրանց համապատասխան բայաձևերի, քանակը տարբեր է։ Արդի հայերենն ունի հինգ եղանակ, սրանցում բաշխված բացարձակ կամ իրադրական երեք գլխավոր ժամանակների (ներկա, անցյալ, ապառնի) և անցյալ ժամանակների նկատմամբ առնված հարաբերական ժամանակների բավականին ներդաշնակ համակարգ։

Հայերենի խոնարհման ձևերը կազմվում են բայի ներկայի և անցյալ կատարյալի հիմքերից։ Ըստ անորոշ դերբայի լծորդության՝ բայերը լինում են «ա» կամ «ե», արևմտահայերենում՝ նաև «ի» խոնարհման։ Ըստ ստորոգման բովանդակության խոնարհումը լինում է դրական և ժխտական, ըստ կազմության օրինաչափությունների՝ կանոնավոր և անկանոն։ Խոնարհման համակարգը պատմականորեն փոփոխվող երևույթ է։

Արդի արևելահայերենի խոնարհումը, առաջացած լինելով «ում» ճյուղի բարբառների խոնարհումից, միաժամանակ գրաբարի խոնարհման պատմական զարգացման արդյունքն է։ Արևմտահայերենի խոնարհումը որոշ կողմերով ավելի հարազատ է գրաբարին, քան արևելահայերենինը։ Գրաբարի խոնարհմանը բնորոշ են բայաձևերի համադրական կազմությունը, եղանակա-ժամանակային ձևերի բազմիմաստությունը, այլաձևությունները։ Արևելահայերենի խոնարհումն առավելապես դերբայական է, կանոնավոր և ունի եղանակա-ժամանակային իմաստների հատուկ տարբերակում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 4, գիրք 1 - 2, Ե., 1953 - 61
  • Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965
  • Բարսեղյան Հ., Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Ե., 1953
  • Աղայան Է., ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Ե., 1967
  • Ջահուկյան Գ., ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ, Ե., 1974
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png